HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկ մայրը՝ Լյուբան, սպասում է որդու վերադարձին

«Ասի Հրա՛չ, ուրիշները երկրից փախչում են, արի  քեզ հիվանդ ձևակերպենք, տղաս, արձակուրդից էլ մի գնա զորամաս: Ասաց՝ մամ, ի՞նչ ես խոսում, էտենց բան հնարավոր չի: Պետք է գնամ պաշտպանեմ հայրենիքս, պետք է գնամ կռվեմ, ընկերներս սպասում են։ Էդպես էլ արեց, նորից գնաց զորամաս, չմնաց»,- պատմեց անհետ կորած Հրաչյա Սարյանի մայրը՝ Լյուբա Մազիրովան:

Լյուբան ազգությամբ ռուս է: Նա Խարկովում է 1973թ.-ին հանդիպել օձնեցի Իսմայիլ Սարյանին, ամուսնացել և հարս է եկել Օձուն։ 1974թ.-ին ծնվել է առաջնեկը՝ Հրաչյան:

Լյուբայի խոսքով՝ Ղարաբաղի պատերազմում Հորադիզի պաշտպանության առաջնագծում 1994թ.-ի ապրիլի 20-ին անհայտ կորած 8 զինվորներից մեկն է որդին՝ Հրաչյա Սարյանը: Պաշտպանության նախարարության 2001թ.-ի  մարտի 2-ի տեղեկանքի համաձայն՝ Հրաչյա Սարյանն անհայտ կորած է համարվել 1994թ.-ի ապրիլի 20-ից՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ:

Լյուբա Մազիրովան

Հիշեցնենք, որ 1994թ. փետրվարի վերջին և մարտի սկզբներին հիմնական մարտերը ծավալվել են ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ։ Մորը Հրաչյայից մնացած միակ հիշատակը արձակուրդին տանը մոռացած զինվորական գլխարկն է ու լուսանկարները, որոնց ամեն անգամ նայելիս Լյուբան ծով արցունք է թափում:

2003թ.-ի ապրիլի 2-ին շարքային Հրաչյա Սարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Լյուբան շանթահարվել է հրամանի հետմահու բառից: Գերեզման չունեցող որդու մահվանը նա չի հավատում։ «Մինչև շունչս տալը ես պետք է իմ երեխին սպասեմ: Մինչև այսօր ես իմ երեխից ոչ մի բան չգիտեմ: Մինչև օրս չգիտեմ, թե ինչ կատարվեց իմ երեխայի հետ: Որտե՞ղ մնաց, ո՞նց մնաց»,- ասում  է Լյուբան:

Մինչև բանակ մեկնելը ծնողներին Հրաչյան հայտնել է, որ ուզում է ամուսնանալ: «Ասացի՝ Հրաչ ջան, գնա բանակ արի, հետո կամուսնանաս»,- պատմում է մայրը: Հրաչյան համառել և ամուսնացել է: «Դպրոցի ամենալավ աղջկան էր սիրում Հրաչյան: Նկատում էինք, որ աղջիկն էլ խենթի պես էր սիրում Հրաչյային: Բայց Հրաչյայի անհայտ կորչելուց հետո կյանքը փոխեց այդ աղջկան»,- պատմեց Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Աղեկյանը։ Ամուսնանալուց 6 ամիս անց՝ 1993 թ. մայիսի 18-ին Հրաչյան մեկնել է զինվորական ծառայության:

«Ու գնաց և 1994 թ.-ի ապրիլի 20-ին, ուժեղ հարձակում է եղել, ու իրենց  դիրքերն այդ օրը  գրավել են ադրբեջանցիները, ու մինչև այսօր  նրանց ձեռքին է: Խրամատում այդ ժամանակ 8 զինվոր են եղել, նրանցից ոչ մեկից մինչ այսօր լուր չկա: Դեպքը եղել է հենց Հորադիզի պաշտպանության առաջնագծում՝ կռվի դաշտում»,- պատմեց Լյուբան:

Հետագայում Հրաչյայի հետ նույն դիրքերում ծառայած երկու զինվոր Լյուբային պատմել են. «Մեկը Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասից էր, մյուսը՝ Աքորի գյուղից: Ասացին՝ մենք երկուսով դրսում հերթապահում էինք, մյուսները դիրքերում էին: Ուժեղ կռիվ է եղել այդ գիշեր։ Հեռվից տեսել են, որ թուրքերը մտել են Հրաչյաենց խրամատների մեջ»:  

Դրան հաջորդող օրերին պաշտպանության նախարարությունից զանգել են Թումանյանի զինկոմիսարիատ և հայտնել, որ Հրաչյա Սարյանը անհետ կորած է: Այդ օրերին Հրաչյայի հայրը՝ Իսմայիլը, Յակուտիայում է եղել: Հարազատները շտապ գնացել են Ստեփանակերտ՝ Հրաչյայից լուր ստանալու:

«Համարյա  մեկ ամիս այնտեղ էին, բայց վերադարձել են ձեռնունայն: Հրաչյայի հրամանատարը պատասխանել է, որ ինքը այդ օրը զինվորների հետ դիրքերում չի եղել: Պատասխանել է, որ ոչինչ չգիտի: Ասել են՝ անհայտ կորած է և վերջ: Ասել են՝ ման ենք գալիս, որ լուր իմանանք՝ կասենք»,- մորը պատմել են Ստեփանակերտ գնացած հարազատները:

Լյուբան Ալավերդու հիվանդանոցում մաքրուհի էր աշխատում: Մի օր էլ այնտեղ հանդիպում է որդու զինվորական ընկերներից ալավերդցի Արայիկ Թանթուշյանին:

«Արայիկը հիվանդանոցում մեկ ամիս պառկել էր, խնդրեցի ճիշտը պատմի, ասացի՝ ես ծնող եմ, ուզում եմ ճիշտն իմանալ, ինչ կատարվեց իմ Հրաչիկի հետ: Արայիկն ասավ՝ այ մոքիր ջան, էդ ժամանակ ես վիրավորվել էի, ինձ տեղափոխել են հոսպիտալ: Ես բուժվեցի ու նորից գնացի դիրքերը: Ասավ՝ շատ եմ ման եկել Հրաչին: Ոչինչ չենք գտել: Հետո իրենց մոտ լենինականցի 7 կամավորներ են եղել, պահանջել են կամանդիրից կրակահերթով իրենց աջակցել, առաջնագծի այդ դիրքերում մնացած 8 զինվորների, այդ թվում՝ Հրաչյայի վիճակը պարզելու համար: Բայց դա թշնամու այդ դիրքերը գրավելուց 6-7 ամիս հետո է եղել: Անհայտ կորած 8 զինվորներից մեկն էլ Հոկտեմբերյանից եզդի Բարզո Խուդոյանն է եղել: Կամավորները խրամատում Բարզոյի զինվորական շինելը, ավտոմատը և կնոջն ուղղված ճմռթած նամակ են գտել: Խրամատը պայթեցված չի եղել, բայց 8 զինվորներից ոչ մեկին չեն գտել: Խուդոյան Բարզոյի զինվորական շինելն ու նամակը  դրել են ցինկովի դագաղում, ուղարկել հորը, որ մթամ թե զոհվել է: Հայրն էլ դրանով Բարզոյի համար գերեզման է սարքել: Ասաց՝ Հրաչիկին շատ ենք ման եկել, որ կարող է՝ մի տեղ, եսիմ…, բայց ոչ մի բան չեն գտել: Ոչինչ չգիտենք»,- Արայիկի հետ զրույցը հիշում է Լյուբան:

«Ես էլ եմ Բարզոյի գերեզմանը գնացել: Հայրը  հանգստացել էր, որ որդին թաղված է, գերեզման ունի: Ես նրան ասացի՝ էլի դու գերեզման ունես, ես այդ էլ չունեմ: Բարզոյի հայրն ասել է՝ ինչ գերեզման, շորն ու նամակն է»,- պատմեց  Իսմայիլը:

Իսմայիլ Սարյանը

Բարզոյի հայրը եկել է Օձուն՝ Լյուբային և Իսմայիլին տեսնելու: Լյուբան և Իսմայիլը կապ են պահպանել նաև Հրաչյայի  հետ անհետ կորած տաշիրցի Լեոնիդ Կաֆևի, վանաձորցի Արայիկ Պողոսյանի և մյուսների ծնողների հետ:

Հրաչյայի անհետ կորչելուց անցել է 23 տարի։ «Մի՞թե էս 23 տարում մի թղթի կտորի վրա չի կարողանում մորը երկու տող գրի իր մասին»,- ասում է Լյուբան:

Երկրորդ որդու՝ Համլետի երեխաներով է ապրում հիմա Լյուբան: Համլետն ավագ որդու անունը ի հիշատակ եղբոր՝ Հրաչյա է դրել: Եղբայրը՝ Համլետը, պատմեց, որ 16 տարեկան էր, երբ Հրաչյան մեկնեց բանակ։ «Հրաժեշտին ասաց՝ չգնաս բանակ, մինչև ես չգամ: Չգիտեմ՝ ինչու ասաց: Մեծ եղբայրս էլ ինձ համար թիկունք էր»,- պատմեց Համլետը:

Համլետի որդի Հրաչյան

Օձունի համայնքի ավագանին, 2017թ.-ի փետրվարի 2-ի որոշմամբ, Օձունի 10-րդ փողոցը անվանակոչել է Արցախյան ազատագրական պատերազմում 1994թ. ապրիլի 20-ին անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով: Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Հրաչյան, ստեղծվել է Հրաչյա Սարյանի անվան դասարան:

Իսկ մայրը՝ Լյուբան, սպասում է որդու վերադարձին:

Մեկնաբանություններ (1)

Մարինե Սարյան
Իմ հերոս ախպեր, քեզ սպասում ենք ու կարոտում... Փառք ու պատիվ բոլոր հերոս տղաներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter