HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբը և պղնձաձուլական գործարանի վտանգավոր արտանետումները Ալավերդիում խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը

Սանահինի վանական համալիրում մեզ հետ զրույցում ավստրիալացի զբոսաշրջիկ Ավգուստ Միքիբան իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի ամբողջ տարածքով սփռված  աղբի մասին։

«Նաև  Ձեր քաղաքի գետի ափերին, նույնիսկ գետի մեջ, ճանապարհներին աղբ է թափված և դա  անհանգստացնում է մեզ»,-ասաց Ավգուստ Միքիբան:

Ալավերդիում ճանաչված ձկնորս  Ռաֆիկ Մնացականյանը նույնպես դժգոհեց Դեբեդ գետ թափվող կենցաղային աղբից։ «Ձուկ բռնելիս  ամեն ինչ տեսնում  ենք  գետի մեջ, տոպրակներով աղբ, մաշված ներքնակներ, ցելոֆոնե տոպրակներ: Ուղղակի Դեբեդը գարնանային վարարումներին այդ ամենը քշում, տանում է»,-ասում է ձկնորսը:

Ռաֆիկ Մնացականյան

Ռաֆիկը խոստովանեց, որ գետից իր բռնած ձկները ինքը  չի ուտում, վաճառում  է: Նա ափսոսանք հայտնեց, որ Դեբեդի էկոլոգիական ծանր վիճակի պատճառով չի կարող ձկնորսության հրավիրել զբոսաշրջիկներին: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը դեռ 1,5 տարի առաջ  Դեբեդի ափերի աղբ թափողներին բացահայտելու համար խոստանում էր գետի երկայնքով տեղադրել տեսախցիկներ: Քաղաքապետը առ այսօր չի կատարել խոստումը։ Հիշեցնենք, որ Դեբեդ գետն աղտոտում են  նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական թափոնները,  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ և «Թեղուտ» ՓԲԸ պոչամբարների պոչանքային հոսքերը, Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհի Դեբեդի ավազանում գտնվող  համայնքերի կոյուղաջրերը:        

                               Ավգուստ Միքիբան                 

-Զբոսաշրջիկները մեզ հետ զրույցում խոսում էին քաղաքի, գետափի աղբի մասին։ Դուք խոստացել էիք  Դեբեդի ափերի երկայնքով տեսախցիկներ տեղադրել, մինչեւ հիմա ինչու՞ չեք տեղադրել։ 

-Ուրեմն մենք  «Բիլայն» ընկերության հետ էինք համագործակցում, բայց այն պայմանները, որ իրենք առաջարկեցին` մեզ ձեռք չտվեց: Հիմա` հենց այս պահին, «Ռոստելեկոմի» հետ ենք էդ պրոյեկտը անում, թվով 28 տեսախցիկ ենք ուզում տեղադրել: Չեմ ուզում ասել, որ որոշումը կայացված է արդեն, որովհետև դեռ հաշվարկային փուլում է: Մենք այս տարի ապրիլի 22-ին քաղաքային շաբաթօրյակի ժամանակ  գետի ափերը մաքրել ենք: Իհարկե, հիմա այս պահին էլի մաքուր չեն գետի ափերը, որովհետև գետը նորից հետը կեղտ է բերում:

-Իսկ  բնակիչները դադարե՞լ են աղբ թափել գետի ափերին:

 -Թափում են, բա ինչ են անում, բայց հավաքում ենք: Այսօր մեր խնդիրը գետի ափերն են, Ս./ Սարահարթ և Մադան թաղամաս գնացող ճանապարհներին թափվող աղբն է: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք առաջիկա օրերին քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկելու ենք աղբահանության խնդիրը: Ունենք 15 կետ նշած, որի մաքրմանը բոլոր հիմնարկները պետք է մասնակցեն: Հիմնարկները իրենց տեխնիկայով դուրս կգան` այդ աշխատանքերը կատարելու: Անցած 1,5 տարում մենք մոտ 400 բեռնատար ավտոմեքենա աղբ ենք հանել քաղաքի տարածքից, բայց տեղեր կան, որ մեր ուժերով չենք կաողանում խնդիրը լուծել: Կոնկրետ Մադան թաղամաս  բարձրացող ճանապարհի աջ կողմի վրա շինարարական աղբի շատ մեծ կուտակումներ կան: Մենք  այնտեղ անգամ ցուցանակ ենք դրել, որ աղբը այդ տարածքում թափել չի կարելի: Բայց առանց տեսախցիկների խնդիրը չի լուծվում: Ստիպված ենք անցնել տուգանքերի քայլին: Մեր աշխատանքի արդյունքում աղբի քանակը քաղաքում երկու անգամ ավելացել է: Այսինքն` հասել ենք նրան, որ ժողովուրդը արդեն հատկացված տեղերում է աղբը թափում:

-Հնգամյա զարգացման ծրագրում դուք հայտնում եք, որ տուրիզմի զարգացմանը խոչընդոտում է Ալավերդու էկոլոգիական ծանր վիճակը: Պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանը վերջերս այդ խնդրի լուծման հույսերը կապում է չինացի ներդրողների հետ: Նաև հայտնում է Ալավերդու նոր պղնձաձուլարանում  Հայաստանի ամբողջ պղնձի արտադրությունը կենտրոնացնելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: 

-Ես այս պահին չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանի որ մասնագիտական գնահատական չկա  էդ ամեն ինչին: Ես ընդամենը կողքից լսելով գիտեմ:

-Վալերի Մեջլումյանը պարտավո՞ր է այդ հարցերը քննարկել Ձեզ հետ:

-Այո, պարտավոր են քննարկել: Երբ գործարանի վերակառուցման պրոեկտի մասին որոշակի խոսակցություն կլինի, մենք չենք սպասի, որ մեզ հրավիրեն, մենք ինքներս քայլեր կանենք, որպեսզի հասկանանք` ինչ ձևով է զարգանալու գործարանը: Դարերով պղնձաձուլական գործարանը Ալավերդիում գոյություն ունի, բայց մենք այսօր նոր խնդիրների առաջ ենք կանգնել, կոնկրետ զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման գործում: Մեզ համար շատ կարևոր է, որ գործարանը լինի տեխնոլոգիապես հագեցած: Մեզ ասել են, որ տեխնոլոգիական վերազինման դեպքում` 96 տոկոս արտանետումների կորզում պետք է լինի: Դա շատ լավ տոկոս է: Եթե մենք խոսում ենք ամբողջ հանրապետության խտանյութը Ալավերդիում մշակելու և առաջարկվող տեխնոլոգիաների մասին, կարծում եմ, որ քաղաքում կզարգանա տնտեսությունը: 

Դեբեդի ձուկը

-Զբոսաշրջության զարգացման  ի՞նչ ծրագիր եք նախատեսել իրականացնել Ալավերդիում 2017թ.-ին:

 -Սանահինի «Միկոյան եղբայրների» թանգարանը 3 տարի ժամկետով հանձնվել է անգլիական «Լուքինգ ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամին: Հիմնադրամը այստեղ 35 մլն դրամի ներդրում է կատարելու: Թանգարանի շենքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին: Վերանորոգման աշխատանքներից հետո թանգարանը կհամալրվի նոր՝ ինտերակտիվ ցուցանմուշներով: Երեք տարի ժամկետը լրանալուց հետո թանգարանը կհանձնվի համայնքին:«Սմիթսոնյան ինստիտուտ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ կազմակերպության հովանավորությամբ իրականացնում է «Իմ Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսում ենք Սանահին գյուղական թաղամասում հիմնել ձիարշավարան: Մշակվել են ձիարշավի ուղիները: Ձիարշավի համար  նախապատրաստել ենք 20 ձիեր: Ձիերի վարժեցման աշխատանքները պետք է կատարվեն աշնանը: Ձիարշավները կիրականացնենք զբոսաշրջային հաջորդ սեզոնին:Սանահինի կամրջի տարածքում նախատեսում ենք հանգստի կանաչ գոտի ստեղծել: Կտեղադրվեն նստարաններ, կլինի հեծանվային փոքր կայան, որտեղ զբոսաշրջիկները հեծանիվներ վարձակալելու հնարավորություն կունենան:Նույն հատվածում նախատեսվում է ունենալ ինֆորմացիոն կենտրոն, որտեղից զբոսաշրջիկները կկարողանան ինֆորամցիա ստանալ բուկլետների, բրոշյուրների տեսքով: Ինֆորմացիոն կենտրոնը խաչմերուկ կարող է հանդիսանալ նաև Վրաստանի զբոսաշրջիկների համար: Համագործակցում ենք նաև «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի հետ: Ալավերդի եկող զբոսաշրջիկների համար համատեղ մշակել ենք «Անտառային թերապիաներ» ծրագիրը, որով զբոսաշրջիկին հնարավորություն է տրվում առավոտյան ժամերին քայլարշավով գնալ անտառ: Նախատեսում ենք զբոսաշրջիկներին նաև ջիփինգ առաջարկել: Արդեն մի քանի մեքենաներով փորձարկում է կատարվել  Հաղպատ-Սանահին լեռնային ճանապարհին: Հաջորդ ուղղությունը Հաղպատ-Նեղոց-Ախթալա լեռնային ճանապարհն է, որտեղ փորձարկում է կատարվելու վաղը: Երթուղիներն ընտրվել են այնպես, որ ընդգրկվեն նաև պատմամշակութային հուշարձանները, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան ճանապարհին այցելել այդ հուշարձաններ: 

Մեկնաբանություններ (2)

Հարություն
Իհարկե տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն աղբահանություն և վերահսկեն,որպեսզի չսահմանված վայրում աղբ չթափվի,սակայն այդ գործում անհրաժեշտ է մեր բոլորի աջակցությունը, մենք ոչ միայն պետք է մեր օրինակով ցույց տանք, որ մաքուր ենք պահում մեր շրջապատը,այլ պետք է անհանդուրժող լինենք աղբ թափողների նկատմամբ:
ընթերցող
Մարդն անընդհատ աղբ է արտադրում, ուրեմն եւ ստիպված է մի տեղ թափելու: Խնդիրը լուծելու համար նախ հարկավոր է կազմակերպել նորմալ աղբահավաք ու վերամշակում, որից հետո միայն կարելի է կիրառել ցանկացած ռեպրեսիաներ: Թե չէ որ մի տեղը կամերա դնես ու նկարես? Էդ կամերաների փողը թող աշխատավարձ տան աղբահավաքներին ու մի քանի հսկիչ պահեն, (որովհետեւ միլիցեքի տնգլին չէ էդ գործը) ավելի օգուտ կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter