HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Վարդենիսում. կռի՞վ ոսկու համար

«Հետքի» աղբյուրը Վարդենիսից հայտնում է, որ այսօր գիշերը պայթեցրել են Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի վարդենիսցի աշխատակից, երկրաբան Հակոբ Սիմոնյանի BMW 525 I մակնիշի ավտոմեքենան:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատեց լուրը և հայտնեց, որ Քննչական կոմիտեն ահազանգ ստացել է, որ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել է նշված մեքենան: Տուժողներ չկան:  Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի կողքը, սակայն  փորձաքննություններից հետո պարզ կդառնան դեպքի հանգամանքները:

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Սոնա Տռուզյանը նաև հայտնեց, որ քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, և հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին ձեռնարկել հետախուզական միջոցառումներ` կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս պայթյունը հաջորդել է երեկ Վարդենիսում կայացած «չղջիկների» հավաքին: Երեկ կարճ ժամանակով նրանք փորձ են արել փակել Վարդենիսի ճանապարհը՝ իրենց բողոքն այդպիսով արտահայտելու Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի դեմ, քանզի ընկերությունը վերջին շրջանում փակել է հանքահորեր տանող բոլոր մուտքերը, որտեղից «չղջիկները» ոսկի են գողանում:

Մեր հարցին, թե արդյոք իր մեքենայի պայթյունը կապ ունի երեկ Վարդենիսում կայացած «չղջիկների» հավաքի ու ակցիայի հետ, Հակոբ Սիմոնյանը պատասխանեց՝ այո:

«Ես ոչ հանցագործ եմ, ոչ էլ քրեական աշխարհի մարդ եմ, իմ քրտինքով ապրող գեոլոգ տղա եմ: Երևի մի հատ հիմար դեզինֆորմացիա է տվել, դրա հետևից էլ գնացել են: Վարդենիսում ինձնից շատ լավություն արած մարդ չկա, եթե կա, թող գա խոսենք: Էս ազգաբնակչության համար ամենալավ, բարի, լավ մարդը ես եմ եղել՝ մինչև երեկ: Քանի չեն բացահայտել, ոչ մեկի վրա չեմ կասկածում»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը այս իրադարձություններին ծանոթ չէր: Նրա ասելով, Վարդենիսում ճանապարհ չի փակվել, և այդ մասին նա առաջին անգամ մեզնից է լսում:

«Մենք տեղեկություն չունենք, չենք տիրապետում ինֆորմացիային: «Չղջիկները»  Գեոպրոմայնինգի տարածքում են, մենք ինչ գործ ունենք նրանց հետ: Իսկ «չղջիկներն» ապօրինի գործունեություն են անում: Չղջիկը, ես լսել եմ, որ գողություն են անում: Հիմա մենք գողությունը խրախուսո՞ւմ ենք մեր երկրում: Պետական ունեցվածք է, տեր կա, աշխատողներ կան, էնտեղ էլ հազար ու մի խնդիրներ, փորձանքներ են լինում: Ոչ ոստիկանությունն է ահազանգել, որևէ մեկը նման բան չի ասել: Կարող է մի քանի ապօրինի գործողություններ անողներ հավաքվել, բան են քննարկել, բայց ճանապարհ, համենայնդեպս, չի փակվել»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը:

Մարզպետին փոխարինող տեղակալը նաև տեղյակ չէր մեքենայի պայթյունից: Ասաց, որ սովորաբար արտակարգ իրավիճակների նախարարությունը մարզպետին կամ տեղակալին զեկուցում են, երբ նման դեպքեր են լինում: Սակայն այս անգամ չեն իրազեկել:

«Հետքի» նույն աղբյուրը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության  Վարդենիսի բաժին է մտել պատգամավոր Կարեն Բոթոյանը, ում անունը շրջանառվում է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի համար: 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Հայտնի չէ, թե նշված ընկերությունը ինչքան ոսկի է արդյունահանում , ինչ գնով է վաճառում և ով է իրական տերը։ Այնպես֊որ, « բարի» երկրաբան Հակոբ Սիմոնյանը թող բարի լինի տալու այս հարցերի պատասխանը։ Իսկ ավտոմեքենան փչացնելը ամենևին խրախուսելի չէ և հանրայնորեն վտանգավոր արարք է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter