HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստի դպրոցի ֆինանսավորումը դադարեցվում է. վերջը, որ կարող է դառնալ նոր սկիզբ

Հետմիջօրեին հեռվից երևացող նախիրը հոծ գծի է նմանվում: Արաքսեցի տաքսիստը մեզ տանում է Բաղրամյան գյուղի Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոց, ասում է՝ դպրոցը լավ ուսուցիչներ ունի:

Երկհարկանի դպրոցի բակում մեզ դիմավորում է ճարտարապետ Միքայել Մկրտչյանը: Տարիներ առաջ Երևանի աղմուկից հոգնելով՝ հաստատվել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում: Արվեստի դպրոց բացելու նրա մտահղացման մասին իմացել էր մտերիմներից մեկը, ով էլ Միքայելին ծանոթացրել էր Գալչյան ընտանիքի հետ: 2004-ին քաղցկեղից մահացավ Գաչյանների որդին՝ Լևոն Գալչյանը, ով ավարտել էր Անգլիայի Բրայթոն քաղաքի արվեստի համալսարանը և զբաղվում էր կիրառական արվեստով: Ի հիշատակ որդու՝ ծնողները որոշեցին արվեստի դպրոց հիմնել: Շենքի շինարարությունը տևեց մոտ երկու տարի, 2007-ից դպրոցն սկսել է դասերը: 4 հիմնական մասնագիտացումներ կային՝ արծաթագործություն, նկարչություն, կավագործություն և ասեղնագործություն:

Դպրոցում շրջում ենք, մի անկյունում աշակերտների աշխատանքներն են, որոնք նայելիս դժվար թե մտածես, որ երեխաներ են պատրաստողները: Դպրոցի թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայրի ամեն դետալը մտածված է: Խնամված այգում դեղին, մանուշակագույն ծաղիկները հեռվից նախշերի պես են:

Գյուղում աշակերտների ընտրության հնարավորություն չկա

Ժամանակների անհամաձայնություն կա իմ հարցերի ու Միքայել Մկրտչյանի պատասխանների միջև: Դպրոցի մասին հարցնում եմ ներկայով, իսկ ինքն անցյալով է խոսում: Մոտ 10 տարվա պատմություն ունեցող արվեստի դպրոցը սեպտեմբերից փակվելու է, պատճառը, ճարտարապետի խոսքով, հովանավորների ֆինանսական դժվարություններն են: Դպրոցն անվճար էր գործում: Տարեկան ֆինանսավորումը մոտ 12-13 հազար դոլար էր:

Ասում է՝ թե՛ ինքը, թե՛ հովանավորները ակնկալում էին, որ դպրոցը շատ լավ արդյունք պետք է ունենար: Արվեստանոցը պետության կողմից չի ֆինանսավորվում, սահմաններ ու պարտադրանքներ չկան, գլխավորը երեխայի ներուժը բացահայտելն է, և, եթե ասելիք չունի, անիմաստ է համարում հաճախումը: Նախկին աշակերտներից համալսարան էին ընդունվել մշակութաբանության գծով, իսկ այսօրվա երեխաների շրջանում այդպիսի ուսանողների չի տեսնում:

Նախկին տարիներին աշակերտների թիվը 25 էր, հետո աստիճանաբար նվազեց: Միքայել Մկրտչյանն ասում է, որ արվեստանոցը շատ լավ տարիներ է ունեցել: Հովանավորներին հետաքրքրում էին աշակերտների հաճախելիությունն ու արդյունքները: Եթե դպրոցը գործեր քաղաքում, գուցե ավելի հեշտ լիներ ղեկավարների համար. երեխաների հոսք և ընտրելու հնարավորություն կունենային: Գյուղի իրականությունն այլ է. այստեղ կինո կամ թատրոն չկա, փոխարինողը դառնում է արվեստանոցը:

Ճարտարապետն ասում է՝ քաղաքում ավելի խիստ կլիներ, եթե երեխայի ներուժը մի քանի ամսվա ընթացքում չտեսներ, ներողություն կխնդրեր ու ցույց կտար դռան տեղը: «Եթե «Սուտլիկ որսկանի» նման ունես երեք հատ տաշտ, երկուսը՝ ծակ, մեկն էլ իսկի չկա, ու ինչ-որ բան պիտի եփես, հնարավոր չի լինի, չի եփվի: Հիմնադիրները խնդիր են դնում՝ քանի՞ երեխա են, քանի՞սն են գալիս, ու ամեն բացակայի հետ ծնվում-մեռնում ես»,- նկատում է զրուցակիցս՝ ավելացնելով, որ հովանավորներին հասկանում է, նրանք ներդրում են անում և արդյունք են ակնկալում, ինչպես ինքը: Այս հարցում որևէ տարաձայնություն չկա:

«Կարող է Հայաստանում (և ոչ միայն) ամենալավ դպրոցը լինենք, կարող եմ ձեռքս դնել սրտիս, ասել, որ Երևանից դուրս, գուցե Երևանն էլ հետը, մեր դպրոցը լավագույն դպրոցն է՝ միջավայրի, տրամադրության, ռեալ արված արդյունքով… Բայց հոգնել եմ ոչ էրգոնոմիկ վիճակից»,- ասում է Միքայել Մկրտչյանը: Հեռվից ցույց է տալիս դարբնոցը, երկու տարի է՝ դուռը փակ է, դարբնության պահանջարկը մեր երկրում նվազել է: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում արհեստները սկսել են մեռնել:

Վերջը կարող է լինել նոր սկիզբ

Գյուղերում աղջիկները, ասում է, ամենամեծ խնդիրն են: Ընտանիքում միայն փոքր տարիքում են թույլ տալիս արվեստով զբաղվել, հետո ձեռքը դնում են գլխին՝ ասելով, հերիք է, նստիր տանը: Այս մոտեցումը հիմա փոխվել է: Դպրոցում աղջիկներն ավելի շատ են, քան տղաները: Նկարչության դասարանում 7 աղջիկ է սովորում: Միայն այս դասարանը կպահեն մինչև սեպտեմբեր, որից հետո դպրոցը կփակվի: Չնայած փակվելը խիստ պայմանական է. դպրոցի ֆինանսավորումը դադարեցվում է, բայց արվեստանոցի դասախոսական թիմը շարունակելու է դասավանդել այս անգամ արդեն ուսանողներին: Սկզբից կունենան 2-3, գուցե 4 ուսանող, կաշխատեն որակ և արդյունք ունենալու ուղղությամբ, հետո կմտածեն թիվն ավելացնելու մասին:

Միքայել Մկրտչյանն ինքնաֆինանսավորվող նախագծերին չի հավատում: Ասում է՝ երբ «workshop» են կազմակերպում՝ հայտարարելով, թե 45 րոպեում ամեն բան կսովորեցնեն, յուրաքանչյուրից 20.000 դրամ վերցնելով, չի հավատում դրան: Մյուս կողմից՝ հովանավորներ ունենալու դեպքում էլ նրանք են իրենց պայմաններն առաջ քաշում: «Ամբողջ կյանքս ազատ եմ ապրել, էդպես էլ ուզում եմ ապրել»,- ավելացնում է ճարտարապետ: Նոր նախագծի համար դրամական միջոցներ են անհրաժեշտ:

Անապատացումը քաղաքից գյուղ է հասել

Արևի մի փունջ ծառի ճյուղերի արանքից ընկնում է փայտյա սեղանին: Թռչունների ձայները լցվել են զրույցի տարածք: Արվեստանոցում, Միքայել Մկրտչյանի խոսքով, երբեք ապատիկ խոսակցություն չի եղել: Ասում է՝ այս տարիների հարցազրույցները կարող ենք նայել, այնտեղ բացի լավատեսությունից այլ բան չկա: Հիմա փոփոխություն է եղել, քաղաքի անապատացումը հասել է գյուղ:

-30 տարի առաջ բառի բուն իմաստով անապատ էր էստեղ, դրա կողքը խաղողի այգիներ էին, որտեղից նորից անապատն էր սկսվում: Էստեղ էլ էր նույնը՝ ջուր չկար, հողը՝ քարքարոտ, բայց մարդիկ եկան, աշխատեցին ու էսպիսի այգի դարձավ: Պատկերացրու, որ գալիս է մի օր, երբ չես հասկանում, թե այդ այգին ում է պետք, ինչի համար է, որովհետև չես տեսնում շարունակությունը, թե ով պիտի ջրի վաղը: Եթե այդ ջրողը չլինի, անապատը նորից հետ է գալու: Իսկ այն մարդիկ, ովքեր կռիվ են տալիս, միշտ հակառակ ազդեցության են դատապարտված: Այդ առումով տխուր վիճակ է, ուժերն անհավասար են. անապատն ուժեղ է, և գալիս է առաջ:

Վատն այն է, որ չեմ տեսնում հաղթահարելու ճանապարհը, նախկինում չէի մտածում, ուղղակի առաջ էինք գնում, հիմա չգիտեմ, թե ուր ենք գնում… Հեչ ինձ նման չէ, ինձ լսում եմ ու դուրս չի գալիս, բայց իրականություն է: Մի բան միայն ներսից գիտեմ, որ ոչինչ հարատև չէ, էս տխրությունն էլ հարատև չէ, պիտի փոխվի, չի կարող չփոխվել: Մեր ապրած կյանքն անընդհատ մակընթացությունների ու տեղատվությունների փոփոխություն է եղել, հիմա ոնց որ մի վատ շրջանի մեջ ենք:

-Ինչո՞ւ հասանք էս տխուր կետին, հո միանգամից չեղա՞վ:

-Որովհետև երկիր կառուցելու, պետություն ունենալու, ընդհանուր ընտանիք ունենալու մտածողությունը մի տեսակ անջատած էր մեր ժողովրդի մոտ: Հետևանքները երևացին շատ ավելի ուշ, այսինքն՝ հասարակություն կոչվածը մասերի է բաժանվում՝ մի մասը ագրեսիվ ու ակտիվ սկսում է հոգալ իր անձնական շահերը, մի մասն այդ շահերը ոչ ագրեսիվ է հոգում, շատ մեղմ, բարի, բայց ամեն դեպքում իր շահերն է հոգում, կա մի երրրոդ մաս՝ հասարակական մաս, որը ջարդուփշուր եղավ (եթե կար), որովհետև նրանց չեմ տեսնում հիմա: Ու մի տեսակ դրա հետևանքները վատ իմաստով վայելում ենք:

Վերջերս մի բան հասկացա. էն պահն է, երբ մի բան հասկանում ես ու վախենում ես, որ հասկացել ես: Բացի միջնադարից ստացած ժառանգությունից` ի՞նչ ենք արել. մի անդեմ քաղաք, որը ոչ մեկին հետաքրքիր չէ, մի հին կենտրոն, որի անունը դրեցին առնետաբույն ու ավերեցին, մի շուկա, որ կարող էր զբոսաշրջիկին հետաքրքրել, ընդ որում՝ Մատենադարանից ոչ պակաս: Բարսելոնայի շուկայում եմ եղել, մեր շուկայի կրունկը չարժեր, բայց մեկի մտքով չէր անցնի սուպերմարկետացնել այն, որովհետև մենք բարսելոնացիներից ավելի կաթոլիկ ենք: Մասնավորը չգիտի, թե ինչ է անում՝ իտալական, ֆրանսիական ռեստորաններ են բացում, իսկ այցելուները ովքե՞ր են՝ դրսից եկողնե՞րը, թե՞ տեղացիները:

Հայկականության կլիշե կա, որ էժանագին պանդոկներում է արվում՝ մի խնոցի է կախվում, մի կարպետ... Բոլորը գոհ են ու երջանիկ: Հիմա մի նոր սերունդ կա, որ հասկանում է, որ դա հայկական չէ, ռաբիս է, խորշում է դրանից, բայց շարունակությունը չգիտի՝ բա էն մյուսը ո՞րն է: Մենք հեշտ ու արագ կորցնում ենք մեզ, եվրոպականանում ենք: Էս երկիրը դեռ դիմագիծ, հմայք ունի կամ ուներ:

-Ի՞նչն է մեզ պակասում:

-Մեզ միշտ էլ պակասել է մեր ուժերը ճիշտ վերադասավորելը, գնահատելը, ինձ թվում է՝ դա է եղել մեր խնդիրը: Մի կապիկ կարող է նստած լինի պաշտոնի՝ լրիվ ուրիշ մոտիվացիաներով ու նպատակներով, բայց մի օր կպատժվեն, իսկ երկիրը որ չի կառուցվում... Էս տարածքում իմ բերանից երբեք ապատիկ խոսակցություն չի հնչել, փորձի համար բոլոր հարցազրույցներս նայենք, չենք գտի… Եթե ես եմ արդեն տխրում, եթե էստեղ է հասել այդ ամենը, ուրեմն վիճակը շատ վատ է, նորից ասում եմ, իմ լսածի վրա զարմանում եմ, բայց փաստը մնում է փաստ: Իսկ սա վերջի սկիզբն է ինչ-որ առումով: Վերջից հետո սկզբի սպասում կա, որ նորը կլինի…

«Կոճատել է պետք էս երկիրը»

Միքայել Մկրտչյանն ասում է՝ վերջերս այգով օրինակներ բերելը սովորություն է դարձել: Ասում է՝ ծառեր կան, երբ ծերանում են, գարնանը գյուղացիները մեծ ճյուղերը կոճատում են՝ հույսով, որ մատղաշ ճյուղեր դուրս կգան: Բայց ոչ բոլոր ծառերն են, որոնք վերակենդանանում են: «Հիմա, ոնց որ կոճատման խնդիր կա, կոճատել է պետք էս երկիրը, որովհետև հասել ենք շատ տխուր վիճակի: Քաղաքականությանը չեմ հավատում, որովհետև այդ ամեն ինչի մեջ սարսափելի աղբ կա: Ներքին վերածննդի կողմնակից եմ, երբ մարդիկ հետ գան, տեսնեն, որ այդ ճանապարհը, որով քայլել են, ոչ մի տեղ չի հասցնում: Նորմալ, ճիշտ մարդիկ դժվարությունների ժամանակ մաքրվում են, չար մարդիկ էն գլխից չար են, ավելի վտանգավոր են դառնում»,- նշում է նա:

Հավելում է, թե մեր երկրում մեր բերանը միշտ փակում են` «հնարավորություն չունեմ» ասելով: Մեր պետությունը, կարծես, «պինդ բանկրոտ է, հավերժական»:

«Միակ ձևն այն է, որ ինչ արվում է, ավելի մաքուր, ավելի լավ արվի: Վերջերս աչքովս մի բան էր ընկել. սևամորթ մի տղա հիփոթեք էր փակել 5-6 տարում և գիրք էր գրել այդ մասին: Հիմա սա ամենաշատ խոսվող թեմաներից է: Իսկ ճանապարհները շատ խնդալու պարզ էին. այդ տղան ասում է՝ ոչ մի լույս պիտի չվառվի, եթե դրա կարիքը չկա, այսինքն՝ խնայողություն, ծայրահեղ խնայողություն... Հիմա գոտիները ձգե՞լ են, ռեսուրսները ճի՞շտ են օգտագործում, թե՞ ինչ-որ կամայականություն, ինչ-որ բաներ կան... Երբ մտնում ես իմ այգի, զգում ես, որ այն խնամված է: Իսկ էս երկրում այգեպանը չի զգացվում, անհասկանալի ռեզերվներով այդ այգին մի կերպ ապրում է: Անապատը սպասում է, միշտ սպասում է, որ հանկարծ այգին չխնամվեց, ջուրը պակասեց, գա ու կուլ տա այդ այգին»,- եզրափակում է ճարտարապետը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Tatevik Asatryan
Մինչև ֆինանսավորման դադարեցումը՝ արվեստի դպրոցը կարճ ժամանակում զրկվեց իր ամենատաղանդավոր ուսուցչից՝ արծաթագործ Կարեն Սարդարյանից, ինչն անխոս խնդիրների պատճառ դարձավ: Հարցազրույցը կարդալիս ակամա քմծիծաղ է առաջանում, քանզի այստեղ բնավ չեն հնչել այն հարցերը, պատճառներն ու խնդիրները, որոնք իսկապես
Ռուբեն Մալայան
Շատ տեղին, շատ դիպուկ վերլուծություն է: Մենք իրավունք չունենք հանձնվելու, ես համամիտ եմ Միքայելի հետ, մեր վիճակը ծայրահեղ տխուր է և մնում է միայն հուսալ, որ ինչ որ մի պահ գիտակցությունը կզարդնի: Մինջ այդ, Միքայել ջան, մի հուսահատվի, դու մեծ արվեստագետես, քո ձեռքի շնորհք ունեցող մարդ ես անձամբ չեմ ճանաչում: Եվ սա վեռջը չէ, այլ նոր սկիզբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter