HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորի պատճառով ճնշումների են ենթարկում բագրատաշենցի առեւտրականներին

«Վերջին մեկ ամսում Բագրատաշենի մաքսակետում սարսափ էր տիրում: Էդ ադրբեջանական խնձորը վերևների մարդիկ են տեղափոխել Հայաստան: Մեր թոշակառու, աղքատ գյուղացիները ոնց կարող էին կանաչ, թանկ խնձոր առնել: Բագրատաշենում, Պտղավանում և մյուս գյուղերում սուպերմարկետներ չկան, որ էդ թանկ խնձորը վաճառվի: Բայց Բագրատաշենի մաքսակետում էդ խնձորի գործով հասարակ ժողովրդի նկատմամբ սկսվեցին ճնշումները»,- ասաց առևտրական Կարինե Աբրահամյանը: Կարինեն արդեն 15 տարի է զբաղվում է առևտրով:

«Մեր գյուղերում աշխատատեղ չկա, մենք առևտրով ենք գոյատևում: Պտուղ, բանջարեղեն ենք  վաճառում»,- ասաց նա: Ապրանքը Կարինեն իր համագյուղացի առևտրականներ Անահիտ Շիրինյանի, Էմմա Պողոսյանի, Լամարա Բաղդասարյանի հետ 10 օրը մեկ  հայ-վրացական մաքսակետով Վրաստանից բերում և վաճառում է Բագրատաշենի հրապարակի խանութի մոտ:

«Էսքան տարի Բագրատաշենի մաքսակետում էսպիսի բան չէր եղել, որ միանգամից կարանտին հայտարարվի:  Մաքսակետում 5  տամոժնիկների ձերբակալելուց հետո կարանտին հայտարարեցին: Ասացին` չի կարելի Վրաստանից ապրանք տեղափոխել: Բոլոր առևտրականներս շոկի մեջ էինք: Մեր՝ Տավուշի գյուղերի ժողովուրդը Վրաստանով են ապրում: Մենք չենք կարող 1կգ վարունգ, պոմիդորի համար էստեղ քթներիս տակը թողած` 20 հազար դրամ տանք, տաքսի վարձենք, հասնենք Երևան: Գնում ենք մեկ ժամվա մեջ Վրաստանի մոտիկ Սադախլոյից 100-200 լարիին համարժեք բանջարեղեն, միրգ ենք բերում, մի մասը տան համար, մի մասն էլ վաճառում ենք՝ մեր գոյությունը պահելու համար: Լինում էին նաև մարդիկ, ովքեր չարաշահում էին տամոժնիկների համբերությունը, բայց տամոժնիկները նկատում էին, որ մենք գոյության խնդիր ենք լուծում»,-բացատրեց Կարինեն:

Վերջինիս խոսքով` Վրաստանի մաքսակետում հայ առևտրականներին վրացի մաքսավորները շատ  քաղաքավարի են վերաբերվում: Բագրատաշենի մաքսակետում առևտրականների նկատմամբ  վերաբերմունքը փոխվել է վերջին մեկ ամսում: «Չգիտենք` տամոժնիկները ինչ հրաման էին ստացել, ապրանքը մեր ձեռքից խլում  և թույլ չէին տալիս  դուրս բերել անցակետից: Դա վերևից էին հանձնարարել: Ժողովրդին տանում էին մաքսատան անկարը, մեքենաներից իջեցնում և ամբողջ ապրանքը թափում էին անկարում: Անգամ մեկ մեշոկ ցեմենտը, Վրաստանի արտադրության  2կգ. լիմոնը խլում էին մարդկանց ձեռքից: Ռուսաստանից, Վրաստանից Հայաստան եկող գազելների ողևորներին էին իջեցնում մեքենայից՝ տան համար նրանց գնած վարունգն ու մրգերն էին խլում: Վիճակը մեկ ամսվա ընթացքում չէր փոխվում: Մեր աչքի առաջ  ադրբեջանական կանաչ  խնձորն  օլիգարխների տղաներն էին տանում: Գալիս են իրենց ֆորդերն ու ջիպերը բարձած, տամոժնիկներն էլ դրանց ուրախ դիմավորում և ճանապարհում են:  Մաքսատանը բացում և օդափոխում էին  իրենց ավտոմեքենաները: Նրանից ինչ խլել, ինչ թափել: Ապրանքը խեղճ, հասարակ ժողովրդից էին խլում»,- պատմեց  Կարինեն:  Գյուղացիները և առևտրականները մի քիչ համբերել են` սպասելով, որ իրավիճակը մաքսակետում կկարգավորվի: Սակայն վիճակն օրեցօր վատացել է:

«Արդեն մեկ ամսից ավելի է` մի օր թողնում են անցակետով ապրանք բերենք, մի օր չեն թողնում: Մենք մայիսի 7-ին ցույցի դուրս եկանք Բագրատաշենի մեր ժողովրդին աջակցելու համար, մարդկանց 5 կգ վեշն անգամ շպրտում էին»,- պատմեց առևտրական Անահիտ Շիրինյանը: «Այդ օրը ինձ 7 ժամ պահեցին մաքսակետում: Չէին թողնում ապրանքս դուրս բերեմ մաքսակետից: Առավոտյան ժամը 11-ից մինչև իրիկունը 7-ը պահեցին ինձ: Ասում էին` իրավունք չունես ապրանքդ դուրս բերես: Ապրանքիս խաթեր մնացել եմ: Փող էի տվել, առել, այ բալա ջան: Փողս ինչու պետք է իրենց մոտ թողնեի: Երկու կգ խնձորն էլ բռնում, շպրտում էին: Մենք նույնպես ճիշտ ենք համարում ադրբեջանական և թուրքական ապրանքներից խուսափել: Այդ օրը մի 30 հազար դրամի ապրանք եմ բերել՝ 10 կգ սոխ, 20 կգ  վրացական վարունգ: Ես ինքս էլ կյանքում ադրբեջանական ապրանք չեմ բերի, ես իմ ժողովրդի թշնամին չեմ, թքած էտենց փողի վրա»,- ասաց Էմմա Պողոսյանը:

Էմմայի  երկու տղաները Ռուսաստանի Դաշնությունում են: Նա մենակ է ապրում Բագրատաշենում:  Տղաները չեն կարողանում օգնել իրենց մորը: «Մինչև հիմա նեղսրտած եմ: Էդքան ժամանակ սոված, ծարավ էի: Ասացի` ես ուզում եմ տուն գնամ, թողեք, խնդրում եմ:  Ասում էին` կթողնենք, համբերի»,- պատմեց վիրավորված Էմման: «Հիմա Բագրատաշենի մաքսակետի հաշվին մենակ օլիգարխներն են ապրում»,-դժգոհեց  Անահիտ Շիրինյանը:

Լամարա  Բաղդասարյանը խոստովանեց, որ մի երկու հարյուր կգ ապրանք է բերում Վրաստանից. «Ապրել ենք ուզում, ասեք, ինչ անենք: Ես ու աղջիկս ենք իմ ընտանիքը: Աշխատող չունենք մեր տանը: Ինչ մաքսակետը բացվել է, ես առևտուր եմ անում, 100-200 լարիի ապրանք եմ բերում: Եվ դրա համար մեզ նեղացնում են: Մեր բերածը վրացական «Կեխուրի» խնձորն է: Իմ ձեռքից չեն կարողանում ապրանքս խլեն, բայց  ժողովրդի ձեռքից խլում են: Սոված կկոտորվենք, աշխատածս փողով օրվա հացն ու ուտելիքն եմ առնում: Աշխատանք չունեմ, ամուսինս էլ մահացել է»:

«Մենք  մայիսի 7-ին բողոքի ցույց արեցինք, տամոժնիկների հետ վեճի մեջ մտանք, մի կերպ մեր ապրանքը տեղափոխեցինք: Էդ մեծ մեքենաներով ապրանք տեղափոխողները լրիվ իրենց մարդիկ են: Նրանք անթույլատրելի մեծ քանակությամբ ապրանքը Վրաստանից տեղափոխում են Հայաստան: Նրանց տամոժնիկները Բագրատաշենի մաքսակետում պաչ-պռոշտով են դիմավորում»,-պատմեց Կարինե Աբրահամյանը: Առևտրականների ասելով` այս պահին մաքսակետում խստացված ստուգումները շարունակվում են, սակայն մաքսավորները  բնակչության ապրանքը չեն խլում:

Այսօր Բագրատաշենի մի խումբ տղամարդիկ պարապությունից գյուղի ավտոբուսի կանգառի տաղավարում «Բլոտ» էին խաղում: «Տղամարդիկ ինչի գնան մաքսակետ, քանի անգամ ենք տեսել մաքսակետում մեր տղամարդկանց ծեծելիս: Էլի կանայք մի կերպ ապրանքը մաքսակետով բերում են»,-բացատրեց Կարինեն:

Ժամը 11-ի սահմաններում հայ-վրացական սահմանը հատելուց հետո հայտնվեցի վրացական անցակետից  հազիվ 100 մետր հեռու գտնվող Սադախլոյի ադրբեջանցիների փոքրիկ շուկայում: Ժամը 12-ի սահմաններում ադրբեջանցիները միայնակ էին իրենց  ապրանքի հետ: «Հայ առևտրականները Ձեզանից առևտուր անում են»,- հարցրի: «Հա, ոնց չեն անում, ինչի հարցնում ես, ինչ կա: Էսա կգան, դեռ ժամանակը չի»,-  անհանգստացած պատասխանեց ադրբեջանցի առևտրականը: Որքան էլ սպասեցինք, հայ առևտրականներ չերևացին: Բագրատաշենի մաքսակետն այսօր մարդաշատ չէր:  Մեծ բեռնատարները երկկողմանի անարգել անցնում էին մաքսակետով: Մաքսակետի մոտ ուղևորների սպասող տաքսիստներից ու բագրատաշենցիներից տեղեկացանք, որ երեկ՝ մայիսի 23-ին, Բագրատաշենի մաքսային կետի պետ Սողոմ Մելիքսեթյանը և  անվտանգության պետ Արևշատ Սաֆարյանը ազատվել են զբաղեցրած  պաշտոններից:

Մեկնաբանություններ (1)

Գագո
Գյուղացի մարդիկ եք հող մշակեք դուք էտ վարունգն ու լոլիկը աճացրեք ու տարեք Վրաստանում վաճառեք։ Էտ ոնց լինում, որ վրացիք ու ադրբեջանցիք կարողանում են դուք չէ՞ Եթե 15-20տարի մաքսանենգությամբ եք զբաղվե, էտ չի նշանակում թե միշտել դրանով պիտի ապրեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter