HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անհայտ է, թե ով է ինժեներական աշխատանքներ կատարել հուշարձանի տարածքում

Երեկ նյութ էինք հրապարակել որ արդեն երկու օր է` բնապահպաններն ահազանգում են, թե Վայոց ձորի մարզում գտնվող Գոմք լճի մակերեսը ցամաքել է, դրա շրջակայքում ինժեներական աշխատանքներ են կատարվել։ 

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի ստորաբաժանումը երեկ այցելել է «Անանուն» լիճ (այն հայտնի է Գոմք անվամբ)։ 

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, տեսուչները պարզել են, որ տեղում ինժեներատեխնիկական որոշակի աշխատանքներ են կատարվել, սակայն դրանք որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել լճակը սնուցող ջրաղբյուրի և ջրի ծավալի վրա: «Տարածքում բնական ընթացքի խաթարում տեղի չի ունեցել, ջրի մակարդակն էլ չի իջել»,- հավաստեց Վարդանյանը։ 

Գոմք լիճը հուշարձանային համալիր է։ Ինչպես Հայաստանում գտնվող հուշարձանների մեծամասնությունը, այն ևս գծագրված չէ, չունի անձնագիր։ 

Բնապահպանության նախարարության այս տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ հուշարձանի տարածքում ինժեներական աշխատանքներ են կատարել անհայտ անձինք, իսկ նախարարությունից միայն հավաստում են, որ այդ աշխատանքները չեն կատարվել «Գոմք» փհէկ-ի կողմից, որը գտնվում է լճից մոտ 1,5 կմ ներքև։ 

Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ լճին կից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարվել են այդտեղ ձկնաբուշությամբ զբաղվող «Բենսոն» ընկերության կողմից։ Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը հաստատեց, որ լճին կից տարածքը վարձակալությամբ տրվել է Կարեն Ասլանյանին, ով այնտեղ պատրաստվում է նաեւ քոթեջային բիզնես սկսել։ Կարեն Ասլանյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի խորհրդական Վասիլ Ասլայանի եղբայրն է, ում քույրը նաև մարզպետի կինն է։  

Արմեն Վարդանյանն այս տեղեկատվությունը հաստատել կամ հերքել չկարողացավ, ասաց, որ ևս մեկ անգամ կգնան տարածք և ուսումնասիրություններ կկատարեն։ 

Ապա, Վարդանյանը զանգահարեց և հայտնեց, որ  խոսել է Կարեն Ասլանյանի հետ: Վերջինս չի թաքցրել, որ լճին կից տարածքում ինքն է աշխատանքներ կատարում, սակայն լճի դիմացի տարածքում կառուցված պատնեշն ու աշխատանքներն իրենց կողմից չեն արվել։

Բնապահպանները պնդում են, որ լճի դիմացի հատվածում պատնեշ է կառուցված։ «Լճից մոտ 1,5 կմ ներքև՝ Կապույտ գետի վրա, փոքր հէկ-ի ջրառ կա։ Ամենայն հավանականությամբ, ՀԷԿ-ի տերերը որոշել են լճի դիմացը փակել ավելի բարձր պատնեշով։ Քանի որ գարնանը շատ է ջուր լինում գետում, և իրենք ամբողջը չեն կարող օգտագործել, հավաքում են լճում։ Հետո չոր ժամանակ, երբ ջրի քանակը պակասում է, բաց են թողնում ու հէկի արդյունավետ աշխատանքն ապահովում են նաև այդ ժամանակ։ Հիմա երևի բաց թողնելիս սխալ են հաշվարկել ու ավելի շատ ջուր են բաց թողել, կամ ինչ-որ այլ պատճառով ավելի շատ ջուր է դուրս հոսել լճից»,-նշեց բնապահպան Լեւոն Գալստյանը` հավելելով, որ սա իր ենթադրությունն է, սակայն իր համար ակնհայտ է՝  լճի դիմացի մասում հողային աշխատանքներ են արված ու պատնեշի նման բան է սարքված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter