HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«The End». Հրաժեշտ ցավին

1967թ. հունվարին լույս տեսավ ամերիկյան «The Doors» խմբի դեբյուտային ալբոմը` «The Doors» համանվամբ: Ասես՝ «Բարև, այսպիսին ենք մենք» և ընդգրկում էր 1965-1966թթ. ստեղծված մի քանի երգեր: Դրանցից մի քանիսը ոչ միայն պիտի դառնային խմբի այցեքարտերը տասնյակ տարիների վավերությամբ, այլև լուրջ…՝ փսիխոդելիք ռոքի պատմության մեջ: Ալբոմն ավարտվում էր «The End» երաժշտական դրամայով: 12 րոպեանոց այս թրեքը առանձնանում է իր ոչ ստանդարտ տևողությամբ և կատարման ոճով, բայց առավել քննարկելին սկանդալային խոսքը պիտի դառնար: «Էդիպյան բարդույթի» մասին ակնարկող մեկ-երկու տողը և Ջիմ Մորիսոնի մեկնաբանությունը պատճառ դարձան, որ երգի կատարումից հետո խումբը դուրս վռնդվի լոսանջելեսյան նշանավոր ակումբներից մեկից՝ «Whisky a Go Go»-ից: Եվ խնդիրը, վստահ եմ, ոչ թե հոգեբանական այս բարդույթին անդրադարձի, այլ մորիսոնյան կատարման մեջ էր՝ կրքոտ, միստիկ, խելագար ու երբեմն՝ անտանելի, որի ամբողջությունը հաճախ վերածվում էր մեկ այլ վտանգավոր իրադրության:

«The End»-ը այս երաժշտական կերպարի կյանքում ավարտ է խորհրդանշել տարբեր առումներով:

Տարօրինակ վարքագծով և ստեղծագործությամբ այս երիտասարդին բեմում նկատել էր պրոդյուսեր Փոլ Ռոտշիլդը: Մորիսոնի բազմաթիվ փորձերը՝ ձայնագրման պայմանագիր հաջողացնելու, անհաջող ավարտ էին ունեցել: Վերոնշյալ ակումբում խմբին լսելուց հետո Ռոտշիլդը քարացել էր երաժշտական այդ մթնոլորտից, տեղ-տեղ էլ, հավանաբար, հիպնոսացել: Խմբի ալբոմի գաղափարն իրականացնելու համար նա տրամադրեց ոչ միայն իր ստուդիան և վստահությունը գործի ապագային, այլև, ինչպես հետո պարզվեց, համբերությունը, նյարդերն ու ամեն անգամ, կրկին ու կրկին, խենթ տեսարաններ, խնդիրներ հաղթահարելու մեծ ներուժը: Ջիմը երբեմն ստուդիա էր հայտնվում թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցությամբ, աներևակայելիորեն տարօրինակ պահվածքով, բայց այն, ինչ տեղի էր ունենում ձայնագրման ընթացքում, ողջ ուժով չեզոքացնում էր այս ամենն ու վստահեցնում՝ շարունակել:

Փիթեր Հոուգենի՝ «The Doors» գրքում նա պատմել է այդպիսի մի տեսարանից հետո կայացած «The End»-ի ձայնագրության մասին: Օրվա ընթացքում Մորիսոնը հասցրել էր պատուհանից դուրս գցել ձայնագրման ինժեների հեռուստացույցը, Ռոտշիլդի հորդորով տուն վերադարձել հանգստանալու, ապա կեսգիշերն անց կրկին հայտնվել՝ «հանգստացած». նա գետնին մի լավ թավալվելուց հետո՝ անսպասելիորեն սկսում է հանվել և ամբողջովին մերկ վազվզել ստուդիայով մեկ՝ այս ողջ ընթացքում մեջբերելով երգի խնդրահարույց տողերը՝ «Հա՛յր, ես ուզում եմ սպանել քեզ, մա՛յր, ես ուզում եմ տիրել քեզ…»: Ռոտշիլդին դարձյալ հաջողվում է նրան խաղաղեցնել, և երբ արդեն հաջորդ օրը ամեն ոք և ամեն ինչ պատրաստ է լինում ձայնագրության, այս պատմությունները դռնից դուրս են թռչում:

 

«Այդ կես ժամը, որի ընթացքում ձայնագրվեց «The End»-ը, իմ ստուդիական ողջ աշխատանքային կյանքի ամենաազդեցիկ պահերն էին,- պատմել է Ռոտշիլդը,- Ես տառացիորեն ապշահար էի: Սովորաբար պրոդյուսերը մի անկյունում լսում և հետևում է, թե ինչպես է ընթանում ձայնագրությունը: Բայց ես ամբողջովին կլանվել էի երգով և հայտնվել սովորական ունկնդրի կարգավիճակում: Խավարի մեջ շնչող ստուդիայում մութը կոտրում էին միայն փոքրիկ մի մոմ՝ ձայնամեկուսիչ խցիկում գտնվող Ջիմի կողքին, և հնչյունային վահանակի վրա կախված մի լամպ: Մնացած բոլոր լույսերն անջատել էին: Դրանք կախարդական րոպեներ էին, և երբ ձայնագրությունն ավարտվեց, մենք երկար ժամանակ ուշքի չէինք գալիս: Ամեն ինչ պարզ էր. այո, դա վերջն է, որովհետև դրանից այն կողմ ոչինչ հնարավոր չէր անել» : 

Ռոտշիլդի նկարագրությամբ՝ ապարատասրահում այդ ընթացքում եղել են հինգ հոգով, բայց ոչ ոք չի էլ նկատել, որ երգն արդեն պատրաստ է ու աշխատանքն ավարտված: «Հանկարծ նկատեցինք, որ ձայներիզները դեռ շարունակվում էին պտտվել, մինչդեռ ձայնագրությունն ավարտված էր,- հիշում է նա,- մեր հնչյունային ռեժիսորը՝ Բրյուսը, նույնպես ամբողջովին կլանվել էր երգով: Նա լուռ հենվել էր վահանակին ու այդ պահին, երաժշտության իշխանությամբ, մասնագետից վերածվել պարզ ունկնդրի: …Դրանք այն պահերն էին, երբ ստուդիայում թևածում է մուսան»:

Երբ Ռոտշիլդը սթափվում է, շրջվում է դեպի Բրյուս Բոթնիկն ու հարցնում. «Դու հասկանու՞մ ես, թե ինչ է կատարվում այստեղ»:

«The End»-ը եզրափակում է ալբոմը: Ստուդիական տարբերակը մոտավորապես 12 րոպեանոց տևողությամբ էր, այնպիսին, ինչպիսին համերգային կատարումներն էին: Սակայն երգի նախնականը ավելի կարճ է եղել. հետո, ամեն անգամ այն կատարելիս, փոխվել էր ոչ միայն տևողությունը, գործիքավորումը, երաժշտական ընթացքը, այլև իմաստային մասը: Այն հիմնականում ընդունված է որպես երգ՝ սիրած աղջկան հրաժեշտ տալու մասին: Մորիսոնը «The End»-ը գրել էր ընկերուհուց՝ Մերի Բերբելոուից բաժանվելուց հետո: Այդպես էլ կար, բայց հետո այդ բաժանումն այլ զարգացումներ ունեցավ, և այդ մասին հաստատում է նաև Մորիսոնի մեկնաբանությունը. «Ամեն անգամ, երբ լսում եմ այս երգը, նոր իմաստ է փոխանցվում ինձ: Այն ծնվեց որպես սովորական հրաժեշտի երգ… հնարավոր է՝ հրաժեշտ աղջկան, բայց ես տեսնում եմ նաև, որ այն ինչ-որ առումով կարող է լինել նաև հրաժեշտ մանկությանը: Իրականում ես էլ չգիտեմ, թե այն ժամանակ ինչ էի ուզում ասել: Ինձ թվում է, որ այս երգը չափազանց բարդ է ու բազմակողմանիորեն ընդգրկուն պատկերով, ուստի կարող է լինել գրեթե ամեն ինչի մասին, այն ամենի, ինչ ցանկանում եք նրա մեջ գտնել… սեփական հոգեվիճակից ելնելով»: 

 

Համերգային կատարման ընթացքում, երբ պոետ Մորիսոնը սկսեց իմպրովիզացիաների իր ավանդույթը, երաժիշտները ևս գործի անցան: Այդպես հաճախ էր լինում խմբի երաժշտական զգացողություն-կոնտակտի ժամանակ: Կիթառահար Ռոբի Կրիգերն այդ շրջանում տարված էր Ռավի Շանկարի երաժշտությամբ, ուստի որոշեց հնդկական փիլիսոփայություն խառնել: Արդյունքում այդ երանգներն ավելի տեսանելի դարձան, երաժշտությունը սկսեց եփվել, եփվել ու ծավալով, բաղադրությամբ մեծանալ: «Եվ ամեն անգամ, երբ նվագում էինք, Ջիմը ավելի ու ավելի շատ խորհրդավորություն էր ներարկում դրան»,- պատմում է Կրիգերը:

Գործիքային հնչողությունն այստեղ երբեմն արևելյան, մասնավորապես՝ հնդկական երաժշտության իմիտացիա է դառնում: Կիթառը, հարվածայինը, ստեղնաշարը երբեմն ընդօրինակում են՝ սիթառի, տաբլայի, հարմոնիկայի ձայները:

 

Անդրադառնալով տեքստում հնչող «Էդիպյան բարդույթն» ակնարկող տողերին, որոնք պատճառ դարձան երգի վիճահարույց մեկնաբանություններին, երաժիշտներն էլ, պրոդյուսեր Ռոտշիլդն էլ և այդ ժամանակահատվածում Մորիսոնի հետ շփված բոլոր ընկերներն ավելի հանգիստ են վերաբերվում: Նրանք կարծես թե ընդունված կարծիքներից ու թեժ քննադատություններից փոքր-ինչ դուրս են: Հավանաբար` Մորիսոնի հեղհեղուկ ու սկանդալային կերպարը լավ ճանաչելով, կամ էլ՝ երգի պատմությանը ավելի ծանոթ լինելով: Մորիսոնն ինքն էլ հարցազրույցում նշել է, որ այդ հանգամանքին ուշադրություն է դարձրել առավելապես այն բանից հետո, երբ խանութում պատահաբար հանդիպած մի աղջիկ ճանաչել է նրան ու հարցրել դրա իմաստի մասին: Բայց այն, որ հին հունական ողբերգությունն իր պատմությամբ և իր հետագա՝ ֆրոյդյան մեկնաբանությամբ այդ ժամանակահատվածում հետաքրքրել է այս դերասան-պոետ-երգչին, վկայում են նաև ընկերները: «Նա ռոքնռոլի ոգով արտահայտվում էր հոգեբանական այդ երևույթի մասին, որն այն տարիներին ամենաթեժ քննարկվող թեման էր ֆյոյդյան հոգեբանությունից,- ասում է խմբի ստեղնահար Ռեյ Մանզարեկը,-  բայց նա նկատի չուներ, թե ցանկություն ունի այդպես վարվելու իր հոր և մոր հետ: Նա խաղում էր հունական դրաման: Դա թատրոն էր»:

Քննարկված, քննադատված, մերժված ու միևնույն ժամանակ հիացնող, զարմացնող, ոմանց համար՝ պաշտելի «The End»-ը ընդգրկվել է դարի լավագույն երգերի տարբեր ցանկերում: Այն որպես սաունդթրեք օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, փոքր ու մեծ էպիզոդներում: Դրանց թիվը մի քանի տասնյակ է, ամենահայտնին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Մեր ժամանակի ապոկալիպսիսը» («Apocalypse Now», 1979) ֆիլմն է: Այստեղ, իհարկե, երգի կարճ տարբերակն է օգտագործվել: «The End»-ը հատնվել է տարբեր խորագրով ալբոմ-հավաքածուներում, որոնք անդրադարձել են դարի, ռոքի, խմբի և, առհասարակ, երաժշտության պատմությանը: Բոլոր ժամանակների լավագույններից մեկը համարվող այս երգը իր հեղինակի՝ Ջիմ Մորիսոնի նման ծայրահեղ զգացողություններ էլ է առաջացնում. Ամերիկյան «Blender» երաժշտական ամսագրի տվյալներով, օրինակ, «The End»-ը դարի 50 վատագույն երգերի շարքում է:

Ո՞ւմ էր ուղղված այս հրաժեշտը կամ ինչի՞ն, ի՞նչի մասին էր լսեցնում Մորիսոնն իրականում. արդեն կես դար՝ 50 տարի է, ինչ այս հարցերը ուղեկցում են երգին: Եվ այս ընթացքում շատերն իրենց համար գտել են պատասխաններ. դրանք տարբեր են, հակասական, դրանք հնարավոր է նաև հրաժարվել են երգից ու ունկնդրից: Հեղինակն ուզել է, որ ամեն մեկն իր մտքի ու հոգու սահմանում տեղավորի՝ իր ուզած իմաստով: Ու անգամ ինքն է այդպես արել:

«Երբեմն ցավը չափազանց ուժեղ է այն քննելու կամ, նույնիսկ, հաղթահարելու համար… չնայած՝ դա նրան անպայմանորեն ավելի դաժան կամ վտանգավոր չի դարձնում:- ասում է Մորիսոնը,-  Բայց մարդիկ ավելի շատ վախենում են մահից, քան ցավից: Տարօրինակ է, որ նրանք մահից են վախենում: Կյանքն ավելի ուժեղ է ցավեցնում, քան մահը: Մահվան պահին ցավն անհետանում է: Ես կարծում եմ, այո, որ այն ընկեր է: … Ցավը մեզ արթնացնելու համար է»: 

Լուսանկարները`  «The Doors» խմբի պաշտոնական կայքից և «Rolling Stone» ամսագրից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter