HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Գրիգորի Սաղյան. «Ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում դոմեյնը կվերադարձվի նախկին օգտատիրոջը»

«Հետքը» նախորդ շաբաթ հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես է ABC.AM դոմեյնը բաժանորդից գաղտնի վաճառվել օտարերկրացու: Թեեւ նյութում ներկայացրել էինք այս խնդրի առնչությամբ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ և «Էյ-Բի-Սի-Դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանի պարզաբանումները, սակայն նա պնդում է, որ երկու կազմակերպությունների տեսակետը բավարար չափով ներկայացված չէ, ուստի խնդրել է «Հետքին» հստակ ներկայացնել հետևյալը.

  1. Չինացի Ռաո ժեֆենգի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է նամակ:
  2. Այս պահին վերջինիս կողմից abc.am դոմեյնի հետ որևէ գործողություն կատարելու հնարավորությունն արգելափակված է:
  3. Abc.am կայքը գործում է նույն կարգավիճակով, ինչ եղել է NETSYS.AM ռեգիստրար (գրանցող) ընկերությունից տեղափոխելուց առաջ:
  4. Ողջամիտ ժամկետում չինացուն՝ տվյալների ճշտման վերաբերյալ ուղարկված հարցման պատասխանը չստանալու դեպքում դոմեյնը կվերադարձվի Արա Խաչատրյանին:

Գրիգորի Սաղյանը համաձայնել էր նաև հանդիպել՝ խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն զրուցելու նպատակով: Ընթերցողներին ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:

Զրույցի սկզբում Սաղյանը ներկայացրեց, որ նախորդ անգամ նշել է, որ գրություն է ուղարկվել Չինաստան, խոսվել է ողջամիտ ժամկետի մասին, բայց «Հետքը» հոդվածում չի անդրադարձել դրան:

- Ես ձեզ բացատրել եմ, թե ողջամիտ ժամկետը որն է, բայց դուք չեք նշել: Ես ձեզ ասել եմ, որ նման դեպքերում մենք նամակ ենք գրում մարդուն, և եթե նա ողջամիտ ժամկետում չի պատասխանում, ապա դոմեյն անունը վերադարձվում է նախկին տիրոջը: Սովորաբար, ողջամիտ ժամկետը սահմանում է դատավորը: Նման դեպք ունեցել ենք 2008թ. chronica.am-ի դեպքում, երբ ապատեղեկատվություն էր տարածվում. գրում էին, թե Գյումրիի օդանավակայանից ռմբակոծիչները ռմբակոծոմ են Հայաստանը: Մենք գրեցինք բաժանորդին և ստացանք պատասխան, բայց այն կեղծ էր: Ինքներս չէինք կարող ստուգել դրա իսկությունը, ուստի հանձնեցինք իրավապահ մարմիններին: Ստուգեցին, տեսան, որ փաստաթուղթը ֆոտոշոփով ստացված է: Իրավապահներն անձնագրի համարներով ստուգել էին և գտել, որ այդպիսի անձնագրի համարներ չկան: Ողջամիտ ժամկետում եթե մարդը չի պատասխանում, մենք հնարավորություն ունենք, ղեկավարվելով ICANN-ի կանոններով, արգելափակել: Այդ կանոնների համաձայն` կայքի դիմաց պետք է լինեն ճիշտ տվալներ:

- ICANN-ը որքա՞ն է սահմանում ողջամիտ ժամկետը:

- Չկա ICANN-ի կողմից սահմանված ողջամիտ ժամկետ, կա ICANN-ի կարգ, ICANN-ի լավագույն պրակտիկա: Մենք համարում ենք, որ մարդը կարող է մեկ ամիս լինել արձակուրդում, հետո, ասենք, վերադառնում է արձակուրդից, թող մեկ ամիս էլ լինի խիստ զբաղված: 2-3 ամիսը կարելի է համարել ողջամիտ ժամկետ:

(Պարզաբանում. ICANN-ը (Internet Corporation for Assigned Names and Numbers) նշանակված անունների և թվերի համացանցային կորպորացիա հասարակական կազմակերպությունն է, որի գլխավոր գործառույթն է համացանցի անվանական տիրույթների հետ կապված մի շարք տվյալների բազաների համակարգումն ու պահպանումը: ICANN-ի կողմից մշակված քաղաքականության մեջ հստակ սահմանվում է, որ ռեգիստրարի փոփոխության դեպքում «անհրաժեշտ է ողջամիտ ջանքեր գործադրել դոմեյն անվան օգտատիրոջն այդ մասին պատշաճորեն տեղեկացնելու ուղղությամբ»։)

- Այսինքն, դուք առաջին հերթին նամակ եք ուղարկում անձին. նշում եք, որ նրա դեմ կա մեղադրանք, որ կայքին ապօրինի է տիրացել և պահանջում եք հերքել դա ապացույցներով:

- Ո՛չ իհարկե, պարզապես խնդրում ենք նրան ճշտել գրանցման տվյալները: Մենք այլ սահմանափակումներ չունենք: Մեզ հարկավոր է, որ անձի տվյալները լինեն ճիշտ:

- Իսկ չեք պահանջո՞ւմ, որ անձը ներկայացնի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ դոմեյնն իսկապես վաճառվել է իրեն:

- Ո՛չ, ոչինչ չենք պահանջում:

- Ինչո՞ւ:

- Որովհետև ասում ենք նրան՝ դու ճշտիր էս տվյալը, որ մեզ տվել ես, ճի՞շտ է, թե՞ ոչ. սա իրականությանը համապատասխանո՞ւմ է: Մենք քննությամբ չենք զբաղվում, մենք ունենք մեկ մանդատ` ճիշտ հասկացեք մեզ: Եթե կա դոմեյնային անուն, ապա նրա օգտագործողի  տվյալները պետք է ճիշտ լինեն:

- Այսինքն, Ձեզ չի՞ հետաքրքրում` օրինակա՞ն ճանապարհով է ձեռք բերվել դոմեյն անունը, թե՞ ոչ:

- Մենք հետաքննող մարմին չենք:

- Եթե ձեզ դիմում է ձեր բաժանորդը՝ ասելով, որ դոմեյն անունը գողացվել է իրենից, դուք ոչնչով չեք կարո՞ղ նրան օգնել:

- Իսկ մենք կարո՞ղ ենք նրան հավատալ: Կա միայն լավագույն պրակտիկա, որի համաձայն` պարզապես ճշտվում է, որ անձի տվյալները ճիշտ են:

- Իսկ տվյալ դեպքում ե՞րբ եք ճշտող նամակն ուղարկել:

- Ես երաշխավորում եմ, որ այն ուղարկվել է, որի մասին մենք Խաչատրյանին տեղեկացրել ենք:

Պարոն Սաղյան, կա՞ դոմեյն անունը մեկ ռեգիստարար ընկերությունից մեկ այլ ընկերություն տեղափոխելու ընթացակարգ. այսինքն՝ կա՞ սահմանված պահանջ, որ դա կատարվի գրավոր՝ թղթի վրա ստորագրությամբ հաստատված: Նույնը վերաբերում է դոմեյն անվան վերաբերյալ օպերատորի հետ կնքած պայմանագրին: 

- Իհարկե, ո՛չ: Թղթի վրա միայն մեկ ճանապարհ ունենք. դա կոչվում է ապոստիլ: Ապոստիլն ունեն բոլոր երկրները, որտեղ պահպանվում են երեք պաշտոնատար անձանց ստորագրությունները, դրանք պահպանվում են ՀՀ արդարադատության նախարարությունում, երբ տվյալ երկրից գալիս է ապոստիլով հաստատված նամակ, դու գալիս ես ՀՀ ԱԳՆ: Երբ նամակ է ստացվում, որտեղ կա ապոստիլով հաստատված գրություն, այդ գրությունը համեմատվում է այստեղ եղած բնօրինակի հետ, այդ ժամանակ հաստատվում է, որ այո՛, սա արտասահմանյան երկրից ստացված պաշտոնատար անձի կողմից վավերացրած գրություն է: Այլ դեպքերում մենք օգտվում ենք 1. հասարակ փոստով գրություններից, 2. ֆաքսից, 3. էլեկտրոնային փոստից: Էլեկտրոնային փոստով ուղարկվող գրություններն ամենաշատն են լինում: Արդեն հասարակ նամակները քիչ ենք օգտագործում: Էդ նամակները, որ գալիս են սկան (լուսապատճենված) արված, մենք ի վիճակի չենք ստուգելու դրանց իսկական լինելը, չենք կարող ստուգել` դրանք ճի՞շտ են, թե՞ սխալ:

Այսինքն, անիմա՞ստ եք համարում, որ դոմեյն հասցեից հրաժարվելու համար անձը ռեգիստրարին (գրանցող կազմակերպությանը) դիմի ստորագրությամբ գրություն ուղարկելով, և էլեկտրոնային նամակը լիովին բավարա՞ր է:

- Անիմաստ գործողություն չէ: Դե պատկերացրեք, որ ստանում եք մի գրություն, որի վրա կա ստորագրություն: Նամակի վրա ստորագրությունը կեղծելը շատ հեշտ է, 3-րդ դասարանի երեխան կարող է ֆոտոշոփ ծրագրի միջոցով դա անել:

- Իսկ դուք չե՞ք տեսնում, թե որտեղից է նամակն ուղարկվել, ի՞նչ ուղիով:

- Իհարկե, տեսնում ենք, չինացու տվածը gmail հասցե է, բոլորն էլ կարող են այդպիսի հասցե ունենալ:

- Ճի՞շտ է, որ չինացիները շատ են գնում հայկական դոմեյն հասցեներ:

- Այո՛, ճիշտ է:

- Ի՞նչ նպատակով:

- Չեմ կարող ասել, թե ինչու են այդքան շատ հետաքրքրված հենց հայկական տիրույթով, բայց չինացիները հիմնականում թվերն են գնում: Օրինակ՝ իրենց մոտ 4-ը մահն է խորհրդանշում, 5-ը՝ երջանկությունը, 8-ը՝ հարսանիքը: Եվ եթե դու ունես ինչ-որ թվերի հաջորդականություն, չինացին նայում է, հասկանում, թե որն է դրա նշանակությունը, ասենք` դա նշանակում է «Ես քեզ սիրում եմ»: Դրա համար այսօր չինացիները գնում են բոլոր իրենց համար իմաստավորված թվերի հաջորդականությունը: Իրենց այդպես հարմար է: Թվերը հետաքրքրում են հիմնականում միայն իրենց:

- Իսկ կարճ դոմեյն անունները չե՞ն հետաքրքրում իրենց:

- Շատ ավելի քիչ:

- Իսկ չի՞ վերահսկվում, վտանգավոր չէ՞: Ասենք, օրինակ, եթե չինացին փորձեց վաճառել դոմեյն հասցեն ադրբեջանացու:

- Ահա՛, եթե չինացին վաճառեց դոմեյնն ադրբեջանցուն, ինչը չենք կարող բացառել, կարող է այդպես լինել, բայց դրա համար chronica.am-ի դեպքից հետո (երբ .AM տիրույթում գրանցված կայքից ադրբեջանցիների կողմից ակնհայտ ապատեղեկատվություն էր տարածվում) բացվել է Բովանդակության հանձնաժողով (ISOC-ի կայքում այն նշված է որպես Արձագանքման խումբ), ես այդ հանձնաժողովի նախագահն եմ: Մենք ղեկավարվում ենք Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով սահմանված պահանջներով. արգելվում է՝ առաջինը՝ պոռնկագրության տարածում, ազգամիջյան գժտություն, թրաֆիկինգի ֆինանսավորում, ահաբեկչություն («Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից սահմանված AM / ՀԱՅ դոմեյն քաղաքականություն (TLD Policy):

Այս ամենն ամրագրված է AM NIC-ի քաղաքականությամբ: Սա արվում է chronica.am-ի նման դեպքերում: Պրակտիկան ցույց է տվել, որ այդպիսի կայք լինելու դեպքում մարդիկ այն նկատում են և մեզ ահազանգում:

- Իսկ առանձին բառերի միջոցով չե՞ք փորձում ֆիլտրել այդպիսի կայքերը:

- Աշխարհում հիմա այդպիսի փորձ արվում է, փորձում են այդպես բացահայտել ոչ ցանկալի կայքերը: Կան նաև ՄԱՄԲՈ-ի պես ընկերոթյուններ, որոնց օգնությամբ ճշտվում է օգտատիրոջ (holder) գրանցման ճշտությունը: Այս նախաձեռնությունը նորամուծություն է, ծառայությունը վճարովի է, ICANN-ը նոր է սկսել սա գործարկել, նկատել են, որ շատ դեպքերում նամակը գրում ես, պատասխան չկա, դրա համար այսպես են ստուգում: Վատ բովանդակության դեպքում միանգամից բացահայտվում է: Chronica.am-ի դեպքում դա տևեց ընդամենը մի քանի ժամ: Տեսե՛ք, մենք ասում ենք՝ դատարանը պետք է թուղթ տա, բայց ինչքա՞ն սպասենք, որ դատարանը մեզ այդ թուղթը տա:

- Փաստորեն, առաջնորդվում եք ձեր քաղաքականությամբ: Եթե կայքը դրա համաձայն չի աշխատել, դուք իրավունք եք վերապահում ձեզ արգելափակել այն:

- Այո: Օրինակ՝ վերջերս արգելափակել ենք մի կայք, որը .AM տիրույթում վաճառում էր գողացված բանկային պլաստիկ քարտերի համարներ՝ աշխարհի մակարդակով: Մեզ այդպիսի նամակ էր եկել: Ինչի՞ համար են վաճառվում այդպիսի քարտերը: Մինչև արգելափակելը կարող են մտնել մի էլեկտրոնային խանութ և այնտեղից առևտուր կատարել: Ասենք՝ թանկարժեք I-Phone են գնում, և հասցեն, ենթադրենք, նշում են Ուկրաինայում, որտեղ էլ ստանում են հեռախոսը:

- Բայց հնարավո՞ր է  առանց գաղտնաբառն իմանալու գնում կատարել:

- Դրա համար հարկավոր է CSV, որը հենց քարտի վրա կա: Մենք փակեցինք այդ կայքը: Բացի այդ, շատ տարածված է գումարների փոխանցումը: Չլուծված հարցերից է հեղինակային իրավունքը: ՀՀ-ն ընդունել է օրենք, որի համաձայն` միայն 50.000-ից բարձր վնասի դեպքում է քրեական գործ բացվում:

- Փաստորեն, եթե անձը գնել է դոմեյնն օգտագործելու իրավունքը, բավականին ծավալուն աշխատանք է կատարել կայքը ստեղծելու և տարածելու ուղղությամբ և արդեն ունի աշխատող բիզնես, ստացվում է, որ նրա էլեկտրոնային հասցեն կոտրելու միջոցով, առանց նույնիսկ ստորագրություններ դնելու կարելի է պարզապես խլել նրա բիզնեսը:

- Հետաքրքիր բան եք ասում, այո՛, այո՛: Բայց այդպիսի բան չի կարող լինել: Ինքը սուտ է ասում: Որովհետև ո՞վ է իր անձնագրի պատճենը էլեկտրոնային փոստարկղում պահում: Ես, օրինակ, շատ եմ կասկածում, որ որևէ մեկը իր էլեկտրոնային փոստարկղի մեջ պահի անձնագիրը: Ես, օրինակ, չեմ անում այդպիսի բաներ: Հետո, ո՞վ է մեղավոր, որ քո փոստարկղը ջարդում են, ո՞վ է մեղավոր՝ դո՞ւ, թե՞ ջարդողը:

- Իհարկե, ով կոտրել է:

- Ուրեմն դու անմե՞ղ ես: Ուրեմն դու կարող ես քո գաղտնաբառն անմեն տեղ դնել ու հետո ասել, որ, ասենք, ես կոտրե՞լ եմ:  Շատերը գաղտնաբառը համակարգչի տակ են փակցնում: Ուրիշները գալիս են, նայում են համակարգչի տակ, վերցնում ու կոտրում գաղտնաբառը: Գաղտնաբառը հեշտ է կոտրել նաև, եթե այն դրել ես, ասենք, 1234567…., է՛հ, շատ հեշտ է:

- Հիմա ստացվում է, որ ով անշրջահայաց է գտնվել, ի՞նքն է մեղավոր:

- Կարծիքները տարբեր են. ասում են՝ 50/50: Ես համարում եմ, որ եթե այսպիսի հիմար գաղտնաբառ է պահում, ուրեմն ինքն է մեղավոր:

- Բայց դրանք անվտանգության կանոններ են, դրանք չպահպանելու համար մարդուն չես կարող մեղադրել:

- Չկա՛ն ոչ մի տեսակի կանոններ:

- Հիմա ձեր բաժանորդը ահազանգել է Ձեզ՝ ասելով, որ իր դոմեյն անունը առանց իր իմացության փոխանցվել է այլ անձի:

- Ես իրեն ասել եմ, որ ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում հետ կստանա դոմեյն անունը:

- Այսինքն, ցանկացած պարագայում, քրեական գործի առկայության դեպքում էլ դոմեյն անունը հետ կվերադարձնեիք Խաչատրյանին:

- Այո՛, իհարկե, որովհետև եթե մարդը չկա, ինքն էլ գար ասեր՝ ժողովուրդ «взлом» են արել, օգնե՛ք, մենք չինացուն կգրեինք, չինացին չէր պատասխանի, մենք կվերադարձնեինք դոմեյնը: Ի՞նչ քրեական գործ, ի՞նչ բան: Էն խեղճ մարդկանց՝ քննիչներին էսքան թղթաբանություն է, որ ստիպում են գրել: Պարզ է, որ կպայթեն էդ քննիչները: Գար, ասեր՝ ախպեր, սենց ծանր վիճակ է: Մենք էդ մարդու կողմից ենք միշտ:

- Բայց դուք պնդում էիք, որ ինքն է հանցագործը, ինքն է ստեղծել նման իրավիճակ, որ գումար աշխատի:

- Ես չեմ պնդում:

- Վարկա՞ծ է պարզապես:

- Այո, որովհետև այսպիսի անհեթեթություն… Առաջին կասկածը, թե ինչու ինքը բերեց մեզ մոտ, նոր փոխեց: Թող NETSYS-ից էլ վաճառեր չինացուն: Ինչո՞ւ էր պետք բերել ABCDOMAIN: Ինչու՞: Բացարձակ անիմաստ գործողություն է:

- Այսինքն, այդ գործողությամբ փորձում են ձեզ մեղադրե՞լ:

- Այո՛, ասեմ, թե ինչն է Խաչատրյանի փաստարկը. Ձեր հիմնարկը կոչվում է ABCDOMAIN, էդ ABC-ին ձեզ պետք է: Մեզ պետք չի ABC-ն, մերն ավելի լավն է՝ internet.am-ն է, ունենք նաև abcdomain.am: Ինչու՞ էր մեզ պետք abc.am-ը վերցնել: Դրա համար է փոխվել ռեգիստրարը. սա երկրորդ կասկածն է: Այսպես ստացվում է, որ մենք շահագրգռված ենք: Բայց մենք շահագրգռված չե՛նք. մենք ունենք երկու շատ լավ կայք: 

- Պարոն Սաղյան, եթե դիտարկենք հետևյալ իրավիճակը. ասենք` անձը, կողքից նայելով, կարողացել է պարզել էլ. փոստարկղի տիրոջ գաղտնաբառը, նրա նամակագրության մեջ կարողացել է գտնել նաև անձնագրի պատճենը, և Դուք ստանում եք բողոք, թե դոմեյնը գողացվել է: Ձեր կողմից ի՞նչ գործողություն է հաջորդում:

- Նամակ ենք գրում նոր բաժանորդին, ասում ենք` ճշտիր քո տվյալները: Հետո գրում ենք, որ քո դեմ սենց բողոք է եկել: Այդ դեպքում ասվում է, որ ապացուցի, որ գործարքը ձեր միջև  տեղի է ունեցել: 

- Եվ ինչպե՞ս է ապացուցվում:

- Ես ամբողջը տվել եմ քննիչին: Էդ քննիչը մեղք է: “Дело не стоит выеденого яйца”. հասկանո՞ւմ եք, ինքն ուրիշի է մեղադրում: Նամակի լոգը ձեզ չեմ կարծում, որ պետք է, Դուք հո քննի՞չ չեք. սա Խաչատրյանին ուղարկված մեր նամակն է: Եթե այս նամակում գրված է, որ գործողությունն իրականացվել է, ուրեմն դուք պետք է հավատաք: Ահա ձեզ կնքված հաստատում: Սա ուղարկեցին, եթե ավելին եք ցանկանում, դիմեք Ներսիսյանին (AMNIC-ի տնօրենին): Մենք Խաչատրյանին գրել ենք, որ «քո շահերը պաշտպանում ենք», մենք այնպես ենք արել, որ չինացին չկարողանա քո կայքն ուրիշ տեղ տանի: Այդ դոմեյնը մենք արգելափակել ենք, սա նշանակում է, որ չինացին չի կարողանա փոփոխություններ կատարել դրա հետ, այդ թվում` նաև տեղափոխել ուրիշ տեղ:  Էս պահին կայքը գործում է, ուղղակի ժամանակավոր, թղթերով չինացու մոտ է, մարդը վճարել է, բայց մինչև չպարզվի, ոչինչ չի կարող չինացին անել: Կայքը և դոմեյնը աշխատում են, ուղղակի «զմռսել» ենք: Դրա մասին Արան էլ գիտի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter