HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու մասին հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, մաղթել նրանց ստեղծագործական մեծ եռանդ և նորանոր ձեռքբերումներ:

Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2016 թվականի մրցանակ է շնորհվել Բագրատ Էստուկյանին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար, Հանս-Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)' Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակ է շնորհվել.

- տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Գևորգ Բաղդասարյանին և Մարինե Միկիլյանին' «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում և թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար,

- գրականության բնագավառում՝ Ղուկաս Սիրունյանին՝ «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

- արվեստի բնագավառում՝ Ռիմա Նանյանին՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար, Լևոն Պողոսյանին՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար,

- գրականության բնագավառում՝ Արմեն Սարգսյանին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար, Արամ Մամիկոնյանին՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

- «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին և Մարիաննա Մարտիրոսյանին,

- «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ռոման Նամալյանին (դաշնամուր) և Արսեն Զաքարյանին (կլարնետ):

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2017թթ.) 348 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter