Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Բեռլինի մետրոյում՝ Կաֆկայի Կ․-ի պես. զրույց դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հետ



Բեռլինի մետրոյում՝ Կաֆկայի Կ․-ի պես. զրույց դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հետ

Կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հետ տարիներ շարունակ զրուցել եմ տարբեր թեմաների շուրջԱլեքսանդրի դեպքում հաճախ նորից ես բացահայտում, թե ինչու են կարեւորվում պտույտները, ինչու մասշտաբներն ու ընկալումները կարող են դառնալ ամիսներ շարունակ տեւող նյութի աղբյուր, երբ թվում է՝ ստեղծողի խնդիրը ամենեւին էլ դա չէ։

Իր դեպքում էլ ավելի յուրահատուկ է այն, որ Երեւանի կոնսերվատորիայում կրթություն ստանալուց ու երաժշտական գործունեության մի հետաքրքիր շրջան անցնելուց հետո Իրադյանը հայտնվեց Բելգիայում՝ դարձավ Թագավորական կոնսերվատորիայի ուսանող, իսկ հետո այդտեղ էլ անհանգստությունները տեղի տվեցին։

2016թ ամռանը միասին նստած էինք Երեւանի սրճարաններից մեկում, ասաց, որ կրթությունը Բելգիայում կիսատ թողնելու ու Բեռլին տեղափոխվելու մասին է մտածում։ Ես ասացի, որ առնվազն անմտություն է, քանի որ գերմաներեն չգիտի, բացի դա` Եվրոպան Եվրոպա է, էլի։ Նայեց ինձ, լայն ճակատին մի կերպ մի երկու կնճիռ իջեցրեց ու ասաց՝ չէ, որոշել եմ գնալ Բեռլինի Բարձրագույն արվեստների համալասարան (UDK)։

Գերմանական կայուն պատը դիմավորում է նրան մի քանի զիջումներով։ Իրադյանն ընդունվում է իր նախանշած համալսարանը՝ չունենալով գերմաներենի վկայական, անցնելով մրցութային մի մեծ փուլ: Հարյուրավոր դիմորդներից միայն երկուսին՝ իրեն եւ ազգությամբ չինացի մի դիրիժորի է հաջողվում դառնալ համալսարանի ուսանող։ Հիմա Ալեքսանդրի հետ զրուցում եմ հեռավորության վրա. բալետի պրեմիերայի է պատրաստվում։

Բելգիայից Գերմանիա տեղափոխվելու մասին երբ զրուցում էինք Երեւանում, իսկապես հավատս չէր գալիս, որ նման բան հնարավոր է։ Ասացիր ու արեցիր, բայց պատճառների մասին հիմա ավելի հստակ կխոսե՞ս։

Ինձ թվում է՝ շատ ինդիվիդուալ հարց է՝ յուրաքանչյուրի ձգտումների ու նշաձողի հարցը․ ես ձգտում եմ ավելիին։ Ավելի պարզ եթե ասեմ, Բելգիայում ես ճահճացման փուլում հայտնվեցի ու հասկացա, որ ոչ մի տեղ չեմ շարժվում։ Ես գտնվում էի Եվրոպայի կենտրոնում, դրա մասին խոսել ենք, դու ինքդ տեսել ես, բայց, ցավոք, Թագավորական կոնսերվատորիան երեւաց ինձ այնպիսին, ինչպիսին ես չէի ուզի տեսնել։ Պարզ լեզվով՝ «հոգատարության» խնդիր կա․ այնպիսի մի հոգատարության, որի մեջ դու իսկապես «դառնալու», «զարգանալու» միտում ունես։ Բելգիայում երաժշտական իմ գործունեության տեսանկյունից խոչընդոտներ էին ստեղծվում պարզ մի պատճառով՝ նրանց մշակութային կամ երաժշտական «պատասխանատու» հանրույթը ոչ մի կերպ աջակցություն ցուցաբերելու ցանկություն չուներ։ Վերջին անգամ, երբ կոնսերվատորիայի վերնախավից մի նախագծի շուրջ մերժում ստացա, որոշեցի, որ վերջ, այստեղ ես այլեւս ինձ ուսանող չեմ պատկերացնում։

Այսինքն, նախեւառաջ միջավա՞յրը քեզ դրդեց կամ ուղղորդեց դեպի այլ երկիր։

Հա, էդպես է, ես մենակ էի։ Այս մենակությունը եթե միայն ֆիզիկական լիներ, գուցե խնդիրներ չառաջացներ, բայց ես սովոր եմ կամ, կարելի է ասել, այդպիսի ներքին մղում ունեմ, որ լավ գաղափարի շուրջ մարդիկ պետք է հավաքվեն, պետք է ոգեւորվեն։ Մեծ աշխարհի «մեծ» քաղաքականությունը պիտի չփչացնի երիտասարդների երազանքը։

Իրականում նեղ մասնագիտական հարց էլ կա՝ դիրիժորը միայնակ կծիկ է․ նա գալիս է իր պարտիտուրայով, որի վրա այդքան աշխատել է, անցկացնում է փորձը, նորից փակում պարտիտուրան ու հյուրանոցի իր համարում նորից մենակ մնում։ Այս երկուսի առկայությունից ես խիստ փակվեցի, հասկացա, որ պետք է ինձ համար նոր ափեր որոնեմ։

Ե՞վ․․․

Եվ եղավ այն, որ մի քանի հարյուր դիմորդներից ընտրվեցի ես՝ որպես ուսանող Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում։  Ինչու՞ եմ սա հատկապես նշում, որովհետեւ այս համալսարանին բնորոշ է նման ընտրություն կատարելու պատասխանատվությունը։ Նրանք կարող էին հարյուրավոր դիմորդներից ընտրել, ասենք, տասին կամ քսանին, բայց բավարարվում են մեկով կամ երկուսով։ Պատճառն այն է, որ այդ մեկի կամ երկուսի համար է, որ կարող են կատարյալին մոտ կրթություն ու միջավայր ապահովել։ Լավագույն օրինակն այդ առումով մեր կրթական համակարգի կառուցվածքն է։ Տես՝ ես ունեմ պրոֆեսոր՝ Սթիվեն Սլոանը, ով էլ ունի ասիստենտ՝ Հարրի Քուրթիս անունով. այս ասիստենտը մեզ վերաբերվում է ծնողի պես,մեր խնդիրն իր խնդիրն է, մեր օրն իր օրն է։ Ու դա շքեղ առավելություն է։

Ես գտա մի հաստատություն, որտեղ առաջին դասի դիրիժորներ են պատրաստում։ Նման կրթություն իսկապես դժվար այլ տեղ ստանաս։ Շատ թանկ կրթություն բոլոր իմաստներով․ չեմ կարող ասել, թե հստակ որքան գումար է ծախսվում տարեկան երկու այսպիսի դիրիժորի կրթության համար, բայց ներդրումը բավականին մեծ է։ Շաբաթական մեկ կամ երկու օր մենք ունենք ինտենսիվ օրկեստրի կուրս, այսինքն` վճարվում է մի ամբողջ օրկեստր ու միայն քեզ համար, որպեսզի դու կարողանաս ղեկավարել նոր մի գործ, որն այդ շաբաթվա քո հանձնարարությունն է եղել: Բելգիայում երկու տարվա ընթացքում ես ղեկավարեցի 4 նախագիծ, իսկ Բեռլինում կես տարվա ընթացքում` 17-ը։

Հիշու՞մ ես՝ ասում էիր, որ Եվրոպա տեղափոխվելուց հետո սուր զգացողություն ունես, որն «արվեստի ինքնասպանություն» էիր անվանում ու ասում էիր նաեւ՝ եթե դրա կողքին դնես հավասարման նշան, ապա դա նույն կապիտալիզմն է։

Հիմա առավել ընդգծված կարող եմ խոսել դրա մասին, որովհետեւ օր-օրի տեսնում, զգում, հիմա նաեւ` իսկապես սուր ձեւով գիտակցում եմ, թե կոմերցիան ու «պիտակավորված» համագործակցություններն ուր են տանում։ Մաքուր արվեստի ու արվեստագիտական միջավայրի խնդիրը նույնիսկ դուրս է մնում օրակարգից։ Ցավոք, երբ երաժշտին, նկարչին ուզում ես համագործակցության առաջարկ անել, նա նախեւառաջ հարցնում է՝ որքա՞ն է վճարվելու, առանց լսելու գաղափարի բուն իմաստի կամ իրականացման հնարավորությունների մասին։

Այս վիճակն ինձ շատ է վախեցնում։ Ամեն օր կաշվիս վրա զգում եմ, թե ինչպես կարելի է գնել ու վաճառել գաղափարը ճիշտ պանիր գնելու պես. այն արժե 20 եվրո, ունե՞ս այդքան, քոնն է, չէ՝ « հարգալից ցտեսություն ու մինչ հանդիպում»։ 

Բայց երաժշտական աշխարհում էլ յուրաքանչյուր կայացած, հրավիրյալ երաժիշտ, դիրիժոր կամ այլ մեկը, ով կապ ունի այս աշխարհի հետ, իր հստակ թվաբանությունն ունի՝ այսպես ասած «շուկայական» մի գին, որը սահմանել է ինքը կամ իր գործակալը։

Հա, ես էլ ունեմ այդպիսի սահմանումներ․․․

Այդ դեպքում ինչի՞ց ես դու այդքան վախենում ու նեղսրտում, իրականում ամեն մեկին է պատահում, եւ նորություն չէ․․․ Դատելով Գերմանիայում կրթությանդ որակից ու քո ծանրաբեռնվածությունից՝ կարող եմ ասել, որ հենց այդ հաստատությունն արդեն քեզ համար «գին» է սահմանում, այն էլ` բավականին բարձր։

Հասկանում եմ՝ ինչ ես ասում, բայց իմ ասածը մի քիչ այլ է։ Պրոֆեսիոնալ մակարդակում ամեն բան իրապես ունի արժեք։ Այդ արժեքի որոշումն էլ կարեւոր է եւ մրցակցային։ Բայց եթե դու իրապես արվեստի կրողն ես, չես դարձել տեխնիկական կամ քաղաքական նմուշ, որը կատարում է, ստանում է, մեկնում է, ուրեմն դեռ կարող ես վերլուծել, դեռ կարող ես հավատալ, որ կան գաղափարներ ու անելիքներ, որոնք իրենք արդեն իսկ արժեք են, ու դրանց հետ կապված չես կարող «շուկայական» տրամադրությունների մեջ լինել։

Իմ պրոֆեսորն ասում է՝ գոյություն ունի առաջարկն ընդունելու ոսկե եռանկյունի, որի ամեն մի անկյունը մի իմաստ ունի. մեկը՝ ֆինանսական, մյուսը՝ կարիերայի առաջընթացի, երրորդը՝ էսթետիկայի առումով։ Եթե երեքից գոնե երկուսը կան, դու պետք է համաձայնվես այդ առաջարկին։ Հայաստանում, օրինակ, գրեթե միշտ ֆինանսական անկյունը բացակայում է,  բայց կարիերայի առումով շատ, թե քիչ ինչ-որ բան տալիս է, իսկ այ էսթետիկ առումով հենց այն տեղն է, որտեղ պետք է։ Ես դրանում համոզվեցի, երբ բալետ բեմադրեցինք Ազգային ակադեմիական թատրոնում։ 

Ի՞նչ այլ անհանգտություններ ունես  այդտեղ՝ Գերմանիայում։

Ամեն տեղ ունեմ ժամանակ կորցնելու անհանգստությունը։ Կես տարի է՝ այստեղ եմ, թվում է՝ երեկ եմ եկել։ Հասկանում եմ, իհարկե, ինչքան բան եմ ձեռք բերել, բայց միեւնույն ժամանակ չեմ կարողանում ինձ ժամանակից առանձնացնել։ Հաճախ մտածում եմ արդարության մասին․ ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ եւ կարելի է ասել՝ ամեն տեղ, որտեղ կլինեմ, արդարության մասին մտածելու առիթ ունենում եմ։ Դե միայնության մասին էլ ինչ-որ չափով արդեն խոսեցինք։

Պատկերացնու՞մ ես քեզ որպես գործող դիրիժոր Գերմանիայում։

Անպայման։ Հայաստանի մասշտաբների ու շատ այլ հարցերի հետ կապված անհանգստություններս դեռ երկար ժամանակ ինձ համար ճանապարհորդությունների առիթ կլինեն։ Հիմա այստեղ ինձ զգում եմ իսկական տեղում ու նաեւ հասկանում եմ, որ միջավայրն իմ պահանջն ունի։ Հարցը միայն մասշտաբը չէ, բայց չեմ ուզում մանրամասնել հայաստանյան իրականության այն կողմերը, որոնք ուղղակի նորից կապիտալիզմի, ֆինանսների, ամբիցիայի ու նման բաների հետեւանք են։

Չեմ ասում՝  այստեղ կախարդական փայտիկի միջոցով ամեն բան կարող ես ունենալ, բայց  այն, ինչ առաջարկվում է, քննարկվում է, հաճախ` իրագործվում։ Նման դեպքում է, որ հասկանում ես ակադեմիա ասածի իրական կողմը, զգում ես, որ արժեքավոր մի տեղում ես, որտեղից չես կարող արդեն այդպես չդարձած դուրս գալ։ Դրա համար ես գնահատում եմ այստեղ լինելը։

Խոսենք «Վերջին գիշերը» բալետից, որի պրեմիերան նախատեսված է հունիսի 26-ին։ Ինչու՞ ընտրվեց  1917թպատմական այդ գիշերը, երբ ռուս կայսր Նիկոլայ Ռոմանովի ընտանիքը տագնապով սպասում է իր ճակատագրի որոշմանը։

Թեմայի ընտրությունն իմը չէր․ առաջարկ էի ստացել ռուսական մի օպերային թատրոնից` նոր բալետ գրելու։ Սկսեցի աշխատել գաղափարի վրա ու այնքան ոգեշնչվեցի պատմական այս «գիշերվա» իրադարձություններից, որ բալետի կոնցեպտ սկսեցի մշակել։

Համագործակցությունը, ցավոք, չստացվեց, իսկ գաղափարն ինձ շարունակեց հանգիստ չտալ։ Արդեն ունենալով ստեղծագործական ազատություն՝ համակցեցի եւս մեկ թեմա, որը պատմում է 1943թ․ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում գտնվող մի ընտանիքի մասին․ նրանք էլ են սպասում ճակատագրական վճռի կայացմանը։ Բալետի հիմքում հենց այս «սպասման» եւ մշտապես ուղեկցող «հույսի» գիծն է։

Ինչո՞վ էր պայմանավորված այս ընտանիքի «սպասման» ներառումը։

Տոտալիտար իշխանությունը, որը կարող է սպանել մարդկանց եւ նրանց երազանքները, պետք է տարիներ անց լինի պատմական այն օրինակը, որի կրկնությունից նոր իշխանությունները պետք է խուսափեն։ Գուցե ծրագրված ոճիրներն այլեւս այդքան ակնառու չեն թվում մեր աչքին, գուցե ունեն այլ համատեքստ, այլ մեթոդներ, բայց մարդկային էմոցիաներն ու սպասման այդ սարսափը շարունակում է նույն կերպ դրսեւորվել։

Մեկ-մեկ տեսնում եմ, թե ինչպես մարդն ինքնահաստատվելու համար ուրիշին է խեղդում ու ճզմում։ Սա ինձ համար մեծ ողբերգություն է։ էքստերիերի հաշվին մարդիկ, ցավոք, թաքցնում են իրենց «որբ» ինտերիերը։ Բախումները, որոնք առաջանում են մարդկության մեջ, հիմնականում այդ դատարկության կամ չարության հետեւանք են։ Այս ատելության հետ երբեք համակերպվել չեմ կարող։

Պրեմիերան, եթե ճիշտ հասկացա, վերաբերում է ոչ թե բալետային ներկայացմանը, այլ երաժշտությանը։

Այո, հունիսի 26-ին UDK-ի դահլիճում 17 րոպե տեւողությամբ բալետային սուիտի պրեմիերան է, բացի նվագախմբից` ներառված է նաեւ երգչախումբ, որի ձայնագրությունն արդեն արել ենք եւ հրաշալի է ստացվել։ Սա առաջին քայլն է, որից հետո ինձ թվում է՝ կսկսեմ բալետային ներկայացման մասին մտածել։

Հետաքրքիր է, թե նման պատմական շերտեր պարունակող երաժշտությունն ինչպես կընդունվի գերմանացի հանդիսատեսի կողմից։

Եթե նոտաները վերածես բառերի ու տառերի, ինֆորմացիա կստանաս, որի մի մասը թաքնված է այնպես, որ դժվար որեւէ մեկը կռահի։ Կա շատ ռիսկային ինֆորմացիա, որը պատմաքաղաքական բնույթ ունի։ Հեղափոխության մասին չես կարող գրել, եթե չես մտել այդ շերտերի մեջ․ մենք հաճախ գիտենք պատմական ակտի վերջավորությունն ու հետեւանքները, տուժածներին ու մասնակիցներին, բայց հնարավորինս թաքնված են իրական մոտիվն ու հիմքը։ Այս բալետը ապակոդավորելու համար իրականում մեծ աշխատանք է պետք, բայց նպատակն, իհարկե, դա չի. ես արդեն ստացել եմ այն այնպես, ինչպես պատկերացնում էի։ Հանդիսատեսը պետք է զգա, թե որքան սարսափելի է, երբ ոճիրը կրկնվելու հավանականություն ունի։

Մեզ համար եղած պատմությունն արդեն ողբերգություն չի, քանի դեռ մեզ նույնը չի պատահել։ Այսինքն` ոճիրն է, որ ավելի է կատարելագործվում, ոչ թե մարդկությունը, որն արդեն գիտի՝ նման բան եղել է։ Դրա հիմքի վրա գրված երաժշտությունը չի կարող պարզ ու պրիմիտիվ լինել։

Հիշու՞մ ես վերջին անգամ, երբ Երեւանում էիր, ասացիր, որ այդպես էլ Կաֆկայի «Դատավարություն»-ից շշմած ես մնացել, որովհետեւ չհասկացար, թե ինչ տեղի ունեցավ․․․

Հա, իհարկե, հիշում եմ․․․Չեմ դադարել մտածել դրա մասին։ Հիմա Բեռլինի մետրոյում ինձ զգում եմ Կաֆկայի Կ․-ի պես։ Դատապարտված լինելն ի սկզբանե տրված բան է․ հարց է, թե ինչպես ես շրջանցում աբսուրդը, որի մեջ կաս ամեն օր։ Կամ` կարո՞ղ ես արդյոք շրջանցել առանց տանուլ տալու քեզ ու քո արժեքները։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ