Իսկ մայրը՝ Լյուբան, սպասում է որդու վերադարձին
«Ասի Հրա՛չ, ուրիշները երկրից փախչում են, արի քեզ հիվանդ ձևակերպենք, տղաս, արձակուրդից էլ մի գնա զորամաս: Ասաց՝ մամ, ի՞նչ ես խոսում, էտենց բան հնարավոր չի: Պետք է գնամ պաշտպանեմ հայրենիքս, պետք է գնամ կռվեմ, ընկերներս սպասում են։ Էդպես էլ արեց, նորից գնաց զորամաս, չմնաց»,- պատմեց անհետ կորած Հրաչյա Սարյանի մայրը՝ Լյուբա Մազիրովան:
Լյուբան ազգությամբ ռուս է: Նա Խարկովում է 1973թ.-ին հանդիպել օձնեցի Իսմայիլ Սարյանին, ամուսնացել և հարս է եկել Օձուն։ 1974թ.-ին ծնվել է առաջնեկը՝ Հրաչյան:
Լյուբայի խոսքով՝ Ղարաբաղի պատերազմում Հորադիզի պաշտպանության առաջնագծում 1994թ.-ի ապրիլի 20-ին անհայտ կորած 8 զինվորներից մեկն է որդին՝ Հրաչյա Սարյանը: Պաշտպանության նախարարության 2001թ.-ի մարտի 2-ի տեղեկանքի համաձայն՝ Հրաչյա Սարյանն անհայտ կորած է համարվել 1994թ.-ի ապրիլի 20-ից՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ:
Լյուբա Մազիրովան
Հիշեցնենք, որ 1994թ. փետրվարի վերջին և մարտի սկզբներին հիմնական մարտերը ծավալվել են ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ։ Մորը Հրաչյայից մնացած միակ հիշատակը արձակուրդին տանը մոռացած զինվորական գլխարկն է ու լուսանկարները, որոնց ամեն անգամ նայելիս Լյուբան ծով արցունք է թափում:
2003թ.-ի ապրիլի 2-ին շարքային Հրաչյա Սարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Լյուբան շանթահարվել է հրամանի հետմահու բառից: Գերեզման չունեցող որդու մահվանը նա չի հավատում։ «Մինչև շունչս տալը ես պետք է իմ երեխին սպասեմ: Մինչև այսօր ես իմ երեխից ոչ մի բան չգիտեմ: Մինչև օրս չգիտեմ, թե ինչ կատարվեց իմ երեխայի հետ: Որտե՞ղ մնաց, ո՞նց մնաց»,- ասում է Լյուբան:
Մինչև բանակ մեկնելը ծնողներին Հրաչյան հայտնել է, որ ուզում է ամուսնանալ: «Ասացի՝ Հրաչ ջան, գնա բանակ արի, հետո կամուսնանաս»,- պատմում է մայրը: Հրաչյան համառել և ամուսնացել է: «Դպրոցի ամենալավ աղջկան էր սիրում Հրաչյան: Նկատում էինք, որ աղջիկն էլ խենթի պես էր սիրում Հրաչյային: Բայց Հրաչյայի անհայտ կորչելուց հետո կյանքը փոխեց այդ աղջկան»,- պատմեց Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Աղեկյանը։ Ամուսնանալուց 6 ամիս անց՝ 1993 թ. մայիսի 18-ին Հրաչյան մեկնել է զինվորական ծառայության:
«Ու գնաց և 1994 թ.-ի ապրիլի 20-ին, ուժեղ հարձակում է եղել, ու իրենց դիրքերն այդ օրը գրավել են ադրբեջանցիները, ու մինչև այսօր նրանց ձեռքին է: Խրամատում այդ ժամանակ 8 զինվոր են եղել, նրանցից ոչ մեկից մինչ այսօր լուր չկա: Դեպքը եղել է հենց Հորադիզի պաշտպանության առաջնագծում՝ կռվի դաշտում»,- պատմեց Լյուբան:
Հետագայում Հրաչյայի հետ նույն դիրքերում ծառայած երկու զինվոր Լյուբային պատմել են. «Մեկը Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասից էր, մյուսը՝ Աքորի գյուղից: Ասացին՝ մենք երկուսով դրսում հերթապահում էինք, մյուսները դիրքերում էին: Ուժեղ կռիվ է եղել այդ գիշեր։ Հեռվից տեսել են, որ թուրքերը մտել են Հրաչյաենց խրամատների մեջ»:
Դրան հաջորդող օրերին պաշտպանության նախարարությունից զանգել են Թումանյանի զինկոմիսարիատ և հայտնել, որ Հրաչյա Սարյանը անհետ կորած է: Այդ օրերին Հրաչյայի հայրը՝ Իսմայիլը, Յակուտիայում է եղել: Հարազատները շտապ գնացել են Ստեփանակերտ՝ Հրաչյայից լուր ստանալու:
«Համարյա մեկ ամիս այնտեղ էին, բայց վերադարձել են ձեռնունայն: Հրաչյայի հրամանատարը պատասխանել է, որ ինքը այդ օրը զինվորների հետ դիրքերում չի եղել: Պատասխանել է, որ ոչինչ չգիտի: Ասել են՝ անհայտ կորած է և վերջ: Ասել են՝ ման ենք գալիս, որ լուր իմանանք՝ կասենք»,- մորը պատմել են Ստեփանակերտ գնացած հարազատները:
Լյուբան Ալավերդու հիվանդանոցում մաքրուհի էր աշխատում: Մի օր էլ այնտեղ հանդիպում է որդու զինվորական ընկերներից ալավերդցի Արայիկ Թանթուշյանին:
«Արայիկը հիվանդանոցում մեկ ամիս պառկել էր, խնդրեցի ճիշտը պատմի, ասացի՝ ես ծնող եմ, ուզում եմ ճիշտն իմանալ, ինչ կատարվեց իմ Հրաչիկի հետ: Արայիկն ասավ՝ այ մոքիր ջան, էդ ժամանակ ես վիրավորվել էի, ինձ տեղափոխել են հոսպիտալ: Ես բուժվեցի ու նորից գնացի դիրքերը: Ասավ՝ շատ եմ ման եկել Հրաչին: Ոչինչ չենք գտել: Հետո իրենց մոտ լենինականցի 7 կամավորներ են եղել, պահանջել են կամանդիրից կրակահերթով իրենց աջակցել, առաջնագծի այդ դիրքերում մնացած 8 զինվորների, այդ թվում՝ Հրաչյայի վիճակը պարզելու համար: Բայց դա թշնամու այդ դիրքերը գրավելուց 6-7 ամիս հետո է եղել: Անհայտ կորած 8 զինվորներից մեկն էլ Հոկտեմբերյանից եզդի Բարզո Խուդոյանն է եղել: Կամավորները խրամատում Բարզոյի զինվորական շինելը, ավտոմատը և կնոջն ուղղված ճմռթած նամակ են գտել: Խրամատը պայթեցված չի եղել, բայց 8 զինվորներից ոչ մեկին չեն գտել: Խուդոյան Բարզոյի զինվորական շինելն ու նամակը դրել են ցինկովի դագաղում, ուղարկել հորը, որ մթամ թե զոհվել է: Հայրն էլ դրանով Բարզոյի համար գերեզման է սարքել: Ասաց՝ Հրաչիկին շատ ենք ման եկել, որ կարող է՝ մի տեղ, եսիմ…, բայց ոչ մի բան չեն գտել: Ոչինչ չգիտենք»,- Արայիկի հետ զրույցը հիշում է Լյուբան:
«Ես էլ եմ Բարզոյի գերեզմանը գնացել: Հայրը հանգստացել էր, որ որդին թաղված է, գերեզման ունի: Ես նրան ասացի՝ էլի դու գերեզման ունես, ես այդ էլ չունեմ: Բարզոյի հայրն ասել է՝ ինչ գերեզման, շորն ու նամակն է»,- պատմեց Իսմայիլը:
Իսմայիլ Սարյանը
Բարզոյի հայրը եկել է Օձուն՝ Լյուբային և Իսմայիլին տեսնելու: Լյուբան և Իսմայիլը կապ են պահպանել նաև Հրաչյայի հետ անհետ կորած տաշիրցի Լեոնիդ Կաֆևի, վանաձորցի Արայիկ Պողոսյանի և մյուսների ծնողների հետ:
Հրաչյայի անհետ կորչելուց անցել է 23 տարի։ «Մի՞թե էս 23 տարում մի թղթի կտորի վրա չի կարողանում մորը երկու տող գրի իր մասին»,- ասում է Լյուբան:
Երկրորդ որդու՝ Համլետի երեխաներով է ապրում հիմա Լյուբան: Համլետն ավագ որդու անունը ի հիշատակ եղբոր՝ Հրաչյա է դրել: Եղբայրը՝ Համլետը, պատմեց, որ 16 տարեկան էր, երբ Հրաչյան մեկնեց բանակ։ «Հրաժեշտին ասաց՝ չգնաս բանակ, մինչև ես չգամ: Չգիտեմ՝ ինչու ասաց: Մեծ եղբայրս էլ ինձ համար թիկունք էր»,- պատմեց Համլետը:
Համլետի որդի Հրաչյան
Օձունի համայնքի ավագանին, 2017թ.-ի փետրվարի 2-ի որոշմամբ, Օձունի 10-րդ փողոցը անվանակոչել է Արցախյան ազատագրական պատերազմում 1994թ. ապրիլի 20-ին անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով: Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Հրաչյան, ստեղծվել է Հրաչյա Սարյանի անվան դասարան:
Իսկ մայրը՝ Լյուբան, սպասում է որդու վերադարձին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել