HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիդան, տունը, լիճն ու մենք…

- Լիդա, մենք ձեր գյուղում ենք, ո՞նց գտնենք ձեր տունը։

- Գյուղի ճանապարհով էկեք: Ես «սեռի» կոստյումով ճանապարհին կանգնած եմ:

Գյուղը Գեղարքունիքի մարզի Փամբակն է:

Դպրոցում մի անհաշվելի քանակությամբ շարադրություն, թելադրություն, փոխադրություն ենք գրել Սևանի ու Գեղամա լեռների մասին՝ կապուտաչյա, հայելանման, կոհակ-կոհակ, ալեվետ, Գեղամա գեղեցկուհի, չքնաղ, լազուր …

Բայց Սևանը հեղուկ մետաղի`սնդիկի էր նման` վտանգավոր, սառը: Սարերին, որ «լերկ» ես ասում, դառնում է սիրուն, իսկ եթե «մերկ» ես ասում, ասում ես իրականությունը: Չոր ու ցուրտ էր: Փամբակն էլ գեղատեսիլ չէր, ու Գեղամա լեռները ապահով չէին գրկել կանաչի մեջ թաղված պտղատու այգիները: Ամեն մեկն իր համար դժվարանում էր գոյություն ունենալ՝ լեռը, ծովը, գյուղն ու Լիդան (Լիդա Դաշյանը):

Փամբակը նախկին ադրբեջանաբնակ գյուղ է: Բնակիչները փոխանակել էին իրենց տները հարևան հանրապետության հայերի հետ ու տեղափոխվել: Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղից Փամբակ են տեղափոխվել Դաշյանները, որոնց խնդրանքով գնացել էինք լսելու իրենց բողոքը, հուզմունքը, լացը, բարկությունը, տեղ-տեղ՝ խրոխտ, տեղ-տեղ՝ հուզական, տեղ-տեղ՝ պաթետիկ ելույթը՝ չստացված բաների մասին: Իսկ չստացվածը, ինչպես միշտ, կյանքն է:

«Ես քեզ երկու զինվոր եմ տվել, պետություն ջան, դու իմ տան փլվող պատը սարքի»

1988 թ-ին Քյավառի օդանավակայանում, երեխայի ձեռքը բռնած, ուղղաթիռից իջնում է տասնիննամյա Լիդա Դաշյանը: Տեղավորելիս ասում են. «Եթե ծանոթ–բարեկամ ունես՝ գնա մոտը, եթե չունես՝ տեղավորենք ադրբեջանցիների տներում»:

Ծանոթ-բարեկամ ուներ, գնաց Չարենցավան, բայց հետո ծնողներն առան Փամբակի այս տունը: Առաջին օրը տանը միայն երկու մետաղական մահճակալ է եղել` ադրբեջանցիներից մնացած: Ծանր վիճակում է տունը, բայց մահճակալներին դարսած բարձրերը խիստ ճերմակ էին: Տասնիննամյա Լիդա Դաշյանը կայսրության փլուզման ու ազատագրական շարժման կողմնակից չէր ակնհայտորեն, ու մարդկայնորեն իրեն հասկանում եմ: Դաշքեսանը հարուստ բնություն ունի, հողը` բարեբեր: Եղբայրական Ադրբեջանի հետ ինտերնացիոնալիզմի սիրուն պաստառի տակ ապրել էր կանաչ աչքերով Լիդա Դաշյանը` իր ինժեներ ու կուսակցական դպրոց ավարտած հոր ու մանկապարտեզի դաստիարակ մոր ապահով ձեռքի տակ, սիրահարվել էր իր համադասարանցուն, մորն ու հորը չէր լսել, ամուսնացել էր: Հետո, երբ կայսրությունն իր արնոտ ոտները ծալել էր ու եղբայրության մասին կարգախոսը ծռվել էր, որ ժանգոտի, ու Սումգայիթի մասին բոթը հասել էր Զագլիկ, Դաշյան Լիդայի մորը՝ Ռայա Դաշյանին, զգուշացրել են, որ գիշերը չմնան Զագլիկում`վատ բաներ են սպասվում: Ու իրենք թողել են իրենց հարուստ գյուղը:

«Էտ օրը մըռած Գորբաչովի «Պրաժեխտըր պերեստրոյկին» էր մեր դասը»

Ես լավ չհասկացա` ինչ դաս էր, Ռայա Դաշյանն ասում է` Կիրովաբադի ինստիտուտում ինչ-որ դասընթացների էր եղել ու հենց այդ օրը «Պրոժեկտոր պերեստրոյկին» էր դասը, ու այն ուղեղի մեջ մնացել էր արդեն քսանինը տարի: Այդ նույն օրը գործընկերուհին ասել էր. «Գիշերը չմնա´ք, գնացե´ք. վատ բաներ են սպասվում: Ձեր հայերը վառել են Սումգայիթի ֆաբրիկան»: Ռայա Դաշյանն ասում է. «Զագլիկում ծնվել ու ապրել եմ էնպիսի հարստության մեջ, «որ չասած»: Հայրս Միչուրինի պես մի մարդ էր, մեր այգում խնձորի բոլոր տեսակները կային: Մեղվի փեթակներ ունեինք, մեծ տուն, ես չեմ իմացել դժվարությունն ինչ է, իսկ հիմա ես ոնց որ «Պարոն 420» ֆիլմի հերոսը լինեմ՝ կոշիկներս ճապոնական, գլխարկս՝ ռուսական, շալվարս՝ անգլիական,  հագիս բոլոր շորերը ուրիշներն են տվել, եղբայրս է օգնում»: Ռայա Դաշյանը յոթանասունն անց է:

Աղջիկն ընդհատում է մորը, որովհետև շատ է հուզված, խոսում է բարձր`պրկելով բոլոր լարերը, անհարթ է շնչում ու մորն ընդհատելով և լռեցնելով` նորից պատմում է իր պահանջը, իրեն թվում է` մայրը շեղում է խոսակցությունը, որ այդ հուշերն արդեն անիմաստ են…

Իսկ տիկին Ռայան ակնհայտորեն ուզում է հիշել Զագլիկը, Դաշքեսանը, ջահելությունը: Մեծ սիրով անցնում է սիրո թեմային: Ասում է. «Ես չեմ ընտրել ամուսնուս, ինձ ամուսնացրել են, բայց շատ լավ ենք ապրել. ի՞նչ սեր, սերն անցել է»: Ու այս պահին զրույցին խառնվում է Ռայա Դաշյանի ամուսինը, որ հիմնականում լուռ էր: Ասում է` սերը չի անցնում… Ալեքսանդր Դաշյանն էլ ութսունին մոտ է: Սերը չի անցել, բայց կարգին ապրելու հավատը արդեն անցել է, ու Ալեքսանդր Դաշյանը Հայաստանից միայն Վլադիմիր Մովսիսյանին է ջերմ հիշում: Երբ ընտանիքը տեղավորվել է Փամբակ գյուղում, գրագետ ու աշխատասեր Ալեքսանդր Դաշյանին գյուղսովետի նախագահ են նշանակել: Ասում է. «Վլ. Մովսիսյանը գալիս էր բոլորից`մեծից փոքր, հարցուփորձ էր անում, որ հասկանա` հո չեմ պատրաստել մարդկանց, որ իմ մասին լավն ասեն»: Բայց համեստ ու գործունյա մարդու նման է ինքը, Մովսիսյանի հետ բարեկամացել են, ու հիմա ութսունին մոտ Ալեքսանդր Դաշյանը ցավում է, որ Մովսիսյանը չկա:

Տունը՝ գլխավոր հերոսը

Փոքրիկ, քառակուսի պատուհաններով պատշգամբ ունի տունը ու վաղուց կարմիր յուղաներկով ներկված փայտե հատակ: Հատակը տեղ-տեղ բաց էր: Տունը ցուրտ էր: Տան հիմնական պատերից մեկը մեծ ճաք էր տվել, ու առաստաղը հեռացել էր, տունը ճանաչել են վթարային՝ չորրորդ աստիճանի: Տունը քանդվում է, փող չկա, տունը սարքել է պետք:

Լիդա Դաշյանի երկու տղաները ծառայել են հայկական բանակում, հիմա գնացել են Սիբիր, որ փող աշխատեն: Պատը փլվում է, ու Դաշյան Լիդան էլ «փլվում է» այդ պատի հետ: Ինձ թվաց, որ այդ կինը էլ ատյան չի թողել, նա անգիր հիշում է բոլոր անուն-ազգանունները ում դիմել, ում հետ մի անգամ շփվել է, իսկ դրանք շատ են, անթիվ են՝ նախարարների օգնականներ, խորհրդականներ, մարդու իրավունքի պաշտպաններ: Նույնիսկ նախագահականից նամակ ունի, այն մասին, որ իր բողոքը հասցեագրվել է մարզպետարանին ու մարզպետարանը կզբաղվի:

Մարզպետարանը չի զբաղվում: Ինքը պահում է բոլոր նամակների պատճենները: Գիտի իր բոլոր իրավունքները, ունի փախստականի վկայական և ճամփորդական անձնագիր: Ինքը կարող է գնալ ցանկացած երկիր, բայց չի գնում: Ուզում է տան պատը սարքեն, իր երկու տղաները հետ գան, որ հինգով նորից նստեն սեղան ու հաց ուտեն. իրենց պարզ, համեստ ճաշը, ինչպես ինքն է ասում, հինգով ուտեն՝ ինքը, ամուսինը, երկու մեծ տղաներն ու տասնհինգամյա տղան: Լիդա Դաշյանը վերջում շատ է հերսոտում, ասում է. «Էսա, որ էս մեկի բանակ գնալու ժամանակը գա, ասելու են` Լիդա Դաշյան, տղայիդ տուր` սահմանը պահի: Բա հիմա իմ տասնհինգ տարեկան տղան քանդվող տան մեջ ա ապրում»: Ու այսպես կռիվ է տալիս Լիդա Դաշյանը` պարբերաբար թափահարելով տասնյակների հասնող նամակների պատճենները, որոնց բովանդակությունը ինքը անգիր գիտի:

Ու հիմա «սեռի» կոստյումով, որ, ինչպես պարզվեց, ուրիշի շորն է, որովհետև Լիդան նիհար է, իսկ բաճկոնի ուսերը՝ լայն, Լիդան կանգնում է գյուղի ճանապարհին ու սպասում լրագրողների մեքենային:

Երբ իր տղաների նկարները ցույց էր տալիս, արանքում իր նկարն էլ կար: Շիկահեր, կանաչ աչքերով, սպիտակ դեմքով, սլավոնական արտաքինով ու կարևորը՝ խաղաղ, մեղմ, կանացի հայացքով:

Մի  պատ է, մեծ բան չէ: Մի պատը, նույնիսկ չորս պատը մեծ բան չէ, բայց  հինգ հոգանոց ընտանիքը, որտեղ չորս տղամարդ կա ու մի կին, մեծ բան է… Միգուցե օգնե՞նք:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter