HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այստեղ ինձ պահում է ամեն մի քարը»,- Հայաստանի մասին ասում է 84-ամյա մոլոկան տատը

«Տատյանա Վասիլևնա, Տատյանա Վասիլևնա»,- դարպասի մոտից կանչում է Մարիետան:

«Տանը չէ, կամ խանութ է գնացել, կամ ճաշարան»,- պատասխանում են հարևանները:

Տատյանա Վասիլևնայի շղթայակապ շունը ձգվում է, առաջ գալիս ու սկսում հաչալ: Դարպասը փակ է, այդտեղից երևում է տնամերձ հողամասը: Տանտիրուհին այնպես է մշակել, որ հողն էլ է ավլել: Յասամանը դեռ ամբողջությամբ չի ծաղկել: Տաշիրում դեռ ցուրտ է, օրվա մեջ մի քանի անգամ եղանակը փոխվում է:

Ցեխառատ ճանապարհին մեզ մոտենում է քուրդ հարևանուհին, հարցուփորձ է անում: Ցեխի մեջ խրված կապույտ կտորից կոշիկներս թրջվել են, Տատյանա Վասիլևնան դեռ չի եկել, բայց ավելի հետաքրքիր է դառնում նրան սպասելը: Մի քանի րոպե հետո նրա մտերմուհին՝ Մարիետա Գրիգորյանը՝ նախկին Կալինինոյի շրջկոմի երկրորդ քարտուղարը, ով մեզ ծանոթացնում է Տաշիրում ապրող մոլոկաններին, առաջարկում է գնալ մի քիչ վերև գտնվող մեկ այլ տուն: Մի ժամ հետո վերադառնում ենք, Տատյանա Վասիլևնան արդեն տանն է: Դուռ բացում է:

Տաշիրի այս փողոցում մոլոկանների տները շատ են: 10 տարի առաջ քաղաքում շուրջ 250 մոլոկան կար, հիմա մնացել է մոտ 40-ը: Մարիետան ասում է՝ շատերը մահացան, ոմանք էլ գնացին արտերկիր՝ երեխաների մոտ: Շաբաթ օրը մոլոկանների համար մաքրության և բաղնիքի օր է: Այդ օրն ընդունված չէ հյուր ընդունել: Կիրակի նրանց հանգստի օրն է: Իսկ մենք, փաստորեն, հենց շաբաթ օրն ենք այցելել նրանց:

Տան աստիճաններով բարձրանալիս Մարիետան հարցնում է. «Տատյան Վասիլևնա, մաքրությունն արդել արե՞լ ես»:

84-ամյա տատը ժպտում է, ասում է՝ իհարկե, մեզ ներս է հրավիրում: Տունն այնքան մաքուր է, որ, ինչպես ասում են, հանգիստ կարող ես յուղը թափել ու հավաքել: Անկյունում՝ պատի մեջ, խորհրդային շրջանի հին վառարանն է: Դրանից այսօր կարելի է տեսնել մոլոկաններից շատերի տներում: Պատերին փակցված են տատի ձեռագործ աշխատանքները, սենյակը լիքն է փարթամ բույսերով, սեղանին տատի ակնոցն է ու նարնջագույն թելով գուլպան, որ դեռ անավարտ է:

Կապույտ, մանր աչքերով նայում է մեզ: Հարցնում է՝ ի՞նչն է այցի պատճառը: Առհասարակ մոլոկան կանայք քչախոս են, շատախոսությունից ասելիքը կորչում է:

«Ե՞ս... Ի՞նչ պիտի պատմեմ»,- գլուխը կախում է սեղանին, որտեղ շյուղերի վրա կիսատ գուլպան է: Մարիետան ասում է՝ Տատյանա Վասիլևնան գուլպաներ է գործում նաև զինվորների համար:

Տատը նեղվում է. «Մարիետա, խնդրում եմ՝ էդպիսի բաներ մի ասա, նման գործերը բարձրաձայն չեն ասում, դրանք պարզապես անում են»:

Մարիետան ժպտում է, իսկ այդ ժպիտը տատի համեստությունը հասկանալու նշան է: Ասում է՝ տատն ամեն ինչ ունի՝ բացի ժամանակից: Ամբողջ օրն աշխատում է: Տատը, փոքր աթոռին կանգնած, միջանցքի զգեստապահարանում փնտրում է իր գործած գլխաշորը, համաձայնում է, թե «ճիշտ է, իսկ ինձ որևէ մեկը պարտքով ժամանակ կտա՞»: Ծիծաղում ենք, բայց տատի խոսքի մեջ դառնություն կա: Գլխաշորը չի կարողանում գտնել, հետո հյուրասենյակի պահարանից փաստաթղթեր է հանում, կանաչ կազմով դպրոցական բարակ տետրում գրի է առել նախնիների պատմությունը, սկսում է բարձրաձայն կարդալ:

Նրա նախնիները 1847-ին են հաստատվել այստեղ՝ Վորոնցովկայում: Ինքը՝ Տատյանա Լուկինովան, ծնվել է 1933-ի փետրվարին, երբ գյուղը արդեն Կալինինո էր կոչվում: Առաջին դասարան ընդունվելուց հետո Հայրենական պատերազմը սկսեց: Չնայած այդ պատերազմի ալիքը Կալինինո չէր հասել, բայց տատը հիշում է, որ ծանր տարիներ էին բոլորի համար: Ընտանիքում 7 երեխա էին: Երկու եղբայրներին ռազմաճակատ տարան: Երկուսն էլ զոհվեցին:

Տաշիրում դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կրասնոսելսկի (այժմ՝ Ճամբարակ) մանկավարժական ուսումնարանում, ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Արտանիշ գյուղում, իսկ հետո ամուսնացել: 1956 թվականն էր: Պատմում է, որ այն ժամանակ ուսումնարանն ավարտելուց հետո երեք տարի պիտի աշխատեիր, որպեսզի դիպլոմդ ստանաս, բայց ամուսնանալու դեպքում այն տալիս էին:

Ամուսնանալուց հետո Տատյանա Վասիլևնան մեքենավարուհի է աշխատել, հետո բժշկական դասընթացներ է անցել ու աշխատել Կալինինոյի հիվանդանոցում: «Մարդկանց սրտիկները կարդիոգրամա էի անում»,- նկատում է տատը: Դրան զուգահեռ մոտ 30 տարի էլ աշխատել է դեղատանը:

«Սա է իմ կյանքի ճանապարհը...»,- աչքերը խոնավանում են, մենք լռում ենք:

Երեխաների, ամուսնու մասին հպանցիկ ենք խոսում: Երկու աղջիկ և մեկ տղա ունի: 2007-ին 9 ամսվա տարբերությամբ կորցրել է ամուսնուն և որդուն: Սա ամենանուրբ կանգառն է մեր զրույցում: Տատը փորձում է թաքցնել հուզմունքը, բայց կապույտ աչքերում արդեն կարմիր բծեր կան: Քիչ անց ավելացնում է, որ երեք երեխաներն էլ բարձրագույն կրթություն են ստացել: Աղջիկներից մեկը հիմա Ստավրոպոլում է աշխատում՝ դպրոցի տնօրեն է, մյուսը կոստյումեր է, աշխատում է արտիստների հետ: Տատյանա Վասիլևնան 4 թոռ ունի:

Աշխատանքները շարել է մահճակալին, մի փոքրիկ տոպրակ էլ դրել է ծածկոցին՝ տանիքից կաթում է: Մարիետան նկատում է սա, խոստանում է անպայման լուծել խնդիրը:

Տատը միայն մի անգամ է շեշտում իր տարիքը, ասում է՝ եթե տեսողությունը լավ լիներ, ավելի շատ գործ կաներ: Առավոտ շուտ հողամաս է իջնում, կարտոֆիլ, լոբի, կանաչի, գազար ու ծաղիկներ է աճեցնում: Նրա ասելով՝ տունը բակից է սկսվում, եթե բակդ մաքուր ես պահում, տունդ էլ մաքուր կպահես: Օրվա ընթացքում ձեռագործություն է անում, երեկոյան էլ հեռուստացույց է դիտում:

«Սերիալներ եմ նայում, լուրեր եմ լսում, բա ո՞նց կլինի առանց ինֆորմացիայի, ո՞նց չիմանաս, որ Ամերիկայում նոր Թրամփ կա, Ֆրանսիայում նոր նախագահ կա, որը 24 տարով փոքր է իր կնոջից»,- ասում է տատը, որ նաև բանաստեղծություններ է գրում:

Դժվարությամբ ենք համոզում, որ տատն արտասանի իր գրածներից: «Հպարտ ու լեռնային իմ Հայաստան...»,- այս տողերով է սկսում տատը, հետո դադար է տալիս, նայում է մեզ, թե ի՞նչն է սխալ գրել. Հայաստանը լեռնային է, չէ՞, և հպարտ:

Տատն ասում է՝ Տաշիրի ամեն մի անկյունն ու քարը գիտի: Մարդ որտեղ ծնվում է, այդ հողն էլ հարազատ է նրան: Աղջիկներն առաջարկել են, որ գնա բնակվելու իրենց մոտ, բայց հրաժարվել է: «Եթե գնամ Ռուսաստան, ոչ մեկն ինձ «ջան» չի ասելու»,- նկատում է 84-ամյա տատը:

Հիմա հայերն էլ, մոլոկաններն էլ շատ են գնում երկրից: «Դուք մտածում եք, թե հողից, հայրենիքից պոկվելը լա՞վ է... Ես զարմանում եմ, որ գնում են... Չգիտեմ, թե ինչու են գնում... Ես չեմ ուզում որևէ տեղ գնալ, ինձ համար իմ հայկական ջուրն ու հողն են հարազատ,- շարունակում է, մի քանի վայրկյան լռում, հետո ավելացնում,- այստեղ ինձ պահում է ամեն մի քարը: Ես հեռուները չեմ տեսել, բայց մեր ամբողջ շրջանը իմ այս ոտքերով քայլել եմ, ամեն մի անկյունը գիտեմ, գիտեմ, թե որտեղ է մասուրը շատ, կատվախոտը որտեղ է աճում, որտեղ է սունկը շատ»,- տատը սրբում է աչքերը, մենք էլ:

Մեկ այլ բանաստեղծություն է կարդում, այս անգամ՝ քաղաքական թեմայով: Գորբաչովին ու Ելցինին է քննադատել: Կարդալուց հետո հարցնում եմ՝ բա Սերժ Սարգսյանի մասին բանաստեղծություն չե՞ս գրել: «Չէ, չէ, ինքն ինձ թոշակ է տալիս, ինչի՞ գրեմ»,- պատասխանում է լուրջ-լուրջ:

Ասում է՝ քիչ է մնացել իր կյանքին, կյանքը դժվար ուղի էր իր համար, բայց երբեք թևաթափ չի եղել:

«Ի՞նչն է կարևոր կյանքում. ունենալ համբերություն, հարգել մարդկանց և բարություն անել, կարգին ապրել, աշխատել և չմտածել, որ կօգնեն քեզ: Ու ամենակարևորը՝ չհուսահատվել, թևաթափ չլինել: Դե, հիմա ինձ մոտ էսպիսի իրավիճակ է ստեղծվել, չստացվեց միանալ երեխաներին, բայց թևաթափ լինեմ ու պառկե՞մ, ոչ, պետք է պայքարել մինչև վերջին կաթիլը»,- այս անգամ արդեն կայտառ ձայնով ասում է 84-ամյա մոլոկան տատը:

Քաղաքի բարեգործական ճաշարանից է օգտվում, թոշակը բարձր չէ, բայց դժգոհել չի սիրում: Ճաշարանում թելեր են տալիս, որոնցով գուլպաներ է գործում զինվորների համար: Մեզ ասում է՝ եթե նախապես իմանար, որ հյուրեր է ունենալու, ասեղնագործություն կաներ ու կնվիրեր:

Պատշգամբ ենք դուրս տալիս, շունը, շղթան այս ու այն կողմ ոլորելով, հաչում է: Տատը բռնում է պատշգամբի բազրիքից, ասում է՝ մի պահ գլուխը պտտվեց: Ճնշման խնդիր ունի, դեղեր է խմում: Խնդրում ենք, որ չիջնի մեզ ճանապարհելու, չի լսում:

Հասնում է դարպասի մոտ, ինքն իրեն ասում է. «Էխ, Տանյա, էս բակդ ի՞նչ վիճակում է, բա դու էսպիսի բակ ես պահե՞լ»: Զարմանում եմ, ասում եմ՝ իդեալական մաքուր է բակը, բարկանում է, թե դու առաջվա Տատյանին չես տեսել:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մոլոկանները բանիմաց , զարմանալի աշխատասեր, քչախոս ու չխառնվող, բարի, նաեւ խիստ պատվասեր մարդիկ են: Նրանք են կաղամբ ու կարտոֆիլ մշակել սովորեցրել հայերին: Նրանք աղացներ, աղբյուրներ, փուռ ու վառարան սարքող վարպետներ են եղել: Անասնապահության, գյուղատնտեսության, դեղաբույսերի ու համեմունքների գիտակներ են: Հայերը միայն օգուտ կքաղեն, եթե նրանց համար որոշ արտոնյալ պայմաններ ստեղծեն ու գյուղական բնակավայրերը վերաբնակեցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter