HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիի գերեզմանոցներում հուղարկավորությունների համար տարածք չկա. վերաթաղումները վտանգում են միջնադարյան խաչքարերի և տապանաքարերի գոյությունը

Գառնի գյուղի երեք գերեզմանոցներն այլևս ազատ տարածք չունեն հուղարկավորությունների համար։ Գյուղի ամենահին, կենտրոնական գերեզմանոցը բնակչությանը սպասարկել է դեռևս միջնադարից։ Այդ են վկայում 9-15-րդ դարերի 65-ից ավելի խաչքարերն ու տապանաքարերը։ Կառավարության պատմական հուշարձանների պահպանության ցանկում ներառված հին գերեզմանոցի միջնադարյան գերեզմանատեղին խորհրդային կառավարման վերջին տարիներին փակ էր հուղարկավորությունների համար: Գերեզմանոցն ուղղակի մոտեցել է բնակելի տներին։ Սակայն, այսօր հուղարկավորությունները շարունակվում են այստեղ, և շիրիմներն անմիջապես բետոնապատվում են ընտանեկան գերեզմանատեղիի չափով։

1970-ականների վերջերից հուղարկավորությունները կատարվում էին գյուղի հակադիր ծայրերում գտնվող երկու գերեզմանոցներում, որոնցից մեկը՝ 2.75 հա տարածք է զբաղեցնում, իսկ մյուսը՝ 3.25 հա։ Այս երկու գերեզմանոցներին հատկացված տարածքները նույնպես սպառվել են, և հուղարկավորությունները կատարվում են կամ պտղատու այգիներին, կամ բնակելի թաղամասերին շատ մոտ։

Կառավարության գերեզմանոցների շահագործման վերաբերյալ 2006 թ. թիվ 1910-Ն որոշման համաձայն՝ դրանք պետք է տեղադրվեն բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Նույն որոշման  10-րդ կետի  Բ ենթակետի համաձայն` գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտին պետք է լինի պարսպից (ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորությամբ։

Գառնիի երեք գերեզմանոցներում ոչ միայն բացակայում են սանիտարապաշտպանիչ գոտիները, այլև որևէ պատնեշով, ցանկապատով կամ միջնապատով անջատված չեն բնակելի թաղամասերից: Այդ է պատճառը, որ գերեզմանոցները ժամանակի ընթացքում ընդարձակվել են, և նրանց բաժանարարն ընդամենը մոտ երկու մետր լայնությամբ ճանապարհն է։ Այս հանգստարանների հարևանությամբ ապրող մանկահասակ երեխաները, ժամանակի ընթացքում հաղթահարելով հոգեբանական պատնեշները, իրենց խաղատեղը դարձրել են նաև գերեզմանոցը։

«Ես ուզում եմ, որ մեզ էլ հասկանան, թե ինչքան դժվար է մի կյանք ապրել հանգուցյալների հարևանությամբ»,- ասում է հին գերեզմանոցի անմիջական հարևանությամբ ապրող Լուսիկ Մարտիրոսյանը։ Նա պատմում է, որ տեղ չլինելու պատճառով հանգուցյալի հարազատները հաճախ փորձում են անցնել նաև նշված սահմանները` ընդհուպ մոտենալով իր տան մուտքին։ Քանիցս փորձել է բացատրել, հասկացնել մարդկանց, որ չի կարելի հուղարկավորություն կատարել բնակելի տան բակում։

«Ես թոռներ ունեմ, ժամանակին իմ երեխաներն էին բախվում այդ խնդրին։ Նույնիսկ երբ հյուր ես ունենում, ակամայից արտահայտում են իրենց անհանգստությունը, թե որքան դժվար է դռնից դուրս գալ ու դեմառդեմ կանգնել շիրմաքարերին ու մահարձաններին։ Ինքդ էլ ես քեզ վատ զգում։ Որքան էլ տարիների ընթացքում սովորական է դարձել գերեզմանոցի ու մեր գոյակցությունը, այնուամենայնիվ, դժվար է ողջ կյանքդ հարմարեցնել սգակիրներին։ Հատկապես թաղման արարողությունների, զատիկների, մեռելոցների օրերին, ուղղակի տնից դուրս գալ չի լինում»,- ասում է Լ. Մարտիրոսյանը։

Նրա ասելով՝ իրենց թաղամասում շատերն են փորձել վաճառել տները կամ հողամասը, բայց գնորդները, գերեզմանոցը տեսնելով, հրաժարվում են գնելու  մտադրությունից։

Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանը պարզաբանեց, որ մտածում են նոր գերեզմանոցի համար հողահատկացում կատարելու մասին, սակայն տարածքի ընտրության հարցում համայնքապետարանն ու ավագանին դեռևս տարակարծություններ ունեն։ «Տեղյակ եմ, որ մի քանի նոր հուղարկավորություններ են արվել, բայց արգելել եմ հուղարկավորություն կատարել հին գերեզմանոցում»,- ասում է համայնքապետը։ Մեր հարցին, թե ինչպե՞ս է առհասարակ գերեզմանոցում հողահատկացումն արվում, գերեզմանափորներն ու հարազատնե՞րն են որոշում տեղը, թե՞ նախ թույլտվություն են ձեռք բերում համայնքապետարանից։ Պրն Սահակյանը պատասխանեց, որ համայնքապետարանի աշխատակիցը տեղում է ճշտում հողահատկացման վայրն ու չափը։

Մահը չի սպասում մինչև պատկան մարմինները նիստ հրավիրեն, քննարկեն։ Մեկ այլ դեպքում մարդիկ ոչ քրիստոնեավայել կհամարեին գերեզման քանդելը, բայց հիմա հարկադրված գնում են դրան։ «Գերեզմանափորները տեղաշարժում են տապանաքարերը, կմախքները մի կողմ նետում կամ լավագույն դեպքում հավաքում են պոլիէթիլենային տոպրակի մեջ ու նետում աղբավայրը, գոնե նորից չեն թաղում։ Բա դա վայե՞լ է քրիստոնյային»,- ասում է հին գերեզմանոցի պահակ Զորիկը։ Նա ասում է, որ չնայած հսկողությանը, գողություններ էլ են կատարվում գերեզմանոցից և մատնացույց է անում կոտրված, տեղահանված երկաթյա դռներն ու փոքրիկ սեղանները։ Ինքն այդ մասին տեղյակ է պահում համայնքապետարանին, բայց հարցին դեռևս լուծում չի տրվել։   

Այսպես քանդվում է հին գերեզմանոցի միջնադարյան հատվածը, որն արժևորվում է այնտեղ գտնվող խաչքարային արվեստի բարձրարժեք կոթողներով ու հուշարձաններով։ Ճիշտ է` առայժմ խաչքարերն իրենց տեղում են, բայց դա չի նշանակում, որ հապաղելու դեպքում, դրանք նույնպես չեն կարող դառնալ թիրախ` նոր տարածքի համար։  

Կոտայքի մարզի պատմական հուշարձանների պահպանության ծառայության տարածքային հսկիչ Նորիկ Գրիգորյանի հավաստմամբ` ինքը յուրաքանչյուր դեպքի մասին տեղյակ է պահում թե՛ Գառնիի համայնքապետարանին և թե՛ իր վերադասներին։ Սակայն, ինչպես երևում է, հուշարձանների մարզային ծառայությունն առանձնապես մտահոգված չէ ո՛չ այս, և ո՛չ էլ որևէ այլ հուշարձանի խնդրով։ Գառնիի համայնքապետարանում հավաստիացնում են, որ վերոհիշյալ կառույցը երբևէ չի համագործակցել կամ որևէ խնդրի առնչությամբ չի դիմել համայնքապետարան։ Այս հարցն այժմեական է նաև մարզի այլ բնակավայրերի համար: Տեսուչ Ն․ Գրիգորյանը վկայում է, որ այս կերպ են հուղարկավորությունների հարցը լուծում նաև Ջրվեժի, Գողթի` միջնադարյան հուշարձաններ ունեցող գերեզմանոցներում։

Մետաքսե Պետրոսյան

 

Մեկնաբանություններ (1)

Ամիրան Բադիշյան
Այս խնդիրը Հայաստանում համատարած բնույթ է կրում, ես /և այլ մտահոգ մասնագետներ կամ լրագրողներ/ բազմիցս անդրադարձել ենք այս թեմային՝ մասնավորապես Առինջի գերեզմանոցի կապակցությամբ, սակայն իրավասու մարմինները լուրջ, էքստրեմալ, հույժ կարևոր, առաջնային....և այլ կաթեգորիաներով բնորոշվող որևէ միջոցառում չեն նախատեսում այս մշակութակործան երևույթի դեմն առնելու համար, առիթից առիթ հիայն սովոր են հիշատակել Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման թեման, բայց սա՞ ինչէ: Վերջապես այս հարցին պետք է պետական և լուրջ մոտեցում ցուցաբերել, այլապես կորուստը կլինի ահասարսուռ և անդառնալի.... Փառք Աստծո այս խնդիը լուծելու համար գումարի փոխարեն ընդամենը ցանկություն է պետք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter