HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մխեյան․ «Քաղաքի դպրոցներում ոչ ստանդարտ մտածելակերպով երեխաներին արագ ստանդարտացնում են, իսկ գյուղում լրիվ ուրիշ է»

Մի քանի օրից հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Մինչ ավարտական դասարանների աշակերտները տոնական միջոցառման վերջին փորձերն են անում, Լոռու մարզի Ուրասար համայնքի դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն զբաղված են տարիներ շարունակ ըստ նշանակության չօգտագործվող, կիսաքանդ ակումբի դահլիճի ու բեմի մաքրման-բարեկարգման աշխատանքներով: Մի քանի տարի է` ակումբի դահլիճն Ուրասարում օգտագործում են հոգեհաց տալու համար միայն: Քանի որ Ուրասարի դպրոցը դահլիճ ու բեմահարթակ չունի, այս տարի ավարտական դասարանի աշակերտները որոշել են Վերջին զանգի միջոցառումն այստեղ անել: Մտահղացումն աշակերտներինն է: Դասղեկ Ալբերտա Պիրոևան նախ լսել է աշակերտների առաջարկը, ապա նրանց հետ եղել տեղում:

«Երբ առաջին անգամ գնացինք ակումբ, ես սարսափեցի` դահլիճի վիճակը տեսնելով:  Մտածում էի՝ էս վիճակը ո՞նց ենք փոխելու: Դա մի վայր է, որտեղ պատուհաններ չկան, որտեղ բեմը շատ վատ վիճակում էր: Երբ ծնողական ժողովի ժամանակ այդ մասին խոսեցի ծնողների հետ, ինձ համար ուրախալի ու զարմանալի էր, որ բոլորն ասացին՝ կգանք,  կօգնենք: Հետո գյուղապետը խոստացավ, որ ներկ կտրամադրի, որպեսզի բեմի ետնապատը ներկենք: Այդ ամենը երեխաների մոտ բում առաջացրեց: Աշակերտուհիներիցս մեկն ասաց՝ ես կներկեմ պատերը, պապայի տրակտորն էլ եմ ես ներկել»,- պատմում է Ալբերտան։ Ալբերտա Պիրոևան երկու գործընկերների՝ Նարեկի ու Արմենի հետ միասին «Դասավանդիր Հայաստան» ծրագրով շուրջ մեկ տարի է՝ աշխատում  է Ուրասարի դպրոցում:

Ուսումնական տարվա ընթացքում երեխաների հետ մասնագիտական դասընթացներից զատ՝ առաջնորդության խմբակի պարապմունքներ անցկացրած երիտասարդները աշակերտների նախաձեռնողականությունն ակումբի բարեկարգման հարցում համարում են համայնքում իրականացված հաջողված ծրագրերից մեկը:

«Աշակերտների, ծնողների, գյուղի երիտասարդների մասնակցությամբ դա դարձավ փոքրիկ համայնքային ծրագիր:Նման ծրագրերը շատ կարևոր են բոլորիս համար: Կարող է քաղաքում ապրող, լավ դպրոց հաճախողներից ոմանք մտածեն՝  հա, ի՞նչ, գնում դահլիճի պատ են ներկում, բայց էստեղ երեխաների համար դա լրիվ ուրիշ նշանակութուն ունի»,- ասում է Ալբերտան:

Մեր այցի օրը ակումբում մաքրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ էին: Ոտքերի տակ ճռռացող ու ճոճվող տախտակների վրայով անցնելով՝ մտնում ենք դահլիճ: Խունացած պատերով դահլիճում հնամաշ նստարաններ են տեղադրված, առջևում բեմն է, որը թեև վատ վիճակում է, սակայն կամարների ու բեմահարթակի ձևն ու չափերը հուշում են՝ այն նախկինում պետք է որ բավականին գրավիչ տեսք ունեցած լինի:

Չնայած երեխաները բավականաչափ մաքրել էին դահլիճը, սակայն տարբեր հատվածներից կաթացող անձրևաջրերը, լճակներ կազմելով, ասես պատրաստվում էին գրավել ողջ տարածքը:

«Անձրևաջրերը չեն խանգարի՞»,- հարցնում եմ՝ մատնացույց անելով կաթացող տանիքը:
«Տանիքը շատ հին է, տարբեր տեղերից կաթում է, բայց էրեխեքը նստարաններն այնպես են շարել, որ անձրևաջրերը կաթեն ոչ թե նստարաններին, այլ նստարանների արանքներում»,- ասում է դասղեկը:

Դպրոցն ակումբից մի քանի մետր այն կողմ է:

Միահարկ, ոչնչով աչքի չընկնող դպրոցում առաջին աչքի զարնող սարքը պրոյեկտորն է: Այն տեղադրված է դպրոցի համեմատաբար մեծ  սենյակում, որն օգտագործվում է միաժամանակ մի քանի նպատակով. այստեղ են անցկացվում  «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցների կողմից անցկացվող առաջնորդության խմբակի պարապմունքները, Վիքիակումբի խմբակի աշխատանքները, տարբեր հանդիպում-քննարկումներ:

 Վերջերս այս սենյակում նաև մշտական ցուցադրության են ներկայացվել գյուղի հիմնադրման հետ կապված վավերագրերը:

«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցներից  Նարեկ Հակոբյանի նախաձեռնությամբ օրերս Ուրասարի դպրոց այցելած Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները բերել ու դպրոցին են նվիրել գյուղի պատմությանը վերաբերող արխիվային նյութեր:

«Ցանկացած մարդու, համայնքի ու ազգի համար կարևոր է իմանալ, թե ովքեր են իր նախնիները, որտեղից են եկել և ուր են գնում: Շատ էի ցանկանում, որ ուրասարցիներն էլ իմանան իրենց գյուղի պատմությունը»,- ասում է Նարեկը:

26-ամյա երիտասարդի մոտ  որևէ գյուղում աշխատելու ցանկությունը վերջին տարիներին աստիճանաբար փոխվել է հստակ մտադրության:

«Գյուղական միջավայրում աշխատանքը շատ հետաքրքիր էր թվում: Երբ դու ինչ-որ բան տեսնում ես արտաքինից, ուզում ես մտնել, ներսից էլ տեսնել, խորքային հասկանալ,  թե իրականում ինչ է  կատարվում ներսում, ու ինչ-որ կերպ նաև մասնակից լինել այդ կյանքին: Դա չեմ կարող բացատրել ինչ զգացում է, որը քեզ անընդհատ ձգում է»,- իր զգացողություններով է կիսվում Նարեկը:

Երիտասարդի ընտանիքի անդամները կտրականապես դեմ են եղել նրա  գյուղում աշխատելուն:

«Մտածում էին, որ իրենցից հեռու,  անհայտ մի տեղ եմ լինելու: Մինչև վերջին պահը սպասում էին, հույս ունեին, որ գուցե հրաժարվեմ, բայց, ինչպես տեսնում եք, դա չեղավ»,- ժպտում է երիտասարդ պատմաբանը:

Պատմական գիտությունների թեկնածու Նարեկը գյուղում աշխատելը դիտարկում է  որպես առավելություն՝ գիտական ոլորտում նոր պրպտումների ու հաջողություններ գրանցելու առումով: Ասում է. «Այստեղ կյանքը հանգիստ ու խաղաղ է, դա ինձ դուր է  գալիս: Ազատ ժամանակ է մնում  նոր մտքերի, նոր գաղափարների համար: Այս հանգստությունը օգնում է մտածել,  գիտությամբ զբաղվել հենց այստեղ»:

Նույն ծրագրով Երևանից Ուրասար հասած, Կառավարման ակադեմիայի  ֆինանսների կառավարում բաժինն ավարտած Արմեն Մխեյանին գրավել է հատկապես գյուղացիների անմիջականությունն ու անկեղծությունը:

Նրա կարծիքով` գյուղերի երեխաների պոտենցիալը շատ մեծ է, բայց նրանք շատ կտրված են դրսի աշխարհից, ինչի հետևանքով չեն կարողանում լիովին դրսևորել իրենց հնարավորություները:

«Ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է: Գյուղական համայնքներում մտածելակերպը լրիվ ուրիշ է: Կարող է ինչ-որ ոչ ստանդարտ բան ասեն, ու դու պետք է փորձես դրան լուծում գտնել: Այ, դա ինձ գյուղում ամենից շատ է հետքրքրում: Քաղաքի դպրոցներում ոչ ստանդարտ մտածելակերպով  երեխաներին արագ ստանդարտացնում են ու վերջ, իսկ գյուղում լրիվ ուրիշ է... Կամ օրինակ կարող է խնդիրը լուծեն ոչ ստանդարտ ձևով ու տան քեզ: Ու մտածում ես՝ ասե՞մ, որ էս ձևով չպետք է լուծեին:Բայց ախր ինքը լուծել է իր ձևով ու ճիշտ: Ու երբ երեխաներն իրենց ունիկալությունը ցույց են տալիս, դու մտածում ես՝ ինչպե՞ս կարելի է էդ պոտենցիալը զարգացնել»,-դասավանդման մեկ տարվա փորձով է կիսվում Արմենը:

«Իրենց աշխարհայացքը, իրենց մտածելակերպն այնքա՜ն մաքուր է, որ մեր խնդիրը նախ և առաջ երեխաներին չփակելն ու նրանց հասկանալն է»,- ավելացնում է Նարեկը:

Եթե տղաներին Ուրասար է բերել տարիներ շարունակ հասունացած գյուղում աշխատելու ցանկությունն ու  մարդկանց պարզությունը, ապա Ալբերտան, մինչև վերջերս, ոչ միայն չի ցանկացել գյուղում աշխատել, այլև ուսումնառության տարիների ընթացքում մտածել է՝ դպրոցում երեխաների հետ աշխատանքն իր համար չէ:

«Ինձ չէի պատկերացնում դպրոցում ու մտածում էի, որ ես երեխաների հետ չեմ կարող ու չեմ ուզում աշխատել: Հետագայում,  մանկավարժական պրակտիկաս մի դպրոցում անցկացնելուց հետո իմ մտածելակերպում կտրուկ փոփոխություններ եղան: Այդ դպրոցում աշակերտներն  աչքի էին ընկնում կարգապահությամբ ու աշակերտն իր դերում էր, ինչն ինձ մոտ վերաբերմունք փոխեց: Դա Երևանի Սպանդարյանի  անվան դպրոցն էր»,-պատմում է Ալբերտան:

Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից 2012թ.-ին սովորելու համար մայրաքաղաք եկած աղջկան տարիներ շարունակ ինչ-որ բան հետ է պահել՝ վերադառնալ հարազատ գյուղ:

«Երբ ես Երևանում սովորում էի, միշտ մտածում էի՝  եթե ես միշտ խոսում եմ այնպիսի թեմաներից, ինչպիսին է օրինակ Հայաստանում մնալը, Հայաստանում ինչ-որ բան անելը, բա ես ինչո՞ւ իմ մեջ համարձակություն չեմ գտնում մի օր իմ գյուղ վերադառնալու  ու իմ գյուղի համար ինչ-որ բան անելու համար: Ոչ թե վախենում էի վերադառնալ, այլ վախենում էի լինել մեկը, ով կարող է գնալ գյուղ ու այնտեղ ինչ-որ բան առաջարկել»,- հիշում է երիտասարդ ուսուցչուհին:

Վերջինիս խոսքով «Դասավանդիր Հայաստանը» նախ և առաջ այդ վախը հաղթահարելու հնարավորություն է տվել: Թիմային աշխատանքի արդյունքում երիտասարդներն Ուրասարի երեխաների հետ արդեն իսկ առաջին փոփոխություներն են իրականացրել գյուղում:

Ուսուցիչների ու աշակերտների ջանքերով վերջերս մաքրվել է դպրոցին կից, որպես ֆուտբոլի դաշտ ծառայող տարածքը, Արմենն իր կապերի շնորհիվ  ձեռք է բերել դարպասների ցանցն ու ֆուտբոլի գնդակներ: Մարզադաշտի ցանկապատման հարցում աջակցության ակնկալիքով  թիմը դիմել է դոնորների: Ծրագիրը հավանության արժանանալու դեպքում ուրասարցիներն առաջիկայում կկարողանան ֆուտբոլ խաղալ բարեկարգ մարզադաշտում:

Մի քանի օր առաջ դպրոցում ստեղծվել է Վիքիակումբ: Ակումբի աշխատանքներում ներգրավվել են բարձր դասարանների աշակերտները: Երիտասարդ ուսուցիչներն աշխատել են նաև երեխաների շարունակական կրթության ապահովման ու մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Այդ աշխատանքի առաջին պտուղներն արդեն իսկ կան:

«Վերջին տարիներին գյուղի հիմնական դպրոցն ավարտողներից եզակիներն էին ուսումը շարունակում: Պատճառը ոչ միայն ավագ դպրոց-քոլեջի հեռու լինելն էր (Ստեփանավանում), այլև հետագա ուսումնառության հետ կապված տեղեկատվության պակասը: Երբ հարցնում էի՝ ի՞նչ եք անելու դպրոցն ավարտելուց հետո․ երեխաների մոտ ուսումը շարունակելու հետ կապված կոնկրետ կողմնորոշում չկար: Ես մտածում էի՝ լավ, ո՞նց ենք կարողանալու երեխաների հետ աշխատել, որ նրանք ցանկանան սովորել, որ կարևորեն հետագա ուսումը: Դա ներքին նպատակ էր դարձել երեքիս մոտ: Ու երբ տարեվերջին ոչ միայն ավարտական դասարանի բոլոր աշակերտները, այլև նախորդ տարի ավարտածներից ոմանք ուսումը շարունակելու  ցանկություն  հայտնեցին, դա շատ ուրախալի էր»,- ասում է Ալբերտան:

Գայանե Սարգսյան

 

Մեկնաբանություններ (1)

Lusine
Armenia needs more bright, open minded and passionate teachers like these guys to unlock the potential of the kids in all regions. These young people impact rural communities immensely through their teaching and working with parents, hope to see more of this great impact later on.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter