HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ամերիկայի արձագանքը Հայոց ցեղասպանությանը՝ երբեւէ չցուցադրված պատմական կադրերով

Շանթ Մարտիրոսեանը Հայաստանում է՝ նոր մանրամասներ ներկայացնող վավերագրական ֆիլմով

Այսօր առավոտյան հանդիպեցի «Մերձավոր Արեւելքի» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսեր Շանթ Մարտիրոսեանի հետ։

Այս օրերին Մարտիրոսեանը հյուրընկալվում է Հայաստանում՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխության շրջանակներում։ Ժամանակի սղության պատճառով հանդիպեցինք հենց հյուրանոցի մոտ եւ զրուցեցինք ավտոմեքենայում՝ ճանապարհին, այլ հանդիպումից րոպեներ առաջ։

«Որ չկորչեն անհետ…» վավերագրական ֆիլմը Հայաստանում ցուցադրվեց երկու օր շարունակ․ այսօր` Նարեկացի արվեստի միության կենտրոնում՝ հաջորդելով երեկ` Մատենադարանում տեղի ունեցած պրեմիերային։

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակում Ամերիկայի կողմից դրսեւորած մարդասիրական գործունեությունը՝ ներառելով բացառիկ արխիվային կադրեր (Ռոքֆելեր արխիվային կենտրոնի թվայնացված լուսանկարներ եւ փաստաթղթեր)։ Այն պատմում է հայ ժողովրդի ողբերգական իրադարձությունների ժամանակ «Near East Relief» («Մերձավոր Արեւելքի նպաստամատույց») ամերիկյան մարդասիրական ընկերության գործունեության մասին, որի շնորհիվ դժվարին պայմաններում գտնվող հայ, հույն եւ ասորի փախստականները կարողացան փրկվել։

Մեկ ժամ տեւողությամբ ֆիլմի առանցքում՝ որպես մարդասիրական օգնության սկզբնակետ, դիտարկվում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը։ Ազգությամբ հրեա Մորգենթաուն, լինելով ժամանակի հաջողակ  գործարարներից մեկը, նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման համաձայն՝ նշանակվում է համապատասխան պաշտոնին։

Դեսպանի կողմից, սկսած 1915 թվականից, Միացյալ նահանգների պաշտոնական հեռագրերում հղում է կատարվում Օսմանյան կայսրության կողմից իրականացվող վայրագ գործողությունների մասին եւ նրա անունից հնչում են կոչեր՝ ուշադրությունը բեւեռելու կատարավող իրադարձություններին։ Լուսանկարում տեսնում ենք Մորգենթաուի 1915թ․-ի հեռագիրը՝ ուղղված ԱՄՆ Պետդեպատրամենտ, որտեղ նա Օսմանյան կայսրության գործողությունները որակում է որպես «ցեղի դեմ ուղղված արշավ»։

Պատմական կադրերի եւ լուսանկարների ներկայացմանը զուգահեռ ֆիլմում ներառված են մասնագետների հետ արված հարցազրույցներ (Թաներ Աքչամ, Պիտեր Բալաքյան, Սյուզան Հարփեր, Ջոն Կուպեր, Մարդին Դերանյան եւ Քեյթ Դեյվիդ Վոթեփաու)։

Պրոդյուսեր Շանթ Մարտիրոսեանի՝ վավերագրական ֆիլմ ստեղծելու գաղափարը առաջացել է դեռ տարիներ առաջ: Ֆիլմը ստեղծվել է երկու տարվա ընթացքում՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սեւեռելու ամերիկյան պատմության կարեւոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները միասին դիմակայեցին անարդարությանը եւ փրկեցին ավելի քան 132,000 որբերի կյանքը։

Պրն Մարտիրոսեան, արդեն տարիներ շարունակ արխիվային պատմության ուսումնասիրությունների փուլում եք։ Արխիվը, այն էլ այսպիսի կարեւորություն ունեցող, ինչպե՞ս պետք է ներկայացվի հանրությանը, որ չլինի ժամանակավրեպ եւ հակառակը՝ չվնասի արդիական կոնֆլիկտային խնդիրների հնարավոր լուծումների ընթացքին։

Տասնհինգ տարի առաջ սկսեցի արխիվների հետ աշխատել «Մերձավոր Արեւելք» հիմնադրամի շրջանակներում։ Այդ արխիվները պահպանվում էին Նյու-Յորքում՝ Մանհեթենի եւ Բրուքլինի պահոցներում․ մտավախություն կար, որ դրանք կարող են վնասվել, եւ դուրս հանեցինք այդ պահոցներից․ այդպես համագործակցություն եղավ Ռոքֆելերների արխիվային կենտրոնի հետ։

Սկսեցինք թվայնացնել լուսանկարները եւ ցույց տալ հանրության լայն շրջանակներին։ 2003թ․-ին առաջին անգամ “Museum of the City of New York”-ում լուսանկարների ցուցահանդեսն էր՝ երկու շաբաթ տեւողությամբ։ Այդպես մի քանի այլ տեղերում․ ամենամոտ անցյալում՝ 2013թ-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը (համատեղ՝ Նարեկացի արվեստի միության եւ ԱՄՆ դեսպանության):

Այս վերջին տարիներին որոշեցինք արխիվների հիման վրա թվային թանգարան ստեղծել, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել արխիվային բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր եւ լուսանկարներ։ Այդտեղ, իհարկե, արխիվների շատ քիչ մասն է ցուցադրված․ դեռ ժամանակ է պետք համալրելու համար։ Ամերիկայում շատ արխիվներ ենք գտել, բայց ինչպես հայը սփյուռք է, այնպես էլ այդ արխիվները աշխարհի շուրջ են։ Փորձում ենք հնարավորինս համակարգել, ամբողջացնել։

Որպես սփյուռքահայ՝ Ձեր ընտանիքի պատմությունը․․․

Իմ պատմությունը շատ նման է սփյուռքի այլ հայերի պատմությանը։ Իմ հայրիկի մայրը Այնթապից էր եւ փրկվել է ամերիկյան հովանու տակ գտնվող որբանոցի շնորհիվ։ Մյուս տատիկս՝ Դիարբեքիրից, իսկ երկու պապերս Ուրֆայից էին։ Այնպես է պատահել, որ նրանք միաժամանակ հայտնվել են Հալեպում՝ որպես փախստական որբեր, հետո արդեն ամուսնացել, ընտանիք են կազմել։

Այն տատս, ով որ փրկվել է ամերիկյան որբանոցի շնորհիվ, ինձ իր պատմությամբ դրդել է ուսումնասիրել ու իմանալ ավելի շատ բան պատմության մասին, այդտեղից էլ՝ «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի» մասին, որն էլ իր հերթին տարել է նրան, որ այս վավերագրությունը ստեղծվի, որովհետեւ շատ կարեւոր եմ համարում այս պատմությունը․ այն պետք է պատմվի։

Շանթ Մարտիրոսեանը

«Մերձավոր Արեւելք» հիմնադրամի այժմյան գործունեության հիմնական ուղղություններն ու մարտահրավերների մասին կարո՞ղ ենք խոսել։

«Մերձավոր Արեւելք» հիմնադրամը 100 տարի շարունակ նույն գործունեությունն է ծավալում․ առաջին 15 տարին՝ «Մերձավոր Արեւելքի նպաստամատույց» անվանումով, որը հիմնականում օգնություն էր տրամադրում հույն, հայ եւ ասորի փախստականներին։

Դրանից հետո, երբ նպաստամատույցի գործունեությունն ամբողջացավ, անունը փոխվեց՝ որպես «Մերձավոր Արեւելք» հիմնադրամ, եւ սկսեցին ավելի շատ մարդասիրական ծրագրերի զարգացման ուղղությմաբ զբաղվել։

Այն երկրկներում, որտեղ ժամանակին որբանոցներ էին բացել, շարունակեցին մարդասիրական օգնություն տրամադրել՝ Պարսկաստանում, Լիբանանում, Հունաստանում, բավականին հայեր որբանոցների շրջանն անցան, նրանց հետ շարունակեցին զբաղվել կրթության հարցերով մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։

100 տարվա ընթացքում 50 երկրում ենք աշխատել․ այսօր ութ երկրի մեջ ենք՝ Հայաստան, Սուդան, Մալի, Լիբանան, Հորդանան, Սենեգալ․․․ Աշխատանքներ են տարվում նաեւ Իրաքի եւ Սիրիայի ուղղությամբ, բայց արդեն տնտեսական զարգացման համար նախատեսված գործունեություն է, որը տարբերվում է նպաստամատույցի նախնական գործունեության ձեւից։

Զրույցի ընթացքում նշեցիք, որ ամերիկյան մարդասիրական պատմական այս գործունեության մասին վավերագրական ֆիլմ ներկայացնելու գաղափարը դեռ տարիներ առաջ էր ձեւավորվել։ Նախապատմություն կա՞։

Երբ սկսեցի ավելի ու ավելի ուսումնասիրել այս պատմությունը, տեսա՝ ինչքան մեծ գործ է արվել։ Որոշեցի վավերագրական ֆիլմ պատրաստել, որովհետեւ ուզում էի հանրությունն իմանա այս կարեւոր պատմական փաստի մասին։

Ինչո՞վ է կարեւոր այս ֆիլմը․ դու ինքդ էլ տեսար, որ սա ամերիկյան պատմության  մի կարեւոր փուլի մասին է, որի անդրադարձն ինչ-որ պատճառներով բաց է թողնված ամերիկյան դպրոցներում եւ գրքերում։ Դրա համար սա պատմության հիշեցման մասին ֆիլմ է՝ նախեւառաջ ամերիկացիների համար, բայց նաեւ հիշելու մյուսների համար, թե ինչպես են ամերիկացները հարյուր տարի առաջ աջակցել եւ օգնել միլիոնավոր մարդկանց՝ հիմնականում հենց հայերին։

Այս օրինակով համոզվում եմ, որ եթե անհատները հավաքվում են մի նպատակի շուրջ, նրանք կարող են փոփոխություն մտցնել։ Այս ամենը սկսվեց դեսպան Հենրի Մորգենթաուից, ով պարբերաբար տեղեկացնում էր կատարվող մասսայական, բազմահազարանոց կազմակերպված ակտի մասին։ Սա տպավորիչ մարդասիրական գործունեության փաստ է, որի մասին պետք է խոսենք։

Ֆիլմի կարեւոր ուղերձներից մեկն արդեն պարզ է․ այն նախեւառաջ, ինչպես նշեցիք ԱՄՆ քաղաքացուն հիշեցնում է ոչ հեռավոր անցյալի կարեւոր պատմական փաստի մասին: Նպատակային ուրիշ ի՞նչ ուղերձներ ունի ֆիլմը։

Ֆիլմն ունի երկու հիմնական ուղերձ՝ առաջինը նշեցինք։ Երկրորդը վերաբերում է հայերին, ովքեր որպես վերածնվածներ, վերապրածներ պետք է ունենան պատասխանատվություն մյուսներին փոխանցելու այն, թե ինչպես ենք մենք հաղթահարել այդ ամենը։

Հույս ունեմ՝ այս երկու ուղերձները, իսկապես, ճիշտ կերպով տեղ կհասնեն։

Եվս մի կարեւոր ուղերձն այն է, եթե նկատեցիր, որ կան ընտրություններ, որոնք մենք կատարում ենք որպես անհատներ, որպես հասարակություն եւ որպես կառավարություն։ Եվ ֆիլմը այս բոլոր կողմերին անդրադառնում է։

Տեսնում ենք, որ մեկ անհատն էլ կարող է սկիզբ դնել փոփոխության․ այս դեպքում դեսպան Հենրի Մորգենթաուն էր, ով կոչ արեց իր ընկերներին, նրանք դարձան երկուսը, երեքը, հազարներ ու միլիոններ, ովքեր աջակցեցին ու նվիրատվություն կատարեցին տարիներ շարունակ՝ այդպես փրկելով հազարավոր կյանքեր։ Եվ այս դեպքում տեսնում ենք՝ ինչպես է հասարակությունը վճիռ կայացնում, եւ  ինչպես  է կառավարությունն աջակցում այդ վճռի իրականացմանը, ինչպես դա արեց նախագահ Վիլսոնը։

Հնարավոր է, որ նման դեպքերում աշխատի հակառակ տարբերակը․ ունենանք անհատներ, ովքեր հրահրում են ռասիզմ կամ բռնություն, ներարկում են հասարակության, կառավարության շրջանակներում՝ այդպես նպաստելով ոճիրների իրականացմանը։

Ես ուզում եմ՝ մարդիկ տեսնեն, թե ինչպես են անհատը, հասարակությունը որոշում կայացնում։ Եվ երեխաները, ովքեր կիմանան այս մասին, ուզում եմ՝ մտածեն հիմնական ուղերձների ուղղությամբ: Նրանց առջեւ դրվի այն հարցադրումը, որ արդյոք յուրաքանչյուրս մեր մեջ տեսնում ենք այն մարդուն, որը դեսպան Մորգենթաուն էր։

Ո՞վ ես դու ու ո՞վ ես լինելու։ Իհարկե, սա միայն հայերին վերաբերող հարցադրում չէ․ սա համամարդկային է։

Դուք նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչ եք․․․Լինելով գործարար աշխարհի մարդ, ով տարիներ շարունակ հետեւում  եւ համաշխարհային տնտեսական փոփոխությունների անմիջական մաս է կազմում, ի՞նչ եք կարծում գլոբալ առումով տնտեսական լարումներն ու անկումները արդյո՞ք չեն արժեզրկում կամ նույնիսկ միտումնավոր «անտեսում» նմանատիպ պատմական իրադրություններն ու փաստերը։

Պատմության այս օրինակով մենք տեսնում ենք բիզնես  լիդերների, հոգեւոր լիդերների, (ոչ միայն քրիստոնյաների, այլ նաեւ մահմեդականների, հրեաների), ովքեր համապատասխան կերպով արձագանքել են եւ չեն լռել։

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում եւ այնպիսի պայմաններում, որ տեսնում ենք Արեւմուտքի, Եվրոպայի, Թուրքիայի գործողություններն ու հետեւանքները․․․ Տեսնում ենք նաեւ փախստականների՝ ողջ աշխարհից․․․ Այն, ինչ ֆիլմում բարձրաձայնվում է, ներկայացվում, ուղղակի չես կարող ասել՝ լավ դե հարյուր տարի առաջ պատահեց։ Դա նաեւ հենց այս պահի համար է կարեւոր։

Ե՛վ որպես բիզնես, եւ՛ որպես հոգեւոր, եւ՛ որպես կառավարության լիդերներ՝ նորից նույն այս  խնդիրներին պետք է անդրադառնանք․ արդյոք մենք ուզու՞մ ենք հետ գնալ այն վիճակին, ինչ աշխարհում տիրում էր հարյուր տարի առաջ, թե դրա կանխելու մեթոդների մասին պետք է մտածենք։  

Ֆիլմն ինչ-որ առումով հիշեցնում է, թե որտեղ էինք եւ ուր ենք հասել։ Եվ հիմա էլ աշխարհը այնպիսի վիճակում է, որ մենք նորից վճռական որոշման առաջ ենք կանգնած։

Հ․Գ․ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 8-ին, «Նյու-Յորք Թայմս»-ի հանդիսությունների սրահում (Հայաստանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում եւ Նարեկացի արվեստի միության կենտրոնում)։ Ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան մի շարք հեռուստաալիքներով, կցուցադրվի նաեւ Հայաստանում՝ «Արմենիա» հեռուստատեսության եթերում։

Նարեկացի արվեստի միության կենտրոնում այս պահին ցուցադրվում է Ռոքֆելերների արխիվային կենտրոնի եւ «Մերձավոր Արեւելքի» ամերիկյան նպաստամատույցի կոմիտեի՝ 1915-1929թթ․-ին ստեղծված բացառիկ լուսանկարների թվայնացված տարբերակները ներկայացնող ցուցահանդեսը։

Ֆիլմի ռեժիսորը Ջորջ Բիլարդը է։ Ֆիլմի ընթացքում ամերիկյան պաշտոնյաների, նպաստամատույցի աշխատակիցների եւ որբերի նամակները կարդում են դերասաններ Մայքլ Արոնովը, Քեթլին Չալֆանտը, Դարյուշ Քաշանին, Անդրեա Մարտինը, Ռոն Ռիֆկինը, Թոնի Շալհուբը եւ Կարա Վեդերը։

Ֆիլմի թրեյլերը՝ այստեղ։

Գլխավոր լուսանկարը՝ ցուցադրությունից («Վերջապես ժպտում են նրանք։ Անդրկովկասի որբեր», 1920-ականներ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter