HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական աճը անշարժ գույքի շուկա չի հասնում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում նույնքան «ոգևորիչ» իրավիճակ չէ, որքան, ասենք, արդյունաբերության ոլորտում, որի ծավալների աճը վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել է մի քանի անգամ շեշտել։ Տարվա առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6%-ով։ Մինչդեռ լրիվ հակառակ միտումներն են անշարժ գույքի շուկայում. գործարքները գնալով պակասում են։

Սա առաջին անգամը չէ, որ հանրապետությունում տնտեսական ակտիվության աճին զուգահեռ անշարժ գույքի շուկայում պասիվություն է արձանագրվում։ Սակայն պետք է հակառակը լիներ՝ երկրում տնտեսական զարգացումները պետք է հանգեցնեին նաև անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը, քանի որ վերջինը զգայուն է տնտեսական վիճակի նկատմամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրում տնտեսական ակտիվության աճը գրանցվել է սահմանափակ ոլորտների հաշվին, և այն չի տարածվել մյուս ոլորտների վրա։

Իսկ հիմա անշարժ գույքի շուկայի մասին՝ թվերով։ Այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 35 946 գործարք, որոնց քանակը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ 6.3%-ով նվազել է: Տվյալները ստանում ենք  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ու Ազգային վիճակագրական ծառայությունից։

Առուվաճառքի գործարքները պակասել են

Օտարման գործարք ասելով՝ պետք է հասկանալ մեծամասամբ առուվաճառքը։ Հենց այս ցուցանիշն է, որ պետք է աճած լիներ, եթե երկրում իսկապես որակական տնտեսական փոփոխություններ գրանցված լինեին թե այս տարվա առաջին ամիսներին, թե նախորդ տարի։ Հիմա տեսնենք՝ ինչ ունենք։ Օտարման գործարքների ընդհանուր քանակն այս տարվա հունվար-ամրտին կազմել է 9 562, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 888-ով կամ 8.5%-ով։ Իսկ մասնավորապես առուվաճառքի գործարքները կազմել են 6 679, ինչը նվազել է 744-ով կամ 10%-ով։ Ընդ որում, առաջին եռամսյակների կտրվածքով այս տարի առուվաճառքի գործարքների քանակն ամենափոքրն է։ 2014 թվականից սկսած` անկում է գրանցվում։

Ինֆոգրաֆիկայի առաջին էջում միայն առուվաճառքի գործարքների քանակն է վերջին հինգ տարվա առաջին եռամսյակաների կտրվածքով։ Իսկ երկրորդ էջում այս տարվա հունվար-մարտին կատարված օտարման գործարնքների ընդհանուր քանակն է` ըստ առուվաճառքի, նվիրատվության և փոխանակման։

Անշարժ գույքի առուվաճառքի քանակը Հայաստանում by Seda Hergnyan

Առուվաճառքի գործարքների 40%-ից ավելին իրականացվել է Երևանում։ Մարզերից, գործարքների քանակով, առաջին եռյակում են Կոտայքը (ընդհանուրի 12%-ը), Արարատն (8.6) ու Արմավիրը (8.5%)։ Իսկ ամենապասիվը Վայոց Ձորն է (1.3%):

Վարձակալության, գրավադրման և այլնի մասին

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 35 946 գործարքների 5.5%-ը վարձակալություներն են, մոտ 13%-ը՝ գրավադրումը, իսկ 5 104-ը՝ առաջնային գրանցումը (առաջին պետական գրանցում

Ըստ Կադաստրի՝ վարձակալության գործարքների քանակը կազմել է 1 961, ինչը 2016-ի առաջին եռամսյակի համեմատ 8.3%-ով աճել է։

Իսկ գրավադրման գործարքները քանակը կազմել է 4 696, որն աճել է 23.6%-ով։ Ուշագրավ է, որ այս գործարքներում հիփոթեքային գրավադրումների ծավալը բավականին փոքր է, ընդամենը՝ 354 գործարք։ Այսինքն՝ գրավադրման գործարքների աճը բոլորովին էլ պայմանավորված չէ հիփոթեքային շուկայով։

Եվ, վերջապես, առաջնային գրանցումների քանակը կազմել է 5 090, աճը՝ 11.8%:

Այս երեք տեսակի գործարքների քանակի աճը, սակայն, չի կարող վկայել անշարժ գույքի շուկայի ակտիվացման մասին, երբ զուգահեռաբար օտարման գործարնքները պակասել են։ Բացի այդ, դրանց քանակը զիջում է օտարման գործանքների քանակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter