HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավարտական դաս» Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցում

Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8  ավագ դպրոցի 24 շրջանավարտներ այսօր հրաժեշտ տվեցին դպրոցին: Տնօրեն Անուշ Ավագյանը  հայտնեց, որ ավագ դպրոցում սովորում է 197 աշակերտ: Նրանցից 7-ը ներառական կրթությամբ սովորողներ են: «Ունենք շատ լավ աշակերտներ և մանկավարժական որակյալ կազմ: Այս տարի ընդամենը մեկ դասարան ենք ունեցել կոմպլեկտավորված: Հաջորդ տարվանից 2-ական դասարաններով բարձրանում են»,-բացատրեց տնօրենը: Վերջինիս խոսքով` այս տարվա շրջանավարտները սովորել են  բնագիտամաթեմատիկական հոսքով:

Թեև ավագ դպրոցը մեդալակիր աշակերտ չունի, բայց, տնօրենի ասելով, բարձր առաջադիմությամբ շատ աշակերտներ ունեն: «Մենք «Ավարտական  դաս» վերջին միջոցառումը կազմակերպել ենք կրթության և գիտության նախարարի հրահանգին համապատասխան՝ դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Մեզ մոտ  բացառված է պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում, անհարկի ծախսերի որևէ պարտադրանք»,- վստահեցրեց Անուշ Ավագյանը:

Դպրոցին հարող հրապարակում «Ավարտական դասից» առաջ կանգնած էին  տոնականորեն զարդարված ավտոմեքենաներ: «Նախարարի հանձնարարականի մեջ հստակ նշված չէ, որ «Ավարտական դասից» հետո շրջանավարտների երթն արգելված է: Դպրոց են եկել  ճանապարհային ոստիկաններ և սահմանված կարգով երթևեկության կանոններին ծանոթացրել են ծնողներին և աշակերտներին: Ծնողները կնստեն ավտոմեքենաների ղեկին: Ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ դպրոցի 24 շրջանավարտները կմեկնեն Հաղպատ՝ մոմավառության: Դրանից հետո նրանք կգնան իրենց տները»,- ասաց Անուշ Ավագյանը:

Շրջանավարտները հրաժեշտին սրտառուչ խոսքեր ուղղեցին ուսուցիչներին: Հիշեցին իրենց ուսումնառության 12 տարիների ուրախ և զավեշտալի միջադեպերը: Անուն առ անուն բարձրաձայնեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները այս պահին հսկող դպրոցի շրջանավարտ 34 զինվորների անունները և շնորհակալություն հայտնեցին նրանց՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելու: Շրջանավարտներին իրենց պատգամներն ու ջերմ մաղթանքները հայտնեցին դպրոցի աշակերտական խորհրդի անդամները: Դասղեկ Անուշ Ռամազյանը, ծնող Վարուժան Վարդումյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Կարինե Մաշինյանը և դպրոցի կազմակերպիչ Էմմա Մաշինյանը բարի ճանապարհ մաղթեցին շրջանավարտներին: «Սիրելի շրջանավարտներ, խորհուրդ կտամ կյանք մտնելով չխաթարեք Ձեր դիմագիծը և ամեն ինչ անեք մեր ազգի ու ժողովրդի համար»,-ասաց ծնող Վարուժան Վարդումյանը: Թումանյանի ոստիկանության բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Նարեկ Սիրադեղյանը շնորհավորեց խորհրդանշական՝ «Գիտելիքը մարդուն կշիռ է տալիս, իսկ լավ արարքը` փայլ» ցուցանակով: Նարեկ Սիրադեղյանն ակնկալեց, որ տնօրեն Ա. Ավագյանն իր նվիրած ցուցանակը կփակցնի դպրոցի միջանցքում ՝աշակերտներին տեսանելի տեղում:

Աշխորհրդի նախագահ Վառլեն Ալավերդյանը շրջանավարտներին շնորհավորեց մեծ կյանք մտնելու կապակցությամբ. «Նշեմ, որ մեր շրջանավարտների դասարանը ակտիվ մասնակցել է դպրոցի արտադասարանական կյանքին: Ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ: Վառլեն Ալավերդյանը նշեց շրջանավարտների հանրապետական հնչեղություն ստացած ձեռքբերումները: Ամերիկացի գրող Պալացիոյի «Հրաշքը» գրքի հանրապետական քննարկմանը 1-ին տեղն է գրավել Սուրեն Սիմոնյանը: Հաջողություններ են ունեցել Աննա Գևորգյանը, Սեդա Հակոբյանը, Վասպուր Վարդույանը, Սոսաննա Դավթյանը և Ամալյա Մանյանը: Ամերիկյան Ջինիշյանի հիմնադրամի կողմից «Երիտասարդությունը` ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում բանավեճի մրցույթում հանրապետական ճանաչում ունեցավ Սուրեն Սիմոնյանը: Քաղաքային մրցույթներում հաղթող ճանաչվեցին Մերի Ջիլավյանը, Քրիստինե Մելքումյանը, Ամալյա Մանյանը, Վահե Մաթևոսյանը և Սեդա Հակոբյանը»:

Շրջանավարտ Վասպուր Վարդումյանը «Հետքին» հայտնեց, որ  ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը և պատրաստվում է ընդունվել ճարտարապետական ինստիտուտ. «Կընդունվեմ ինստիտուտ, հետո կմեկնեմ բանակ: Հայրենիքիս ծառայելուց հետո կվերադառնամ ուսումս շարունակելու»,-ասաց նա:

Մերի Ջիլավյանն ասաց, որ իր տարերքը օտար լեզուներն են. «Կմասնագիտանամ օտար լեզուների մեջ: Ընտրել եմ նաև տուրիզմի ոլորտը: Շատ եմ սիրում ճանապարհորդել, երազում եմ բոլոր գեղեցիկ երկրներում լինել և ինձ համար բացահայտել աշխարհը»: Աննա Գևորգյանը որոշել է ընդունվել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Սուրեն Սիմոնյանը նախընտրել է սովորել պետհամալսարանի «Կառավարում» ֆակուլտետում: Համալսարան ընդունվելուց հետո Սուրենը կմեկնի բանակ՝ հայրենիքին ծառայելու:

«Ես խոհարարի մասնագիտություն եմ ընտրել, սովորելու եմ Երևանի խոհարարական պետական քոլեջում»,-ասաց Արթուր Սիմոնյանը, ով նույնպես զինակոչիկ է: «Գնում ենք և խոստանում, որ հասնելու ենք մեր նպատակներին»,-հրաժեշտին վստահեցրին շրջանավարտները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter