Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Ես Մովսեսին օգնեցի հեռանալ Հայաստան աշխարհից». Մովսես Ներսիսյանի ու Արթուր Սաֆարյանի սպանության գործով ամբաստանյալի ցուցմունքը



«Տիկոն ուզում էր Թևոսի մոտ Մովսեսին մատաղ անել Արթուրի համար, ու ես, դա հասկանալով, Մովսեսին օգնեցի հեռանալ Հայաստան աշխարհից... ես Մովսեսին ասացի, որ ոտքերը վերցնի ու գնա Հայաստանից»,- Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նման ցուցմունք տվեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, և Մովսես Ներսիսյանի սպանության գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ սպանվել է Արթուր Սաֆարյանը: Սպանության գործով կալանավորվել են Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ Մովսես Ներսիսյանին զրկել է կյանքից:

Մովսես Ներսիսյանի դին առ այսօր չի հայտնաբերվել, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը, ապացույցների համակցությամբ,  նրան սպանված է համարել ու սպանության համար մեղադրանք առաջադրել Իսրայել Սարգսյանին:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Դատարանում այսօր Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ Մովսես Ներսիսյանը ողջ է

«Մովսեսն ինձնից ու ձեզնից էլ առողջ է, հարգելի՛ դատարան, կներեք, որ ձեր վրա եմ ասում»,- դատավոր Արմեն Բեկթաշյանին դիմելով՝ ասաց Իսրայել Սարգսյանը:

Նշենք, որ «Մագնում» հյուրանոցի այն սենյակում, որտեղ, ըստ գործի նյութերի, տեղի է ունեցել Մովսես Ներսիսյանի սպանությունը, Մովսեսի մեքենայում և Զովունու դիտահորի տարածքում հայտնաբերվել են արյան նմուշներ, որոնք 99.9 %-ով համընկնում են Մովսես Ներսիսյանի որդուց՝ Կարեն Ներսիսյանից անջատված ԴՆԹ-ի, հետևաբար` նաև Մովսես Ներսիսյանին պատկող ԴՆԹ-ի հետ:

Արթուր Սարգսյանը պնդում է, որ արյան հետքեր թողնելը կազմակերպված է եղել հենց Մովսեսի կողմից: Ամբաստանյալը դատարանում հայտնեց, որ Մովսեսի՝ Հայաստանից հեռանալուց հետո ինչ-որ անձ է իր հետ հանդիպել, ասել, որ ինքը եկել է Մովսեսի անունից, պատմել, թե ինչպես է Մովսեսը հեռացել Հայաստանից, մանրամասներ հայտնելով նաև այն հետքերի մասին, որոնք թողել է, որպեսզի տպավորություն լինի, թե իրեն սպանել են: Թե ով է այդ անձը, Սարգսյանը չի բացահայտում: Ասում է միայն, որ անունն Արմեն էր:

Վերջինս «սրտնեղեց», որ Մովսես Ներսիսյանը որևէ քայլ չի ձեռնարկում ցույց տալու համար, որ ողջ է:

«Ես ի՞նչ անեմ, որ ինքն էդ ուղեղով ա ապրում: Ես չեմ իրեն հասցե տվել, որ ասեմ, գնացեք, այսինչ տեղն է»,- դատարանում ասաց Իսրայել Սարգսյանը:

Ամբաստանյալը չի հավատում, որ Մովսես Ներսիսյանը կարող էր սպանել Արթուր Սաֆարյանին:

«Մովսեսը, ընդհանուր, կյանքում նորմալ, հայրենասեր տղա է եղել, Արցախի պատերազմին է մասնակցել, որևէ մեկը չի կարող ասել, որ նա «քիլլերությամբ» է զբաղվել»,- ասաց Արթուր Սարգսյանը:

Ըստ Արթուր Սարգսյանի ցուցմունքի` փաստորեն, ինքը Մովսեսին Արթուր Սաֆարյանի սպանությունը չի պատվիրել, Մովսեսը չի սպանել նրան, հետևաբար չկար նաև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Մովսեսից ազատվելու շարժառիթ:

Ըստ Իսրայել Սարգսյանի՝ Տիգրան Ասատրյանն և Թևոս Սաֆարյանը թշնամական հարաբերություններ են ունեցել

Սարգսյանը մանրամասներ հայտնեց նաև սպանված Արթուր Սաֆարյանի, վերջինիս եղբոր՝ Թևոսի ու իր հետ կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Ասատրյանի հարաբերությունների մասին:

Ըստ Իսրայել Սարգսյանի՝ Տիգրան Ասատրյանն և Թևոս Սաֆարյանը թշնամական հարաբերություններ են ունեցել: Տիգրանն ու Թևոսն, ըստ Իսրայել Սարգսյանի ընկերներ են եղել, սակայն նրանց հարաբերությունները լարվել են 2007-ին: Սարգսյանի խոսքով՝ Տիգրանն իրեն պատմել է, որ 2007թ-ին մի թանկարժեք ապրանք է ունեցել, որը չի կարողացել վաճառել և դիմել է Թևոսի օգնությանը: Թևոսն այն վաճառել է 5 մլն դոլարով, և չնայած պայմանավորվածությանը ՝ Տիգրանին պիտի տար այդ գումարի 3 միլիոնը. չի տվել:

«Տիկոն քաղաքում տարբեր մարդկանց, այդ թվում` լուրջ մարդկանց մոտ հայտարարել է, որ Թևոսն իրեն գցել է, ինքը դրա համար պատասխան է տալու, իրավունք չուներ իր նման ընկերոջը գցել, և որ ինքը դրա համար պատժելու է նրան»,-պատմեց ամբաստանյալը:

Ըստ Իսրայել Սարգսյանի՝ չնայած այդ հանգամանքին՝ Տիգրան Ասատրյանը եղել է սպանված Արթուր Սաֆարյանի երեխաների քավորը, ինչը նրանց շրջապատի մարդկանց զարմացրել է:

«Քավորությունը լավ բան է, բայց եթե այդ ընտանիքի հետ թշնամանք կա՝ անհասկանալի է»,- նշեց Սարգսյանը:

Իսրայելը, մեջբերելով դատարան հրավիրված վկաներից մեկի խոսքը, դատարանին հիշեցրեց, որ վկայի պատմելով՝ Թևոս Սաֆարյանը դժգոհել է, որ եղբայրը որոշել է քավոր ընտրել Տիգրան Ասատրյանին:

«Մի քանի անգամ ասել եմ Արթուրին, որ էդ մուտիլովչիկ Տիգրանին հանկարծ քավոր չկանգնացնի»,- ըստ վկայի՝ իրեն նման բան է ասել Թևոս Սաֆարյանը:

«Տիգրանի տունը եկեղեցի չէր, ես տերտերի մոտ խոստովանության չէի գնացել»

Ըստ Սարգսյանի՝ իր մեղադրանքի հիմքում դրված է Տիգրան Ասատրյանի կողմից գաղտնի արված, ապա մոնտաժված մի ձայնագրություն, որում ինքը Տիգրանին «խոստովանում է», որ ինքն է Մովսեսին պատվիրել սպանել Արթուր Սաֆարյանին, ապա կատարել Մովսես Ներսիսյանի սպանությունը:

Դատարանում Սարգսյանը հայտնեց, թե ինքը Տիգրանին է կասկածել սպանության մեջ, ու փորձել է հասկանալ, թե վերջինս ինչ կերպ կարձագանքի իր «խոստովանությանը»:

«Բայց իմ տակտիկան, փաստորեն, անհաջող դուրս էկավ...Ինձ պետք էր, որ Տիգրանը համոզվի, թե ես կամ սպանության մեջ, որ ես էլ համոզվեի՝ իրականում ինքը կա՞ դրանում, թե` ոչ...Տիգրանի տունը եկեղեցի չէր, ես տերտերի մոտ խոստովանության չէի գնացել»,-ասաց Սարգսյանը՝ պնդելով, որ իր դեմ բացթողումներով գործ են սարքել և ուզում են, որ ինքը չկատարածի համար պատիժ կրի:

«Ես չեմ պատրաստվում նստել դրա համար, ես կապացուցեմ, որ ես տվյալ հանցագործության մեջ չկամ: Չի կարելի մարդուն մի ձայնագրության հիման վրա դատել, մեղադրել երկու սպանության մեջ. երկու հատ տռուպ են ուզում դնել վրես, էդպես ո՞նց կարա լինի, ո՞նց կարելի է դա հասկանալ»,- ասաց ամբաստանյալը:

Վերջինս նշեց, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր առաջ Մոսկվայից հանցավոր աշխարհի երկու ներկայացուցիչ է ժամանել Հայաստան և Արթուրի սպանությունից հետո տարբեր ժամերի վերադարձել ՌԴ, սակայն իրավապահներն այս հարցը քննության առարկա չեն դարձրել:

Ամբաստանյալի հարցաքննությունն այսօր, պայմանավորված աշխատանքային ժամի ավարտով, հետաձգվեց ու կշարունակվի վաղը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ