HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երբ շինաշխատանքը պատվիրում են առանց շինանյութի որակը հաստատող փորձաքննության

Գյումրու Աբովյան ճեմափողոցում և «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարակից տարածքում 2016թ. հուլիս-օգոստոս ամիսներին իրականացված սալիկապատումը բավական կարճ կյանք ունեցավ՝ ընդամենը 6 ամիս: Ձյան հալվելուն զուգընթաց «հալվեց» նաև սալիկների մակերեսը՝ ի ցույց դնելով ընտրված շինանյութի անորակությունը: Սալիկապատման աշխատանքներն իրականացրած «Տիմ-Շին» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Նահապետյանը «մեղքը բարդեց» խստաշունչ ձմռան վրա, իսկ անակնկալի եկած քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշեց, որ կազմակերպությունը պետք է իր միջոցների հաշվին վերացնի առաջացած թերությունները:

Սալիկապատած 2830 քմ մակերեսի համար աշխատանքներն իրականացրած «Տիմ-Շին» ՓԲԸ-ին համայնքային բյուջեից փոխանցվել էր 16 մլն դրամ: Տարածքի կահավորման համար (լույսեր, ծաղկամաններ, նստարաններ) Գյումրու քաղաքապետարանը ծախսել էր 7 մլն 500 հազար դրամ: Աշխատանքներն իրականացնելու նպատակով շինկազմակերպությունն ընտրվել էր ոչ թե մրցույթով, այլ բանակցային ընթացակարգով:


Աշոտ Գրիգորյան

«Բանն այն է, որ «Տիմ-Շին» կազմակերպությունը ստեղծվել է 2007թ. հոկտեմբերին՝ համայնքապետարանի կողմից և համարվում է  համայնքային ենթակայության կառույց: Ընկերությունը 2008թ. քաղաքաշինության նախարարության կողմից անժամկետ ստացել է լիցենզիա, համաձայն որի` իրավասու է իրականացնելու բնակարանային և հասարակական նշանակության շինարարական աշխատանքներ,-պարզաբանում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը,-քաղաքապետարանը 2015թ. կնքել էր պայմանագիր Աբովյան ճեմափողոցի և Կեցխովելու փողոցի հատվածում սալիկապատման աշխատանքներ իրականացնելու համար: Մենք մեր մասով պարտավորությունն ամբողջությամբ կատարել ենք՝ գումարն ամբողջությամբ վճարվել է, սակայն տարին չլրացած` ի հայտ են եկել թերություններ, որոնք, ըստ պայմանագրի, շինարարը պարտավոր է վերացնել սեփական միջոցների հաշվին»:

Ամենայն հավանականությամբ, քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը հարկ չի համարել` հետաքրքրվելու օգտագործվող սալիկների որակով: Որակական խնդիրներով մտահոգված չի եղել նաև շինկազմակերպությունը: Քաղաքապետարանն իրեն ապահովագրել է` պայմանագրում ներառելով կետ, որի համաձայն` շինկազմակերպությունը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում ի հայտ եկած թերությունները վերացնել սեփական միջոցների հաշվին՝ առանց հավելյալ վարձատրության:

Փետրվարի 16-ին, քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանձնարարությամբ, ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հիմնականում քայքայվել է սալիկների արտաքին մակերեսը, իսկ հիմքն ամուր է: Շինարարն ասում է՝ տեխնոլոգիան պահպանել  են: Առաջացած թերությունների հետ կապված միակ և արդարացնող պատճառաբանությունը նշվում է բնակլիմայական խիստ պայմանները:

«Հանձնաժողովի կազմում եղել են մասնագետներ բոլոր բաժիններից՝ բնակկոմունալ, քաղաքաշինություն, իրավաբանական բաժնից ես եմ ընդգրկվել, կատարել ենք ուսումնասիրություններ, որին մասնակցել է նաև «Տիմ-Շին»-ի աշխղեկը: Պարզել ենք թերությունները, որից հետո գրավոր կարգով կազմակերպությունից պահանջել ենք ողջամիտ ժամկետներում վերականգնել տեղ գտած թերությունները,-պարզաբանում է Աշոտ Գրիգորյանը,-մոտ երկու շաբաթ է` անորակ սալիկները նորով փոխարինելու գործընթացը սկսված է: Կարծում եմ, որ ամեն ինչ պատշաճ ձևով կարվի: Եթե չանեն՝ մենք դատական կարգով կբռնագանձենք վճարված գումարը»:

«Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի հատվածում ներկայումս «Տիմ-Շին»-ի աշխատակիցները ոչ թե տեղ-տեղ վնասված սալիկներն են փոխում նորով, այլ ամբողջությամբ նորացնում են: Մայիսի 11-ին այցելելով նշված տարածք` քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, թե հին սալիկները կօգտագործվեն համայնքային ենթակայության մանկապարտեզների բակերի սալարկման համար: «Հետք»-ը հետաքրքրվեց Աշոտ Գրիգորյանից, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ քաղաքապետարանն ամեն դեպքում չի ցանկանա «նեղացնել» իր ենթակայության տակ գործող կազմակերպությանը և, թեկուզ ցածր գնով, կգնի վնասված սալիկները:

«Երբ ասում ենք, թե որակը բավարար չափով չի եղել, դա չի նշանակում, որ տվյալ ապրանքն ընդհանրապես իրենից արժեք չի ներկայացնում: Կարծում եմ` քաղաքապետը նկատի է ունեցել, որ, թեկուզ արդեն նվազեցված արժեքով, այդ սալիկները ևս պիտանի են օգտագործման,-նկատում է Աշոտ Գրիգորյանը,-իհարկե, ես չգիտեմ ինչ որոշում կընդունվի վերջնարդյունքում, բայց մտածում եմ, որ վատ առաջարկ չէ` հինն օգտագործել մանկապարտեզի բակերը սալիկապատելու համար, իսկ թե ինչ պայմանավորվածությամբ դա կարվի շինկազմակերպության հետ, արդեն իմ իրավասություններից դուրս է: Գուցե շինարարը որոշի առանց վճարի անել, ինչ կա որ, ի վերջո մեր քաղաքի մանկապարտեզների համար է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter