HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բնակիչներն ընդդեմ համատիրության տարածքը սեփականաշնորհած նախկին նախագահի

Մաշտոց 48 և Մոսկովյան 8 շենքերի բնակիչները բողոքում են իրենց համատիրության նախկին նախագահ Ալեքսան Գալստյանից։ Պատճառը «Մոսկովյան 8»  համատիրության 7 քմ-անոց տարածքն է, որը նախկին նախագահը սեփականաշնորհել է, թեև, ըստ բնակիչների ունեցած փաստաթղթերի, այն հանձնված էր համատիրությանը։ Համատիրության այս տարածքի սեփականատերը Ալեքսան Գալստյանի կինն է՝ Նելլի Հարությունյանը, ով տարածքը՝ աճուրդի ներկայացրած ժամանակ եղել է դրա միակ մասնակիցը և այն ձեռք բերել մեկնարկային գնով՝ 1 միլիոն 650 հազար դրամով։

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի կնքած փաստաթղթում գրված է. «Հաշվի առնելով, որ նշված տարածքը փաստացի զբաղեցված է վերոնշյալ համատիրության կողմից և չի հանդիսանում  վիճելի, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 39-րդ հոդվածով

Որոշում եմ

1.Մաշտոցի 48 հասեցում գտնվող 7 քմ ոչ բնակելի տարածքը հատկացնել «Մոսկովյան 8» համատիրությանը»։

Թաղապետի այդ տարածքը համատիրությանը հանձնելու այս որոշումը եղել է 2002 թվականի փետրվարի 27-ին։

«Մոսկովյան 8» համատիրությունը գործում է 1996 թվականից։ Ալեքսան Գրիգորյանը համատիրության երկրորդ նախագահն է և լիազորությունները ստանձնել է 2002 թվականից։ Գալստյանը պաշտոնավարել է 12 տարի՝ մինչ 2014 թվականը։ 2012-ին նրա կինը սեփականաշնորհել է համատիրության տարածքը։  

Բնակիչները համատիրության տարածքի սեփականաշնորհման մասին միայն տեղեկացել են այն սեփականաշնորհելուց երկու տարի հետո՝ 2014-ին, երբ Գալստյանը հեռանում էր համատիրության նախագահի պաշտոնից։

Թեև համատիրության տարածքը նախկին նախագահի ընտանքին է պատկանում 2012 թվականից, բայց նրանք միայն մի քանի ամիս է, ինչ պայքարում են համատիրության դեմ՝ պահանջելով այնտեղ աշխատողներին լքել տարածքը։

Իրավիճակն այնքան է լարվել կողմերի միջև, որ երեկ երեկոյան, սեփականատերերի պահանջով, այդ տարածք էին ժամանել ոստիկաններ՝ տարածքը ազատելու համար։

Բնակիչները, տարածքը միայն հիմա ազատելու սեփականատիրոջ պահանջը, պայմանավորում են ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ, ով նրանց փոխանցմամբ՝ նախորդ տարի եկել է համատիրության տարածք, ծանոթացել պայմաններին, այն ձեռք բերելու հետաքրքրություն ցուցաբերել։

Պարզաբանում են կողմերը

«Մոսկովյան 8» համատիրության ներկայիս նախագահ Ռոզա Մաթևոսյանը, ով փոխարինել է անախորժությունների մեջ հայտնված նախկին նախագահին, մեզ հետ զրույցում նշեց, որ առաջինն ինքն է տեղեկացել տարածքի սեփականաշնորհման մասին, երբ այդ ժամանակ արդեն նախկին նախագահ Գալստյանը Մաթևոսյանին խնդրել է ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, որոնցում տիկին Ռոզան տեսել է, որ համատիրության տարածքը սեփականաշնորհել է Նելլի Հարությունյանը՝ Ալեքսան Գրիգորյանի կինը։

«Լավ կարդացի, տեսա, որ 2012 թվականից արդեն  սեփականացրել է այս տարածքը։ Ես շատ վատ եղա, նենց ջնջեց այդ թուղթը, որ պատռվեց։ Ես իրան ասեցի, որ առուն կթռնես, նոր կասես՝ «հոպ», մենք ենք սարքել էս տարածքը, մենք էլ կքանդենք։ Էս տարածքը մեզ նվիրել է Զուրաբյանը, բերել է, մեզ տվել է փաստաթուղթ, ասել է, որ սա միմիայն պատկանելու է  համատիրությանը։ Ասաց՝ սա նվիրում եմ ձեզ, և ոչ մեկն իրավունք չունի վերցնելու, հափշտակելու և սարքելու սեփականություն»,-ասաց համատիրության նախագահը։

    «Մոսկովյան 8» համատիրության նախագահ Ռոզա Մաթևոսյան

Տիկին Ռոզայի փոխանցմամբ՝ բնակիչները, տեսնելով, որ Գալստյանը հավաքված պարտադիր վճարները նպատակային չի ծախսում, անվստահություն են հայտնել, և որպես ակտիվ բնակիչ, ինքն է փոխարինել Գալստյանին։

Մոսկովյան 8 հասցեի բնակիչ Մարիամ Ստեփանյանն էլ ընդդիմացող բնակչներից է, հավաստիացնում է՝ իրենց պահանջը՝ իրենցից խարդախությամբ խլված համատիրության գրասենյակն իրենց հետ վերադարձնելն է։

Երեկ երեկոյան բակի տարածքում էր նաև համատիրության տարածքի սեփականատեր Նելլի Հարությունյանը։ Նա չի ընդունում իրենց հասցեին հնչած մեղադրանքները, ասում է՝ ինչու են մեղադրում, քաղաքապետարանը տարածքն օրինական աճուրդի է ներկայացրել, իրենք տեղեկացել են այդ աճուրդի մասին և մասնակցել են. «Իմացանք, որ ուրիշը պետք է վերցնի, մենք գնացինք աճուրդի, վճարեցինք ու վերցրեցինք։ 2 տարի 6 ամիս իրանք ապօրինի  նստած են»,-ասում է Հարությունյանը։

Դիտարկմանը, թե Ալեքսան Գալստյանը քաջատեղյակ է եղել, որ այդ տարածքը տրվել է համատիրությանը՝ որպես գործունեության տարածք, հակադարձում է, թե այդ դեպքում ինչու՞ է քաղաքապետարանն այն ներկայացրել աճուրդի և վաճառել. «Մենք մեղավոր չենք։ Մենք չլինեինք ուրիշն էր վերցնելու այդ»։

Համատիրության նախկին նախագահի կինն ասում է՝ համատիրության տարածքի աճուրդի մասին տեղեկացել է «Ազգ» օրաթերթից, մինչ այդ համատիրության նախագահ հանդիսացող ամուսինը տեղյակ չի եղել, որ քաղաքապետարանը որոշել է  վաճառել այդ տարածքը։

Բնակիչների այդ պնդմանը, թե տարածքը ցանկանում են ազատել Միքայել Մելքումյանին վաճառելու համար, Նելլի Հարությանն այլ պատասխան է տալիս, պարզաբանելով, որ թոռները բանակից վերադարձել են, ցանկանում են այդ տարածքում «գործ դնել»։ Այդ պատճառով միայն նոր են որոշել վերցնել տարածքը։ Հարությունյանի աղջիկը՝ Լիլիթ Գալստյանն էլ հավելում է, որ ապրիլի 18-ին եկել են տարածքն ազատելու, համատիրության անդամները 10 օր ժամանակ են խնդրել, սակայն տասն օր անց չեն եկել, համատիրության դուռը բացել։ Սեփականատերերը երկու օր առաջ կրկին ոստիկանների հետ եկել են համատիրության տարածք, սակայն նրանց փոխանցմամբ՝ այնտեղ գտնվող համատիրության երեք անդամները երկու օր ժամանակ են խնդրել տարածքը վերջնական ազատելու համար, սակայն երեկ կրկին ընդդիմացել են դուրս գալ՝ հակադարձելով, որ այն համատիրության տարածքն է։

Տարածքը կրկին իրենց հետ վերադարձնելու, սեփականաշնորհման որոշումը բեկանելու համար բնակիչներն անցել են դատական գրեթե բոլոր ատյաններով, մերժվել՝ քաղաքապետարանի կողմից տարածքը աճուրդով սեփականաշնորհման փաստաթղթի առկայության պատճառով։

Բնակիչների կանչով բակի տարածք եկան նաև «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամներ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Հարությունյանը, զրուցեցին երկու կողմերի հետ, ծանոթացան իրավիճակին և փաստաթղթերին։ Բնակիչներն ավագանու անդամներին բողոքեցին, որ սեփականաշնորհման ընթացակարգում համատիրության նախկին նախագահի կողմից փաստաթղթղեր են կեղծվել,  դրանք քաղաքապետարան ներկայացնելիս, ներկայացվել են նաև որոշ բնակիչների ստորագրություններ, սակայն իրենք տեղյակ չեն, ովքեր են այդ բնակիչները, քանի որ համոզված են, որ որևէ բնակիչ նման ստորագրություն չէր տա։ Բացի այդ, անտեղյակ են՝ ինչ փաստաթղթեր են ներկայացվել աճուրդին այն դեպքում, երբ իրենք ունեն տարածքը համատիրությանը պատկանելու որոշումը։

Ավագանու անդամներին ի վերջո հաջողվեց սեփականատերերից երկու օր խնդրել՝ խնդիրը քաղաքապետարանի աշխատակազմի հետ քննարկելու, փաստաթղթերի հավաստիությունը ճշտելու, հետո նոր տարածքը ոստիկանների միջնորդությամբ ազատելու գործողությունների դիմելու համար։

 

Մեկնաբանություններ (1)

roza
Очень схожая история и в нашем кондоминиуме. (համատիրություն). После смерти председателя собственники узнали, что кабинет, который занимал председатель и склад, который использовал в интересах кондоминиума, не являются общей собственностью его членов, они не были учтены в балансе, а были переданы государству для дальнейшего определения их судьбы. Фактически эти площади были даны в аренду председателю, а после его смерти его сын на аукционе стал победителем

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter