HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի գլխավորած պատվիրակությանը:

Գյուղնախարարությունը տեղեկացնում է, որ երկու երկրների պաշտոնյաները կարճատև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:

«Մենք կարևորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը և պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Կարևոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առևտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար: Առանձնակի ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի' Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքին, որով պայմանավորված իրանական կողմը հնարավորություն կունենա արտահանել Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵՏՄ շուկա»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Իգնատի Առաքելյանի խոսքով' գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում:

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իր ելույթում համառոտ ներկայացրել է Իրանի գյուղատնտեսության ներկա իրավիճակը, զարգացման գերակա ուղղությունները' ընդգծելով, որ ունեն մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում, մասնավորապես անասնապահության, այգեգործության, անտառաբուծության և ձկնաբուծության ոլորտներում իրենց փորձն ու գիտելիքները ներկայացնելու հայ գործընկերներին:

Պատրաստակամություն հայտնելով սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը` Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է. «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև և´ ապրանքների արտահանման, և´ ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու և արտահանելու համար: Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու համար»:

Հանդիպման արդյունքներով` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցերով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին», որով կկարգավորվի բույսերի պաշտպանության, բույսերի և բուսական արտադրանքին առնչվող վնասակար օրգանիզմների վերահսկման բնագավառը, երկրների տարածք ներթափանցման և տարածման վերահսկումն ու կանխարգելումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter