HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը որոշել է «օրենքի դաշտ» բերել հարևաններին

Թեև Հայաստանում հարևանների միջև ծագող հարաբերությունները դարեր շարունակ կարգավորվել են հիմնականում սովորույթի ուժով, այնուամենայնիվ կառավարությունը որոշել է դրանք օրենքի դաշտ բերել: Հատկապես գյուղական բնակավայրերում այսօր որևէ մեկի մտքով չի անցնի օրենքի համապատասխան հոդվածին հղում անել և հարևանին ծանուցել, որ նրա ծառի արմատները կտրելու է և իրեն վերցնի, կամ՝ վերջինիս ծառի ճյուղից իր բակ ընկած միրգն իրենն է և վերջ:

Բայց կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է հարևանային իրավունքին: Հեղինակները հարևանների որոշ փոխհարաբերություններ օրենքի դաշտ բերելու անհրաժեշտություն են տեսնում:

Օրինակ՝ նախագծով պարտադրում են հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատիրոջը հարգել հարևանի իրավունքներն ու օրինական շահերը: Իսկ հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույք, որն ազդեցություն ունի մեկ այլ հողամասի կամ ցանկացած այլ անշարժ գույքի վրա։

Առանձին հոդված է հատկացվել ջրօգտագործմանը, ըստ որի՝ «Ջրային հոսքերի օգտագործումը,  որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կողմից այնպես, որ խաթարվի հարևան սեփականատիրոջ կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը»։

Մյուս դեպքում փորձ է արվում կանոնակարգել հարևանների տանիքների ջրահեռացման համակարգերը: Մասնավորապես՝ «տանիքը պետք է կառուցված լինի այնպես, որ տանիքից ջուրը, սառույցը կամ ձյունը թափվեն միայն սեփականատիրոջ հողամասի վրա»։

Եթե ներկայացվածը օրենք դառնա, ապա հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը չի կարողանա արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցությունը, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը: Արգելք չի լինի նաև, եթե  այն պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ կամ դրա ազդեցությունն աննշան է։

Նախագծում հեղինակները տեղ են թողել իրավահարաբերությունները հարևանների փոխադարձ համաձայնությամբ սահմանելու, փոփոխելու համար:

Հարևանի ծառից ընկած պտուղների տնօրինումը, հարևան հողամասից արմատների և ճյուղերի անցումը ևս փորձում են օրենքով կարգավորել: Եթե նախագիծը օրենք դառնա, ապա հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվելու են այդ հողամասի պտուղները: Իսկ հողամասի սեփականատերը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք նրա հողամաս են անցել հարևան հողամասից: Այս դեպքում հողամասի սեփականատերը նախապես պետք է ծանուցի հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջի դրանք հեռացնել իր հողամասից: Եթե ողջամիտ ժամկետներում միջոցներ չձեռնարկվեն, ապա հողամասի տերը կարող է դրանք կտրել և վերցնել իրեն:

Նախագծով կարգավորվել են նաև այն իրավիճակները, երբ հարևանները չեն կարող որոշել իրենց հողամասերը բաժանող ստույգ սահմանը։ Այս դեպքում որոշիչ կլինի հարևանների կողմից փաստացի տիրապետումը, իսկ եթե հնարավոր չէ որոշել նաև փաստացի տիրապետումը, ապա յուրաքանչյուր հողամասին միացվում է վիճելի տարածքի հավասար մասը։

Նախագծի հեղինակները չեն մոռացել նաև հարևաններին իրարից բաժանող պատի մասին: Նախատեսվել է, որ հարևան հողամասի սեփականատերը կարող է օգտագործել մյուս հարևանին սեփականության իրավունքով պատկանող  պատի կամ այլ բաժանիչի` իր հողամասին հարող ուղղահայաց մակերևույթը: Բայց այդ օգտագործումը չպետք է խաթարի այդ պատի կամ այլ բաժանիչի սեփականատիրոջ օգտագործման, այդ թվում` պատը կամ այլ բաժանիչը քանդելու իրավունքը։

Հարևանային իրավունքի ներմուծումը քաղաքացիական օրենսգիրք, կառավարությունը պատճառաբանել է միջազգային փորձի առկայությամբ: Օրինակ՝ Գերմանական իրավունքում առկա է հետևյալ սկզբունքը` «Բնակելի տարածությունների սեփականատերերը պետք է դրանք այնպես օգտագործեն, որպեսզի իրենց գործողություններով կարգավորված համակեցության սահմաններից դուրս եկող անհարմարություններ չառաջացնեն մնացած սեփականատերերի համար»: Հատկանշական է, որ գերմանական իրավական ակտերում չկա «կարգավորված համակեցության սահմանների» որևէ սահմանում, մինչդեռ այդ սահմանները սովորույթի ուժով հայտնի են բոլորին:

Բացի այդ, հարևանների շահերի պաշտպանությանն ուղղված որոշ նորմեր տեղ են գտել քաղաքացիական օրենսգրքում, սակայն դրանք չեն կարգավորում հարևանային հարաբերությունները որպես ինքնուրույն ինստիտուտ: Միայն հողամասով անցնելու համար սերվիտուտ սահմանելու վերաբերյալ, վարձակալի կողմից հարևանների իրավունքների եւ օրինական շահերի պարբերաբար խախտման դեպքում, դատական կարգով բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման վերաբերյալ դրույթներն են, որոնք որոշ չափով անդրադառնում են հարևանների շահերի պաշտպանությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter