Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վլադիմիր Սաչկով. «Այդ զանգերը մտել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինֆորմացիոն համակարգ»



«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովն այսօր մեկ առ մեկ փորձում էր զննել գործում եղած ապացույցները: Մասնավորապես, նա փորձում էր խտասկավառակներում առկա ֆայլերի պարունակությամբ ցույց տալ, որ «ԱրմենՏել» մտած զանգերն անցել են նաև ընկերության հաշվարկային համակարգ: Այլապես, ըստ նրա, հետազոտվող ֆայլերն այլ ինֆորմացիա պիտի պարունակեին:

«Այդ զանգերը մտել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինֆորմացիոն համակարգ, որը ղեկավարվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինության կողմից, իսկ դրանք հաշվարկային համակարգում ցույց տալ, թե ոչ՝ կախված է ԻՏ տնօրինության կողմից արված կարգավորումներից»,- հետազոտվող խտասկավառակներից մեկի ֆայլերը զննելուց հետո ասաց Վլադիմիր Սաչկովը:

Սաչկովի պաշտպան Նարինե Ռշտունին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանին խնդրեց պարզաբանել այս պնդումները: «Ես փորձագետ չեմ, ես իրավաբան եմ: Այսքանիս միջից փորձագետը Սաչկովն է»,- եղավ Հակոբ Գրիգորյանի պատասխանը:

Մեղադրող Հայկ Հակոբյանն ապացույցների մեջ ներկայացնում էր ավելի քան 30,7 մլն հեռախոսազանգի՝ հաշվարկային համակարգ մուտք չլինելու մասին, որից 13,4 մլն-ին պատասխանվել է: Դրանից հետո, Սաչկովի խնդրանքով, սկսեցին այդ զանգերն արձանագրող խտասկավառակների ֆայլերը հետազոտել: Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ զգուշավորություն էր դրսևորում, երբ Սաչկովը սկսում էր ֆայլերն անձամբ բացել: «Ապացույցներ է, հանկարծ բան չանի»,- արձագանքեց դատավորը:

Սաչկովը նկատեց, որ որոշ սկավառակներ չեն պարունակում դատախազի նշած ֆայլերը: Մեղադրող Հակոբյանը խոստացավ դասակարգել և հաջորդ նիստին դրանք ներկայացնել, որպեսզի այս նիստին դրանց փնտրտուքների վրա ժամանակ չկորցնեն՝ պատճառաբանելով, որ գուցե սկավառակները տեղերով փոխված լինեն:

Մեղադրողն ընթերցեց նաև 2010թ.-ին «Վիմպելկոմի» համապատասխան վարչության ղեկավարի նամակն ընկերության այդ ժամանակվա տնօրեն Իգոր Կլիմկոյին, որտեղ նշվում է, որ 2010 թվականի օգոստոսից միջազգային հեռախոսազանգերը չեն մտնում հաշվարկային համակարգ, և առաջարկվել է միջոցներ ձեռնարկել: Այդ ամենը պարզվել է ՌԴ բջջային և ֆիքսված ցանցերից, ԱՄՆ-ի և այլ միջազգային բջջային ցանցերից թեստային զանգերի միջոցով, և այդ թեստային զանգերից մեծ մասը չի մտել «ԱրմենՏել»-ի «ինտերկոնեկտ բիլինգ»-ային համակարգ:

Սաչկովը, մեկնաբանելով այդ նամակը, շեշտեց, որ նամակում հստակ նշված է, որ «ԱրմենՏել»-ի տեխնիկական բլոկն ակտիվորեն օգնել է բացահայտել զանգերի ապօրինի տերմինացիան, կոռեկտ և ճշգրտորեն կատարել թեստավորումները: Հետևաբար, դատարանին խնդրեց նամակի բովանդակությանը հիմք ընդունել՝ հաշվի առնելով իր մեկնաբանությունը:

Բացի դրանից, դատախազը նաև ներկայացրեց Alkatel սարքերի միջոցով ստացված  և «ԻՆՏԵԿ» համակարգ չմտած զանգերի մասին «ԱրմենՏել» ընկերության աշխատակցի ահազանգ-հաղորդագրությունը: Դրա հետազոտության ժամանակ, երբ Սաչկովը մանրազննին դիտարկեց այն, հայտնեց, որ այնտեղ հստակ նշված է հաղորդագրության տեսակը, այն նաև  իրեն չի ուղղված, այլ ուղղված է Մարինե Խաչատրյանին՝ ՖՐՈԴ-ի բաժին, ինչը նշանակում է, որ այդ սխալները կարող են ուղղվել մեկ տարվա ընթացքում: Իսկ իրենց՝ Տեխնիկական բլոկին ուղղված սխալներն անմիջապես ուղղման են ենթակա:  

Գործով ապացույցների հետազոտությունը կշարունակվի հունիսի 8-ին: 

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ-ին: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ