HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցօգնություն ստացողների բարեկամ լինել-չլինելու հարցը թողեցին համայնքապետերի խղճի վրա

Գայանե Սարգսյան

«Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է  տալիս, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում անկման միտում է նկատվում»,- այսօր Վանաձորում կայացած Լոռու մարզխորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետարանի  ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Հրայր Պապոյանը:

Այս տարվա 4 ամիսների կտրվածքով,  նախորդ տարվա համեմատ, ավելի քիչ հավաքագրում են ապահովել մի շարք համայնքներ. մինչև 60 % հավաքագրում է ապահովել 16 (2016-ին՝ 15), 60-80% ՝ 18 (2016-ին՝ 21), 80-100%՝ 28 (2016-ին՝ 38) համայնք:

Սեփական եկամուտների հավաքագրման առավել ցածր ցուցանիշ ապահոված համայնքներն են` Պաղաղբյուրը (34%), Պետրովկան (34%), Սարալանջը (41%), Չկալովը (43%), Հալլավարը (47%), Նոր Խաչակապը (48%), Մղարթը (50%):

 2017թ.-ի 4 ամիսների ընթացքում մարզի համայնքները հողի հարկի հավաքագրման պլանը կատարել են 82%-ով՝ 98 մլն դրամ պլանի դիմաց հավաքագրելով 80 մլն դրամ:

Հողի հարկի գծով մինչև 50% հավաքագրման ցուցանիշ է ապահովել 17 համայնք: Դրանք են՝ Ուրասար, Ագարակ, Շահումյան, Հալլավար, Քարաբերդ, Ճոճկան, Չկալով, Նորաշեն, Նովոսելցովո, Ձյունաշող, Պետրովկա, Պաղաղբյուր, Դաշտադեմ, Պրիվոլնոյե, Նոր Խաչակապ, Սարալանջ, Գոգավան:

Տեղական տուրքերի գծով հավաքագրման ցուցանիշի նվազում ունի 38 համայնք, այդ թվում՝  Ջրաշեն, Սարահարթ, Սարչապետ, Ճոճկան, Կարմիր Աղեգ, Արդվի, Փամբակ, Եղեգնուտ, Ագարակ համայնքները: Եվս 7 համայնքներում, (Ուրասար, Բովաձոր, Մղարթ, Կաթնառատ, Արծնի, Արևաշող, Գեղասար, Գոգարան) ի տարբերություն նախորդ տարվա, ընդհանրապես գանձումներ չեն եղել:

«Այսօրվա` մայիսի 29-ի դրությամբ` մարզի երկու համայնքներում՝ Ջրաշենում ու Սարամեջում, սեփական եկամուտների գծով ընդհանրապես մուտքեր չեն եղել, ևս 18 համայնքում մուտք չեն ունեցել հողի հարկի գծով»,- նշեց Հ. Պապոյանը:

_Այսօր վճարում ունեցել ենք,- դահլիճից բարձրաձայնեց Ջրաշենի համայնքապետը:

_Քո հողի հարկը ինչո՞ւ չես մուծել,- համայնքապետին դիմեց մարզպետ Արթուր Նալբանդյանը, հավելելով,- վաղը ևեթ ուղարկելու եմ քո բոլոր հարկերը` անձամբ նայեն:

 Մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքներին անդրադարձավ Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ,  վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Ալիկ Սահակյանը:

Վերջինս նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ ստուգումներ են   իրականացվել մարզի 8 համայնքում (Ստեփանավան, Եղեգնուտ, Փամբակ, Քարաբերդ, Քարաձոր,  Գարգառ, Շենավան, Միխայլովկա):

Խոսելով ֆինանսական բնագավառին առնչվող խախտումների մասին՝ Ա. Սահակյանն առանձնացրեց առավել հաճախ հանդիպող խախտումներից մի քանիսը.  

«Համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերն ու վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետք  է կիրառի համապատասխան միջոցներ: Այս գործառույթը կիրառվել է միայն Ստեփանավան համայնքում, մնացած բոլոր համայնքներում համայնքների ղեկավարները խուսափում են ու հարկերը չվճարողների նկատմամբ վարչական վարույթ չեն իրականացնում: Չի պահպանվում գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության թիվ  168 որոշման 2-րդ կետի պահանջը, ըստ որի՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը պետք է հաստատի գնումների պլանը և աշխատանքային տարվա  ընթացքում սահմանված կարգով հրապարակի ինտենետային կայքում: Չի պահպանվում նաև «ՏԻՄ» օրենքի 84 –րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ըստ որի՝ մինչև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, պետք է կազմակերպվեն և անցկացվեն հանրային բաց լսումներ սահմանված ժամկետներում»:

Հանձնաժողովի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց նաև համայնքների ավագանու հաստատմամբ բնակիչներին հատկացվող սոցիալական օգնություններին՝ նշելով, որ «այս հարցը վերջերս հաճախ է բարձրաձայնվում: Ընդունելով հանդերձ, որ «ունենք որոշակի համայնքներ, որտեղ խախտվել է «ՏԻՄ» օրենքի 21-րդ  հոդվածը, ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը չպետք է մասնակցի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր ընտանիքի անդամի հետ»՝ Ա. Սահակյանն ասաց.

«Մասնագիտական ստուգում իրականացնող աշխատանքային խումբը ստուգման ընթացքում չի կարող բացահայտել այդ օգնություն ստացողը, որ Սարգսյանն է, բարեկա՞մ է, թե՝ չէ: Այսինքն՝ դա թողնում ենք համայնքի ղեկավարի խղճի վրա»: 

Հանձնաժողովի նախագահի այս դիտարկումն առավել քան զարմանալի է: Այս դեպքում հարց է առաջանում` համայնքի ավագանու գործառույթներին վերաբերող հարցաշարում համապատասխան տողի դիմաց  հանձնաժողովն ինչպե՞ս է արձանագրում, որ խախտում չկա, եթե չի կարողացել ստուգել տվյալ կետի պահպանված լինել-չլինելու հանգամանքը: Թե՞, այս դեպքում, ստուգումը կրում է միմիայն ձևական բնույթ:

_Ամբողջ գյուղն իրար բարեկամ է,- հանձնաժողովի նախագահի խոսքին արձագանքեց գյուղապետերից մեկը:

Մարզպետը համայնքապետերին բացատրեց, թե, ըստ օրենքի, ովքեր են ավագանու անդամների հետ փոխկապակցված անձինք և որ դեպքերում է, որ ավագանու անդամն իրավունք չունի մասնակցել հարցի քվեարկությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter