HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքին Ախթալայի քաղաքապետարանը հնարավորություն չունի ապահովել բնակարանով

Ախթալայի տնակային թաղամասի 36 քմ մակերեսով տնակներից մեկում մայիսի 24-ին  բռնկված հրդեհի պատճառով անօթևան են մնացել Վահան Խաչիկյանի անչափահաս երեք երեխաները: Երեխաները միակողմանի ծնողազուրկ են, նրանց մայրը մահացել է այս տարվա հունվարին։

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի խոսքով, նախնական ենթադրությամբ հրդեհը բռնկվել է տնակը էլեկտրականությամբ սնուցող տանիքի վրա գտնվող սյունից։  «Հրդեհի բուն պատճառների մասին հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը դեռևս մեզ չեն հայտնել»,-ասաց քաղաքապետը:

Երեխաներից ավագը՝ 14, միջնեկը՝13, իսկ փոքրը` 6 տարեկան է: Վահանի պատմելով` հրդեհը բռնկվելու պահին տնակում միայն փոքր աղջիկը՝ Աննան է եղել: Աննան կողմնորոշվել, արագ դուրս է եկել տնակից: Աննայի լացի ձայնից վրա են  հասել հարևանները, օգնել և  հանգցրել են հրդեհը, սակայն չեն կարողացել փրկել տան իրերը:

«Տեսա` երեխան հարևանի տնակի դուռն է թակում, դուռը բացող չկար: Տան կողքով վազելով պտտվեցի` և հասա Աննային: Լացելով ու գոռալով ասում էր՝ պապաս, տունը վառվեց: Մտածեցի, որ հայրը վառվող տնակի ներսում է: Պատուհանից նայեցի, հայրը չկար տանը: Ամբողջ տնակը ծխի մեջ կորած էր: Աննային գրկեցի, վազելով գնացի  հարևան Նառայենց  տուն, ասեցի՝ հրդեհ է,  շտապ զանգի հրշեջ ավտոմեքենան գա: Հինգ րոպեում բոլոր հարևանները հավաքվեցին, ամենքը մի կողմից ջուր էին լցնում տնակի վրա»,-պատմեց հարեւանը՝ Զարուհի Եղիշյանը:

 «Ես մենակ նստած էի տանը, լսեցի թափվող տանիքի ձայները։ Ձայները լսել եմ ու փախել: Մինչև պաժարնին եկել էր, ես արդեն փախել էի: Բոլոր հարևանների տունը տկտկացրեցի, բայց տանը չէին: Հետո էն կողմի հարևանը եկավ, տարավ իրենց տուն, հետո քույրիկիս ընկերուհի Նանեն եկավ ինձ տարավ իրենց տուն: Հետո Լուսիկ տատիկս եկավ, ինձ իրենց տուն տարավ: Էդտեղից էլ պապաս տարել է հոքորիս տուն»,-պատմեց առաջին դասարանցի Աննան։

«Խելոք ընտանիք են, շատ լավ երեխաներ են Վահանի  երեխաները: Կնոջ մահից հետո է Վահանը այստեղ ապրում: Կինը կոմայի մեջ է եղել, երբ  իրենք այստեղ են տեղափոխվել` ապրելու: Մինչ այդ ապրել են Մեծ Այրումում»,- ասաց  հարևանը՝ Արեգնազ Ալիխանյանը:

Վերջինս, սակայն,  նշեց, որ թաղամասի  տնակներում բնակիչները ապրում են արդեն 26 տարի: «Փայտի տնակ է, մի փոքր կայծից էլ կարող է բռնկվել: Հիմնականում ֆաներաներ ու փայտ է: Տնակը միանգամից է բռնկվել, ոչինչ հնարավոր չէր փրկել»,-հայտնեց Արեգնազը:

Տնակային թաղամասն Ախթալայում կառուցվել է 1988թ.-ի երկրաշարժից հետո՝ երկրաշարժից տուժած ընտանիքների համար: Քաղաքապետարանի կրտսեր մասնագետ Իշխան Սոխակյանի խոսքով, հետագայում տնակները` որպես ժամանակավոր կացարաններ, հատկացվել են բնակարանային խնդիր ունեցող  ախթալացիներին՝ բնակարանով ապահովելու պայմանով: Հրդեհից հետո Վահան Խաչիկյանն իր երեք երեխաների հետ  ապրում է բարեկամներից մեկի տանը: Վահանն  այրված  տնակը վերակառուցելն անիմաստ է համարում:  Ասում է` նոր  բնակարան առնելու ֆինանսական միջոցներ էլ չունի, ամբողջ ունեցվածքը 5 հորթ է:

Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը բացատրեց, որ այս պահին Ախթալայի բնակելի շենքերից որևէ մեկում Վահան Խաչիկյանի ընտանիքին բնակարան հատկացնելու հնարավորություն չունի։

«Քաղաքի  բնակելի շենքերում դատարկ  բնակարաններ շատ կան, բայց  դրանք սեփականաշնորհված են, իսկ տերերը գտնվում են արտերկրում»,-բացատրեց նա:

Վերջինս Վահե Խաչիկյանի ընտանիքի բնակության համար առաջարկել է այրված տնակի կողքի դատարկ տնակը: Վահե Խաչիկյանն  այլևս վտանգավոր է համարել  իր երեխաներին փայտե տնակում բնակվելը և հրաժարվել է առաջարկից: Ընտանիքի վիճակի մասին Հ. Խաչիկյանը տեղյակ  է  պահել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճլյանն այսօր մեզ հայտնեց, որ  Վահան Խաչիկյանը ուշադիր հայր է իր երեխաների նկատմամբ: «Երեխաները շատ կոկին են գալիս դպրոց: Գրքերի և այլ պարագաների պակաս չունեն: Մոր մահից հետո դպրոցում մենք նույնպես ուշադրության կենտրոնում ենք պահում երեխաներին»,-ասաց Լ. Ճիճիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter