HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Այվազյանի կինն ու Սուրիկ Խաչատրյանի եղբայրը պետությանը վնաս են պատճառել

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն ապրիլի 19-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կնոջ՝ Մարիամ Գինոսյանի, 399.168 դրամ գումար բռնագանձելու և պայմանագիրը լուծելու պահանջով:

Բանն այն է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Մարիամ Գինոսյանի միջև 2006թ. հոկտեմբերի 27-ին կնքվել է` պետական սեփականություն հանդիսացող 5500 քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով քաղաքացուն կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր, որը ստացել է նաև պետական գրանցում: Հողամասը գտնվել է Սևանի կենտրոնական հիվանդանոցից դեպի արևելք։

Պայմանագրով հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափ է սահմանվել 231.000 դրամ։ Մարիամ Գինոսյանը պարբերաբար չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունը:

Գործով դատական նիստ դեռ չի կայացել:

Դատախազությունը, առաջնորդվելով պետական շահով, գումարի բռնագանձման պահանջով մի քանի անգամ դիմել է դատարան` Մարիամ Գինոսյանի դեմ:

Օրինակ` 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Մարիամ Գինոսյանի ունեցած պայմանագրային պարտքը կազմել է 702,433 դրամ, որի մեջ ներառված է նաև հաշվարկված տույժը` 122,798 ՀՀ դրամի չափով։

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության նպատակով 2015թ. ուսումնասիրություն է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված խախտումներն ակնհայտ են եղել ՊՈԱԿ-ի ղեկավարության համար, սակայն անգործություն դրսևորելով` չեն ներկայացրել հայցադիմումներ։

Նկատի ունենալով, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայց հարուցելու միջնորդություն չի ներկայացրել, 702.433 դրամի բռնագանձման պահանջով 2015թ. նոյեմբերին Գեղարքունիքի մարզի դատախազությունն ինքն է հայց հարուցել՝ դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Մարիամ Գինոսյանը չի ներկայացել դատական նիստերին, չի ներկայացրել առարկություններ: Դատարանը 2016թ. ապրիլի 18-ին վճռել է Գեղարքունիքի մարզի դատախազության հայցն (գումարի բռնագանձման պահանջի մասին)` ընդդեմ Մարիամ Գինոսյանի, բավարարել:

Ընդ որում` նույնիսկ դատարանի որոշումից հետո Մարիամ Գինոսյանը չի կատարել իր պարտավորությունը, և դատախազությունը 2016թ. հոկտեմբերին ստիպված է եղել միջնորդությամբ դիմել դատարան՝ կատարողական թերթ վերցնելու և դրա հիման վրա հարկադիր կարգով գումարը բռնագանձելու համար:

Նշենք, որ առաջին անգամ չէ դատախազությունը քաղաքացիական հայցով դիմում Մարիամ Գինոսյանի դեմ: Նույն պահանջով հայցադիմում էր ներկայացվել դատարան նաև 2013թ.: Այս անգամ Մարիամ Գինոսյանի վարձակալած հողի չվճարած վարձավճարի պարտքը 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել էր 543.380 դրամ, որից 454.121 դրամը պայմանագրով նախատեսված կառուցապատման իրավունքի տրամադրման վճարն է, իսկ 89.259 դրամը` հաշվարկված տույժը: Դատարանը 2013թ. դատախազության հայցն ամբողջությամբ բավարարել է: Այս դեպքում ՊՈԱԿ-ը ևս հայց ներկայացնելու շահագրգռվածություն չի ցուցաբերել:

2016թ. ընթացքում դատախազության մարմինները դատարաններ են ներկայացրել 50 հայցադիմում՝ 4 միլիարդ 730 միլիոն 921 հազար դրամի բռնագանձման պահանջով: 50 հայցադիմումից 14-ը բաժին է ընկել դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը՝ մոտ 66 միլիոն դրամ հայցապահանջով:

Այս պահի դրությամբ, ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների, 21 հայցադիմում էլ դատախազությունը ներկայացրել է 2017թ.:

Վերը նշվածն առաջին դեպքը չէ, երբ պաշտոնյայի մերձավորները չեն վճարել կամ պատշաճ չեն կատարել պետության առջև ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, մամուլի բազմաթիվ հրապարակումներն այն մասին, որ պաշտոնյաները չեն վճարում հարկերը, խուսափում են իրենց պարտավորությունները կատարելուց, թաքցնում են եկամուտները և այլն, մնում են անհետևանք: Փոխարենը պաշտոնյաների կամ նրանց մերձավորների դեմ ներկայացված փոքր գումարային պահանջները պարզապես վիճակագրության համար են, թե իբր «բոլորը հավասար են օրենքի առջև», և դատարաններ են դիմում նաև պաշտոնյաների դեմ:

Միայն այն փաստը, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը պաշտոնյայի կնոջ դեմ ժամանակին չի դիմել դատարան, արդեն իսկ վկայում է անհավասարության մասին: Նույն կերպ կվարվեի՞ն, եթե պարտապան կողմը շարքային քաղաքացի լիներ…

2014թ. նոյեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի ձեռնարկատիրություն) հարուցված քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել էր, որ Գորիս քաղաքի բնակիչ Սեյրան Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Գորիս քաղաքում ապօրինի իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ հանրային սննդի կազմակերպում:

Այնուամենայնիվ, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հետևանքով պետությանը զգալի չափերի հասնող՝ 188.740 դրամի վնաս պատճառելու համար 2014թ. դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել Սեյրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ Սեյրան Խաչատրյանը չի վճարել պետությանը պատճառված վնասը, Սյունիքի մարզի դատախազությունը, 2015թ. դիմելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել  է  Սեյրան Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 188.740 ՀՀ դրամ: 

2016թ. մարտին դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է: Այս դեպքում ևս դատախազությունը ստիպված է եղել հարկադիր կարգով վերադարձնել պետությանը պատճառված վնասը: Սակայն պարզ չէ` նախկին պատգամավորի կնոջից և նախկին մարզպետի եղբորից բռնագանձվե՞լ է պետությանը պատճառված վնասը, թե` ոչ:

Դատախազությունը, երբեմն ընթացակարգը չպահելով է հայցադիմումներ ներկայացնում դատարաններ, և դա հայցերը վերադարձնելու հիմք է հանդիսանում: Օրինակ` այս տարվա մայիսի 17-ին գլխավոր դատախազությունը քաղաքացու դեմ պետությանը պատճառված մոտ 15 միլիոն դրամի վնասը բռնագանձելու պահանջով դիմել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այն դեպքում, երբ այդ քաղաքացին հաշվառված է եղել Ղրիմում: Ավելին, հայցադիմումում բերված փաստարկների համաձայն՝ նա օտաերկրյա քաղաքացի է և Հայաստանում բնակության վայր չունի: ՀՀ դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի տարածքում:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter