HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված գագաթաժողովը

Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ գագաթաժողովը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցել են Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ:

Գագաթաժողովին և ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է և ելույթներով հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Գագաթաժողովին իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է անցած 25 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում իրականացված աշխատանքին՝ կարևորելով կազմակերպության տնտեսական բաղադրիչի զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մշակված տնտեսական նախագծերը չեն կարող լիարժեք իրականացվել փակ սահմանների առկայության դեպքում, իսկ տարածաշրջանային տնտեսական նախագծերը պետք է ներառեն բոլոր անդամ պետություններին՝ բացառելով որևէ խտրականություն:

Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ է կատարել օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը:

«Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշել է Հովակիմյանը:

Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության, մասնավորապես, ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է այդ ջանքերի տապալման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը. «Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»:

Գագաթաժողովն ընդունել է ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը, որտեղ մեկ անգամ ևս վերահաստատվել է կազմակերպության տնտեսական բնույթը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter