HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Զիյա Ազազի. «Այն, ինչին ձգտում ենք, մեզ համար տարածք ազատելն է»

Զիյա Ազազին խորեոգրաֆ է և պարող: Նա դերվիշի պարերի անվանի կատարողներից է, որը հնագույն այդ մշակույթը ներկայացնում է սեփական մեկնաբանություններով:

Ազգությամբ թուրք, Սիրիայում ծնված Զիյան բնակվում է Ավստրիայում, աշխարհի տարբեր անկյուններում հանդես գալիս շրջագայություններով, այդ թվում՝ պերֆորմանսներով:

Զիյան երեք օրով Հայաստանում էր «Արէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակներում:

Ազազիի ինքնության և արվեստի վրա մեծ ազդեցություն է թողել սուֆիզմը:

-Զիյա, Հայաստանում սուֆիզմի հետևորդները մեծ տոկոս չեն կազմում: Մակերեսային են նաև դերվիշի պարի մասին տեղեկությունները:  Ինչի՞ մասին  են սուֆիզմն ու  դերվիշի պարը:

-Երևի ամենասկզբից Մեծ պայթյունից սկսեմ: Ժամանակին Մեծ պայթյուն  է տեղի ունեցել: Կարծում եմ, որ մենք՝ մարդիկ, պարզապես խճճվել  ենք թարգմանության մեջ:

Երբ ինչ-որ մեկը նոր բան է բացահայտում, փորձում է պատմել դրա մասին, երկրորդ մարդը դա մի կերպ է հասկանում, իսկ երրորդ մարդու ընկալումը լիովին տարբերվում է մյուս երկուսից: Այս գործընթացն անընդհատ շարունակվում է, և խճճվում ես թարգմանության մեջ:

Սուֆիզմը դավանել են բազմաթիվ սերունդներ: Եվ, այդպիսով, այն ենթարկվել է փոփոխությունների: Դուք հայ եք, բայց նման չեք նախորդներին: Թուրքիան էլ նման չէ նախկին Թուրքիային, ոչ էլ Եվրոպան է առաջվանը: Ահա թե ինչու եմ ասում՝ «խճճվել  ենք թարգմանության մեջ»:

Կյանքը բազմակողմանի երևույթ է: Թվում է, թե ամեն ինչ ընթանում է ուղիղ գծով՝ մի կետից մյուսը: Սակայն իրականությունն այլ է: Պատկերացրեք, որ ցանկանում եք լեզու սովորել: Գնում եք դասընթացի, սովորում եք քերականություն: Ամեն օր անում եք նույնը: Բայց նույնիսկ լեզու սովորելը ուղղագիծ գործողություն չէ: Այդ ընթացքում դուք խանութ եք գնում, փողոցում անցորդներից նոր բառեր սովորում և այլն: Ուրեմն կյանքը միայն թվում է ուղղագիծ: Իրականում այն բազմակողմանի բնույթ ունի:

Կրոնական, մշակութային կամ գրաֆիկական ժառանգությունը հազարավոր տարիների ու բազմաթիվ սերունդների աշխատանքի արդյունք է: Հենց այսպես էլ մենք ստեղծում ենք գիտելիքը, կրոնը, լեզուն և կյանքը: Նույնիսկ հասարակությունն ենք այս ձևով ստեղծում:

Եթե հարցին մոտենանք ավելի ծայրահեղորեն, սեռ ասվածն էլ է այդպես գործում: Իրականում կին կամ տղամարդ չկա: Կա մարմին, ու մենք դրա տարբեր տեսակներն ունենք:  Ինչ վերաբերում է կրոնին, միստիկային կամ պարին, չի կարելի միանշանակ ասել, թե որն է առաջինը ծագել:

Ես շարժում եմ մարմինս, որպեսզի շարժեմ միտքս: Շարժում եմ միտքս, որպեսզի շարժեմ հոգիս: Եվ շարժում եմ հոգիս՝ մարմինս շարժելու համար: Այստեղ է , որ կարևորվում է մարմին-հոգի-հույզ եռանկյունին: Ես միշտ խոսում եմ սրա մասին: Եթե շարժեմ մարմինս, կշարժեմ միտքս: Մտքիս աշխատանքն էլ հանգեցնում է էնդոկրին համակարգի ակտիվացմանը: Այն սկսում է տարբեր հորմոններ ստեղծել, որոնք կոչվում են հույզեր:

Ուստի իրականում մենք չենք կարող տարանջատել պարը, կրոնը, հոգևորն ու հասարակությունը: Դրանք չեն ծառայում մեկը մյուսին, այլ օժանդակում են միմյանց:

-Դուք դերվիշի պարը բերել եք մի այլ մակարդակի: Անում եք  սեփական մեկնաբանումները: Ո՞րն է նպատակը : Պարն իր հին ձևի մեջ կորցրե՞լ էր բովանդակությունը:

- Գիտեք, բնության մեջ ոչինչ նույնը չի մնում: Օրինակ՝ Արարատը նույնը չէ, ինչ 5000 տարի առաջ: Ամեն ինչ փոփոխվում է: Մենք մահկանացուներ ենք: Ապրում ենք առավելագույնը 100-120 տարի: Սակայն այս ժամանակահատվածը բավական կարճ է, դրա համար էլ մեզ թվում է՝ ամեն ինչ նույն է: Իրականում սրանք կայուն փոփոխություններ են:

Փոխվում են նույնիսկ ավադույթները: Ի՞նչ է ավանդույթը: Ո՞ր հային կարելի է հայ անվանել: Նրան, ով ապրում է Ամերիկայում, թե՞ նրան, ով ծնվել է Հայաստանում: Իսկ ես թու՞րք եմ:  Ես ծնվել եմ Թուրքիայում, մեծացել Սիրիայում, հիմա ապրում եմ Վիեննայում: Կյանքիս մեծ մասն էլ անց եմ կացրել հենց Թուքիայում: Ինչպես տեսնում եք,  այս ամենը ոչ մի նշանակություն չունի: Նկատի ունեմ, որ մենք չենք կարող կառչել որևէ կայուն, անփոփոխ բանից:

Իմ կարծիքով, ավանդույթները անցյալի տարբեր սերունդներից ստացված տեղեկություններ են: Դու ինքդ էլ հավաքում ես այդ տեղեկությունները, հասկանում դրանք ու դրանց հիման վրա սկսում ես ստեղծել քո սեփական լեզուն, որովհետև դու արդեն ապրում ես 21-րդ դարում: Սա էլ կոչվում է անցյալի ու ապագայի միախառնում: Նման բան բոլորն են անում:

-Հայաստանը միատարր երկիր է համարվում: Այստեղ բնակչության գերակշիռ մասը քրիստոնյաներ են: Ի՞նչ բանալիով կարողացաք մեզ համար անծանոթ մշակույթը տեղ հասցնել:

-Ես դրա մասին չեմ մտածել: Ես հավատացած եմ, որ եթե մտածես դրա մասին, մարդկանց և մտքերի միջև կապը կկտրվի:

Դուք կասեք, որ ես՝ իսլամական ժառանգությամբ մեկը, եկել եմ ներկայացում ցույց տալու: Սակայն ես կոչ եմ անում մոռանալ կրոնը, երկիրն ու սեռը: Մենք հոգի ու միտք ենք: Անհրաժեշտ է պարզապես փոխանակվել մտքերով:

-Դուք ծնվել եք բարդ տարածաշրջանում, որտեղ պատերազմներն ավելի երկար են եղել, քան խաղաղությունը: Սուֆիական մշակույթը կարո՞ղ է խաղաղության հասնելու ճանապարհ լինել:

-Իրականում թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ ես սուֆիզմի ավանդույթների կրողը չեմ: Ես պարզապես հետաքրքրվում եմ այն ժառանգությամբ, ինչը կյանքի մասին համընդհանուր տեսակետ ունի: Այն ներկայացնում է գոյության մասին իր մոտեցումը:

Ընդհանրապես ամբողջ աշխարհում մարդիկ ստեղծում են տարբեր ավանդույթներ,  բարոյական արժեքներ, լեզուներ և ունեն տարբեր կենսակերպ: Ու նրանցից շատերը հասկանում են՝ ինչ է նշանակում մարդ լինել: Նրանք շարունակում են աշխատել այս ուղղությամբ: Արդյունքում ի հայտ են գալիս բուդդիզմի, սուֆիզմի կամ հինդուիզմի նման տարբեր միստիկ մոտեցումներ:  Կարճ ասած՝ նրանք տարբեր լեզուներով խոսում են միևնույն բանի մասին: Եվ եթե նման միստիկ մտածելակերպը կամ կենսակերպը դիտարկեք, կտեսնեք, որ ցանկացած միստիկ երևույթի մեջ ֆիզիկական, մտավոր, ինտուիտիվ և հուզական ակտիվություն կա:

Այս պարում մարդը ոչ միայն պարում է, այլև հարվածում իր մարմնին, որպեսզի այն գործի: Նման ֆիզիկական գործողության շնորհիվ գիտակցում ես, որ ունես մարմին, որը ցավ է զգում: Երբ գիտես, թե ինչ է ցավը, մյուսներին այն չես պատճառի:

Մյուս գործողությունը մտածելն է: Դու սկսում ես սովորել, օրինակ` պատմություն, ավադույթներ կամ պար: Այսպիսով, ստիպում ես մտքիդ աշխատել: Երկու գործընթացների համատեղմամբ էլ գործում են հույզերը: Սկսում ես ակտիվացնել ինտուիցիան, ամեն ինչ ավելի լավ ես զգում: Այս երեքը միասին կյանքն ավելի արդյունավետ են դարձնում:

Ցանկացած արդյունավետ բան լավ է մարդկության համար: Սուֆիզմն էլ դրանցից մեկն է:

-Կարո՞ղ ենք դերվիշի պարը դնել օրինակ յոգայի կամ ցիգունի հետ նույն աստիճանին՝ որպես մեդիտացիայի  կամ զուտ առողջարարական միջոց:

-Միանշանակ` այո: Կարող եք նույնիսկ ֆիտնեսով զբաղվել: Միայն թե՝ առանց ֆեյսբուքի կամ հեռուստացույցի: Պետք է կենտրոնանալ հենց դրա վրա: Մարմնի պարզեցված ակտիվացումը առողջ մնալու բանալին է:

- Ձեր բեմադրությունների մեջ հաճախ է օգտագործվում սպիտակ ժապավենը, որը որոշակիորեն սահմանափակում է պարողի տարածքը: Պարի ժամանակ դուք հաճախ քանդում եք այդ սպիտակ ժապավենները: Կմեկնաբանե՞ք ՝ ինչ է դա: Երևի սահմաննե՞ր, որոնք մարդը պետք է քանդի:

-Ճիշտ եք: Մենք շատ սահմանափակումներ ունենք: Եվ այն, ինչին ձգտում ենք՝ մեզ համար տարածք ազատելն է: Այդ պատճառով փորձում ենք անցնել սահմանները:

-Միստիկան դերվիշի պարի ժամանակակից մեկնաբանություններում շատ է: Չկա՞ կյանք առանց միստիկայի: Եվ ի՞նչ է միստիկան:

-Անշուշտ, առանց միստիկայի կյանք չկա: Չնայած դու կարող ես ապրել առանց միստիկայի, բայց  կյանքն առանց միստիկայի կյանք չէ: Իսկ ինձ համար միստիկան անհայտի մեջ մտնելն է, դրա հետ կապ հաստատելը:

Ուրեմն այս դեպքում ի՞նչ է անհայտը: Տեսեք, մենք կարողանում ենք լույսը տեսնել միայն հստակ սահմանված սպեկտրի պայմաններում: Եթե քիչ կամ շատ լինի, մենք այն չենք տեսնի: Նույնը վերաբերում է նաև ձայնին  ու ջերմաստիճանին: Թվում է՝ մենք չգիտենք, թե ինչպես է դա կատարվում: Սակայն մենք կարող ենք տեսնել, լսել ու զգալ ավելին: Անհրաժեշտ է միայն բացահայտել այդ ամենը: Իսկ այդ բացահայտման միջոցներն, իմ կարծիքով, հոգևոր մոտեցումներն են:

- Տարբեր երկրներում ձեր վորքշոփներին մասնակցում են մարդիկ, ովքեր այլ մշակույթի կրողներ են: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ են փնտրում:

-Հենց այն, ինչի մասին խոսում էի: Մեզնից շատերը քաջություն ունեն անցնելու սահմանն ու մտնել անհայտի մեջ:

Նրանք, իհարկե, ունեն սեփական պատկերացումները դրա հետ կապված, սակայն նաև սովորել նրանից, ով արդեն գիտի՝ ինչպես դա անել, ինչ միջոցներով ու գործիքներով:

-Պարը այդ գործիքներից մեկն է…

-Անշուշտ: Իմ կյանքում երբևէ պատահած ամենաուժեղ գործիքներից մեկը:

-Կարո՞ղ ենք ասել, որ ցանկացած պար Ճանապարհ է, թե՞ դերվիշի պարն ունի հատուկ հոգևոր կոդեր:

-Ընդհանրապես պարը շատ լավ է, սակայն  դերվիշի պարը յուրահատուկ ուժ ունի: Այստեղ դու չես առնչվում արտաքին կյանքին: Դու առանձնանում ես ինքդ քեզ հետ:

Պտտվելու արդյունքում ամեն ինչ շարժվում է քո մեջ:  Քո զգայարաններն այլ կերպ են աշխատում: Միտքդ էլ դեռևս երբեք նման վիճակում չէր հայտնվել: Սակայն որոշ ժամանակ անց դու մտովի հասկանում ես, որ սա էլ կյանքի մի տեսակ է: Պտտվելու ընթացքում  առերեսվում ես ինքդ քեզ հետ: Ոչ մի ուրիշ պար նման զգացողություն չի առաջացնում:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է մարդկանց դուր գալիս ծխել, խմել կամ խնջույքների գնալ: Նրանք կտրվում են իրականությունից: Դերվիշի պարն էլ հենց նման բանի հասնելն է՝ առանց արտաքին ուժերի:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց «Արէ» փառատոնի հիմնադիր Մարինե Կարոյանը, փառատոնի օտարերկրյա արվեստագետների ճանապարհածախսը, երբեմն նաևայլ ծախսեր օգնում են հոգալ դեսպանատներն ու հիմնադրամները:

Այս տարի փառատոնին աջակցել են Իսրայելի հյուպատոսությունը, Թեքեյան մշակութային միությունը, «Հրանտ Դինք» հիմնադրամը, Բրիտանական խորհուրդը և Ավստրալական խորհուրդը:

Լուսանկարները՝ հեղինակի և Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter