HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում գիտնականները չնչին աշխատավարձով շոշափելի արդյունք են տալիս՝ «Նարինեից» մինչեւ թանկարժեք ամինաթթուներ

3 հիմնարկ՝ մեկ հարկի տակ

Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը ձևավորվել է 2010 թվականի կառավարության որոշմամբ՝ իր մեջ ներառելով «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և ակադեմիայի «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մինչև միաձուլումը ՓԲԸ-ն ենթարկվում էր էկոնոմիկայի նախարարությանը:

Այսօր «Հայկենսատեխնոլոգիայի» կազմում 3 կառույց կա՝ «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ», «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» եւ «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկները, որոնք շատ ավելի երկար պատմություն ունեն և հիմնադրվել են համապատասխանաբար` 1971, 1961 և 1993 թվականներին:

Գիտաարտադրական կենտրոնի տնօրենը ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Աշոտ Սաղյանն է: Կենտրոնը մասնագիտացած է կենսատեխնոլոգիայի, կենսաօրգանական քիմիայի և միկրոբիոլոգիայի ոլորտներում: Գիտական գծով փոխտնօրեն, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանն ասում է, որ 3 հիմնարկները տարանջատել պետք չէ. «Ընդհանուր գործ ենք անում, չնայած երեք կառույցներ են, բայց միասնական են, մեկը մյուսին օգնում են: Մեր հիմնական ուղղություններն են` մանրէաբանությունը, կենսատեխնոլոգիան, օրգանական քիմիան, գենետիկան, մոլեկուլային բիոլոգիան, գենային ինժեներիան ու նաև կենսատեխնոլոգիական արտադրությունը»:

Ոչ միայն գիտություն, այլեւ պահանջված արտադրանք

Ընթերցողին այս կենտրոնն ավելի հայտնի կարող է լինել «Նարինե» արտադրանքով: Վ. Գոգինյանն իր աշխատասենյակի պահարանից բերում է մի արկղ, որի մեջ տարբեր արտադրանքների նմուշներ են: «Կենտրոնում ունենք 4 արտադրություն,- նշում է փոխտնօրենը,- արտադրում ենք դեղապատրաստուկներ և ոչ սպիտակուցային ամինաթթուներ, «Նարինե» կաթնամթերքը, բուսական և եթերային յուղեր, տարբեր համային օշարակներ»:

Հավելում է, որ շուտով արտադրելու են յոգուրտ, «Նարինեի» համային տեսակներ են լինելու, նախատեսում են գետնախնձորի վերամշակման հոսքագիծ բացել՝ ինուլին ստանալու համար, որն օգտակար է, մասնավորապես, շաքարախտ ունեցողներին և թանկ նյութ է: Կենտրոնում ծրագիր ունեն նաև ընդլայնել յուղերի ու դեղապատրաստուկների տեսականին: Վիգեն Գոգինյանը նշում է, որ իրենց արտադրանքն առկա է շուկայում, հիմնականում դեղատներում են վաճառում, «Նարինեն» էլ վերջերս հայտնվել է նաև սուպերմարկետներում:

Փոխտնօրենի փոխանցմամբ՝ քանի որ «Նարինեի» գյուտի հեղինակ Լեւոն Երզնկյանն աշխատել է Միկրոբիոլոգիայի ինստիտուտում, որի իրավահաջորդն այսօր «Հայկենսատեխնոլոգիան» է, հետևաբար «Նարինեի» մանրէի տերը հենց այս կենտրոնն է, իսկական կուլտուրան պահվում է այստեղ:    

Գիտաարտադրական կենտրոնում նաև ամինաթթուներ են սինթեզում, որոնք հետագայում օգտագործվում են դեղագործության մեջ: «Կամաց-կամաց դուրս ենք եկել միջազգային շուկա, այդ նյութերը շատ թանկ են, մեկ գրամը 150-300 դոլար է, նայած ինչ տեսակ է, դրանք դեղերի ստեղծման համար հիմք են,- ասում է փոխտնօրեն Գոգինյանը,- մեզնից գերմանական հայտնի դեղագործական ընկերություններ են գնում: Իրենք էլ կարող են արտադրել, բայց մեզ մոտ աշխատուժն էժան է, իրենց ավելի ձեռնտու է մեզնից գնել, քան իրենք պատրաստեն: Չինաստանից էլ կարող էին պատվիրել այդ ամինաթթուները, բայց այնտեղ էլ չի ստացվել, մեզ մոտ 100-տոկոսանոց նյութ ենք ստանում, կարելի է ասել, որ առայժմ այդ տեսականու վրա լուրջ մրցակից չունենք, եթե ունենայինք, մեզնից չէին գնի»:

Վ. Գոգինյանը նշում է, որ իրենց ամենամեծ մարտահրավերներից մեկը կենսատեխնոլոգիական գործարաններ ունենալն է, որպեսզի գիտական նորամուծություններն այստեղ արտադրանքի վերածվեն, այնինչ իր ներկայացրած նմուշները ներկայում արտադրվում են հենց կենտրոնի տարածքում՝ փոքր արտադրամասերում: Արտադրանքն էլ չնայած տարբեր ՍՊԸ-ների անուններով է, դրանցում ներգրավված են հենց կենտրոնի գիտնականները: Փոխտնօրենն ասում է, որ առաջիկայում անմիջապես ««Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ն է դառնալու արտադրողը:

Որոշ բաներ, օրինակ՝ օրգանիկ թեյերն ու ամինաթթուները, այժմ արտահանվում են եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Գերմանիա, Բելգիա:   

Ասում է, որ գործարանի համար տարածք հատկացնելու նպատակով կառավարությանը չեն դիմել, քանի որ ստանալու դեպքում էլ պիտի հոսքագծեր տեղադրեն, ինչը թանկ հաճույք է՝ 200 կգ ինուլին մշակող հոսքագծի համար 17 միլիոն դրամ է պետք: Գումարը հայթայթելու համար դիմել են ԳԱԱ-ին, ըստ փոխտնօրենի, հնարավոր է տրամադրեն:

Արտադրանքի իրացումից ստացված եկամուտը, Գոգինյանի ասելով, կազմում է կենտրոնի բյուջեի մոտ 30 տոկոսը, ինչով էլ կարողանում են որոշ սարքավորումներ գնել:

Ակտիվ աշխատանք՝ ցածր վարձատրությամբ

Կենտրոնի փոխտնօրենն ասում է, որ ներկայում 176 աշխատող ունեն, որոնցից 130-ը գիտաշխատողներ են, մյուսները՝ տեխնիկական ծառայություն մատուցողներ: Ունեն գիտությունների 54 թեկնածու, 8 դոկտոր: «10 լաբորատորիա ունենք, մինչև այս տարի 20-ն էին: Ուղղությունները նայել, կրճատել ենք, ավելի ժամանակակից ուղղություններով են հիմա, եթե նախկինում այդ 20-ում 5-6-ական մարդ էին աշխատում, հիմա յուրաքանչյուրում 15-20 հոգի կա: Այսինքն՝ աշխատողներին չենք կրճատել»,- պատմում է Վիգեն Գոգինյանը:

Նվազագույն աշխատավարձ (55.000 դրամ՝ հարկերը հանած) ստանում է աշխատակիցների մոտ 30 տոկոսը, որի մեջ հիմնականում մտնում է տեխնիկական կազմը, բայց կան նաև լաբորանտներ ու տեխնիկներ, որոնք կես դրույքով են աշխատում: Վ. Գոգինյանի ներկայացմամբ՝ կենտրոնի կրտսեր գիտաշխատողը ստանում է 80.000 դրամ «կեղտոտ» աշխատավարձ, լաբորատորիայի վարիչը՝ 125.000 դրամ: Ամենաբարձրը ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատավարձն է՝ 220.000 դրամ (նույնպես հարկերով):

«Գիտության ոլորտի աշխատավարձը, իհարկե, ցածր է,- համաձայնում է Վիգեն Գոգինյանը,- պետության վիճակն այդպիսին է, բայց մեր կենտրոնն ակտիվ է աշխատում, ունենք պետական, միջպետական թեմաներ, որոնց շնորհիվ աշխատավարձը մի քիչ բարձրանում է»:

Ասում է, որ դրամաշնորհներ նախկինում շատ են ստացել, հիմա դրանց թիվը նվազել է: Գործուղումների և վերապատրաստման նպատակով 5000-ական դոլարի չափով դրամաշնորհներ են ստացել Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից (ԳԿՀԱՀ, ANSEF), նույն նպատակով Միկրոբիոլոգիական միությունների եվրոպական ֆեդերացիայից (FEMS) էլ 3000-ական դոլար են ստացել: Այլ նախագծեր ևս եղել են: «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում էլ ներկայում հայ մասնագետները 3-6 ամսով վերապատրաստում են անցնում արտասահմանում, իսկ օտարերկրացի գիտնականները՝ Հայաստանում (նրանցից Մարիո Նովակի մասին հոդվածը կարող եք կարդալ այստեղ):

Բացի ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման և տարաբնույթ հետազոտություների համար հատկացվող գումարներից՝ պետբյուջեից ամեն տարի շուրջ 15 մլն դրամ է տրամադրվում մանրէների ազգային հավաքածուի պահպանման համար:

Հայկենսատոխնոլոգիա
Create bar charts

Հաղթահարելով դժվարությունները

Վիգեն Գոգինյանն ասում է, որ «Հայկենսատեխնոլոգիայի» խնդիրները շատ են: Բացի արտադրական տարածքների ու հոսքագծերի հարցից՝ կա նաև սարքավորումների պրոբլեմը: Խնդիրը ֆինանսն է:

«Փորձում ենք ամեն տարի 3-4 նոր սարքավորում դնել, բայց դժվար է ֆինանսապես: Օրինակ, արտադրում ենք այս ամեն ինչը, բայց լավ հումք գտնելը խնդիր է. Հայաստանում շատ դժվար է գտնել, հիմնականում փորձում ենք ձեռք բերել Ռուսաստանից: Մեզ նման հիմնարկների համար, որտեղ ամեն կոպեկը հաշվվում է, փորձում ենք գտնել էժանն ու որակովը»,- բացատրում է կենտրոնի փոխտնօրենը:

«Հայկենսատեխնոլոգիայի» շենքային պայմանները վատը չեն: Մինչև միավորվելը Միկրոբիոլոգիայի ինստիտուտն ու Մանրէների ավանդադրման կենտրոնը տեղակայված էին Աբովյան քաղաքում, իսկ 2010-ից միացել են Նոր Նորքի Գյուրջյան փողոցում գտնվող Կենսատեխնոլոգիայի ինստիտուտին: Աբովյանի անշարժ գույքը, սակայն, շարունակում է մնալ կենտրոնի հաշվեկշռում:

Գյուրջյան 14 հասցեի շենքը վերջին տարիներին շարունական վերանորոգման մեջ է, որն արվում է հիմնականում պետբյուջեից ստացած բազային ֆինանսավորման հաշվին: Այժմ էլ այստեղ աշխատանքներ են ընթանում արտադրությունները նույն հատվածում մեկտեղելու ուղղությամբ:

Շենքն ամբողջությամբ ջեռուցվում է գազի 5 կաթսաների միջոցով, փոխտնօրեն Գոգինյանն ասում է, որ այս ձմռանն ամսական 3 մլն դրամ գազի գումար են վճարել, այնինչ նախորդ տարիներին 1,8 մլն էր: Տաք ջուր չունեն, սակայն որոշ լաբորատորիաներում ջրատաքացուցիչներ կան:    

Վիգեն Գոգինյանը մեզ ծանոթացնում է կենտրոնի լաբորատորիաներին, աշխատողներին ու արտադրական տարածքներին:

Գրադարանի աշխատակից Գոհար Հովհաննիսյանը, ցույց տալով «իր տարածքը»՝ գրապահարանները, ասում է, որ չնայած համացանցում շատ բան կարելի է գտնել, սակայն դասական մեթոդաբանությունն այստեղ է՝ գրքերում: Գրադարանը ստանում է տեղական ու արտասահմանյան գիտական ամսագրեր, ժամանակ առ ժամանակ էլ համալրվում է գրքերով:

Սննդային անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Չիթչյանն էլ պատմում է, որ «Նարինեի» մերան ունեն, հիմա էլ մտածում են մածունի մերանի մասին, որը կլինի հայկական մածունի լավագույն օրինակը:

«Յոգուրտ ենք ուզում արտադրել, տարեվերջին կլինի երևի, օրակարգի մեջ է»,- ասում է Չիթչյանն ու հավելում, որ իրենց լաբորատորիայի բուն խնդիրը կենդանի ու չորացված վիճակում կուլտուրաների պահպանումն է: «Ամեն մեկի հետ իր կապրիզներով զբաղվում ենք»,- ժպտում է տիկին Կարինեն:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter