HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուգարքում ցնցված են գիշերը գրանցված սպանության դեպքից

Գայանե Սարգսյան

Այս գիշեր Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած սպանության մասին լուրը գյուղացիներից շատերն իմացել են վաղ առավոտյան: Դեպքից ցնցված գյուղացիները չեն հավատում կատարվածին:

«Առավոտն իմացանք, որ ասին Տիգոյին կնիկը սպանել ա, էլ ոչ մի բան: Տիգոն շատ լավ երեխա էր, հորից հետո, ախպորից հետո, մենք իրանից վատ բան լսած չենք»,- ասում է սպանված Տիգրան Մարտիրոսյանի առանձնատան հարևանությամբ ապրող Կիմա Պողոսյանը:

Վերջինիս խոսքով` հարևանների հետ նախկինում շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, սակայն վերջին շրջանում հազվադեպ առնչվել են միայն Տիգրանի հետ:

«Մենք նրանց հետ շատ լավ ենք եղել, իրանք էլ մեզ հմար են շատ լավ եղել, բայց ինչ որ հորն ու տղին սպանեցին, մենք էլ կապ չենք ունեցել իրանց հետ: Ես նույնիսկ էդ հարսին տեսած չեմ»,- նշում է տիկին Կիման:

Տիգրանի քեռու ընտանիքը բնակվում է Մարտիրոսյանների տան ետնամասում: Քեռու կինը՝ Լարիսա Հարությունյանը ասում է, որ գիշերը կրակոցի ձայն է լսել, սակայն չի պատկերացրել, թե որտեղից է ձայնը: Տիկին Կիման Տիգրանին վերջին անգամ տեսել է երեկ երեկոյան:

«Հենց դեպքի իրիկունը ժամը տասն անց կես էր, ես խանութ էի գնում, ինքն էլ գյուղամիջում էր, ասեց՝ Լարիս, գա՞մ տանեմ խանութ: Ասի՝ ցավդ տանեմ, էս երկու լոք տեղը՞: Կատակ էր անում էլի»,- պատմում է կինը:

Տիկին Լարիսան ասում է, որ Տիգրանը հանգիստ զրուցելիս է եղել գյուղի տղաների հետ: Ու նաև դա է պատճառը, որ երբ գիշերը կրակոցի ձայն է լսել, ոչ մի կերպ չի մտածել, որ դա կարող էր իր հարազատի տնից լինել:

«Հետո եկել եմ տուն, 10 տարեկան թոռիս հետ պառկել եմ ժամը 12-ին: Պառկել եմ, բայց կրակոց լսել եմ: Ասի՝ էս որտեղան ա, բայց որ երեխեն կիսաքնել էր, ես չկարողացա վեր կենամ տենամ: Ու մտքովս չանցավ, որ իրանց մոտից կլինի, որովհետև ես լարվածություն չէի տեսել իրա մեջ: Ընդամենը մեկ-երկու ժամվա տարբերություն էր իմ տեսնելուց հետո»,- նշում է նա:

Գրանցված սպանության մասին տիկին Կիման իմացել է մի քանի ժամ անց, երբ Վանաձորից հարազատները եկել են գյուղ: Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վարկածին հարազատները չեն հավատում:

«Ես վատ բան չեմ տեսել այդ ընտանիքից: Կինն էությամբ նա չէր, որ ես հավատամ, որ նման արարք կաներ: Շատ համեստ էր, իրա ամեն ինչը տեղն էր՝ խելքը, վարվելաձևը: Ես զարմացած եմ: Ինչ կատարվեց, ոնց եղավ` չեմ հասկանում»,- ասում է Կ. Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` Տիգրանը վեց տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Գուգարք:

Տիգրան Մարտիրոսյանն ունի երկու անչափահաս երեխա՝ 9-ամյա որդի և 2-ամյա դուստր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter