HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովետական սոցիալիզմը և հայրենադարձների ինտեգրվելու դժվարությունները

Աղասի Թադևոսյան

մշակութային մարդաբան

1970-ականներին Հայաստանում ապրած սերունդը լավ է հիշում հայրենադարձներին, որոնց առօրյայում անվանում էին «ախպարներ»: Ախպարները թաղամասի ընդհանուր միապաղաղությունը խախտող մարդիկ էին՝ իրենց հագուկապով, խոսքով, զբաղմունքով ու կենցաղով: Շատերը կհիշեն նաև, որ 1970-ականների կեսերից նրանց թիվն աստիճանաբար նվազեց:

Այն թաղամասը, որտեղ ապրում եմ, հայրենադարձներով բնակեցվածներից է եղել: Թաղամասի հնաբնակներից մեկի հետ զրույցից պարզվեց, որ նրա անմիջական շրջապատում ապրող, 1946-ից հետո հայրենադարձված 11 ընտանիքներից 8-ը 1970-1980-ականներին հեռացել են Խորհրդային Հայաստանից՝ հիմնականում Ֆրանսիա և ԱՄՆ: Մարդիկ Հայաստան էին եկել մեծ ոգևորությամբ, Հայրենիք գտնելու հույսով, բայց շատերը հիասթափված ու ցավով հեռացան։

Հայրենադարձների հետ անցկացված հարցազրույցներից շատերի համաձայն` Խորհրդային Միություն մուտք գործելու առաջին իսկ պահին նրանց մոտ արդեն սկսվել էր կասկածն ու մտավախությունը: Մարդիկ հասկացել էին, որ հայտնվել են բացարձակապես այլ՝ հայրենիքի մասին իրենց պատկերացումներին չհամապատասխանող միջավայրում:

Քարոզչություն՝ լավ կյանքի խոստումներով, Բեյրութ, 1946

Գլխավոր խնդիրը Հայաստանում տիրապետող խորհրդային համակարգն էր։ Խոսքը վերաբերում է ոչ միայն պաշտոնական, այլև՝ ոչ պաշտոնական պրակտիկաներին: Բոլոր ներգաղթողներն էլ կապիտալիստական երկրներից էին և պատկերացում անգամ չունեին՝ ինչ է խորհրդային սոցիալիզմը։ Արգելքների, պատժամիջոցների, պաշտոնյաների կամայականությունների, անազատության ու սարսափների հսկայական մեքենան անծանոթ էր նրանց։ Անտեղյակությունն այն երկրի մասին, ուր նրանք գնում էին ապրելու, կարելի է համարել հայրենադարձության ամենաբնութագրական գծերից մեկը, նաև՝ դրա ձախողման գլխավոր պատճառը:

Հայրենադարձների դիմավորումը Երեւանի կայարանում, 1946

Հայրենիք ոտք դնելուց ամիսներ անց նրանցից շատերն արդեն փախուստի ճանապարհ էին փնտրում։ Առաջին օրերի շոկն էլ հավանաբար դարձավ այն պատճառը, որ նորեկողներից շատերը, Հայաստանում տասնամյակներ ապրելով, այդպես էլ չկարողացան ինտեգրվել խորհրդահայ իրականությանը: Նրանք մնացին մեկուսի, իրենց տան պատերի ներսում՝ հայրենադարձ բարեկամների ու հարազատների շրջապատից բացի չունենալով հարմարավետության գոտիներ:

Ներգաղթողների ընտանիք, առաջին լուսանկարը Երեւանում

Այդ (խորհրդային) իրականությունը նրանք այդպես էլ չկարողացան իրենց համար բնութագրել որպես իրական: Նրանց իրական աշխարհը մնացել էր ԽՍՀՄ սահմաններից անդին, այն երկրներում, որտեղից եկել էին կամ այն երկրներում, որոնց մասին նրանց պատմում էին հարազատները:

Այս առումով, հայրենադարձներին կարելի է նմանեցնել «Թռիչք կկվի բնի» վրայով հանրահայտ ֆիլմի հերոսներից Հնդկացուն, ով չէր ընդունում հոգեբուժարանի իրականությունը եւ չէր փորձում պայքարել այն փոխելու համար։ Դրա շնորհիվ նա  կարողացավ պահպանել մտքի սթափությունը և, ի վերջո, հաջողեց փախչել հոգեբուժարանից: Ֆիլմի մյուս հերոսը, ում դերը խաղում էր հանրահայտ դերասան Ջեք Նիքըլսոնը, կորցրեց իրականության զգացողությունը և, հոգեբուժարանի ներքին դրվածքն ընդունելով իրական, սկսեց պայքարել այն փոխելու համար՝ ի վերջո դառնալով այդ հաստատության անհույս բնակիչներից մեկը: 

Կարի արհեստանոց Երեւանում, 1950-ականներ

Հայրենադարձների մեջ շատ էին արհեստավորներները: Կային նաև միջին և միջինից խոշոր ձեռնարկատերեր: Նրանք կարծում էին, թե վերադառնալով հայրենիք՝ կշարունակեն իրենց արհեստն ու գործը։ Այդպես էին մտածում, որովհետև ԽՍՀՄ-ից արևմտյան երկրների և Մերձավոր արևելքի հայաշատ գաղթօջախներ գործուղված քարոզիչ-պրոպագանդիստները նրանց ոչինչ չէին ասել Խորհրդային Հայաստանում սպասվող դժվարությունների մասին։

Սոցիալական խնդիրներ և ընկալման բարդություններ

Հայրենադարձների հետ անցկացված որակական հարցազրույցների տվյալներից հասկանալի է դառնում, որ առաջին իսկ օրերից նրանց գլխավոր խնդիրը եղել է նոր միջավայրն ընկալելու, դրան հարմարվելու բարդություններով պայմանավորված շոկը: Մարդիկ չէին հասկանում՝ ուր են ընկել և որոնք պետք է լինեն իրենց գործողությունները նոր վայրում:

ՊԵՊՈ ԻՇԼԵՄԵՋՅԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին / Ապրում է Փարիզում

«Ստեղ ցեխի վարիչ ա եղել հայրս. պայուսակ կարելու ցեխի վարիչ եղավ։ Ազնիվ էր աշխատում: Մի անգամ գործի տեղը եկել էին, ասել էին՝ տենց մի՛ արա, դու մի մետր կտրի, էն մյուսը տուր մեզ, քու փայը կտանք։ Ասել էր՝ չե՛մ ըներ, դուրս եկավ էդ գործից»։

Հենց առաջին իսկ պահից կար օթևան և օրվա հաց ունենալու խնդիրը։ Հայրենադարձության կազմակերպիչ-քարոզիչներից նրանք լսել էին, որ Հայաստան հասնելուն պես ապահովվելու են բնակարանով և աշխատանքով, սակայն հայտնվել էին կյանքի ու կենցաղի ամենատարրական կարիքները բավարարելու խնդրի առջև: Դրան զուգահեռ, աստիճանաբար պարզ էր դառնում համակարգի բնույթը՝ բիրտ, բռի, մարդու արժանապատվության ու ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբեր, լի բազմաթիվ արգելքներով, բռնությամբ ու վախով:  

Տնտեսական գործունեության դժվարությունները

Տնտեսական գործունեություն ծավալելու, սեփական աշխատանքով ինչ-որ բան ստեղծելու, դրամ վաստակելու խորհրդային պետության արգելքը եղել է հայրենադարձների ինտեգրվելու ամենամեծ խոչընդոտը: Ներգաղթողների մեջ, ինչպես արդեն ասվեց, բավական մեծ էր արհեստավորների թիվը՝ դերձակներ, կոշկակարներ, ոսկերիչներ, կահույքագործներ և այլն: Սկզբում նրանք ակնկալում էին, որ իրենց կաջակցեն հայրենիքում ստեղծել սեփական գործ, որի միջոցով կպահեն իրենց ընտանիքները՝ միաժամանակ նպաստելով հայրենիքի տնտեսության զարգացմանը:

ԼՈՒՍԻԿ ՂՈՒՐՋՅԱՆ

Ներգաղթել է Սիրիայից, 1947-ին / Ապրում է Երեւանում

Հայրենադարձները շատ մեծ հարստություն բերեցին Հայաստան: Ոմանք՝ կոշիկի գործարաններ, ոմանք տպարաններ բերեցին իրենց հետ: Օրինակ, կոշիկի «Հայրենիք» արտել կար, դա բուլղարահայ հայրենադարձ Գաբրիելյան եղբայրները հիմնեցին, «Դոբել» մեքենաներ էին բերել: 1953-54 թվերին ես այնտեղ աշխատել եմ: Հետո այդ ամենը բռնագրավեցին, և նրանք սովորական բանվոր դարձան:

Կային նաև միջին ու խոշոր ձեռներեցներ, ովքեր տեղեկացված չլինելով և պատկերացում անգամ չունենալով, որ Խորհրդային Հայաստանում մասնավոր ձեռներեցությամբ զբաղվելն արգելված է, մեծ ծախսեր անելով, լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ հաղթահարելով, Հայաստան էին տեղափոխել ամբողջական արտադրամասեր, թանկարժեք սարքավորումներ և հաստոցներ: Սակայն, հենց Բաթումի նավահանգստում նրանք հասկացել էին, որ ոչ միայն զրկվում են արտադրական այդ միջոցները տնօրինելու իրավունքից, այլև՝ խորհրդային օրենքները խախտելու և կապիտալիստական տնտեսակարգի նորմերին տուրք տալու մեղադրանքով կարող են բանտարկվել կամ աքսորվել: Մարդիկ չէին հասկանում, թե ինչ տրամաբանությամբ իրենց խրախուսելու և աջակցելու փոխարեն, պետությունը մեղադրանքներ է ներկայացնում՝ որպես խորհրդային համակարգի թշնամիների, և սպառնում բանտարկությամբ:

Սովետական ռեժիմի չգրված օրենքները և նոմենկլատուրայի հետ հարաբերվելու անվարժությունը

«Ֆինբաժնի մարդը»՝ խորհրդային միստիկական այդ պաշտոնյան, ով վերահսկում էր տնայնագործությամբ ու մանր ձեռներցությամբ զբաղվողների գործունեությունը, հանդիպում է գրեթե բոլոր հարցազրույցներում։ Տանն արհեստով զբաղվողներն  աշխատելիս ընտանիքի անդամներից մեկին դրսում պահակ էին կանգնեցնում: «Ֆինբաժնի մարդու» երևալուն պես, լուրը արագ հասնում էր տուն և նրանք հասցնում էին թաքցնել աշխատանքի հետքերը: Հերթական ստուգումը հաջողությամբ հաղթահարելուց հետո աշխատանքը շարունակվում էր: Լինում էին նաև բռնվելու դեպքեր, սակայն, դա էլ շատ սարսափելի չէր, քանի որ նորեկողները յուրացրել էին խորհրդային չինովնիկների հետ հարաբերվելու «հմտությունը». փարան տալիս էին, և ստուգողների այցելությունները որոշ ժամանակով դադարում էին: Հայրենադարձներն այսպես վարժվում էին նոր կյանքի պայմաններին, բայց ոչ մի կերպ չէին հասկանում ձեռներեցության՝ որպես հանցագործության, դատապարտելիությունը։

ԱՆԻ ԱՄՍԵՅԱՆ

Ներգաղթել է 1947-ին Եգիպտոսից / Ապրում է Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ)

«Ինքը լավ ձեռքի գործ ուներ, սկսեց, տունը ինչ կար-չկար՝ կտրել, ձևել, կարել: Հետո սկսեց ձեռագործով զբաղվել, բլուզներ գործել: Եվ գործը այնքան լավացավ մամայիս, որ պատվերներ սկսեց ընդունել: Իհարկե, գաղտնի՝ վախենալով, որ նալոգչիները՝ հարկայինից մարդիկ, չգան, չբռնեն իրեն: Անընդհատ էդ վախի մեջ ենք ապրե»լ:

Չի կարելի ասել, թե տեղացիներն ավելի լավ վիճակում էին, բայց ծնված ու մեծացած լինելով սովետական հասարակարգում, նրանք դա ընդունում էին որպես նորմա, իսկ հայրենադարձները բողոքում էին ու թեև չէին արտահայտվում հրապարակայնորեն, բայց բողոքն իրենց ներսում միշտ մնում էր։  

Կարելի է ասել, որ տնտեսական գործունեություն ծավալելու անհնարինությունը հայրենադարձների ինտեգրումը խոչընդոտող գլխավոր պատճառներից էր: Ներկայումս, սիրիահայերի ներգաղթը Հայաստան և նոր միջավայրում նրանց համեմատաբար ավելի հեշտ ինտեգրվելն առաջին հերթին պայմանավորված է հենց մասնավոր ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությամբ: Տեղացիներից շատերը նախընտրում են օգտվել սիրիահայերի ճաշարաններից, ավտոնորոգման արհեստանոցներից, խանութներից՝ նրանց համարելով ավելի բարեխիղճ ու ազնիվ: Այսինքն, մասնավոր ձեռներեցությունը դարձել է այն ոլորտը, որտեղ հնարավոր է տեղացիների ու նորեկների (սիրահայերի) փոխադարձ ճանաչողությունը:

ԽՍՀՄ-ում նման հնարավորության բացառումը զգալիորեն անհնարին դարձրեց ներգաղթողների ինտեգրումը՝ որոշ դեպքերում Խորհրդային Հայաստանում մնալը դարձնելով անհեռանկար:


Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանություններ (1)

Western Armenian
All true. However, why is there no mention of the lack of acceptance of Western Armenian language, customs, behavior, etc. by Eastern Armenians? That was an extremely important part of the repatriates' sense of isolation. Let's face it. Hayastan's rejection of most things that are Western Armenian continues to this day, greatly assisting in the destruction of Western Armenian culture. It remains a tremendous barrier to repatriation. Hayastantsis should be reminded that their beloved statues of Gomidas, Sasuntsi Tavit, Antranig, etc. are of a bunch of akhpars.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter