HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնաղբյուրցի Սուրեն Միրզոյանի 1,8 հա խոտհարքը «կորել է»

Գայանե Սարգսյան 

«1991թ.-ի ապրիլին հողերի սեփականաշնորհման ժամանակ ես խնդրեցի, որ ինձ հասանելիք հողը տան Կաթնաղբյուրի սահմանին, որ իմ բնակության վայրին մոտ լինի, գնալ-գալս հեշտ լինի: Հանձնաժողովն ընդառաջեց  ու իմ ընտանիքի շնչերի քանակից ելնելով` ինձ սեփականաշնորհեցին 6 հեկտար խոտհարք ու 3 հեկտար վարելահող»,- պատմում է Սուրեն Միրզոյանը:

Սեփականաշնորհման ժամանակ Կաթնաղբյուրի բնակիչ Սուրեն Միրզոյանը  աշխատում էր հարևան Ուրասարում։

Սեփականաշնորհված խոտհարքի  չափի մասին գրառում է  կատարված Ուրասար համայնքի տնամերձ ու սեփականաշնորհված հողերի տեղեկագրում:

Համայնքի սեփականաշնորհված հողատարածքների մի մասի համար առաջին պետական գրանցման շրջանակներում սեփականաշնորհման վկայականներ են տրամադրվել անվճար կարգով: Ուրասարի գյուղապետարանում երկար տարիների աշխատանքային փորձով համայնքապետի տեղակալ Անաստաս Ապիկյանը նշում է, որ ինչ-ինչ պատճառներով գյուղում 128 կտոր հողամասի համար սեփականաշնորհման վկայական չի հանվել: Սեփականության վկայական չհանված հողակտորներից մեկն էլ  պատկանել է Սուրեն Միրզոյանին:

Տարիներ շարունակ իրեն հատկացված հողատարածքը մշակող Ս. Միրզոյանը 2015թ.-ին որոշում է վերջապես սեփականաշնորհել այն: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են նրա խնդիրները՝ կապված հողատարածքի չափերի ու սահմանների հետ:

Պարզվել է, որ նա 6 հա մակերեսով խոտհարքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կարող կատարել, քանի որ, համաձայն կադաստրի քարտեզի, նշված ծածկագրով խոտհարքի մակերեսը կազմում է 3,572 հա և առկա է անհամապատասխանություն համայնքի սեփականաշնորհված հողատարածքների տեղեկագրի ու կադաստրի քարտեզի միջև:

Ուրասարի համայնքապետ Արտակ Կիրակոսյանի կարծիքով անհամապատասխանությունն առաջացել է 2014թ.-ին երկու համայնքների սահմանների ճշգրտման ու քարտեզագրման աշխատանքներից հետո:

 «Երկրորդ անգամ ճշգրտում են տվել, այսքանը մերն է մնացել, մնացածը՝ 1,8 հեկտարը մնացել է  Կաթնաղբյուրին»,- ասում է Ուրասարի համայնքապետը:

Իրեն հատկացված հողատարածքի սահմանները ճշգրտելու համար Ս. Միրզոյանը դիմել է տարբեր ատյաններ: 2015թ.-ի ապրիլի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից պատասխանել են. «Այն հողամասերը, որոնց նկատմամբ մինչև 1998թ.-ի մարտի 1-ը իրավունքի պետական գրանցում չեն կատարվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն` գրանցման համար պետք է ներկայացվի նաև գրանցվող հողամասի հատակագիծը, իսկ նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ-ում քարտեզագրության, գիոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած մասնավոր անձինք, ուստի վիճարկվող հողամասի հատակագիծ և դրան վերաբերող իրավահաստատող փաստաթղթեր իրավունքի պետական գրանցման դիմումին կից կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկան գրասենյակ սահմանված կարգով ներկայացնելու դեպքում կտրվի համապատասախան ընթացք»:

Խնդրի պարզաբանման համար  կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե են դիմել նաև երկու համայնքների՝ Ուրասարի ու Կաթնաղբյուրի համայնքապետերը: Հարցմանն ի պատասխան  2016թ.-ի հունիսի 21-ին երկու գյուղապետերին ուղարկված գրության մեջ նշված է.

 «Ուրասար համայնքում 1991թ.-ին Ս. Միրզոյանին սեփականաշնորհված 101-001 ծածկագրի տակ հողամասը ներկայացված է որպես խոտհարք: Ներկա էլեկտրոնային քարտեզում տրված ծածակագրով հողամասը ընդգրկում է 3,5725 հա մակերեսով տարածք, որի շրջադարձային կետերի կոորդինատները համապատասախանում են տրված կատալոգում ներառված կետերի կոորդինատներին ու դրանց գծային չափերին: 2014թ.-ին Ձեր կողմից նշված համայնքների սահմանների ճշգրտման աշխատանքների հետևանքով Ս. Միրզոյանին պատկանող 1,82 հա հողատարածքն անցել է Կաթնաղբյուր համայնքին, որը ներկայիս Կաթնաղբյուր համայնքի կադաստրային քարտեզում արտահայտված չէ»:

Այսինքն, ստացվում է, որ գյուղացուն պատկանող 1,82 հա տարածքն ըստ էության ներկայումս չի արտացոլվում ոչ Ուրասարի, ոչ Կաթնաղբյուրի տարածքում:

Այդուհանդերձ, գրության ավարտին կադաստրի պետական կոմիտեից տեղեկացրել են. «Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01 հունիսի 2010 թ.-ի 186-Ն հրամանի երկրորդ գլխի 9-րդ կետի 1 ենթակետի համաձայն պետական գրանցման վկայականներում նշված և փաստացի օգտագործվող սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի սահմանների և մակերեսների տարբերությունների ուղղման նպատակով համայնքների ղեկավարները կից գրությամբ համապատասխան տարածքային ստորաբաժանում ներկայացնում են իրենց կողմից հաստատված փոփոխվող հողամասերի ճշգրտված հատակագծերը լիազոր մարմի կողմից որակավորման վկայական ստացած անձի միջոցով, սահմանված կարգով կազմված, համայնքների ղեկավարների կողմից հաստատված իրադրության հատակագծերը:

Քանի որ սկզբնական սեփականաշնորհված հողամասը ներկայումս զբաղեցնում է երկու՝ Ուրասար ու Կաթնաղբյուր համայնքների հողատարածքների հատվածները, ապա անհրաժեշտ է յուրաքանչյուր համայնքի կողմից առանձին հատվածների համար կատարված չափագրումներով կազմված ու հաստատված հողատարածքները սահմանված կարգով կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ ներկայացնել ու երկու համայնքներում էլ իրականացնել վերագրանցումներ»:

Թվում է՝ անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունն այս գրության մեջ արտացոլված է, սակայն գրությունից 11 ամիս անց  երկու համայնքապետերն էլ որևէ գործնական քայլ չեն ձեռնարկել բնակչի խնդրի լուծման ուղղությամբ: Հարցին՝ ինչո՞ւ,   համայնքապետերը  նախ մատնանշում են համայնքային բյուջեի սուղ ֆինանսական միջոցները, որոնցով լրացուցիչ չափագրումների ծախսեր կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Ս. Միրզոյանն էլ իր հերթին վրդովվում է. «Դրանք համայնքի հողեր են, ես համայնքապետ չեմ, ես չեմ կարող չափագրողներ բերեմ երկու համայնքների սահմաններում չափագրումներ անեն»:

Կաթնաղբյուրի համայնքապետ  Արթուր Սավթալյանը գտնում է, որ խնդիրն ավելի շատ  Ուրասարինն է:

«6 հեկտարը Ուրասարի տեղեկագրում երևում է, բայց քարտեզով չի երևում,   Ուրասարի տեղեկագիրը փաստացի քարտեզի հետ չի համապատասխանում: Ուրեմն կամ տեղեկագիրը ժամանակին ճիշտ չեն կազմել, կամ քարտեզը: Ես ի՞նչ կապ ունեմ:Մեր գյուղի սեփականատերերի հետ խնդիր չկա»,- նշում է նա, հավելելով, որ չնայած Ուրասարի տարածքում բնակչի հողատարածքը պակասել է, սակայն իր համայնքի տարածքում էլ ազատ հողատարածք չի մնացել:  

 Այս տարի Ս. Միրզոյանը նույն խնդրով դիմել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ապրիլի 10-ին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը  բնակչին գրավոր պատասխանել է.

«ՀՀ Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից հարցը քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման մասնագետների, ինչպես նաև Կաթնաղբյուր և Ուրասար համայնքների ղեկավարների հետ, և պայմանավորվածություն է  ձեռք բերվել հարցի կարգավորման վերաբերյալ, որի համար անհրաժեշտ  է համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված ու սահմանված կարգով հաստատված հատակագծերը՝ խտասկավառակների հետ միասին, համայնքների ղեկավարների, կադաստրային քարտեզներում ուղղում կատարելու մասին կից գրությամբ, ինչպես նաև Ձեր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ, որից հետո հարցին կտրվի համապատասխան ընթացք»:

Մարզպետի պատասխանը բնակչին չի բավարարել: Մայիսի 11-ին Լոռու մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ Ս. Միրզոյանը մարզպետարանում կրկին բարձրաձայնեց իր խնդիրը: Մարզպետը բնակչին ուղղորդեց ՏԻՄ վարչության համապատասխան  աշխատակցի մոտ: Մարզպետի մոտ ընդունելությունից 10 օր անց  Կաթնաղբյուր կատարած մեր այցի ժամանակ Ս. Միրզոյանը  մեզ հետ զրույցի ժամանակ դժգոհեց՝ մարզպետին դիմելուց հետո էլ ոչինչ չի փոխվել ու ոչ մի քայլ չի արվել իր բարձրաձայնած խնդրին լուծում տալու ուղղությամբ:

 Տարիներ շարունակ քաշքշուկների մեջ ընկած վատառողջ ծերունին ոչ մի կերպ չի կարողանում սեփականաշնորհել 26 տարի առաջ իրեն հատկացված 6 հա խոտհարքը:

«Իմ վերջին հույսը դու ես, գոնե գրելուց հետո մի լուծում տան,- ասում է Սուրեն պապն ու բաժանվելիս հետաքրքրվում,- ի՞նչ ես կարծում, մի բան կանե՞ն»:  

Մեկնաբանություններ (1)

Գրիգոր
Ապրեք որ Սուրեն պապիի մասին գրել եք: Բա մի երկու բառ էլ գրեք թե ինչ ճանապարհով եք անցել Ուրասարից Կաթնաղբյուր գնալիս, ու շեշտեք այդ ճանապարհին դիմացած ձեր ավտոմեքենայի մակնիշը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter