HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Գոհարն՝ անգին քար»․ 14-ամյա գանձակեցի աղջկա գաղթի պատմությունը

Գոհար Ալեքսանյանը 14 տարեկան էր, երբ Գանձակից (Կիրովաբադ), գաղթել են Հայաստան ու հաստատվել Արարատի շրջանի Սայաթ-Նովա գյուղում։ Գոհարը 14-ամյա երեխայի աչքերով ետ է նայում ու հիշում Գանձակում ապրած օրերը, թե ինչպես էր հայրը իրեն ծանոթացնում հայոց պատմությանը, սովորեցնում հայերեն։ Նա հիշում է դպրոցի երեխաներին, ուսուցիչներին ու Գանձակը լքելուց առաջ վերջին օրերի իրենց մղած ինքնապաշտպանական գործողությունները։

- Երբ դեռ փոքր էի ու դպրոցում տառերը նոր էի սովորում, մի օր հայրս նկատեց, որ թուրքերեն տառեր եմ գրում, ասաց. «Դու հայերեն գրել չգիտես, արդեն թուրքերե՞ն ես գրում, մի տետր վերցրու, հայերեն ենք սովորելու»։ Ա տառը գրում էի, բայց դա ինձ համար «արևը» չէր, այլ апельсин-ը, арбуз-ը,  էն ժամանակ դեռ կարգին հայերեն խոսել էլ չգիտեի, գրում էի մեխանիկորեն։ Բայց դեռ դպրոցի դասերս չարած առաջինը գրում էի հայերենը, որովհետև հայրս բացատրել էր, որ ես դա մյուս բաներից շուտ պիտի իմանայի։ Մի օր ասաց, որ Գոհար հայերեն թանկարժեք քար է նշանակում, ու դա ինձ համար այնքան կարևոր էր, որ իմ անունն էլ հայկական է։  Հայրս ինձ «անգին Գոհար» է ասում։

Հայերենը սակայն շատ չեն օգտագործել, միայն տանը, իսկ երբ եկել են Հայաստան, զարմացած բացականչել է «Պա՛պ, ստեղ բոլորը հայերեն են խոսում ի՜նչ լավ է»։ Հայրը ժպտացել է «Բա՛, հայերեն է, մենք մեր երկրում ենք»։

Ու թեև շատ դժվար է եղել լեզուն սովորելը, բայց Գոհարը կարողացել է հաղթահարել այն ու ընդունվել Երևանի պետական համալասրանի իրավաբանական ֆակուլտետն ու ավարտել գերազանցությամբ։

- Բանաստեղծություններն անգիր էի անում, առանց հասկանալու, դնում էի ու անգիր անում, որ լեզուն շուտ սովորեմ,- պատմում է նա, ու ձայնի երանգից զգում ես, թե ինչ ճիգեր է գործադրել, - բայց մի օր հայրս ասաց «Դու պատմել էլ սովորի, տենց ավելի հեշտ կսովորես»։ Ռաֆայել Իշխանյանի 1200 բառը կա, չէ՞, ես թելադրությունից երևի 1200 սխալ էի անում»։

Համալսարանում, երբ փորձել է քննություններին ռուսերեն պատասխանել, դասախոսները թույլ չեն տվել, պահանջել են խոսել հայերեն։ Սկզբում շատ դժվար է եղել, դասախոսների վերաբերմունքը նույնիսկ երբեմն կոպիտ ու վիրավորական է թվացել, բայց դա ստիպել է իրեն ավելի մեծ ջանքեր թափել և, ի վերջո, այնքան լավ է իմացել լեզուն, որ պետական քննությանը, երբ դասախոսը բացականչել է. «Գոհար Ալեքսանյան, молодчина, отлично!», Գոհարն ուղղել է նրան. «Ես կխնդրեի հայերեն արտահայտվել»։ Եվ բոլորը ծիծաղել են։

Հայ լինելը՝ Ադրբեջանում  

- Մի ուսուցչուհի ունեինք՝ Լեյլա Նարիմանովնան, մի օր ներս մտավ, - պատմում է Գոհարը, - ասաց «Բոլոր հայերը կանգնեն»։ Բոլորս կանգնեցինք, հետո ասաց «Դո՞ւք եք հայը, դուք ի՞նչ հայ, դուք հայերեն գրել էլ չգիտեք»։

Գոհարը պատասխանել է «Ո՛չ մենք գիտենք մեր լեզուն, գրել էլ գիտենք, մեր այբուբենն աշխարհում ամենահարուստ այբուբեններից է, և մենք ենք դա ստեղծել, իսկ դուք սեփական այբուբենն էլ  չունեք»։

Գազազած ուսուցչուհին, պահանջել է, որ աղջիկը գրատախտակին հայերեն գրի որևէ բան։ Եվ թեև բարձրահասակ էր, Գոհարն աթոռը դրել է ու բարձրացել վրան, որ ամենավերևում գրի ու բոլորը լավ տեսնեն։

- Հիմա մտածում եմ, որ սխալներով գրած կլինեմ, - ասում է Գոհարն ու աչքերը հանկարծ կայծկլտում են, - բայց մեծ-մեծ տառերով գրեցի «Լեյլա Նարիմանովանան գիժ ա»։ Դու մի ասի, սա հայերեն կարդալ գիտեր, ո՜նց ջղայնացավ։ Ասեց՝ արի, քեզ պիտի տնօրենի մոտ տանեմ, ու քաշելով տարավ։

Տնօրենը հեռվից նկատել է, թե ինչպես է ուսուցչուհին աղջկան քաշում ու դիտողություն է արել «Լեյլա Նարիմանովանա, ինչո՞ւ եք մեր մեդալակիր երեխայի հետ այդպես վարվում»։

Եվ ուսուսցչուհին բարկացած բացատրել է, որ գրատախտակին այդ մեդալակիր աշակերտուհին իր հասցեին գրել է՝ գիժ։

«Գոհարի՞կ, - զարմացել է տնօրենը, - այդ ինչպե՞ս, ինչո՞ւ»։

Գոհարը բացատրել է, որ ուսուցչուհին ներս է մտել, կանգնեցրել բոլոր հայ երեխաներին ու անվանել ոչ հայեր, հետո պահանջել, որ հայերեն տառերով որևէ բան գրեն, ինքն էլ գրել է, բայց չի պատկերացրել, որ ուսուցչուհին կկարողանա կարդալ։

«Դու հայերեն գրել գիտե՞ս, - հարցրել է տնօրենն ու ճակատը համբուրել, - որ էդպես է, ուրեմն լավ ես արել», ու նրա աչքերին արցունքներ հայտնվեցին։

Տնօրենը՝ Ամալյա Միխայլովնան, նույնպես հայուհի էր Կիրովաբադի դպրոցներում հայերեն չէին սովորեցնում, բայց երեխան կարողացել էր հայերեն գրել, դրա համար նրան չէր կարելի պատժել։ Նա Գոհարին նախատելու  փոխարեն աշխատանքից հեռացրել է ուսուցչուհուն։  Այդ ժամանակ արդեն սկսվել էին ազգամիջյան խմորումները, և Ամալյա Միխայլովնան գիտեր, որ ինքն էլ շուտով հեռացվելու է, բայց դրանից առաջ գոնե կկարողանար պատժել ուսուցչուհուն Գոհարը լսել է, թե ինչպես նա ասում այս բառերը։

Բենզինով լցված շշերի պատճառով հեռացան ձեռնունայն

Արդեն խառը վիճակները սկսվել էին, պատմում է Գոհարը, բոլորը խոսում էին, որ ուրիշ վայրերում թուրքերը հարձակվել են հայերի վրա։ Հայրը 14-ամյա Գոհարին մի դանակ է տվել ու պատվիրել «Երբ տեսնես կողքիդ չենք լինի արդեն, ու տեսնես, որ թուրքերը վրա են տվել, դանակը կմտցնես փորդ, դա ամենահեշտ մահն է լինելու»։ Գոհարը հիշում է, որ մի քանի ամիս շարունակ քնել է դանակը բարձի տակ։ Մի օր արթնացել է ու դրսից ձայներ լսել, տեսել է՝ հայրն ու մայրը տանը չեն, դանակը դրել է որովայնի վրա, որ սպանի ինքն իրեն, բայց հետո կանգ է առել «Մի բան ասեց ինձ․ հլա, սպասի, մի հատ համոզվի, որ ծնողներդ չկան, նոր»։

Գոհարը դուրս է եկել ու տեսել, որ ծնողները մյուս հայերի հետ միասին խարույկ են արել ու սպասում են թուրքերին։

-Մոտեցա հորս ու ասեցի, - պատմում է Գոհարը, - բա, ես ինձ սպանելու էի արդեն, երբ տեսա կողքս չեք, լավ էր, որ մտածեցի՝ ստուգեմ։ Հայրը վախենում է ա՛յ խելառ, ես քեզ ասել եմ՝ երբ տեսնես մեռած ենք։ Մինչև հիմա սպիս կա։

Երեխաներին ուղարկում են տուն։ Բայց մեծերից թաքուն Գոհարը բակի երեխաներին կազմակերպում է. շշեր են հավաքում, բենզին են մեքենաներից դատարկում։ Ասում է, որ ֆիլմերից էր սովորել։  Ծնողներն այդ ժամանակ չեն նկատում, թե ինչով են զբաղված երեխաները։ Թուրք ամբոխը շուտով վրա է տալիս՝ զինված մահակներով ու ինքնաշեն զենքերով։ Մեծերն սկսում են պաշտպանվել, իսկ վերևից երեխաները բենզինով լցված շշերն այրում են ու նետում թուրքերի վրա։ Մեկ էլ լսում է, թե ինչպես է հայրն ուրախացած բացականչում. «Ապրե՛ն տղերքը, լավ բան են մտածել. Տե՛ս ոնց են ռմբակոծում վերևից»։ Հայրն այդպես էլ չի հասկանում, որ ռմբակոծողը երեխաներն են։

Հաջորդ օրը, երբ ամեն ինչ հանդարտված  էր, և ընտանիքը պատրաստվում էր հեռանալ, մի թուրք առաջարկում է գնել տունը, հայրը համաձայնվում է, տանում է տունը ցույց տալու։ Գոհարը պատմում է, որ հանկարծ խորդանոցում նկատում են մեծ քանակությամբ շշեր, լաթ ու բենզին։ Հայրը հարցնում է Գոհարին՝ սա ի՞նչ է։ Աղջիկը հորը պատասխանելու փոխարեն մոտենում է ադրբեջանցուն ու խիստ տոնով ասում «Սա ձեզ սպանելու համար էր»։  Հայրը սառում է մի պահ, հետո ժպտում.

«Վե՛րջ, սա մեզ էլ փող չի տա, գնացի՛նք, բայց դու լավ ես արել», - ասում է նա ու փաթաթվում աղջկան։

«Մեզ հետ վերցրեցինք ամենաթանկ բանը՝ մեր գանձակեցի հայ լինելն, ու հեռացանք», - ասում է Գոհարը։

Գանձակեցի հայ լինելը

- Ես Կիրովաբադցի չեմ, է՛, ես գանձակեցի եմ,  - ասում է Գոհարը, - էն երկրից, որտեղից Մխիթար Գոշն ու Դավիթ Բեկը, Կիրակոս Գանձակեցին են։ Մեչի մեյդան էին ասում, թուրքերը դեռ էն ժամանակ թանգարան էին դարձրել, բայց բոլոր հայերը գիտեին, որ դա մեր եկեղեցին է, և այնտեղ էր թաղված Կիրակոս Գանձակեցին։

Գոհարը պատմում է, որ քաղաքը բաժանված էր երկու մասի՝ հայկական ու թուրքական հատվածների։ Հայկական եկեղեցին՝ թուրքերի ասած Մեչի Մեյդանը, քաղաքի հայկական հատվածում էր։

- Մեր լեզուն մի քիչ տարբերվում է Արցախի հայերենից, - ասում է Գոհարը, - ավելի շուտ մոտ է Տավուշի լեզվին։ Երբ ինձ ասում են՝ արդեն 25 տարուց ավել է էստեղ ես, ինչու չե՞ս փոխում լեզուդ, Երևանի հայերենով չես խոսում, ասում եմ` դա իմ լեզուն է, իմ բարբառը, մեր հարսներն էլ, որ մեր տուն են գալիս, պիտի էդ լեզվով խոսեն, որ իրենց երեխեքն էլ պահեն էդ լեզուն։


Լուսանկարներում՝

Գլխավոր լուսանկարում՝ Կիրովաբանդի 9-րդ ռուսական դպրոցի  8ա դասարանը․  հայ երեխաների համար ծննդավայրում արված վերջին դպրոցական լուսանկարը․ Գոհարը առաջին շարքի մեջտեղում է։  
Լուսանկար 3․ փոքրիկ Գոհարը հոր ու եղբոր հետ, երբ «Ա»-ն նոր էր «Արևը» դառնում
Լուսանկար 2․ Գոհարը Ամալյա Միխայլովնա Շախմուրադովայի հետ՝ այբենարանի հանդեսին
Լուսանկար 4․ Գոհար Ալեքսյանյանը՝ հիմա

Մեկնաբանություններ (1)

Գոհսր
Պարզապես հիացած եմ Գոհարի մտածելակերպի և ուժեղ կամքի համար։ իմ պապասել կիրովաբաթի Բանանց գյուղից է եղել բայց շատ վա։ղուց են տեղափոխվել Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter