HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենադարձները` քաղաքական բռնությունների թիրախ

Անուշ Գասպարյան

Տեղացիների համար բռնաճնշումները, կարելի է ասել, սովորական երեւույթ էին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դրանց՝ բանտարկություն, աքսոր, գնդակահարություն, զոհ էին դարձել հազարավոր հայեր։ Հայաստանի նոր քաղաքացիների՝ հայրենադարձների համար, դա անսպասելի եւ անբացատրելի էր։

Նրանք կարծում էին, որ Հայաստան գալով՝ գտնում են ամենաապահով հանգրվանը, բայց շուտով պարզ դարձավ, որ իրենց հետ, հաճախ նաեւ՝ իրենցից առաջ Հայաստան էին հասել անցյալում կատարած «հանցանքների» ու գործած «մեղքերի» մասին տեղեկությունները։

ԱՆԱՀԻՏ ՊՈՂԻԿՅԱՆ

Ներգաղթել է Սիրիայից, 1946-ին / Ապրում է Երեւանում

Ովքեր Դաշնակցության անդամ էին, մինչև Հայաստան գալը նրանց ասել էին՝ եթե հրաժարվեք կուսակցությունից, Հայաստանում ձեզ ոչ մի նեղություն չեն տա: Եվ շատ ընտանիքներ կային, որոնք էդպես էլ արեցին, բայց 1949-ին նրանց հավաքեցին, աքսորեցին:

1946-52 թվականներին բռնաճնշումների են ենթարկվել ավելի քան 800 հայրենադարձներ։ Նրանց հիմնականում ներկայացվում էին հետեւյալ մեղադրանքները.

- համագործակցություն եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների հետ,

- ծառայություն եվրոպական երկրների (մասնավորապես՝ Անգլիա, Ֆրանսիա) բանակներում,

- հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա,

- անդամակցություն Հայ Հեղափոխական դաշնակցությանը եւ մյուս բուրժուաազգայնական կուսակցություններին (ըստ հայեցողության՝ այդպիսին էին համարվում նաեւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար-ազատական կուսակցությունները, որոնք աջակցել էին Հայրենադարձությանը)։

Մեղադրանքները հաճախ հիմնված էին լինում ենթադրությունների, կռահումների, տեղական կամ արտասահմանյան, այսպես կոչված՝ «աղբյուրների» տրամադրած տեղեկությունների վրա եւ որակվում էին որպես հայրենիքի դավաճանություն։

ԻՇԽԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ներգաղթել է Լիբանանից, 1947-ին / Մահացել է Վանաձորում, 2016

Հերս որպես ֆիդայի կռվել է: Անգրագետ մարդ էր, տառ չգիտեր, բայց՝ պարսկերեն, ասորերեն, արաբերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն խոսում էր: Բոյով, թափով մարդ էր… Կարծեմ 1949 թվին էր, մենք արդեն էստեղ՝ Կիրովականում (Վանաձոր) էինք ապրում, երբ սկսեցին ներգաղթածներին աքսորել: Եթե մենք մնացած լինեինք Լենինականում (Գյումրի) կամ Երեւանում, մեզ անպայման կաքսորեին: Էստեղ քիչ մարդ գիտեր, որ հերս ֆիդայի է եղած, էլի։ 

Պետական անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում հայրենադարձները հիմնականում հայտնվում էին ազատ արտահայտվելու եւ բացխոսության պատճառով։ Բավական էր դժգոհություն հայտնեին տիրող իրավիճակից կամ համեմատեին սովետական իրականությունը բնակության նախորդ երկրի կյանքի հետ, լուրը տեղ էր հասնում եւ իրավակարգի պահապաններն անմիջապես անցնում էին գործի։ 

Ինչպես տեղեկանում ենք բռնադատված հայրենադարձների հուշերից կամ բանավոր վկայություններից՝ առաջին հերթին նրանց առաջարկվում էր համագործակցել պետական անվտանգության մարմինների հետ եւ տեղեկություններ հաղորդել շրջապատում (հիմնականում՝ հայրենադարձների) տիրող տրամադրությունների, դժգոհության, արտահայտված մտքերի մասին։ Համաձայնելով այդ առաջարկին՝ տեսադաշտում հայտնված հայրենադարձը կարող էր խուսափել պատժից, թեեւ որոշ դեպքերում անգամ այդ գնով չէր խուսափում։ Չհամաձայնելու դեպքում նա մեղադրվում էր ոչ միայն դժգոհության, ասած խոսքերի համար, այլեւ շատ ավելի լուրջ հանցանքների, որոնք ընդհանրացված կերպով նշված են վերեւում։

ՀԱԿՈԲ ՄՈՒՇՈՅԱՆ

Ներգաղթել է Լիբանանից, 1946-ին / Ապրում է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ)

Միշտ վախ կար, որ հայրենադարձների մեջ դավաճաններ՝ շպիոններ կան, և սկսեց համատարած անվստահությունը հայրենադարձների նկատմամբ: Մենք կարծում էինք՝ Հայաստանի կառավարությունից է գալիս, բայց երբ տարիներ անցան, հասկացանք, որ դա Մոսկվայից պարտադրված հանձնարարություններ էին:

1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը եղավ ամենանսպասելին։ Թե տեղացիների, որոնք անցել էին ստալինյան դժոխքի պարունակներով, եւ թե հայրենադարձների համար, որ դժվարությամբ վարժվում էին տոտալիտար համակարգի քմահաճույքներին, այդ գիշերն անակնկալ էր։

Սա հայերի զանգվածային արտաքսման առաջին դեպքն էր, որը, սակայն, չուներ էթնիկ դրդապատճառներ։ Ինչպես տեսնում ենք պատմական փաստաթղթերում, հայ աքսորյալների կոնտինգենտը կրում էր «Դաշնակներ» հատուկ անունը եւ ուներ երեք ենթախումբ.

- Հայ հեղափոխական դաշնակցության հետ երբեւէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցած հայաստանցիներ, 

- պատերազմում գերի ընկած կամ հայկական լեգեոնում ծառայած զինվորականներ,

- հայրենադարձներ։

Այդ գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ), որի շուրջ 10 տոկոսը՝ 1.578 հոգի, հայրենադարձներ էին։

ԱԼԵՆ ՓԻՐՅԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին / Ապրում է Մարսելում

Ես հինգ տարեկան էի։ Խաղում էի եւ չէի զգում, բայց ծնողներիս համար, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակ էր։ Տասնյոթ օր տեւեց մեր ճամփորդությունը։ Հասանք մի տեղ, նորից գռուզավիկի մեջ դրեցին ու տարան, իջեցրին հսկայական անտառի մեջ, որտեղ չորս-հինգ բարաք կար։ Մեզ թափեցին մեջը։ Բարաք եմ ասում՝ երկար շենք է էսպես, մեջտեղը կարիդոր (միջանցք) ու սենյակներ։ Ամեն ընտանիք իր սենյակը ուներ։ Սենյակի մեջտեղը աղյուսից ռուսական փեջ (վառարան) կար։

Ի տարբերություն անհատների, որոնք դատապարտվում եւ ազատազրկվում էին դատարանի, զինվորական տրիբունալի կամ ՊԱՆ (պետանվտանգության նախարարություն) հատուկ խորհրդակցության մարմնի որոշմամբ, աքսորյալները չունեին անձնական գործ՝ հետաքննության նյութերով, հենց իրենց՝ աքսորյալների եւ վկաների հարցաքննություններով, իրեղեն կամ այլ ապացույցներով։

Մարդիկ աքսորվեցին, գնացքի բեռնատար վագոններով մոտ երկու շաբաթ ճանապարհ անցան, տեղավորվեցին Ալթայի երկրամասի անտառային տնտեսություններում եւ սովխոզներում՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։ Զանգվածային տեղահանությունն օրինականացվեց ավելի ուշ՝ 1949 նոյեմբեր-1950 հունիս ամիսներին։ Աքսորված ընտանիքի ավագի (կամ ընտանիքի այն անդամի, ով աքսորի պատճառն էր) անունով ԽՍՀՄ ՊԱՆ առընթեր հատուկ խորհրդակցությունը կազմում էր հիմք համարվող փաստաթղթեր։

ՍՏԵՓԱՆ ՎԵՐԱՆՅԱՆ

Ընտանիքը ներգաղթել է Հունաստանից, 1947-ին / Ապրում է Երեւանում

Տայգայում իրեն տանում էին հարցաքննության, փորձում ինչ-որ խոստովանություններ կորզել։ Պապայի մեջքի վրա սպիներ կային՝ դանակի հետքեր, ըստ երևույթին, խոշտանգումների էին ենթարկում, որ ինչ-որ թղթեր ստորագրի, թե ինքը գործակալ է եղել:

Դրանց մասին աքսորականները տեղեկացան իրենց բնակության նոր վայերերի պարետատներում (կոմենդատուրա), որտեղ էլ հայտնեցին, որ աքսորն անվերադարձ է, ցմահ եւ զգուշացրեցին ինքնակամ չլքել բնակավայրը՝ հակառակ դեպքում սպառնալով 20 տարվա բանտարկությամբ կամ տաժանակիր աշխատանքով։ Աքսորականը պարտավոր էր շաբաթը մեկ անգամ ներկայանալ պարետատուն եւ ստորագրել՝ հավաստելով իր ներկայությունը ճիշտ տեղում։

Գեւօղլանյան ընտանիքը Սիբիրում, 1955

ԽՍՀՄ ՊԱՆ առընթեր հատուկ խորհրդակցության փաստաթղթերին ծանոթանալուց հետո աքսորականները սկսեցին նամակներ գրել բարձր ղեկավարությանը՝ Ստալինին, Բերիային, Մալենկովին, Միկոյանին, Վորոշիլովին, ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Գրիգոր Հարությունյանին եւ այլոց։ Այդ նամակներում նրանք խնդրում էին բացատրել իրենց մեղքն ու հանցանքը, պատմում էին իրենց կենսագրությունները եւ առաջարկում այս կամ այն մարդուն հարցաքննելու միջոցով պարզել իրենց անմեղությունը, նկարագրում էին աքսորավայրի կյանքի պայմանները, որոնք, մեղմ ասած, հեռու էին տանելի լինելուց։

Շատ հազվադեպ այս խնդրանքները կամ բողոքները բավարարվում էին, եւ ընտանիքն ազատվում էր աքսորից։ Ավելի հաճախ նրանք ստանում էին շաբլոն պատասխաններ. «Ձեր հարցը վերանայման ենթակա չէ»։

Դժվար է պատկերացնել՝ ինչպիսին կլիներ տարաբախտ այդ մարդկանց ճակատագիրը, եթե 1953 թվականի մարտի 5-ին չմահանար Ստալինը եւ դրանից հետո չփոխվեր երկրի ներքին քաղաքականությունը։ Ստալինի մահից հետո գրված նամակներին իշխանությունները սկսեցին հուսադրիչ պատասխաններ տալ. «Ձեր հարցը վերանայվում է»։

ՀԱԿՈԲ ՖԻԼՅԱՆ

Ներգաղթել է ԱՄՆ-ից, 1949-ին / Ապրում է Փարիզում

Ստալինը որ մահացավ, դպրոցում էինք, դիրեկտոր Սյուզան Հարությունյանը լաց լինելով հայտնեց մեզ, որ հայր Ստալինը մահացել է։ Սեւ ժապավեններ բերեցին Ստալինի նկարով, կպցրեցին մեր կրծքերին, իբրեւ Ստալինին շատ ենք սիրում. մի ամիս չանցավ, սկսեցին Ստալինին քննադատելը... Բայց դրանից հետո մի քիչ ազատություն եղավ, արդեն ավելի ազատ էին արտահայտվում, եւ կյանքը սկսեց փոխվել։ Որ հայրս վերադարձավ, ես տանն էի, վազեցի դպրոց, եղբայրս դասի էր, ասի՝ հայրիկին ազատել են, շուտ տուն արի։ Ո՛չ դասատուներին հարցրեց, ո՛չ բան, միանգամից դասարանից դուրս եկավ։

Ստալինի մահից հետո կատարված վերաքննություններից հաճախ պարզվում էր, որ փաստերը բավարար չափով ուսումնասիրված չեն եղել, «աղբյուրների» տեղեկություններն ըստ պատշաճի չեն ստուգվել, մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չեն առնվել եւ այլն։ Այս հակասությունից ակնհայտ է դառնում, որ խոստովանությունները ստացվում էին ֆիզիկական եւ հոգեկան ճնշման արդյունքում, իսկ վկաների ցուցմունքները՝ վախի մթնոլորտում։ 

լուսանկարում` Ալթայի երկրամաս, Տյագուն, 2016։ Ոչինչ չի փոխվել բացի կապի միջոցներից։


Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանություններ (1)

Peter
The above article reads like a high school social studies report. No context, either political or economic. And the cultural references regarding the repats are anecdotal at best. Markar, why can't you admit that the USSR made its share of mistakes as well? Your arguments would ring that much more convincing.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter