HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը հանձնարարեց խստացնել սնանկության գործընթացը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին գործադիրի անդամներին հանձնարարականներ տվեց։ Դրանցից մեկը սնանկության վարույթների վերաբերյալ էր։

Վարչապետը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով սնանակության ավելի քան 2100 վարույթ է ձևավորվել, չնայած որոշ տնտեսվարողների դեպքում հնարավոր է կիրառել սնանկության վարույթին փոխարինող այլընտրանքային միջոց:

«Ավելին, սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը` երկար։ Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե´ վարչարության կազմակերպման, թե´ օրենսդրության, թե´ սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով»,- նշեց վարչապետը։

Կարապետյանի գնահատմամբ՝ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելանքի կիրառումը կատարվել է հայեցողաբար և ոչ համակարգված։

Հաշվի առնելով այս փաստերը՝ վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունները արտադատարանական կարգով բռնագանձելու, ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություններ։ Նաև հանձնարարեց ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի հստակ գործիքակազմը։

Բացի այդ, մեկամսյա ժամկետում գործադիր պետք է ներկայացվեն առաջարկություններ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցը հայեցողական կարգով տրամադրելու լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանին էլ Կարապետյանը հանձնարարեց ուսումնասիրել և կառավարություն ներկայացնել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter