HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ազգային պարկում լիճ փորելն ընդամենը 1000 դոլարի հարց է

«Վենդոռ» ՍՊԸ-ի կողմից Գոշի լճին հասցված վնասի չափը՝ հաշվարկված բնապահպանության նախարարության կողմից, կարծես թե չի համապատասխանում լճի տարածքում տեղի ունեցած պատմությանն ու դրա վերաբերյալ հանրային արձագանքին։

Ինչպես «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ԲՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, «Վենդոռ» ընկերության կողմից Գոշ լճի տարածքում իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված 188 հազար 580 դրամի նյութական վնաս:

Հարցին, թե ուսումնասիրության ընթացքում կոնկրետ ինչն է հաշվարկվել, Վարդանյանը պատասխանեց, որ բերրի շերտին հասցված վնասը։ «Վենդոռ» ՍՊԸ-ն, պաշտոնյայի տեղեկացմամբ, ենթարկվել է վարչական տույժի 300 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին «Վենդոռ»-ը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա էր մտցրել, հարթեցրել Գոշ լիճ տանող ճանապարհն ու լճից տիղմը հանել, կուտակել ափի երկայնքով։

2015 թվականի հուլիս ամսին «Դիլիջան» ազգային պարկի եւ ընկերության միջեւ կնքվել էր պայմանագիր, եւ կառուցապատման իրավունքով, 60 տարով «Վենդոռ»-ին էր տրամադրվել հողամաս ազգային պարկի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 3,18 հեկտար մակերեսը։

«Վենդոռ»-ը պարտավորվել էր յուրաքանչյուր տարի մաքրել տարածքը եւ դա արել էր՝ ըստ իր պատկերացումների։

«Հետք»-ի հրապարակումից հետո, որ իրականացվել էր արշավականների ահազանգի հիման վրա, բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ: Նախարարությունը կարգադրել էր դադարեցնել աշխատանքները։

Նախարարությունը, սակայն, լռել էր ամենակարեւորի մասին․ ընկերության կողմից իրականացված աշխատանքները օրինական չէին։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի hոդված 17-ի համաձայն՝ ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

Բացի դրանից, չէր իրականացվել նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ

Խնդրին արձագանքելու նպատակով շատ արագ ստեղծվեց «Հեռու Գոշից» հասարակական նախաձեռնությունը, որը մեկ-երկու հետաքրքիր ակցիա իրականացրեց մայրաքաղաքում` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ստիպելով գնալ որոշակի բանակցությունների եւ քաղաքացիներին հրավիրել քննարկման։

Ապրիլի 22-ին նախարարությունում անցկացված քննարկման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ծառայողական պարտականություններում թերանալու համար նկատողություն է հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցներից մեկին՝ տվյալ հատվածի համար պատասխանատու անտառապահին։

Իսկ ավելի ուշ զբաղեցրած պաշտոններից ազատվել էին ազգային պարկի տնօրենի երկու տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը:

Ապրիլի 22-ին Արծվիկ Մինասյանը բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներին առաջարկել էր ստեղծել խորհուրդ: Պարզվում է, որ խորհուրդը ստեղծվել է, դրա կազմում նաեւ «Հեռու Գոշից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն են, եւ մայիսի 26-ին տեղի է ունեցել առաջին հանդիպումը նախարարի հետ:

«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ Հայկ Մարկոսյանին խնդրեցի մեկնաբանել տեսչության հաշվարկած վնասի չափը․ արդյո՞ք համարժեք են համարում տեղի ունեցածին:

Հայկը պատասխանեց, որ 188 հազար դրամը համարում են բնությանը հասցված վնասին ոչ համարժեք գումար: Նա ասաց, որ ուրբաթ օրը այդ հարցով հանդիպել են նախարարի հետ: Ուշագրավ է, որ քննարկման ընթացքում նախարարության ներկայացուցիչներն ընդունել են, որ «Վենդոռ»-ը նաեւ ծառերին է վնաս հասցրել, այնինչ, ինչպես վերեւում ենք նշել, հաշվարկվել է միայն բերրի հողին հասցված վնասը:

Երբ խորհրդի անդամները խոսել են նաեւ վարչական տույժի անհամաչափությունից, նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ օրենքում բացեր կան, օրենքը թույլ չի տալիս ավելի մեծ տույժ կիրառել նման դեպքերում: Մինասյանը վստահեցրել է, որ օրենքում փոփոխություններ կատարելու համար կդիմեն Ազգային ժողով: 

Հայկ Մարկոսյանն ասաց, որ խորհուրդը հրաժարվել է նախարարությանը կից գործելուց. «Մենք հայտարարել ենք քննարկման ժամանակ, որ նախարարությանը չենք վստահում: Կգործենք, բայց՝ որպես առանձին կառույց: Նախարարը մեզ հասկացավ, եւ ցանկություն հայտնեց, որ պարզապես ավելի հաճախ հանդիպենք, մեր առաջարկներով հանդես գանք: Խորհուրդը ձևավորվել է, գործում է, մենք փակ քննարկումներ ենք անցկացնում»:

Թե բնությունը որքանով կշահի նորաստեղծ խորհրդի եւ նախարարության համագործակցությունից, ցույց կտա ժամանակը:

Մեկնաբանություններ (2)

Մարինե Կարապետյան
Հարգելի Գագիկ. ախր ինչպես կարող էր ,ըստ Ձեզ, նախարարությունը լռել անօրինական գործողությունների մասին??? Շուրջ մեկ ամիս է խնդրի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, կիրառվել է տույժ,տուգանք, աշխատակիցներ են նկատողություն ստացել...Իսկ Դուք ասում եք՝ նախարարությունը լռել է :Գոնե Դուք ,եթե մեկ անգամ, զանգեիք հարցնեիք, հաստատապես պատասխան կստանայիք: Խնդրում եմ հետևել ՀՀ բնապահպանության կայքին, հրապարակումներին, խնդրի վերաբերյալ բնապահպանության նախարարի բազմաթիվ ելույթներին...Ավելացնեմ , որ, վստահաբար, ցանկացած երկխոսություն արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը պատրաստ են իսկապես միմյանց լսելու և լուծումներ գտնելու, ինչին, համենայն դեպս , նախարարությունը պատրաստակամ է և ականջալուր:
Արմեն Վարդանյան
ՀՀ բնապահպանության նախարարությունը ողջունում է բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների ակտիվությունը: Խրախուսել է խորհրդի ձևավորման գաղապարը և պատրաստակամություն հայտնել համագործակցել խորհրդի հետ, սակայն նախարարության պատասխանատուները երբևէ չեն առաջարկել խորհրդին գործել ՀՀ բնապահպանության նախարարությանը կից: ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես ողջունել և ողջունում է բնապահպանական խնդիրներով զբաղվելու ցանկացած նախաձեռնություն և պատրաստ է համագործակցել դրանց ներկայացուցիչների հետ` ի շահ հայրենի բնության և շրջակա միջավայրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter