HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բեկումնային պահ՝ ԼՂ հարցում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին խոսելով՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Նման հայտարարություններ եղել են բազմիցս, բայց Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել, այլև անել լրիվ հակառակը: Միգուցե սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան, կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»: 

Հիշեցնենք, որ համանախագահների այդ հայտարարությունը վերաբերում էր մայիսի 15-ին հայկական ԶՈւ-ին պատկանող ՀՕՊ համակարգի կայաններից մեկը կառավարվող հրթիռով խոցելուն և դրան` հայկական կողմի պատասխան գործողություններին: Այդ հայտարարությամբ համանախագահներն առաջին անգամ Ադրբեջանին բաց տեքստով մեղադրեցին հրդադարի խախտման նախահարձակ գործողության մեջ:

Մինչ այս պահը Երևանը բավարարվում էր նրանով, որ կիսաձայն խնդրում կամ պահանջում էր ՄԽ համանախագահներից իրենց հայտարարություններում լինել հասցեական և խուսափել կողմերի միջև հավասարություն դնելու ստանդարտ մոտեցումից: Սա առաջին անգամն է, որ պաշտոնական Երևանը համանախագահների առջև բարձրացնում է հրադադարի ռեժիմի խախտման Ադրբեջանի պատասխանատվությունն ընդգծող հայտարարություններից բացի` նրա նկատմամբ զսպիչ գործողությունների դիմելու հարցը: Նալբանդյանն օգտագործում է այն իրողությունը, որ մինչ այս, կողմերի միջև հավասարություն դնելու և բացառապես հերթապահ հայտարարություններ անելով բավարարվելու պահվածքն է խրախուսել Ադրբեջանի պատերազմական, շանտաժային քաղաքականությունը և դարձել իրավիճակի պերմանենտ լարվածության պահպանման հիմնական պատճառը: Գործողությունների դիմելու պահանջի հնչեցումն ունի օբյեկտիվ պատճառներ, որոնք չօգտագործելը պարզապես կլինի քաղաքական տհասություն և կարճատեսություն:

Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և խախտման դեպքերն արձանագրող մեխանիզմների ներդրմանն ուղղված պայմանավորվածությունները: Հայկական կողմը արդեն մեկ տարի շարունակ դրանք կատարելու պահանջը դնում է որպես ԼՂ հարցում` կարգավորմանն ուղղված բովանդակային բանակցությունների շարունակման նախապայման: Այդ ընթացքում հայկական կողմը կամ վիժեցրել է նմանատիպ հանդիպումների առաջարկները, կամ, մասնակցելու դեպքում, բարեբախտաբար  քննարկել միայն պայմանավորվածությունները կատարելու հարցը:

Զանիերի հետ համատեղ ասուլիսում Նալբանդյանն ասել է, թե այս պահին առավելագույնը կարող է խոսք լինել արտգործնախարարների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու մասին, ինչով հասկացրել է, որ Երևանը նաև առաջիկայում չի պատրաստվում հրաժարվել նախապայմաններից:

Այն հանգամանքը, որ թե´ Ռուսաստանը և թե´ մյուս համանախագահող երկրները փաստացի չեն առարկում հայկական կողմի այս կոշտ դիրքավորմանը և իրենց հերթին դնում են այդ մեխանիզմների ներդրման պահանջը, Բաքվին դիվանագիտության դաշտում մանևրելու որևէ տեղ չի թողնում: Այս կապանքներից դուրս գալու միակ միջոցը նրա համար շփման գծում լարվածությունը մեծացնելը և սադրիչ ռազմական գործողությունների դիմելն էր, որով փորձ էր արվում ստեղծել պատերազմի վերսկսման սպառնալիք և միջնորդներին դրդել ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս վերսկսի բանակցությունները սկզբունքային զիջումների գնալու ուղղությամբ: 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության հիմնական արժեքն այն էր, որ դրանով Բաքվին հասկացվեց՝ այդ շանտաժային մարտավարությունը չի անցնելու, և իրավիճակի լարման հետագա ամբողջ պատասխանատվությունը դրվելու է նրա վրա: Դրանով համանախագահները կանաչ լույս վառեցին հայկական ԶՈւ-ի առջև՝ դիմելու շատ ավելի կոշտ ռազմական պատասխանի կամ գուցե նաև կանխարգելիչ գործողությունների՝ կանխավ լեգիտիմացնելով դրանք` որպես Ադրբեջանին զսպելու հարկադրված միջոց: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ ո´չ դիվանագիտական և ո´չ էլ ռազմական ճանապարհով իր մաքսիմալիստական պահանջներն առաջ մղելու որևէ հնարավորություն Բաքվին չի մնացել: Ադրբեջանը պատային իրավիճակում է, որտեղից ցանկացած ուղղությամբ նախաձեռնություն կարող է տանել նրա դիրքերի էլ ավելի թուլացման: 

Ուշագրավ էր նաև Նալբանդյանի հետ հանդիպմանը Լամբերտո Զանիերի արած այն հայտարարությունը, թե Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավարտեց Հայաստանի հետ համագործակցության ընդամենը մեկ ձևաչափը, և կողմերը քննարկում են մյուս ուղղություններով այն շարունակելու, ընթացիկ ծրագրերն այլընտրանքային եղանակներով շարունակելու մեխանիզմները:

Չնայած պաշտոնական մակարդակով ԵԱՀԿ-ն բավարարվում է ընդամենը վետո դնելու իրավունքի շահագործմամբ` Ադրբեջանի կողմից գրասենյակի փակմանը հասնելու կապակցությամբ ափսոսանք հայտնելով, սակայն փորձ է արվում նվազագույնի հասցնելու, իմաստազրկելու դրա քաղաքական ազդեցությունը: Ամենևին չի բացառվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին կոշտ հայտարարությունը ևս մասամբ ԵԱՀԿ-ի կոշտ հակադարձումն էր երևանյան գրասենյակի փակմանը հասնելու Բաքվի ապակառուցողականությանը:

Ամեն դեպքում ԵԱՀԿ-ի նման դիրքավորոււմը վկայում է, որ միջազգային հանրությունն ադեկվատ է գնահատվել ԵԱՀԿ-ի հեղինակությանը Բաքվի հասցրած հարվածը, և որ այդ քայլը բումերանգի էֆեկտով  ավելի շատ հենց Բաքվի դեմ աշխատեց: Այս ամենը հայկական կողմի առջև բացում է Ադրբեջանի հերթական սայթաքումներն օգտագործելու աննախադեպ բարենպաստ պայմաններ, որոնք ավելի նախաձեռնողական լինելու, դրանք լրջագույն քաղաքական դիվիդետների վերածելու շանսեր է տալիս:

Եվ հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում օգտվել դրանից: Մասնավորապես՝ ի՞նչ է ենթադրում Ադրբեջանին զսպելու համար համանախագահներից կոնկրետ գործողություններ ակնկալելու Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, կամ ենթադրո՞ւմ է առհասարակ որևէ բան, թե` ոչ: Երևանն ունի արդյոք որևէ պատկերացում, թե, համանախագահների ունեցած մանդատի շրջանակում, դրանք ի՞նչ գործողություններ կարող են լինել: Դա նշանակում է, որ արտգործնախարարը Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելո՞ւ խնդիր է դնում, թե՞ պահանջում է պարտավորեցնել Բաքվին ճանաչել տեսանելի ապագայում և կոնկրետ պայմաններով Արցախի ինքնորոշման և դրա լիարժեք իրացման իրավունքը: Այս մասով հայկական դիվանագիտությունը դեռևս լռում է. ոչինչ չի խոսում այն մասին, որ իշխանություններն իրենց առջև դնում են նման խնդիր:

Հունիսի առաջին տասնօրյակում Երևան և Ստեփանակերտ են ժամանելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դրան ընդառաջ հայկական կողմը պետք է Նալբանդյանի այդ ակնկալիքներից, հայտարարությունից բխող որոշակի առաջարկներ դնի նրանց առջև: Կա արդյոք նման փաթեթ: Եթե Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն արձանագրող տեխնիկական սարքեր տեղակայվեն, ապա հայկական կողմը, գոնե արցախա-ադրբեջանական սահմանագծի հատվածում արդեն, միակողմանի, դրանք տեղակայել է: Օպերատիվ իրավիճակին ծանոթանալու, դրա հիման վրա գնահատկաններ հնչեցնելու ցանկության դեպքում համանախագահները կարող են հիմնվել դրանց միջոցով ստացվող ինֆորմացիայի վրա: Բայց սա ընդամենը միջանկյալ լուծում է:

Ստեղծված իրավիճակում ամենալուրջ քայլը կլիներ, աստիճանաբար, համանախագահող երկրներին` ԼՂ-ի սուվերենությունը ճանաչելու ռելսերի վրա դնելը` սկսելով հրադադարի ռեժիմը վերականգնելուց, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու պատասխան կամ պատժամիջոց դիտարկելուց: Այդ ճանապարհին, առաջնայինը` Ստեփանակերտին բանակցային, լիարժեք կողմ դարձնելն է, որի իմաստով դրական ազդակ է նաև Ստեփանակերտ` համանախագահների առաջիկա այցը, մանավանդ, որ դեռևս խոսք չկա նաև Բաքու մեկնելու մասին: Բայց դա չպետք է լինի հերթապահ այց՝  պարզապես  ԼՂ «դե ֆակտո իշխանությունների հետ» քննարկումների համար, ինչպես մինչև հիմա որակել են համանախագահները:

Կարևոր տակտիկական առաջընթաց կլիներ, եթե համանախագահներն իրենց հայտարարության մեջ չկիրառեին այդ «դե ֆակտո իշխանություններ» արտահայտությունը՝ հասկացնելով, որ քայլ են կատարում ԼՂՀ իշխանությունների սուվերեն կարգավիճակ ճանաչելու ուղղությամբ: Սա հզոր ազդակ կլինի Ադրբեջանին, թե ինչ հետևանք է ունենում նրա համար ներկայիս պատերազմական, շանտաժային քաղաքականությունը:  Դրանից հետո, ինքնաբերաբար, առաջին պլան կգա ԼՂ ինքնորոշման իրացման հարցը՝ հակամարտության էությունը ներկայիս տարածքային վեճի կոնտեքստից ինքնորոշման իրավունքի դաշտ վերադարձնելու համար՝ ավարտուն դարձնելով Ադրբեջանի ֆիասկոն: Որովհետև այդ դեպքում Բաքվին  մնալու է երկու տարբերակ. կամ իսկապես համակերպվել այն մտքի հետ, որ ինչպիսի լուծում էլ գտնվի, Արցախն այլևս Ադրբեջանի մաս չի լինելու, ստանալու է անկախություն և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք, կամ դրանից խուսափելու համար Բաքուն ստիպված է լինելու համաձայնել կատարյալ հրադադարի ռեժիմի հաստատմանն ու պահպանմանը, որը ոչ այլ ինչ է, քան ներկայիս ստատուս-քվոյի հավերժացում:

Պետք է սպասել ու լսել, թե ինչպիսի ուղերձներով են համանախագահները գալու տարածաշրջան, և որն է լինելու նրանց` Երևանի ու Ստեփանակերտի ասելիքը:

լուսանկարը` Էրիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter