HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Պարբերական ցավից խխունջվել եմ․ զրույց նկարիչ Ավետիս Խաչատրյանի հետ

«Մաչանենց» միջազգային արվեստ սիմպոզիումի օրերին ամենից շատ հետեւել եմ Ավետիս Խաչատրյանի ստեղծագործական- աշխատանքային ընթացքին։

Առանց իր ներկայության գործի մոտ կանգնել եմ, որ տեսնեմ՝ երեկն ու այսօրը ինչպես են երեւում նկարում։ Նաեւ իր հետ եմ կանգնել, որովհետեւ ինքը հաճախ հարցեր ունի դիտողներին։ Սրա մասին էլ ենք խոսել։ Ես ասել եմ՝ մի բացատրիր, ինքը փորձել է ներսից եկածն ասել։ Հետո այդ օրերի ընթացքում նաեւ հասկացել եմ, որ ինքը չափից շատ լռում է ու նման օրերին դուրս հորդելու ցանկություն ունի։ Իսկ այդ ցանկությունն ու դրա իրականացումը՝ տեքստի միջոցով, խիստ հուզական են։ Ինքը միշտ անհանգիստ էբնականաբար, մինչեւ վերջ չես կարող այդ անհանգստության մասին խոսել, բայց մյուս կողմից չես էլ ուզում բացես անհանգստության հիմնական դուռը, որովհետեւ հասկանում ես, որ այդտեղից բխում է իր ստեղծագործությունը։

Այդ իսկ պատճառով զրույցի ընթացքում փորձել եմ չանդրադառնալ նաեւ մեկնաբանություններին, որոնք վերաբերում են ստեղծագործությանըայն պետք է որ երեւա։ Բայց հետեւելով սիմպոզիումի երեկոյան զրույցներին, միշտ ուշադրություն եմ դարձրել նրա մեջբերումներին, որոնք հուզական էին ու վերագրված մանկության հուշերին։

Կեսգիշերին նստած ենք բացօթյա սրահում ու Ավետիսին հարցնում եմ

Արդյոք ստեղծման ընթացքը ընկալում ես, թե՞ սկսվում ու գնում է։

Ընկալում եմ, որ այդտեղ իմ սերն է, իմ կյանքը, իմ մանկությունը, առօրյան, ապրումները․ կարճ՝ իմը։

Այս օրերին, երբ մի քանի արվեստագետներով երեկոյան նստում եք զրուցելու, նկատել եմ, որ հիմնական մեջբերումներդ մանկությունից են։

Անուշ, ամեն անգամ ապրումի պահին հիշողությունս է նախ ակտիվանում։ Իհարկե, հիմնականում պատմում ենք այն, ինչ եղել է, այսինքն մեր հիշողությունն է մեզ կապում խոսակցությանը։ Բայց իմ դեպքում դա մի քիչ ընդգծված է ու շատ։ Իսկ հիմնական տեղը, որը հիշողություն է, բայց հանգիստ չի տալիս, ճիշտ ես, մանկությունն է։ Ու ես դրա պատճառը գիտեմ․ խոցելիությունս։ Ամեն անգամ հենց դա զգալով եմ գնում դեպի մանկություն, որովհետեւ էն ժամանակ ինձ ապահով էի զգում։ Հիմա հասկանում եմ, որ հասարակության, երեւույթների, կատարված ամեն բանից ես կարող եմ խոցելի լինել։ Իսկ մանկության շրջանում ուղղակի դրա գիտակցումը չկար, նույնիսկ նյութի, արժեքի գիտակցումը դեռ չկար։

Խոցելիությունը․․․ Երեկ ասում էիր, որ կենցաղն էլ է դրա մասը։

Կենցաղն էլ։ Նույնիսկ արվեստի խոցելիության մասին կարելի է խոսել, որովհետեւ կենցաղի, սոցիումի մեջ է, որ երբեմն իրեն մղում եմ դուրս ու խառնվում եմ իրար, անպաշտպան եմ ինձ զգում չափից շատ։ Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ ավելի հասկանալի լինի, բայց ես ինձ հասցրած պարբերական ցավից ու դրա սինդրոմից խխունջվել եմ, կծկվել եմ, նույնիսկ լաց եմ եղել։

Ճի՞շտ ես հասկանում, չէ՞․ ոչ թե նրա համար, որ կարող են ինձ կամ իմ ստեղծագործության մասին  ինչ-որ բան ասելով ցավեցնել, այլ այնպիսի մի բան, որը միտումնավոր է, հիմնավորում չունի, հաճախ դուրս թռած անիմաստ բան կարող է թվալ, բայց ինձ փլում է։

Ինչի՞ պատահեց այնպես, որ ես այս սիմպոզիումի զրույցներին հիմնականում մանկությունից եմ մեջբերումներ անում։ Նկարիչ ընկերներիցս մեկն ասեց, որ էստեղ միջավայրն այնպիսին է, որ կարող է մերկանալ ու պարել, որովհետեւ ոչ մեկ մարմնին չէ, որ նշանակություն կտա։

Իսկ մանկությունս հենց այն տեղն է, որտեղ ես էդ ազատությունն ունեի։ Այստեղ եւս զգում եմ դա օդի մեջ եւ ուրեմն պատմում եմ այն, ինչը ասոցացվում է։

Հինգ- վեց տարեկան էի, ծնողներս տանում, թողնում էին տատիս ու պապիս մոտ․ մեր գյուղը Զոլաքարն է, բայց տատս ու պապս սարվորներ էին։ Մենք անցնում էինք գյուղից քսանհինգ կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհով․ զիլ մեքենան հազիվ էր գնում։ Մի փոքր շեղում, եւ մեքենան անդունդը կգլորվեր։ Ինչի՞ եմ ասում սա, որովհետեւ ուզում եմ նաեւ  խոչընդոտներն ընդգծել, որոնք այն ժամանակ նույնպես չես գիտակցում։ 

Այս ամենը տեղի է ունեցել 30 տարի առաջ, բայց մտապատկերումս գունային դետալներն են, շուտ հասնելու սպասման պահը, ազատությունը, կարմիր կակաչները, որոնք իմ հասակի էին։

Այդ դեպքում խզումը մանկությունից շատ ընդգծված պետք է լինի, որ այսպիսի հետեւանքային վիճակ ստեղծի։

Գիտե՞ս՝ այդ տունը, որտեղ սարվորն է ապրում, քարից ու ցեխից սարքված փոքրիկ հյուղակ է, որտեղ ապրում էինք վեց-յոթ թոռներով, փոքր հորաքույրս, տատս, պապս ու դրսից եկած այլ հյուրեր։ Երկու տարի առաջ, երբ լուսահոգի մայրս դեռ ողջ էր, խնդրեցի՝ էնտեղ գնանք։

Շուրջը դատարկված սարվորի տներ էին։ Տեսա նաեւ իմ մանկության տունը, նաեւ այն սալաքարը, որի վրա տատս կարծր աղե կտոր էր դնում կովերի համար։ Դեռ երեսուն տարի առաջ այս տունը, երդիկը, թոնիրն ինձ ահռելի մեծ էին թվում, տեղավորվելու մասին մտածելու բան անգամ չկար, իսկ հիմա նայում եմ այդ քարին, որն ընդամենը ձեռքերիս չափ է, ու զարմանում եմ։

Հասկացա, որ քարն իր չափը չի փոխել, այդ ես եմ մեծացել։ Սարսափելի զգացում է, ծակող․ ուզում ես ինքդ էդ քարը գրկել, լիզել, հիշեցնել, որ դու ու ինքը անհամեմատելի եք եղել, ինքը՝ քեզնից մեծ։ Իսկ հիմա․․․ Հիմա, հա, քո ասած խզվածությունը տեղի է ունեցել ու անդառնալի։

Քաղաքում ազատ քայլելն, այդ դեպքում, պետք է որ դժվար լինի։

Հա, շատ ծպտված եմ։ Կենցաղային հույզերս էլ նույնն են ստիպում։ Փորձում եմ հնարավորինս արվեստանոցի միջավայրում մնալ․ ստեղծագործելով ինձ գտնեմ ազատության մեջ, որը կտրում է ցանկացած պահի ազդեցություն ունեցող հարաբերություններից։ Այդպիսին միայն ես չեմ․ ճանաչում եմ շատ այլ արվեստագետների, ովքեր մոռանում են, որ կա այլ աշխարհ ու այլ իրականություն․ Ալիկը քեզ լավ օրինակ (նկատի ունի նկարիչ Ալիկ Ասատրյանին

Մի անգամ ասացիր, որ Ալիկը քեզ համար լավագույն օրինակն է այն առումով, թե ինչպես կարելի է լինել անչափ հուզական, բայց ոչ խոցելի։

Մինչ այս սիմպոզիումին մասնակցելս հաստատելը հոգեվիճակս էնպիսին էր, որ ես չէի պատկերացնում ինձ  բաց միջավայրում։ Ալիկն ինձ իսկապես երկու բառով կարողացավ դուրս բերել իմ որջից, ու եկա էստեղ։ Ալիկի մասին շատերն են խոսում, ինքդ էլ տեսնում ես, թե ոնց են գալիս հին ու նոր ընկերները իրեն տեսնելու, հետը խոսելու համար։

Նրա մասին կարելի է օրերով խոսել․ ինձ համար ինքը սիմվոլի պես է, որն ահռելի տիեզերական էներգիա ունի ներսում, որի մեջ գերմարդկային մի բան կա, կարելի է ասել «գերսեր» կա, չափից ավելի։

Ալիկի ցանկացած ցենզուրան ինձ համար հոգեւոր արժեք է։ Երեկ կես-կատակ, կես-լուրջ ասեցի, որ եթե ինքը փողոցում մեկի հետ կենակցի, ես դրա մեջ պոեզիա կտեսնեմ, աստվածային մի բան։ 

Երբ դուք ընթրում էինք, ես մտա ներս ու սկսեցի դետալային ուսումնասիրել գործդ, որը դեռ անավարտ էր։ Պատահու՞մ է, որ խոսես ստեղծվելիքի մասին, գրե՞ս։

Իհարկե, Անուշ էնքան շատ ասելիք ունեմ, չես պատկերացնի։ Ինձ ասում են՝ շատ գրականություն կարդա, որ կարողանաս նկարել։ Ես շատ էլ կարդում եմ, բայց էս պահին էնքան տալու բան ունեմ, որ երբեմն նույնիսկ միջամտությունը՝ թեկուզ գրքային, կարող է ինձ ինձնից կտրել։

Երբեմն գրում եմ առանց էսքիզ անելու՝ թռչունն աջ կողմից եկավ, աղջկա ոտքը նուրբ էր եւ այլն․․․ Այնքան արագ է այդ պրոցեսը տեղի ունենում, որ նույնիսկ էսքիզն այդ արագությամբ տեխնիկապես հնարավոր չէ անել։

Հաջողվու՞մ է կտավի վրա տեքստը վերափոխել։

Ոչ միշտ։ Խոստովանում եմ, որ անփույթ եմ դարձել, ներաշխարհս թափթփվել է, դրսեւորումներս էլ հետը։

Արդեն երեք տարի է՝  մենակ եմ ապրում։ Մայրս, երբ ժամանակին հյուր էր գալիս, զարմանում  էր՝ ինչ ճաշ եմ պատրաստել։ Հիմա, անկեղծ,  ալարում եմ նույնիսկ լվացվել։ Մենակությունը խեղդում է, հոգնածություն է իջեցնում աչքերիդ․․․ Հա, ես սիրո կարիք ունեմ։ Արժեքավոր մի բանի, որը նախ տեսնելու է ու զգալու։

Ես կնոջ մեջ փնտրում եմ քրոջս, որ երբեք չեմ ունեցել, կնոջ մեջ փնտրում եմ հորաքրոջս, փնտրում եմ աղջկաս, որը չծնվեց։ Չունեմ քույր, մայր, կին։ Դրա համար եմ նաեւ խխունջված։

Մենք ինչի՞ ենք կարոտ նկարում, որովհետեւ կարիքն ունենք։ Ինչի՞ ենք սպասում նկարում, որովհետեւ կարիքն ունենք։ Յուրաքանչյուր ստեղծագործություն կարիքի ծնունդ է նաեւ, դատարկ տեղի, ամայության, որը գուցե լիքն է, բայց չի երեւում։ Դոն Քիշոտի պես՝ հավերժական հողմաղացների դեմ կռվելով եմ առաջ շարժվում՝ հավատալով, որ նա, ով սպասում է, գտնելու եմ։

Հիմա, երբ ամբողջացնում եմ նախորդ օրերի զրույցներդ ու այս մեկը, հասկանում եմ, որ իսկապես խոցելի տեքստ է, որ հղում ես։

Հա, հայրս ասում է, որ արվեստանոցն իր ինտիմ տեղն է։ Ես խոսել չեմ կարողանում այնպես, ինչպես հիմա խոսեցի, որովհետեւ դրա համար պետք է վստահ լինես, թե արդյոք տեքստիդ բոլոր կողմերն ընկալելի  են․․․ Կամ գոնե թե չի լինելու այնպես, որ խոսքիցդ հետո ավելի փակվես ու խխունջվես։ Հիմա նկարը շարունակելու ցանկություն առաջացավ, ուրեմն ամեն ինչ լավ է։

ՀԳ լուսանկարներում ներկայացված է Ավետիս Խաչատրյանի «Սերը իմ գրկում» ստեղծագործությունը եւ վերջինիս ստեղծման ընթացքը։ Աշխատանքը պահպանվելու է «Մաչանենց» թանգարանում։

 

Մեկնաբանություններ (1)

Վալյա
Հիանալի գործ:Սեր,սեր ու կրկին սեր,ընտանիք,զավակի բերկրանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter