HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Նարնջագույն փղիկին» հրաժարվել են աշխատանքի դիմաց վճարելուց

Ալիկա Մարտիրոսովային (անունը փոխված է կնոջ խնդրանքով) «Օրանժ էլեֆանտը» (կամ «Մարիա Դիզայնը») հրաժարվել է երկու օրվա աշխատանքի դիմաց վճարելուց՝ պատճառաբանելով, թե առաջին օրը փորձաշրջան էր, իսկ երկրորդ օրը նրան չի հաջողվել հաճախորդ բերել: Զբաղվածության պետական գործակալության Նոր Նորքի աշխատակիցները, որոնք Ալիկային առաջարկել էին տվյալ աշխատանքը, հրաժարվել են միջամտել: Գործատուները իրարամերժ պատճառաբանություններ են տալիս:

Ալիկան ընդամենը երկու օր է աշխատել որպես «նարնջագույն փղիկ»: Ըստ գործատուի պահանջի՝ ամեն օր, ժամը 1-ից մինչև 7-ը, Մաշտոցի պողոտա 31 հասցեում գործող «Մարիա դիզայն» հարսանյաց սրահի դիմաց 38-ամյա կինը պետք է փորձեր անցորդների երեխաների ուշադրությունը գրավել դեպի կիսանկուղային հարկում գործող «Նարնջագույն փղիկ» մանկական ստուդիա: Աշխատանքն ինքն էր ընտրել և ասում է, որ հաճույքով էր համաձայնվել, քանի որ երեխաների հետ պիտի շփվեր, թեև աշխատանքային պայմանները ծանր էին, իսկ աշխատավարձը՝ ցածր:

«Փղիկի հագուստը կրելը հեշտ չէր, -ասում է Ալիկան,- նույնիսկ այս եղանակին սարսափելի քրտնում էի, գլուխը ծանր էր, կոշիկները հագիցս դուրս էին գալիս, իսկ ձեռքերիս թաթմաններ կային, որոնցով պիտի փորձեի անցորդներին կոնֆետներ առաջարկել, գումար ստանալ ու մանրը տալ: Բայց չէի նեղվում. հաճելի էր երեխաների հետ շփվելը: Երբ նրանք արձագանքում էին իմ խաղին, ես հրճվանք էի ապրում. մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ, իսկ դիմակով հանդես գալը օգնում էր անկաշկանդ լինել»:

Երբ կինը մի պահ փորձել է ձեռքերը մեջքին դրած քայլել հետ-առաջ, գործատուն զգուշացրել է նրան, որ այդպես չանի, քանի որ տխուր տեսք է ունենում. պետք է անընդհատ «թռչկոտի ու դերասանություն անի» նույնիսկ այն ժամանակ, երբ փողոցում ոչ մի երեխա չկա:

«Մեր տանը կից կարի արհեստանոց ունենք, բայց նույնիսկ այդ 1500 դրամը ամեն օր չի, որ հաջողվում է վաստակել, մտածում էի, որ այսպես գոնե վստահ կլինեմ, որ օրվա հացը կունենանք, -ասում է կինը, ով այս քայլին է գնացել ամուսնուց ու երեխաներից թաքուն,- ես ոչ մի վատ բան չէի անում, գումար էր, կաշխատեի. ամռանը խոստացել էին ավելի շատ վճարել՝ ավելի երկար ժամերով աշխատանքի դիմաց:  Նույնիսկ գոհ էի, որ ստիպված եմ լինելու անընդհատ ոտքի վրա լինել. մարզասրահ գնալու հնարավորություն չունեմ», - ծիծաղում է:

Գործատու ներկայացած «Մարիա դիզայնի» մենեջեր Հասմիկ Իսոյանն Ալիկային պատվիրել է նաև անցորդներին կոնֆետներ վաճառելիս զգուշանալ հարկային տեսուչներից:

«Ես չգիտեմ, թե ինչու էր այդպես ասում, երևի հարկ չէին մուծել դրանց համար, որովհետև ասում էին, որ խանութում այդ շոկոլադն արժեր 250 դրամ, իսկ իրենք այն վաճառում էին 200-ով,- պատմում է կինը,- կոնֆետները վաճառելուց հրաժարվեցի՝ պատճառաբանելով, որ հարմար չէր այդ հագուստով գումար վերցնելն ու մանր տալը»:

Իսկ երկրորդ օրվա ավարտին Ալիկան հրաժարվել է նաև աշխատանքից:

Ալիկան թեև ասում է, որ առանձնակի հաճույքով էր երեխաների հետ շփվել, չի դիմացել «փողոցում պարապ-սարապ թրև եկող տղամարդկանց կոպիտ պահվածքին ու անբարո ռեպլիկներին»:

«Երկրորդ օրն առավոտյան երկու խմած տղամարդիկ մոտեցան` «Դու հիմա աղջի՞կ ես, թե տղա», ուրիշներն էլ թե՝ «Հա, բայց փղիկը գազարագույն չի լինում, պիտի վարդագույն լինի»:

Մոտակայքում կայանած տաքսու վարորդներն էլ առաջարկում էին գնալ միասին ինչ-որ տեղ. «Ինձ ասում էին՝ «Քուր ջան, գնանք մի հատ քեզ հանգստացնենք, հոգնած կլինես»: Տարբեր տղամարդիկ գալիս էին, քաշքշում հագուստներիցս, խուտուտ տալիս, փախնում. դրանց բոլորին բանի տեղ չէի դնում, բայց չդիմացա, երբ մեկը ձեռքը մտցրեց գլխանոցիս մեջ ու մազերիցս քաշեց»:

Վիրավորված Ալիկան, արցունքները զսպելով, լուռ իջել է աշխատավայր ու հրաժարվել աշխատանքից: «Արդեն ժամը վեցն անց էր, բայց ինձ հրաժարվեցին վճարել՝ պատճառաբանելով, որ ինձ չի հաջողվել այդ օրը հաճախորդ ապահովել,- ասում է Ալիկան»:

Նրան գործուղած պետական զբաղվածության «կենտրոնում» էլ հրաժարվել են օգնել: «Երբ նոր էի գնացել, իրենք (գործատուն) ինձ պետք է թերթիկ տային, ինչ-որ ուղեգրի նման բան էր պետք լրացնել, մի կեսը ես պետք է տանեի զբաղվածության կենտրոնին», -ասում է կինը ու պատմում, որ գործատու Հասմիկ Իսոյանը չէր ցանկանում թուղթը լրացնել՝ պատճառաբանելով, որ դա բխում է հենց կնոջ շահերից, քանի որ ստիպված կլինի աշխատավարձի կեսը տալ կենտրոնին: «Ես մտածում եմ, որ ճիշտ չէր ասում այդ կինը, դա պետական կենտրոն էր, ինչո՞ւ պիտի 50 տոկոսը վճարեի նրանց»,- ասում է Ալիկան:

«Օրանժ էլեֆանտի» մենեջեր Շողեր Վարդանյանը բացատրեց, որ թեև ֆրենչայզինգ պայմանագրով աշխատող ընկերությունը (առանց նշելու, թե ինչ ընկերություն է) գործում է միևնույն հասցեում՝ վարձակալության հիմունքներով, բայց «Մարիա դիզայնի» հետ այն կապ չունի, և տարածքի սեփականատեր Հասմիկ Իսոյանն իրավունք չուներ ներկայանալու «ՕԷ»-ի անունից: Կոնֆետների մասին առաջին անգամ էր լսում. փղիկը երբեք կոնֆետներ չի առաջարկում: Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ֆրենչայզ ընկերության կողմից՝ գործատուի ու աշխատակցի միջև կնքված պայմանագրով, սակայն գործարքային արժեքը որոշում է տվյալ ընկերությունը: «Օրանժ էլեֆանտը» խորհուրդ է տալիս կերպարով հանդես եկող դերասանների 5-ժամյա աշխատանքի դիմաց վճարել առնվազն 2000 դրամ:

Հակառակ «Օրանժ էլեֆանտի» մենեջերի պնդման՝ «Մարիա դիզայնի» տնօրեն Հասմիկ Իսոյանը հաստատեց, որ հանդիսանում է նաև սրահում գործող «ՕԷ» ստուդիայի տնօրենը, և որ Ալիկան երկու օր իրենց մոտ աշխատել է փղիկի կերպարում (զրույցի սկզբում նշում էր, որ կինը փորձնական մեկ օր է աշխատել և այն էլ` ընդամենը 2 ժամ): Նրա խոսքերով` Ալիկան այնքան էլ հարմար չէր այս գործի համար, բայց աշխատանքի կարիք շատ ուներ, շատ խնդրեց, և նրան աշխատանքի վերցրին: Ըստ Իսոյանի՝ առաջին օրը համարվում էր փորձաշրջան, որի համար սովորաբար ոչ մի գործատու չի վճարում: Կնոջը վճարելու էին միայն երկրորդ օրվանից սկսած: Աշխատանքի դիմաց առաջակված վճարի չափը 1500 դրամ էր, բայց ոչ թե 13:00-ից 19:00-ը, ինչպես պնդում էր Ալիկան, այլ՝ 14:30-ից 18:30: Իսոյանն «անկեղծ ցավում» է, որ փողոցում նման կերպ են վարվել կնոջ հետ, բայց պնդում է, որ չէր կարող «մի քանի ժամվա համար վճարել»: Գործակալության կողմից կնոջը տրված թուղթը ոչ թե հրաժարվել է լրացնել, այլ պարզապես չի հասցրել, քանի որ կինը շատ կարճ ժամանակ է աշխատել իրենց մոտ: Նա հերքեց, որ «փղիկին» առաջարկել են կոնֆենտներ վաճառել` պնդելով, թե դրանք վաճառվում են միայն սրահի ներսում:   

«Ի դեպ, դուք գիտե՞ք, որ նրան պետք է վճարեի ոչ թե ես, այլ գործակալությունը,- հավելեց Իսոյանը,- խնդրում եմ ճշտել դա և չսևացնել իմ բարի անունը»:

Զբաղվածության պետական գործակալության Նոր Նորքի ստորաբաժանման ղեկավար Մանվել Խաչատրյանը բացատրեց, որ կնոջ կողմից նկարագրված թուղթը գործուղման թերթիկն է, որը գործատուն պետք է լրացներ ցանկացած պարագայում՝ նշելով՝ ընդունո՞ւմ են աշխատանքի, թե՞ ոչ: Գործարքը չստացվելու դեպքում գործատուն լրացնում է, թե ով է հրաժարվել և ինչ պատճառաբանությամբ: Դրա հիման վրա գործակալությունը կա՛մ հանում է անձին գործազուրկների հաշվառումից, կա՛մ շարունակում աշխատանք փնտրել նրա համար: Սակայն, գործատու-աշխատող հարաբերություններում Զբաղվածության պետական գործակալությունն ազդեցություն չունի: Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել  իրավիճակը՝ պատճառաբանելով, թե չգիտի` ով է մեղավոր:

«Նույն բանը կարող է գործատուն ասել, օրինակ՝ կարող է ասել, որ մարդը եկել է, մի երկու օր աշխատել է, բայց աշխատել է շատ փնթի կամ իր գործը լավ չի արել: Ես չեմ տեսել, թե ով է մեղավոր, ուրեմն չեմ կարող նաև միջամտել»:

«Հետքը» հետաքրքրվեց, թե ինչպես են գրանցում գործատուներին. ստուգվո՞ւմ է, արդյոք` դրանք գրանցվա՞ծ ընկերություններ են, թե՞ ոչ, գործակալությունը հետամուտ լինո՞ւմ է, որ աշխատողներին գրանցեն և նրանց համար հարկեր մուծեն: Մ. Խաչատրյանը պատասխանեց, որ գործակալության գործառույթների մեջ չի մտնում աշխատանքային իրավունքների պաշտպանություն ապահովելը, նրանց նպատակն է գործազուրկների համար աշխատանք գտնելը, իսկ թե ինչ հարաբերություններ հետո կհաջողվի նրանց հաստատել, դա գործատուի և աշխատողի գործն է:

Խաչատրյանը խուսափեց մեկնաբանել նաև այն, որ «Մարիա դիզայնի» մենեջերը հրաժարվել է լրացնել Ալիկայի գործուղման թերթիկը:

Հեռախոսազրույցի վերջում «Օրանժ էլեֆանտի» մենեջեր Շողեր Վարդանյանը խնդրեց կնոջը փոխանցել իր հեռախոսահամարը, որպեսզի վերջինս մոտենա և ստանա իր մեկ օրվա աշխատած գումարը:

Միջադեպի հաջորդ օրը Ալիկան իր փորձառության մասին գրել է հետևյալ տողերը.

«Я как нормальная женщина, после холодной зимы, решила найти себе работу. Обратилась в бюро по трудоустройству. Обратила внимание на одну заявку. Работу представляла фирма'' Оранжевый Слоник'', требовался работник именно для роли слоненка. Т.к. в молодости когда то проходила актерское мастерство, решила сыграть эту роль. Зарплата была маленькая, часы работы мне подходили. С первого же дня я перешла к практике. Первый шок я перевила, когда мне сообщили, что я должна продавать не легальные конфеты в виде мультяшных головок за 200др. Не говорю уже о том, что костюм был не качественный, ноги все время вылезали из обуви слона, голова перекашивалась, поле зрения терялось – ладно, и с этим смирилась.

Выйдя в свет в образе слоненка, от детей получала положительную энергию, но потом все испортило старшее поколение, взрослые тети и особи мужского пола (если можно их так назвать). Стали орать "Слон, ты мальчик или девочка?" Дальше: "А слон вообще-то розовый"…

Но, это были еще цветочки, ягоды появились потом, когда на следующий день, уже считалась рабочим, вначале стали представать алкаши, другой дернул за ухо слона, третий ударил по спине, а к концу дня проделка последнего меня взбесила окончательно, не заметно со спины просунул руку под голову слона и дернул за волосы, кто это был я не поняла, плюнула на все, пошла л соплячке шефине, заявив что в такой обстановке работать не возможно оплатите мои рабочие часы, я ухожу, на что получила отказ.

Теперь обращаюсь к нелюдям мужского пола:

ЧЕМ ВАМ МЕШАЛ СЛОНЕНОК?

Люди, не теряйте окончательно человеческие качества!

ОРАНЖЕВЫЙ СЛОНИК»

Լուսանկարում՝ «Նարնջագույն փղիկը»` «Մարիա դիզայնի» դիմաց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter