HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ռուբեն Հայրապետյան. «Փյունիկը» Սողոմոնյանին եմ փոխանցել անվճար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա հրաժարվեց պատասխանել քաղաքական թեմայով մեկ-երկու հարցերին` արձագանքելով միայն մարզական բնույթի հարցերին:

Ասուլիսում հնչած ամենակարեւոր պատասխանները ներկայացնում ենք ըստ թեմաների:

Հայաստանից ու ՀՖՖ-ից հեռանալու մասին

«Խորացեք, տեսեք որտեղ է գրվել ու կպարզեք, որ էդ նույն մամուլը մի օր գրում է, թե ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, մի օր՝ թե՝ կանանց վաճառքով, զենքի վաճառքով: Էդ թերթի տերն ա դասալիքը: Ես կյանքում դասալիք չեմ եղել:

Վերջին ժամանակներում անընդհատ շահարկվում է, որ ես փախնելու եմ, լքելու եմ, ինչ-որ մարդիկ են դառնում ֆեդերացիայի նախագահ:

Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, նախագահը ես եմ, դեռ իմ տեղում նստած եմ: Էդ խոսակցություններին ուշադրություն մի դարձրեք, էլի»:

«Փյունիկ» ակումբի մասին

«Ես վերջին 10 տարիներին անընդհատ կրկնել եմ, որ եթե կգտնվի մի մարդ, ում կհավատամ ու կվստահեմ ակումբը, որպեսզի նա պահի ակումբի ավանդույթները, պատրաստ եմ զրո կոպեկով «Փյունիկը» հանձնել էդ մարդուն:

Արթուր Սողոմոնյանն էդ վստահությունը ներշնչել է: Ես գտա, որ նա այն մարդն է, ով սրտացավ կպահպանի ակումբը:

Վաճառվելու մասին խոսք լինել չի կարող: Ակումբի 100 տոկոս բաժնեմասերը հանձնված են այդ մարդուն, ներառյալ՝ մանկապատանեկան դպրոցը: Անվճար: Ով որ գրել է՝ ակումբը վաճառվել է, նրանից պահանջում եմ էդ գումարի չափն ասի ու էդ գումարը տա ինձ:  

Արթուր Սողոմոնյանի հետ պայմանավորվածությունն այն է, որ նա պահպանելու է ակումբը՝ ներառյալ մանկապատանեկան դպրոցը: Ամեն ինչը հանձնել ենք նրան, բացի ակումբի գույքից: Գույքը մնում է մեր ընտանիքի սեփականությունը, սակայն անվճար հանձնվելու է ակումբին՝ օգտագործման: Իհարկե, սպասարկման ծախսերը նոր սեփականատիրոջ վրա է լինելու:

Ես որքան գիտեմ, նոր սեփականատերը ցանկանում է ակումբն անվանափոխել եւ հարցը նախապես դնել հանրային քննարկման: Ես ինքս էլ առանձնապես խանդավառված չեմ «Փյունիկ» անունով: Թող մի գեղեցիկ հայկական անուն լինի:

Ես ճիշտ որոշում եմ կայացրել: «Փյունիկը», այո, արժեք է: Բայց ես պետք է ընտրություն կատարեի՝ կամ պահում եմ ակումբը, թողնում ֆեդերացիան, կամ՝ հակառակը: Ես որոշեցի «Փյունիկը» փոխանցել նոր սեփականատիրոջը եւ շարունակել ղեկավարել ֆեդերացիան»:

Դարպասապահ Յուրչենկոյի՝ հավաքականում խաղալու մասին

«Ֆեդերացիայի նախագահի տեղակալը երկու անգամ մեկնել է Ռուսաստան, հանդիպել Յուրչենկոյի հետ, բայց հետո նա հայտարարել էր, թե իր հետ ոչ ոք չի հանդիպել: Վերջին 10 օրվա մեջ երեւի 20 անգամ հեռախոսով զրուցել ենք նրա հետ, բայց Յուրչենկոն ասում է՝ ինձ հետ ոչ ոք չի խոսել:

Հիմա էլ եմ հայտարարում՝ գրկաբաց, մեծ խանդավառությամբ սպասում եմ Դավիթ Յուրչենկոյին: Իսկ լրագրողներդ բոլորին հավատում են, բացի ֆեդերացիայի նախագահից:

15 օր առաջ օրենք է ընդունվել, որ ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները միության առաջնություններում լեգեոներ չհամարվեն: Յուրչենկոն դա լավ գիտի, սակայն հայտարարում է, թե լեգեոներների թիվը սահմանափակող օրենքի պատճառով է երկմտում՝ խաղալ մեր ազգային հավաքականում, թե ոչ:

Մի պահ եկեք լեգեոներների հարցը մոռանանք: Ում հավաքականը պետք է, նա գալիս է: Նրանք պրոբլեմ չունեն, պրոբլեմը միայն Յուրչենկոյի մոտ է:

Եթե հիմա Յուրչենկոն չեկավ ազգային հավաքական, այլեւս նա մեզ պետք չի: Նա մեզ պետք է առաջիկա երեք խաղերին՝ Չեռնոգորիայի, Դանիայի ու Լեհաստանի հետ: Եթե նա հիմա չեկավ, ապա երբեք էլ չի խաղա հավաքականում:

Այո, այսօր Յուրչենկոն մեզ շատ է պետք, եւ ես շատ խնդրում եմ, որ նա գա հավաքական»:

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասին

«Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է, չեմ ճանաչում: Հարցը փոխեք: Կներեք, դա մի էնպիսի հարց ա, որ ամոթ ա պատասխանել»:

Յուրա Մովսիսյանի մասին

«Վերջին երեք տարին ինչո՞վ էր զբաղված Յուրա Մովսիսյանը: Բա որ կարոտում է հավաքականը, ինչի՞ էր փախնում հավաքականի խաղերից, մարզումներից: Դուք որ սիրուն պատասխանեք Յուրային, ինքը խելոք վեր կընկնի իր տեղը»:

Գեւորգ Կասպարովի ու հավաքականի մասին

«Մարզիչը չի ցանկանում վերցնել նրան: Ես միշտ մարզչի որոշումների կողքին եմ, եւ մարզիչը` իմ:

Ժողովուրդ ջան, նորից էնպես սիրուն կոլեկտիվ է դարձել մեր հավաքականը: Մենք նորից դարձել ենք էն հավաքականը, որը երազում ենք: Եկեք էդ անունները մի տվեք, կգան մոլախոտի պես կմտնեն ու կքայքայեն:

Գնացեք բազայում նայեք: Մարզչից բռնած, սպասարկող անձնակազմով, ֆուտբոլիստներով՝ իրար լպստելով ման են գալիս: Թողեք էս հավաքականն իր խաղերը խաղա»:

Մյուս հեռացվածների մասին

«Քանի ես ֆուտբոլում եմ, Արարատ Ճաղարյանին (նախկին մրցավար) չեմ թողնի որեւէ ակումբի ցանկապատի կողքով անցնի: Դա՝ հանուն ֆուտբոլի:

Ֆեդերացիայի նախագահի գործը նաեւ այն է, որ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնի, հավաքականին զերծ պահի խառնակիչներից, վտանգավոր մարդկանցից:

Շատերն ասում են՝ ի՞նչ գործ ունի ֆեդերացիայի նախագահը միջամտելու հավաքականի գործերին: Բա եթե ֆեդերացիայի նախագահը չմիջամտի կազմի եւ այլ հարցերին, էդ դեպքում ի՞նչ իրավունք ունեն ֆեդերացիայի նախագահից պահանջել հաղթանակ: Ճիշտ են անում, որ պահանջում են:

Մարզիչ է եղել, որ ցմահ հեռացրել եմ ֆուտբոլից, եւ ես գտնում եմ, որ ճիշտ եմ անում: 40 տարեկան մարզիչը 10 տարեկան երեխային ասել է՝ ծնողներիդ կասես գումար բերեն:

Այո՛, նաեւ լրագրողների հետ կապված: Այն լրագրողները, որոնք իրենց ֆուտբոլի նկատմամբ անադեկվատ են պահում, պիտի ադեկվատ պատասխան ստանան: Նրանք պարզապես պետք է զրկվեն հավաքականի բոլոր միջոցառումները լուսաբանելու իրավունքից:

Լրագրողը գրել է, թե փորձել ենք կապվել Հայրապետյանի հետ: Երդվում եմ, ինձ հետ փորձել են կապ հաստատել միայն էդ հոդվածից հետո: Կամ գրում են՝ փախնում է Հայաստանից: Հիմա էլ գրում են որդուս մասին:

Եթե ինձ վերաբերող հարցերում լռել եմ, հանդուրժել եմ, իմ էրեխեքի հետ գործ չունեն էդ մարդիկ»:

Նորաստեղծ ակումբների մասին

«Վանաձորի «Լոռի» ակումբը դարձել է ՀՖՖ անդամ, առաջիկա մրցաշրջանում կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը եւ համապատասխան տեղը զբաղեցնելու պարագայում հանդես կգա Բարձրագույն խմբում:

«Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերն արտասահմանցիներ են, մեր հայրենակիցները: Եկել են, խոսել ենք: Ցավոք սրտի, լինելու է Երեւանի «Արցախ», բայց անունն արդեն կարեւոր է:

Թիմը հանդես է գալու Առաջին լիգայում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter