HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանին նորից դատարան չէին ներկայացրել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ տեսակցությունների արգելքը վերացման վերաբերյալ բողոքի գործով դատական նիստն անցավ առանց նրա ներկայության: Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը նախորդ նիստին նույնպես չէր ներկայացվել, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր:

Դատավոր Մարինե Մելքոնյանը ներկայացրեց ՀՔԾ-ի քննիչ Էդիկ Հակոբյանի կողմից ուղարկված գրություն, ըստ որի՝ Արմեն Լամբարյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությունն ուղարկվել Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: ՀՔԾ-ից ուղարկված գրության մեջ նշված էր, որ վարույթն իրականացնող մարմինը լիազորություն չունի քննվող նիստին կալանավորի ներկայությունն ապահովելու: Դատավորը հայտնեց, որ գրությունն ուղարկվել է այսօր՝ դատական նիստից 15 րոպե առաջ:

Մինչ Լամբարյանի ներկայության մասին դիրքորշում հայտնելը, նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ակնկալելով դատախազի հետևողականությունը և նշեց. «Գրությունը ներկայացնող անձ Է. Հակոբյանը չարաշահել է պաշտոնական դիրքը, ավելի քան 20 օր ժամանակ է ունեցել. մայիսի 10-ին արդեն իսկ պարզ է եղել, որ գործն իր վարույթում չէ, և ինքը պարտավոր էր ակտիվ գործողություններով չխաթարել արդարադատությանը: Նա, իր դիրքը չարաշահելով, տապալում է այսօրվա նիստը, սահմանափակում Արմեն Լամբարյանի իրավունքները»,-հայտնեց փաստաբանը:

Լամբարյանի պաշտպանը նշեց, որ 15 րոպեի ընթացքում դատարանը որևէ գործողություն չի կարող անել,  քանի որ աշխատանքային օրը մոտենում էր ավարտին և հավելեց, որ այս գործունեությունը հստակ մտածված է եղել:

Քանի որ նախորդ նիստի ընթացքում դատարանում ներկայացվել էր գրություն այն մասին, որ Արմեն Լամբարյանը ցանկանում է մասնակցել բողոքի քննությանը, փաստաբանը շեշտեց, որ նրա ներկայությունը նիստին պետք է ապահովել, դիմել Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան՝ թույլտվություն ստանալու համար:

Դատական նիստից հետո փաստաբան  Արայիկ Պապիկյանը ասաց, որ դատարանը ևս նպաստել է կատարվող անգործությանը: «Իմ կարծիքով դատարանը ևս թերացել է իր պարտականությունների մեջ, որովհետև դատախազի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանրությունը գիտեր, որ գործը գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն դատարանի հայեցողության ներքո, ուստի պետք էր պատշաճ քայլեր ձեռնարկեր դատական նիստը չտապալելու համար»:

Դատական նիստն ավարտվելուց հետո Արմեն Լամբարյանի 16-ամյա դստեր ինքնազգացողությունը վատացավ: Հարազատները նշեցին, որ հորը չտեսնելու կարոտից է: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Գրիգոր Lուսավորիչ» ԲԿ:

Արմեն Լամբարյանի գործով հաջորդ նիստի մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter