HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղացիներ և ախպարներ։ Առօրյա կոնֆլի՞կտ, թե՞ մշակութային բախում

Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան

Հայաստանում հաճախ կարելի է լսել «ախպար» արտահայտությունը: Հատկապես վերջին տարիներին` պայմանավորված սիրիահայերի Հայաստան ներգաղթով, առօրյա խոսքում հաճախակիացել է այս բառի գործածումը: «Ախպարները» հայրենադարձված հայերն են, ովքեր աշխարհի տարբեր երկրներից Խորհրդային Հայաստան մշտական բնակության տեղափոխվեցին 1920-30-ականներին, իսկ հիմնական մասը՝ 1946-1949-ին:

ԹՈՐԳՈՄ ՓԱՀԼԵՒԱՆՅԱՆ

Հարցազրույցը տեսագրվել է Գլենդելում (ԱՄՆ, Կալիֆորնիա), 2011

«Իմ ընտանիքը պատերազմից առաջ էր եկել Հայաստան: Ինձ միշտ հարցրել են՝ պոլսեցի՞ ես, թե ախպար: Ասում էի՝ պոլսեցի եմ: Ասում էին, հա, դու էն հիներից ես»:

Թեեւ «ախպարը» պիտակավորման, երբեմն նույնիսկ վիրավորական ենթատեքստ է ունեցել, սակայն անկախ այդ ամենից՝ հայրենադարձները էական դեր են խաղացել Հայաստանի հասարակական մշակույթի եւ առօրյա կյանքի արդիականացման մեջ:

Հայրենադարձներն այն մշակութային միջնորդներն էին, ովքեր սովետական շտամպի տակ ձևավորված եւ ստալինիզմի վախի դաժան մթնոլորտը վերապրած, կյանքի անարժանապատիվ պայմաններին վարժված, սովի, զրկանքների, մատնության դաժանություններին հարմարված հասարակության մեջ թարմության շունչ բերեցին իրենց արևմտահայերեն խոսվածքով, սովետական միանման միջավայրից տարբերվող հագուկապով, ընտանեկան ու միջանձնային փոխհարաբերությունների բարեկրթությամբ, անսովոր համեմունքներով պատրաստվող կերակուրներով, իրենց զեյթունով, դարչին-մեխակով ու, վերջապես, սուրճ խմելու սովորույթով:

Եթե ընդհանրացնենք, կարելի է ասել, որ հայրենադարձները, Հայաստան գալով, ինտեգրման երկու հիմնական բարդությունների հանդիպեցին: Առաջինը համակարգային էր: Նրանք բոլորն էլ Խորհրդային Հայաստան էին ներգաղթել կապիտալիստական երկրներից եւ պատկերացում անգամ չունեին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում խորհրդային սոցիալիզմը: Երկրորդը մշակութայինն էր: Չնայած ազգությամբ հայ լինելուն՝ շատ էին տարբերվում տեղացիներից իրենց առօրյա կյանքի սովորույթներով, նիստ ու կացով, հագ ու կապով, ուտեստի ու հյուրասիրության ձևերով, բարոյականության, գեղեցիկի ընկալումներով ու չափանիշներով, միջանձնային եւ ընտանեկան հարաբերությունների բնույթով:

Երևանի թաղամասերից մեկում 1970-ականների սկզբներին, իր հագ ու կապով բոլորից տարբերվող միջին տարիքի մի կին էր ապրում, ում տեղացիները «Զոնթիկ» մականունով էին կանչում: Պարզվում է` այդ մականունի ծագումը կապված է ոչ թե անձամբ այդ կնոջ, այլ նրա հայրենադարձ հոր հետ: Կնոջ հայրն ընտանիքով Հայաստան էր ներգաղթել 1946թ-ին: Թաղամասը, որտեղ նրանք բնակություն էին հաստատել, կիսով չափ բնակեցված էր հայրենադարձներով, կիսով չափ էլ` գյուղերից Երևանում վերաբնակված տեղացիներով: Անձրևոտ օրերին, սովորության համաձայն, տղամարդը անձրևանոցով էր դուրս գալիս, որը թաղեցիների համար խիստ արտասովոր մի բան էր: Անձրեւանոց բռնելը տեղացիների մոտ տղամարդկություն չէր համարվում, այդ պատճառով էլ նրան ծաղրում են եւ տալիս «Զոնթիկ» մականունը, իսկ աղջկան՝ «Զոնթիկի աղջիկ»։ Հոր մահից հետո, աստիճանաբար, նրան նույնպես սկսում են անվանել «Զոնթիկ»:

Եվրոպայից կամ եվրոպակական մշակույթի ազդեցության տակ գտնվող Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից հայրենադարձվածները տարաշխարհիկ էին թվում: Տեղացիները, ովքեր քիչ էին տեղեկացված կամ լիովին անտեղյակ էին այդ ամենին, անծանոթի հանդեպ հիմնականում դրսևորում էին անհանդուրժողականություն եւ այլատյացություն, որը վարքի մակարդակում ստանում էր գռեհկաբանության ու դիմացինին վիրավորող ծաղրի ձև:

Կար հասարակական կյանքի մի շատ էական առանձնահատկություն եւս, որը տեղացիների ու հայրենադարձների գլխավոր տարբերությունների ու կոնֆլիկտների պատճառներից էր: Խորհրդային մարդը չուներ մասնավորի ու հանրայինի հանդեպ տարբերակված ու հստակ սահմանազատված ընկալումներ, մինչդեռ հայրենադարձները առօրյա վարքի նորմերում շատ հստակ էին. կար ուրիշի անձնականի սահմանների զգացողությունը եւ դիստանցավորման մշակույթը:

ՍՈՆԻԱ ՄՂՐՊԼՅԱՆ

Ներգաղթել է ԱՄՆ-ից, 1949-ին / Ապրում է Փարիզում

«Շատ տարբեր էին նորեկների և տեղացիների մշակույթները: Մի փոքր բան ասեմ, օրինակի համար։ Ես 19 տարեկան էի, որ Հայաստան գնացինք: Սկզբից ես շատ ունեցա ամուսնանալու առիթներ։ Ինչպե՞ս էր կատարվում էնտեղ՝ մեկը միջնորդ էր լինում, որ այսինչ ընտանիքի տղան ուզում է հետս ամուսնանալ։ Ո՞նց կարող էի ես ասել «այո» կամ «ոչ», նույնիսկ եթե մի անգամ տեսած լինեի էդ անձնավորությունը։ Այսինքն միշտ «ոչ» էի ասում, իհարկեՉէի կարող։ Ամերիկա այդպիսի բան չկար։ Աղջիկներ, տղաներ իրար հետ դուրս էին գալիս, ամուսնությունը հետո կարող էր պատահել. եթե իրար հետ ամեն ինչ լավ գնար, գուցե կամուսնանային։ Եվ չամուսնացա»:

Հայրենադարձների հարեւանությամբ ապրած տեղացիները հարցազրույցներում հաճախ են ասում, որ ախպարներն ավելի «կուլտուրական» էին, իրենց թույլ չէին տալիս մտնել ուրիշի գործերի մեջ, երբեք խիստ անձնական բնույթի հարցեր չէին տալիս, իսկ տալուց զգուշավոր ու նրբանակատ էին։ Տեղացիներն այդ առումով «բռի» էին, կարող էին անպատեհ հարցեր տալ, խցկվել դիմացինի կյանքի մեջ, ինչը հայրենադարձների համար առնվազն տարօրինակ էր:

Հայրենադարձների հիմնական մասն ավելի մոդեռնիզացված վարք ու կարգի կրողներ էին, տեղացիներն՝ ավելի շատ` գեղջկականի: Առաջինները հյուր չէին գնում՝ առանց տանտիրոջը նախապես զգուշացնելու եւ պայմանավորվելու, իսկ տեղացիները, կարող էին նույնիսկ դուռը չթակելով, մտնել հարևանի տուն։

Մյուս կողմից զգալի նշանակություն ունեն նաև սովետական կոլեկտիվիզմի, մասնավորը կոլեկտիվին հակադրելու գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորված առօրյա պրակտիկաները, որոնցում մեծ տեղ էր տրվում խմբակային կենսակերպին: Այդ պատճառով տեղացիները նրանց համարում էին սառը, ոչ բավականաչափ ջերմ ու շփվող:

Երևանի թաղամասերից մեկի մի հին բնակիչ հիշում է, որ 1960-70-ականներին սեփական տներում մարդիկ ոչ միայն բակի, այլեւ նույնիսկ տան դուռը բանալիով չէին փակում։ Հարևանները ցանկացած պահի կարող էին ելումուտ անել միմյանց տուն, մինչդեռ «ախպարների» տան, իսկ որոշ դեպքերում՝ բակի դռները, որպես կանոն, փակ էին։

Այսինքն՝ սոցիալական տարածքի կազմակերպման առումով հայրենադարձների գլխավոր տարբերություններից մեկը տեղացիներից այն էր, որ նրանք ունեին մասնավոր եւ հանրային տարածքների սահմանների ավելի ընդգծված զգացողություն եւ դրանց հետ կապված վարքագծային պրակտիկաներ: Այս երևույթը կապիտալիստական աշխարհից տեղափոխված լինելու ցուցիչներից մեկն է, քանի որ առօրեականության մեջ հանրայինի ու մասնավորի նման կերպով տարանջատումը ի հայտ է գալիս արդեն կապիտալիզմի ժամանակաշրջանում:

Առօրեականության տեսության մեջ այս խնդիրը բավական մանրամասնորեն ուսումնասիրվածներից է: Կապիտալիզմի եւ դրան ուղեկցող մոդեռնիզմի ժամանակաշրջանում, աստիճանաբար ի հայտ է գալիս հանրայինի ու մասնավորի տարանջատման երեւույթը, որն ուղակցվում է նաև խմբայինից անձնականի տարանջատմամբ ու սահմանազատմամբ: Մի բան, որը դատապարտելի էր համարվում խորհրդային գաղափարախոսության կողմից: Մեկուսիության ձգտող մարդիկ խորհրդային հասարակության մեջ համարվում էին կասկածելի, դառնում պաշտոնական քարոզչության թիրախ:

Խորհրդային Միությունը ուներ ոչ միայն պետականորեն քարոզվող եւ պաշտոնապես ողջունելի առօրեականության պրակտիկաներ, այլև՝ ստվերային, որը նույնքան, հաճախ ավելի՝ սովետական էր: Խորհրդային Միությունում, նրանք ովքեր անկեղծորեն հավատում էին գաղափարախոսական մեքենայի կողմից քարոզվող արժեքներին եւ չէին տիրապետում ու գործածում դրանք շրջանցող ստվերային պրակտիկաները, բնութագրվում էին որպես «միամիտ», «հարիֆ», «կյանքը չհասկացող», երբեմն նույնիսկ պիտակավորվում որպես «կոմունիստ»:

ԱԼԲԵՐՏ ՄՈՍԿՈՖՅԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին / Ապրում է Փարիզում

«Հաջողեցա, չկողոպտեցի, փափախ չարեցի: Ամեն մարդ գիտեր, որ իրիկունը տունս արյան քննություն եմ անում եւ այլ քննություններ եմ անում։ Կարողացա ապրել եւ ոչ ոքի պարտք չէի։ Մի անգամ ամբիոնի վարիչ Ալեքսանդր Գրիգորիչը խոսում էր, թե ամեն մարդ գողանում է: Ասացի՝ ես էլ եմ գողանում: Հա՛, հա՛, հա՛, ի՞նչ ես գողանում: Ես իմ հանգստի ժամանակն եմ գողանում՝ ասացի։ Չստեցի, չծածկեցի իրականությունը, բացեիբաց ասացի, որ աշխատում եմ՝ ուտում եմ»։

Առօրեականությունն ուներ բազմաթիվ նրբերանգներ, որոնք գտնվում էին պաշտոնական ու ստվերային բեւեռների միջակայքում: Ով ավելի հմտորեն էր կողմնորոշվում, համարվում էր «կյանք հասկացող մարդ»: Խորհրդային իրականության մեջ իրական իշխանության կրողները հենց այդ կյանք հասկացող մարդիկ էին: Մյուսները գիտեին՝ ինչպես շփվել նրանց հետ։ Եվ շատ քչերն էին, որ չգիտեին այդ փոխհարաբերությունների ձևերը: Ավելի սակավ էին նրանք, ովքեր սկզբունքորեն չէին հանդուրժում այդ ամենը: Վերջիններիս, խորհրդային համակարգում ոչ ոք չէր սիրում: «Մարդ չի», «ոչ մեկի պիտանի չի, դա ինչ մարդ» ու նմանատիպ այլ արտահայտություններ կլսեիք նրանց հասցեին, ովքեր փորձում էին չառնչվել պաշտոնականի ու ստվերայինի միջակայքում իշխող իրական համարվող կյանքի օրենքներին:

Հայրենադարձները ԽՍՀՄ էին մուտք գործել այնպիսի միջավայրերից, որտեղ գործող իրականությունը նույնական կամ շատ մոտ էր հայտարարված իրականությանը ու նրանց համար դժվար էր հասկանալ խորհրդային հայի բազմաշերտ, մեկը մյուսին հակասող, բայց միևնույն ժամանակ փոխլրացնող իրողությունները:

Ահա Խորհրդային Հայաստանի այս իրողություններին էին հաճախ բախվում հայրենադարձները ու դժվարությամբ համակերպվում դրանց առջև ծամածռվելու, սեփական արժանապատվությունը ոտքի տակ տալու առօրյա պրակտիկաներին:

Դրանցից մեկը կաշառքն էր: Խորհրդային Հայաստանում, փաստացիորեն որևէ հարց հնարավոր չէր լուծել առանց կաշառքի: Շատ հայրենադարձների հարցազրույցներում սա ամենից հաճախ շեշտվող իրողությունն է: Կաշառքն այն «հրաշք միջոցն» էր, որը բացում էր խորհրդային քաղաքացու առջև պաշտոնական ատյանների կողմից ամեն հասարակ հարց լուծելու արգելքներն ու բարդությունները: Գրանցված հարցազրույցներում կաշառակերության նկարագրությունները վերաբերվում են գրեթե բոլոր ոլորտներին՝ հիվանդանոցների պահակներից սկսած, վերաջացրած բժիշկներով, թաղային տեսուչից  մինչեւ միլիցիայի ամենաբարձր պաշտոնյաներ, դատավորներ ու դատախազներ, դպրոցի տնօրենից սկսած վերջացրած կրթության ամենաբարձր պատասխանատուներով:

Հայրենադարձները ծանոթ չէին նաև տեղական ենթամշակույթներին: Առավել բարդացնում էր նրանց կյանքը թաղային ենթամշակույթին անծանոթությունը, ինչի հետևանքով թաղային պատրիարխալ միջավայրերում հաճախ «հարիֆ» էին համարվում, քանի որ չէին տիրապետում ոչ նրանց «ճիշտ ու սխալին», ոչ էլ այդ ճիշտ ու սխալի քննարկման լեզվին ու հասկացություններին:

Տասնամյակներ պահանջվեցին մինչև մարդիկ աստիճանաբար սկսեցին յուրացնել տեղական առօրականության պրակտիկաները: Չնայած բազմաթիվ բարդություններին՝ հայրենադարձներն աստիճանաբար ձեռք բերեցին նոր միջավայրում ապրելու գիտելիքներ եւ հմտություններ: Ավելին՝ տարիների ընթացքում, այն ամենը ինչ համարվում էր ախպարական ու ծաղրվում, սկսեց աստիճանաբար մուտք գործել հայաստանցիների կյանք ու դառնալ նրանց առօրյայի անբաժանելի մասը։

Մի քանի տասնամյակ ապրելով Խորհրդային Հայաստանում՝ նրանցից շատերն այդպես էլ չհաշտվեցին այն մտքի հետ, որ իրենց սերունդները պետք է մնան բանականության տեսանկյունից անկարելի մի միջավայրում, ինչպիսին խորհրդայինն էր։ 1960-70-ականներին, առաջին իսկ հնարավորությունը տեսնելով՝ շատերը հեռացան Խորհրդային Հայաստանից։ Բայց խորհրդահայ իրականության վրա մնաց «ախպարական» մշակույթի անջնջելի դրոշմը։

…………………………………………..

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։ 

Մեկնաբանություններ (5)

GB
This why our enemies created Eastern, Western, Southern or Northern, in order to destroy our unity as a nation!
Hazel Antaramian
Thank you for covering this topic with which I am familiar. In fact, a few of the images come from my scans of repatriate photograph archives. I am not sure how you were able to acquire the photos, but in all fairness, I hope you will cite the repatriate families from which you received these photographs since it is a copyright issue. Please be mindful of this in the future. Thank you again!
Սուրեն
Աբովյանն իրանահայերի քաղաք էր: Չնայած կոմունիստական կուսակցությունը ներգաղթող իրանահայերին ցրում էր Հայաստանով մեկ, միևնույն էր. մի քանի տարի անց հավաքվեցին Աբովյանում: 1977-ին անչափահաս իրանահայ աղջկա բռնաբարություն կատարած երիտասարդին դատարանը անմեղ ճանաչեց: Ուրջ 10.000 իրանահայեր դուրս եկան բողոքելու կառավարության դեմ ու շարժվեցին Երևան: Անհավատալի էր անցորդների վերաբերմունքը. ոչ ոք չմիացավ ցույցին: Վախենում էին: Մեկ տարի անց մեկ ուրի դատարան անմեղ իրանահայ երիտասարդի դատապարտեց ցմահ ազատազրկման: Նորից իրանահայերը ցույց արին ու դեպի Երևան: Այս անգամ 2.0000 անոց ցույցը ճնշվեց բիրտ մեթոդներով: Քանդվեց սովետը, իրանահայերը լքեցին Հայաստանը, Աբովյանը դատարկվեց : Այս դառը օրինակը թող դաս լինի բոլորիս համար, որ ախպարները ու տեղացիները նույն մարդիկն են, նույն հայերը: Սիրենք միմյանց, սա է մեր վաղվա գրավականը
Arsen
Նախկին հոդվածներն ավելի հետաքրքիր էին, քան այս մեկը։ Տպավորությունն այն է, որ լրագրողն անկախության սերնդի ներկայացուցիչ է, և պատկերացում իսկ չունի խորհրդային ժամանակաշրջանի իրականությունների հետ, կամ ել գրանտային փողերն է արդարացնում։ Իրականում, նաև զուգահեռ վերլուծություն էր պահանջվում այդ տարիների Երևանի դեմոգրաֆիկ վիճակի վերաբերյալ։
Գեւորգ
Հոդվածագրի հետ կարող ենք համաձայնել գրեթե բոլոր կետերում: Կարելի է միայն փոքրիկ դիտողություններ բերել: 1) Ախպարների (եղբայրների) նկատմամբ հասարակ ժողովրդի վերաբերմունքը թշնամական չէր: Իսկ շատ ավելի թունդ ածականներ գործածվում էին համարյա բոլորի նկատմամբ: Օրինակ՝ ... սիսիանցի, .... ախալքալակցի ..... քյավառցի, .....ապարանցի (նաեւ ղարաբաղցի!) եւ այլն: 2) ,,Ախպարներին,, նույնիսկ լռելայն հարգում էին, իրենց ճշտապահության, չափավորության ու զգուշավորության համար: 3) Իսկ ամենակարեւորը՝ նրանք ընտիր արհեստներ ու մասնագիտություններ բերեցին: 4) Իսկ հետեւյալ արտահայտությունը՝ //բանականության տեսանկյունից անկարելի մի միջավայրում, ինչպիսին խորհրդայինն էր ... // ակնհայտ թյուրիմացություն կամ անտեղի չափազանցություն է, - այն ժամանակ վերաբերմունքը հասարակ մարդու նկատմամբ շատ ավելի տանելի ու մարդասիրական էր, քան հիմա է: Ով համաձայն չէ, թող հակառակն ապացուցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter