HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նոր տեսակի իշխանության շոուն ավարտվեց

Կառավարությունն այսօր Գեղարքունիքի մարզպետ է նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին: Մարզպետ է նշանակվել մարդ, ով նախորդ գումարման Աժ 5 տարիների ընթացքում ոչ մի ելույթ չի ունեցել, ոչ մի հարցադրմամբ հանդես չի եկել, որևէ օրենքի, որոշման նախագծի, հասարակական-քաղաքական երևույթի, իրադարձության վերաբերյալ հրապարակային տեսակետ չի հայտնել և առհասարակ՝ բացի պարտաճանաչ կոճակ սեղմելուց, ոչնչով աչքի չի ընկել:

Փոխարենը ԱԺ անցած ընտրություններին Կարեն Բոթոյանը ՀՀԿ-ի համար ապահովել է մոտ 15 հազար ձայն՝ մարզային ցուցակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Բայց նա ՀՀԿ (հասկանալ Սերժ Սարգսյանի) ներքին քաղաքական որոշմամբ հրաժարվեց իրեն հասանելիք մանդատից: Այլ կերպ ասած՝ Բոթոյանը Հայաստանի տարածքով ամենամեծ մարզի ղեկավար է նշանակվում ոչ թե իր մասնագիտական, կառավարչական որակների, ունակությունների, քաղաքական ներկայանելիության պատճառով, այլ ընդամենը որպես ՀՀԿ-ի հաղթանակին նպաստելու և մանդատից հրաժարվելու դիմաց «վարձատրություն»: Նորընտիր ԱԺ առաջին նիստի բացման ժամանակ իր խոսքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա»: Հավանաբար համարվել է, որ Բոթոյանը լիովին համապատասխանում է «գործի գիտակի» այս չափորոշիչներին:

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում նշանակեց Հովհաննես Հովսեփյանին, ով 2008-2016թթ. զբաղեցնում էր այդ պատասխանատու և ամենայուղոտներից մեկը համարվող պաշտոնը: 2016թ. մարտին նա նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, սակայն աշխատեց ընդամենը 5 ամիս, քանի որ այդ պաշտոնում վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակեց իր ամենավստահելի կադրերից մեկին՝ «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին:

Հ․Հովսեփյանը համապետական վերջին ընտրություններում և սահմանադրական հանրաքվեի ժամանակ անմիջականորեն ներգրավված է եղել ՀՀԿ նախընտրական շտաբներում: Դատելով նորից նախագահի վերահսկողության վարչության պետի պաշտոնում նշանակման հանգամանքից՝ Հայաստանի ամենահարուստ և օլիգարխիկ դեմքերից մեկը հանդիսացող Հովսեփյանը ևս արդարացրել է Սերժ Սարգսյանի ընտրական սպասելիքները:

Թե´ Հովսեփյանի և թե´ Բոթոյանի նշանակումներում նրանց ընտրական «ծառայությունների» գործոնը էական էր, սակայն ոչ առաջնային: Կան երկու շատ ավելի լուրջ գործոններ: Նախ՝ երկու դեպքում էլ գործ ունենք ի հեճուկս վարչապետ Կարեն Կարապեյանի կատարված կադրային տեղաշարժերի հետ: Հովսեփյանին ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատելով՝ վարչապետը ցույց  էր տվել, որ նրան չի վստահում, հետևաբար չի տեսնում նաև այն թիմում, որը պետք է ապահովեր ոչ միայն տնտեսության առողջացման, այլ նաև իշխանական կոնյուկտուրայի ներքին բովանդակային, որակական վերափոխումը: Ընտրություններից հետո վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը նորից վստահելով Հովսեփյանին՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն ցույց է տալիս, որ վարչապետի պատկերացումներն ու բարեփոխիչ առաքելությունն ընտրություններից հետո այլևս ակտուալ ու որոշիչ չեն իր համար, այլև որ նրա միջոցով գրեթե կատարյալ վերահսկողություն է սահմանում թե´ վարչապետի և թե´ գործադիրի նկատմամբ: Սերժ Սարգսյանը էլ ավելի է սահմանափակում վարչապետի ազատությունները:

Նույն տրամաբանությունն է Բոթոյանի նշանակման պարագայում: Վերջինս ևս նախագահի, այլ ոչ թե վարչապետի «կադրն» է, ինչն անուղղակի հաստատեց Կարեն Կարապետյանն ինքը: Կառավարության նիստում Բոթոյանին մարզպետ նշանակելու որոշման ընդունումից հետո նա հայտարարեց, թե այս տարի մարզպետների աշխատելաոճում համակարգային փոփոխություններ է ակնկալում և Բոթոյանին հրավիրեց Ամերիկյան համալսարան՝ վերապատրաստվելու: Թաքնված հեգնանքն ու զուսպ զայրույթն ակնհայտ է: Եթե վարչապետը նորանշանակ մարզպետի վերապատրաստման և դեռ չաշխատած՝ աշխատանքի ոճը փոխելու ակնարկ է հնչեցնում, շատ պարզ հասկացնում է, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնն զբաղեցնելու իր չափանիշներին, և չի կարող հենվել նման կադրի վրա՝ մարզային, տարածքային մակարդակում կառավարության պետական քաղաքականության իրականացման հարցում: Սա իրականում հուսահատության ճիչ է, որով վարչապետը հաստատում է, որ մարզպետների ինստիտուտն իր ազդեցությունից դուրս է՝ անկախ նրանից, որ վերջինս ուղղակի ենթակա է կառավարությանը, և որ մեծագույն ցանկության դեպքում անգամ այդ իրավիճակը փոխել չի կարող:

Երկրորդ՝ թե՛ Հովսեփյանը և թե´ Բոթոյանը մարմնավորում են իշխանության այն դեմքը, որը խնամքով փորձ էր արվում թաքցնել խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետի կողմից ներթիմային, ներիշխանական որակական հեղաշրջում անելու իմիտացիայի քողի տակ: Նրանք օլիգարխիկ այն համակարգի կարկառուն ներկայացուցիչներն են, որոնք եղել և շարունակում են մնալ իշխանության կենսունակության շարժիչը, առանց որոնց գործող իշխանությունը պարզապես կդադարի գոյություն ունենալուց: Այս շերտը, որը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակմամբ թվում է՝ կորցնում էր դիրքերը պետական կառավարման համակարգում, նախագահի ձեռամբ կրկին վերադառնում է իր նախկին դերակատարությանը:

Մայիսի 17-ին՝ նոր ԱԺ-ում դերաբաշխման նպատակով հրավիրված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով իր պաշտոնավարման և կարգավիճակի մասին` Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասել էր. «Դուք երևի չգիտեք, որ ամենաբարձր պաշտոններից մեկը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամն է: Բոլոր պաշտոններն այստեղ են տալիս»:

Բեգլարյանը, որը մարմնավորում է նախկին օլիգարխահեն կառավարությունը և ևս հանդիսանում է կարենկարապետյանական «նոր որակի իշխանության» թվացյալ զոհը, ակամա խոստովանում է, որ էականը ոչ թե գործադիրում կամ խորհրդարանում լինելն է, այլ այն օղակի մաս կազմելը, որը «պաշտոններ է տալիս» և կայացնում քաղաքական որոշումները: Բեգլարյանի այս հայտարարությունը բացահայտում էր, որ օլիգարխիկ, կիսակրիմինալ հատվածը ոչ թե դուրս է մղվում պետական կառավարումից, իշխանական իսթեբլիշմենթից, այլ ենթարկվում է որոշակի տրանսֆորմացիայի՝ առանց կարգավիճակային, ազդեցության կորուստ ունենալու: Նա բացահայտեց, փաստորեն, որ այն, ինչ հրամցվում էր ընտրությունների ժամանակ և դրա նախընթաց շրջանում, ֆարս էր:

Եթե Բեգլարյանի տրասֆորմացիան հանրապետության գործադիրից կուսակցության գործադիրում հանգրվանելու տեսքով է իրականացել, Բոթոյանինը՝ օրենսդրից մարզպետարան տեղափոխվելով, իսկ Հովսեփյանինը՝ նախկին պաշտոնին վերադառնալով, ապա մյուսների պարագայում տեղի է ունենում քաղաքական փոխակերպում:

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, tert.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով ամուսնու ներքաղաքական հետագա գործունեությանը, փորձել է նրա և իշխանության միջև ընտրությունների ժամանակ ավերված կամուրջների վերականգնման նախաձեռնություն ցուցաբերել՝ հայտարարելով, թե Օհանյանը նորմալ, մարդկային հարաբերություններ ունի «երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ»: Ռուզաննա Խաչատրյանի հայտարարությունը վկայում է, որ կարող ենք գործ ունենալ յուրատեսակ «անառակ որդու վերադարձի» հետ: Համենայնդեպս դրա հնարավորությունները շոշափելու, երկրի քաղաքական ղեկավարության տրամադրությունները հասկանալու ենթատեքստն ակնհայտ է:

Նմանատիպ նախաձեռնությունների մեջ է նաև գործող իշխանության նախկին օլիգարխիկ առանցքային դեմքերից մեկը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրերս նրա որդին՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած Արգամ Աբրահամյանը, ըստ «Ժամանակ» թերթի, ասել է, թե իր հայրը որոշել է Արտաշատի քաղաքապետի թափուր մնացած պաշտոնում թեկնածու առաջադրել, սակայն դեռ չի կողմնորոշվել՝ ով է նա լինելու: Խորհրդարանական ընտրություններում Արգամ Աբրահամյանն ստացել էր 34 հազար քվե՝ իրենից մոտ 10 հազար ձայնով առաջ թողնելով ՀՀԿ-ն ներկայացնող Արայիկ Գրիգորյանին: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը քաղաքապետի ընտրության հարցում ՀՀԿ-ի հետ մրցակցությունում շանսեր չունի, սակայն կարող է «ճակատամարտ» տալ՝ միաժամանակ անհարմար դրության մեջ դնելով իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, ով հիմա ամենաքիչն է ուզում խնդիրներ ունենալ իշխանության հետ: Արտաշատում քաղաքապետի թեկնածուի առաջադրման մասին ակնարկները փաստացի ՀՀԿ-ին իր հետ պայմանավորվածությունների դաշտ բերելու նախաձեռնություն է: Աբրահամյանը, իրեն բնորոշ քաղաքական, ինտրիգային հոտառությամբ թերևս ըմբռնել է ստեղծված հետընտրական իրավիճակի այն նրբությունը, որ նախագահն այնքան էլ հակված չէ իշխանությունը Կարեն Կարապետյանին «ժառանգել», ինչի մեջ համոզվածությունը նրան դրդեց խռոված հեռանալ ՀՀԿ-ից: Իր «առվակը» մայր գետից կտրելուց և Սերժ Սարգսյանի վստահությունը կորցնելուց հետո նա նախկին կարգավիճակին վերադառնալու լուրջ հավակնություններ ունենալ չի կարող: Բայց ունակ է ունեցած ռեսուրսներով դառնալ սերժսարգսյանակենտրոն իշխանության հենարաններից մեկը և փորձել ստանալ  իշխանական էլիտա վերադառնալու քարտ բլանշ:

Այսինքն` տեղի է ունենում ընտրական ցնցումներից հետո կենտրոնախույս ուժերի վերախմբման, իշխանությունն իր բնական օլիգարխահեն ռելսերին վերադարձնելու համակողմանի ներքին ու արտաքին գործընթաց: Քաղաքական դաշտի ծայրաստիճան քայքայվածությունը, հասարակության անտարբերության խորացումը, ընտրությունների արդյունքների արտաքին ու ներքին լեգիտիմացումը իշխանության մոտ կրկին անհաղթելիության համոզմունք են ձևավորել և վստահություն ներշնչել, որ չեզոքացել է հակաիշխանական «սասնածռերական» նոր շարժման առաջացման ռիսկը, հետևաբար այլևս ձևեր թափելու, իշխանության նորացման մանիպուլյացիաներ կիրառելով հանրությանը սիրաշահելու և խաբելու անհրաժեշտություն չկա:

Ժամանակն է՝ կրկին վերադառնալու կաստայական պրագմատիկ իշխանավարմանը և ամրապնդելու այն ռեսուրսը, որը 2018թ. օգնելու է ավարտին հասցնել կառավարման խորհրդարանական համակարգի խաղի կանոններին համապատասխանող կենտրոնաձիգ և անձնակենտրոն իշխանության ձևավորման գործընթացը: «Նոր տեսակի իշխանության» ներկայացում-բլեֆն, այսպիսով, կարելի է համարվել ավարտված: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter