HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուրջ տեղաշարժեր ՏՏ ոլորտում

Հայաստանում ՏՏ ոլորտը 2001թ. հայտարարվել է գերակա ուղղություն: ՀՀ Կառավարություններն արդեն տասնհինգ տարի զգալի գումարներ են հատկացնում ՏՏ ոլորտը խթանելու համար և մեծ հաջողությամբ մսխում են այդ միջոցները: Այս մասին բազմիցս գրվել է, բայց հիմա անհրաժեշտ է լուրջ խոսել ՏՏ ոլորտը խթանելու վերջին նախաձեռնության մասին: Խոսքը վերաբերում է ՏՏ ոլորտին արտոնություններ սահմանող օրենքին: Հիշեցնեմ` ըստ այդ օրենքի` մինչև 30 աշխատող ունեցող նորաստեղծ կազմակերպությունները մուծում են ընդամենը 10% եկամտահարկ, իսկ շահութահարկից լիովին ազատվում են: Այդ օրենքը լրջագույն վնասներ է տալիս և´ ՏՏ ոլորտին, և´ ամբողջ տնտեսությանը: Այս մասին արդեն գրվել է lragir.am-ում ,և կանխատեսվել են բացասական հետևանքները:

Հիմա` տնտեսության մասին 2016թ. ցուցանիշները հրապարակելուց հետո, կարելի է ավելի մանրամասն վերլուծություն անել:

Ուրեմն: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում 2014թ. ստեղծվել էր ՏՏ ոլորտի 16 նոր ձեռնարկություն, իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2015թ. և 2016թ. համապատասխանաբար` 133 և 126 նոր ձեռնարկություններ: 2014թ. եղել է 322 ձեռնարկություն, իսկ 2016թ. դարձել է 581, այսինքն աճը կազմել է 80%: Մի՞թե ձեռնարկությունների քանակի այդպիսի աճը կառավարությանը չի զարմացնում:

Հայաստանում ՏՏ ոլորտ ասելով` հասկանում են Հեռահաղորդակցություն և  Ծրագրավորում: Հեռահաղորդակցությունը աշխարհի բոլոր երկրներում գործնականում նույն ստանդարտ սարքավորումները, ծառայություններն ու շուկայի հագեցվածությունն ունի: Այդ պատճառով այն դադարել է երկրների ՏՏ ոլորտի զարգացվածության ցուցանիշ լինել: Իհարկե, ՏՏ-ում կարևորը Ծրագրավորման մասն է, քանի որ այստեղ է ձևավորվում մեծ հավելյալ արժեք: Այստեղ բարձր են աշխատավարձերը, և հնարավոր են մեծ շահույթներ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` Ծրագրավորման ձեռնարկությունների 2016թ. շրջանառության աճը, 2015թ. նկատմամբ, կազմել է 38.2%:

Մենք նայեցինք ԱՎԾ-ի 2008-2015թթ. հաշվետվությունները: Այդ տարիներին  Ծրագրավորման ձեռնարկությունների շրջանառության միջին աճը կազմել է 11%:

Նայեցինք ՊԵԿ-ի հրապարակած հաշվետվությունների  խոշոր հարկատուների ցանկում Ծրագրավորման ձեռնարկությունների մուծած հարկերի տվյալները: Այստեղ 2016թ. մուծած հարկերի աճը, 2015թ. նկատմամբ,13% է: Մուծած հարկերը շրջանառության հետ ուղիղ կապված են, հետևաբար շրջանառության աճը պետք է այդ կարգի լիներ, և տարօրինակ է 38.2% աճը: Խնդրեցինք ԱՎԾ-ին մեկնաբանել այս տվյալները: ԱՎԾ-ն մեզ ներկայացրեց մանրամասն հաշվետվություն, ինչի համար շնորհակալ ենք:

Ըստ ԱՎԾ-ի, Ծրագրավորման 20 խոշոր ձեռնարկությունների ընդհանուր շրջանառությունը կազմում է ամբողջի կեսը` 49.6%, և նրանց աճը կազմել է 11% ! :  Իսկ մյուս կեսի աճը կազմել է 82% !!: ՏՏ Ձեռնարկությունների երկրորդ կեսը, նման տեմպով զարգանալու դեպքում, 2024թ. կունենա մոտ 5,000,000 մլն դրամ շրջանառություն, ինչը հավասար է Հայաստանի ՀՆԱ-ին:

ՀՀ ԱՎԾ-ն շրջանառության այդ աճը բացատրում է ձեռնարկությունների թվի աճով և առանձին ձեռնարկությունների շրջանառության աճով: Մենք խնդրել էինք ներկայացնել այդ ձեռնարկությունների ցանկը և շրջանառությունը, ինչն, իհարկե, գաղտնիք չէ, սակայն ԱՎԾ-ն այդ ցանկը չտվեց, ասելով միայն, որ այդտեղ հաշվառված են Ծրագրավորման բոլոր ձեռնակությունները:

Եթե օրինակ Հայաստանում սկսեն 100 նոր հյուրանոց կառուցել, կառաջանան նոր շինարարական ձեռնարկություններ և կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր, հայ շինարարները չեն գնա Ռուսաստան, այլ կաշխատեն Հայաստանում: Իսկ ինչի՞ հաշվին պետք է ստեղծվեն նոր Ծրագրավորման ձեռնարկություններ: Հայաստանում Ծրագրավորման ոլորտը չի կարող կտրուկ աճել, որովհետև չկան գործազուրկ ՏՏ մասնագետներ, որոնց հաշվին կարող էր մեծ աճ լինել:

Հայաստանում տեղի էր ունենում ՏՏ ոլորտի բնական վերակազմավորում, ամեն տարի փակվում էին 10-20 ՏՏ ձեռնարկություն և ստեղծվում էին 10-20 նորերը: Բայց դրանից ավել ձեռնարկությունների համար մասնագետ ՉԿԱ: Այնպես որ, նոր ձեռնարկությունների թվի տասնապատիկ աճը պետք է մտածելու տեղիք տա:

Ծրագրավորման ձեռնարկությունների թվի և շրջանառության այս տարօրինակ աճի երկու հիմնական պատճառ կարող է լինել, և այդպիսի աճը խիստ վնասակար է: Այդպես էլ է լինում:

Առաջին պատճառը` Ձեռնարկություններն իրենց ստորաբաժանումներն առանձնացնում են որպես նորաստեղծ ձեռնարկություն` հարկերից խուսափելու համար: Օրինակ` SuperSoft-ն ունի 60 աշխատակից և 1 մլրդ շրջանառություն, ստեղծում է երկու նոր կազմակերպություն, ասենք SS1, SS2, և այդտեղ են տեղափոխվում բոլոր աշխատողները` բացառությամբ մի քանի հոգուց: Այնուհետև SuperSoft-ը այդ 1 մլրդ-ից պատվերներ է տալիս նորաստեղծներին, ամեն մեկին 500 մլն: SuperSoft-ը հարկեր չի մուծում, որովհետև ինչքան իրացում ունի, այդքան էլ ծախսեր ունի: Երկու նոր կազմակեպություններն էլ մուծում են եկամտահարկի  ընդամենը 10%-ը, իսկ շահութահարկ բոլորովին չեն մուծում: Թղթի վրա կառավարությունը մի ձեռնարկության փոխարեն ունենում է երեքը: 1 մլրդ շրջանառության փոխարեն` ունենում է 2 մլրդ: Կառավարությունը երջանիկ է: Իսկ բյուջեում ունենում է 125 մլն դրամ պակաս, ինչը չի տեսնում: Լրացուցիչ ճշտել ենք` ԱՎԾ-ն իրոք շրջանառությունը կրկնակի է հաշվում: (Սովետական միությունում մի սովխոզը երկրորդին 1,000 ձու էր վաճառում, հետո երկրորդը երրորդին վաճառում էր այդ 1,000 ձուն, հետո երրորդը չորրորդին, մինչև ասենք տասներորդը այդ 1,000 ձուն ուղարկում էր խանութ, բոլորը զեկուցում էին, որ 1,000-ական ձու են վաճառել, գումարում էին այդ թվերը, ստացվում էր 10,000, բայց խանութներում ձու չկար, բայց մի շնչին ընկնող ձվերի քանակով երկիրը աշխարհում առաջին տեղում էր:)

Իսկ 30-ից քիչ աշխատակազմ ունեցող ձեռնարկությունները գրանցում են նոր, արտոնություններից օգտվող ձեռնարկություն, բոլորով տեղափոխվում են այդտեղ, իսկ եղածը փակում են: Այստեղ շրջանառության աճ չկա, բայց կա նոր գրանցված ձեռնարկությունների քանակ:

Երկրորդ պատճառը նույնպես առաջացնում է «ՏՏ ձեռնարկությունների» թվի և շրջանառության աճ, բայց դա վնասակար չէ ՏՏ ոլորտին, այն պարզ պատճառով, որ այս ձեռնարկություններն ուղղակի կապ չունեն ՏՏ ոլորտի հետ: Կառավարությունը պետք է հստակ իմանա, որ երբ մի տեղ ստեղծվում է հարկային արտոնություն, բոլոր հարկերից խուսափել ցանկացողները ձգտում են այդտեղ: Կոնկրետ այս դեպքում գրանցվում են որպես «ՏՏ ձեռնարկություններ», հետո զբաղվում են ծխախոտ ներկրելով, օղի թորելով, ինչով ասես: Կառավարությունը նորից երջանիկ է` առկա է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների թվի և շրջանառության մեծ աճ: Իսկ բյուջեի մուտքերը նորից նվազում են:

ՏՏ ոլորտը խթանող այս օրենքի արդյունքում բյուջեի մուտքերը նվազում են, ՊԵԿ աշխատակիցները գնում են ստուգումների` «բյուջե լցնելու» և տուգանում են արտոնության օրենքից չօգտվողներին, այդ թվում` ՏՏ ոլորտի:

Հայաստանի Ծրագրավորման ոլորտի կառուցվածքը և տրամաբանությունն ասում են, որ 11% աճը առավելագույնն է, ինչը կարելի է ունենալ: ՏՏ աճը կարող է լինել ծրագրավորողների քանակային աճի և ՏՏ ձեռնարկությունների հաջող աշխատանքի ու մեծ շահույթների շնորհիվ: Հայաստանում պահանջվող մակարդակի նոր ծրագրավորողների քանակն աննշան է, ինչքան պատրաստվում են, այդքան էլ արտագաղթում են, այստեղ աճ չկա: Ծրագրավորման ընկերությունների շահույթներն էլ կտրուկ չեն կարող մեծանալ: Այդ ընկերությունների մեծ մասն աշխատում է արտերկրի շուկաների համար, նրանց բիզնես-գլխամասերը գտնվում են դրսում: Եթե նույնիսկ այդ ձեռնարկությունները բացառիկ պրոդուկտներ ստեղծեն և միլիարդավոր դոլարների շահույթ ստանան, Հայաստանում, միևնույն է, կերևա միայն աշխատավարձը: Իսկ թե ինչու՞ են այդ ձեռնարկություններն իրենց բիզնես-գլխամասերը դրսում գրանցում, պարզ է` շառից_փորձանքից հեռու: Սա կարևոր հարց է, և այդ մասին պետք է խորը մտածի կառավարությունը: Այսպիսով, այդ 11%-ը դա համաշխարհային ՏՏ ոլորտի աշխատավարձերի աճի տեմպի, մի քիչ էլ մեր մասնագետների ինքնակրթության արդյունքն է:

Եթե ընդունենք, որ Ծրագրավորման մյուս կեսի աճը նույնպես եղել է 11%, ապա կստացվի, որ ընդհանուր ՏՏ ոլորտը` Հեռահաղորդակցություն գումարած Ծրագրավորում, նվազել է 5.9%-ով: 2015թ. նվազել էր 2.7%, կառավարությունը իր ինկուբատորով հայտարարեց 21% աճ: Հետաքրքիր է այս տարի ինչ կասեն, դեռ լուռ են:

Ամփոփենք օրենքի արդյունքները.

Օրենքի գործարկման արդյունքում ոչ մի օգտակար բան չի ստեղծվում: Ոչ մի կաթիլ: Բացարձակապես ոչինչ:

ՏՏ ոլորտի արտոնություններ ստացած ձեռնարկությունները մյուսների նկատմամբ ահռելի ֆինանսական առավելություն են ստանում: Նրանք կարող են մինչև 20% ավել աշխատավարձ առաջարկել ծրագրավորողներին: ՏՏ ոլորտում վերացել են շուկայական, մրցակցային հարաբերությունները: Օրակարգում մի հարց է. որքա՞ն կդիմանան օրենքի սողանցքներից օգտվելն անպատվաբեր համարող ձեռնարկությունները:

Առաջացել է թղթային, կազմակերպչական մեծ քաշքշոց-իրարանցում: Գրանցումներ, վերագրանցումներ, ներքին պայմանագրերի, դրամական փոխանցումների և ակտերի բացարձակ անօգուտ, հսկայական քանակ:

Ինչպե՞ս է աշխատում արտոնություններ բաժանող հանձնաժողովը: Թող չասեն, որ հանձնաժողովն աշխատում է հստակ չափորոշիչներով: Եթե չափորոշիչները հստակ լինեին, հանձնաժողովի հարկը չէր լինի, գրանցումը կաներ ՊետՌեգիստրը: Հանձնաժողովը պետք է հատ-հատ բացատրի արտոնություններ տալու բոլոր դեպքերը: Եթե այնտեղ լինեն չինովնիկների կամ օլիգարխների հետ փոխկապակցված ծրագրավորման հետ որևէ առնչություն չունեցողները (մի կասկածեք, որ դրանք կան), ապա դրա անունը կոռուպցիա է:

Բյուջեի մուտքերը պակասում են: Միայն 2016թ. արդյունքում թղթի վրա ունենք 14 մլրդ դրամի հավելյալ շրջանառություն, իսկ բյուջեում 1.7 մլրդ դրամի պակասորդ:

Ազգային վիճակագրական ծառայության կազմած ՏՏ տվյալները դարձել են ոչ  հավաստի: Եթե դեռևս կարելի է վերահաշվարկ անել ու տեսնել մոտավոր պատկերը, ապա մի տարի հետո դա էլ անհնար կլինի:

Ցանկալի կլիներ լսել կառավարության խորհուրդը, ի՞նչ անեն այս արտոնությունից դեռևս չօգտվող ՏՏ ձեռնարկությունները: Նրանք կամ պետք է փակվեն, կամ պետք է դիմեն հարկերից խուսափելու քայլին: Թե՞, այնուամենայնիվ, այս խթանող օրենքը չեղյալ կհայտարարվի:

Իսկ եթե կառավարությունն, այնուամենայնիվ, կարծում է, որ այս օրենքը լավն է, ապա պետք է օրենքը տարածի տնտեսության բոլոր ոլորտների վրա, թող նրանք էլ ծաղկեն:

Աշոտ Խաչատրյան

«Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ

Մեկնաբանություններ (1)

Սուրեն
Ուրախ եմ որ կան մասնագետներ, որոնց ուղեղները չի բթացել, ունակ են վերլուծել ու տրամաբանեն առկա փաստերով: Իսկ որ ՏՏ ոլորտի հետ են կապում տնտեսության ապագա աճը, դա մեծ բլեֆ է: Ծրագիրները գրվում են ուրիշ երկիրների ու շահերի համար, այլ ոչ թե մեր երկրի տնտեսության: Բլեֆ է նաև տուրիզմի զարգացումը, արևից էլեկտրաէներգիա ստանալը՝ ուրիշ երկրի սարքերը գնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter