HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը «խմբագրեց» «Ֆլեշ»-ին. դիզվառելիք կմատակարարի նախկին պատգամավորը

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հրամանով «Մաքսհուր» ընկե­րությունը Հայաստանի հողօգտագործողներին 2017 թվականի գյուղատնտեսական աշխա­տանքների համար մատչելի գներով մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիք կմատակարարի։

Ընկերությունը 1 լիտր դիզելային վառելիքը կմատակարարի 314 դրամով, սուբսիդավորումն ապահովելու համար պետական բյուջեից տրամադրվելու է 171,5 միլիոն դրամ։ 314 դրամով գնվող դիզվառելիքից պետությունը սուբսիդավորելու է 34.3 դրամը, այսինքն՝ գյուղացիական տնտեսություններն այն ձեռք են բերելու 280 դրամով: Որոշման այս նախագիծը կառավարության երեկվա նիստին ներկայացրել էր գյուղնախարարը։

Սուբսիդավորվող այս դիզվառելիքի ձեռքբերման նվազագույն գնի որոշման նպատակով իրականացվել է մրցույթ, գնային առաջարկ են ներկայացրել «Ֆլեշ» և «Մաքսհուր» ընկերությունները։ 1 լիտրի համար «Ֆլեշ»-ն առաջարկել էր 320 դրամ, իսկ «Մաքսհուր»-ը՝ 316.9 դրամ:

Սակայն հետագայում գյուղանախարարությունը կազմակերպել է բանակցություններ այդ 2 կազմակերպությունների հետ` դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար, որի ժամանակ «Ֆլեշ»-ն առաջարկել է 314 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 314.3 դրամ:

«Ֆլեշ»-ը բանակցություններից հետո հրաժարվել է դիզելային վառելիքի 1 լիտրը 314 դրամով մատակարարել, որի արդյունքնում «Մաքսհուր»-ը պարտավորվել է այն մատակարարել 314.3 դրամով։

Ինչպես տեղեկացանք «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանի` գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանին ուղղված գրությունից, ընկերությունը հրաժարվել է մատակարարել դիզվառելիք՝ միջազգային շուկայում դիզելային վառելիքի գների աճով պայմանավորված։

Ինչպես հայտնել էինք, 2004-ին հիմնադրված «Մաքսհուր» ՍՊԸ-ն 2011-ից 100%-ով պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին, որը 2002-ին իր կուսակից, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ու Մհեր Բագրատյանի հետ հիմնադրել է «Մաքս Կոնցեռն»-ը: Փամբուկյանը այս պահին թենիսի ֆեդերացիայի նախագահն է։

Հետաքրքիր է, որ մինչ կառավարության նիստի մեկնարկը որոշման նախագծում խոսվում էր «Ֆլեշ» ընկերության մասին, նշվում էր, որ այն սկզբում հաղթել է մրցույթում, ապա հրաժարվել դիզվառելիք մատակարարել։ Սակայն, նիստի ավարտին ներկայացված որոշման նախագիծը խմբագրվեց և անհայտ պատճառով «Ֆլեշ» ընկերությանը վերաբերող հատվածները նախագծից հեռացվեցին: Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ն պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին, ում ընկերության հետ պետական կառույցները հաճախ են դիզելային վառելիքի պայմանագրեր կնքում։

 Նախագծի նախնական տարբերակը Նախագծի խմբագրված տարբերակը

 Ինչպես «Հետք»-ին պարզաբանեց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը, քանի որ գյուղնախարարության կողմից ներկայացված փաստաթղթում, իրենց գնահատմամբ և խոսքով, ինչ-որ չափով առկա են առևտրային գաղտնիք պարունակող տարրեր, կառավարության աշխատակազմը որոշել է փոքր-ինչ վերախմբագրել որոշման նախագիծը. «Որպեսզի մենք զերծ մնանք ընկերությունների կողմից ներկայացված գնային քաղաքականության մանրամասներից, փորձել ենք վերախմբագրել»,- ասաց Առաքելյանը: Հարցին, թե ինչու նախկինում սուբսիդավորման որոշման նախագծերում մրցույթներում պարտված ընկերությունների տվյալները չեն հեռացվել, Առաքելյանը պատասխանեց. «Այս պարագայում փորձել են խմբագրել՝ փորձելով կանխել ռիսկեր։ Մտածելով, որ եթե իրենք ուզում են թող հրապարակեն, մենք փորձել ենք չմտնել այդ դաշտ, այդ մանրամասների մեջ, սա է եղել խնդիրը։ Այդ տվյալներ մեզ մոտ, մեր բազայում, բնականաբար, լինում են, պարզապես որպեսզի այդ հիմնավորումները մի ամբողջ լավաշ ներկայացված չլինեն, բոլոր մանրամասներով, որոշել ենք խմբագրել ավելի կարճ և կոմպակտ տարբերակով»:

Սա տարօրինակ հիմնավորում է, քանի որ որոշման նման նախագծեր Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում գրեթե ամեն հինգշաբթի տեղադրվում են: Թե ի՞նչ արտոնյալ կարգավիճակ ունի «Ֆլեշ» ընկերությունը, որ նրան վերաբերող տվյալները խմբագրվում են կառավարության աշխատակազմի կողմից, այդպես էլ անհասկանալի է։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ որոշման նախագիծը խմբագրվել է «ավելի կարճ և կոմպակտ» տեսք ունենալու համար, պետք է փաստենք, որ կառավարության նիստին ներկայացվել է անգամ 40 էջանոց որոշման նախագիծ՝ հիմնավորումներով, իսկ այս պարագայում որոշման այս նախագիծը բաղկացած էր ընդամենը 5 էջից։

Այսինքն՝ խմբագրված որոշման նախագծով այնպես է ստացվում, որ «Ֆլեշ»-ը չի մասնակցել մրցույթին, և միակ մասնակիցը եղել է «Մաքսհուր»-ը, որն էլ հաղթել է։

«Ֆլեշ»-ի մասին

Կապ հաստատեցինք «Ֆլեշ»-ի հետ՝ հասկանալու համար, թե ընկերությունը ինչու հրաժարվեց գյուղնախարարությանը մատակարարել սուբսիդավորվող դիզվառելիքը, ինչպես ստացվեց, որ սկզբում հաղթեցին մրցույթում, ապա հրաժարվեցին։ Ամբողջ օրվա ընթացքում այդպս էլ գրասենյակ չեկավ ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը, իսկ փոխտնօրեն Ստեփան Սիմոնյանը խոստացավ աշխատանքային օրվա ավարտին մեզ հետ զրուցել, սակայն այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց։

2013-2015թթ. հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութ տրամադրելու համար գյուղնախարարությունը այն շարունակաբար ձեռք է բերել «Ֆլեշ» ընկերությունից։

Դեռևս նախորդ ամիս ֆինանսների նախարարությունը հրապարակել էր պետական բյուջեի ծախսերի կատարման վերահսկողության վերաբերյալ հաշվետվություն։ Ֆիննախն ուսումնասիրել էր նաև գյուղատնտեսության նախարարության միջոցով սուբսիդավորվող դիզվառելիքի շուկան։ Պարզել էր, որ պետական բյուջեից «Ֆլեշ» ՍՊԸ-ին վճարված սուբսիդիաների դիմաց 2013թ. գարնանը չի բաշխվել ավելի քան 5,2 միլիոն լիտր, 2013թ. աշնանը` 3,3 միլիոն լիտր, 2014թ.` 6,5 միլիոն լիտր, 2015թ.` 3, 3 միլիոն լիտր դիզվառելիք:

Գյուղնախարարությունից «Հետք»-ին պարզաբանել էին, որ սուբսիդավորվող դիզվառելիքը չի բաշխվել և դրա հատկացումը տեղափոխվել է հաջորդ տարի, քանի որ գյուղացիական տնտեսություններից պահանջարկ չի եղել:

Սուբսիդավորված այս դիզելային վառելիքը  նախատեսված է վաճառել հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին։ 

Հավելենք, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականներից իրականացվում են հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության ծրագրեր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter