Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Օձունցի անասնապահ. «Ուզում ենք լավ իշխանություն ունենանք, երկիրն էլ խաղաղ լինի»


Լարիսա Փարեմուզյան

Օձունի գյուղացիների մի մասը ապրիլի սկզբից անասունները Արխաշան սարն է տանում: Սարվորները հաստատվում են նաև գյուղի Անաս, Գոլուրդ, Սալուրդ, «Ռսանց գոմեր» սարերում: «Տարի եղել է` արևը մեր  սարում ամեն ինչ խաշել է, այդտեղից էլ սարի անունը կպել է Արխաշան»,- բացատրեց սարվոր Անաստաս Ասրյանը: Արխաշան գնացող ճանապարհը դժվարանցանելի է, սակայն գյուղապետ Արսեն Տիտանյանը պնդում է, որ ճանապարհը սարի համար նորմալ է: «Այս տարի գրեյդերով հարթեցրել ենք, բայց հորդառատ անձրևներն էլի քանդել են ճանապարը»,-բացատրում է գյուղապետը:

Արխաշանի ճանապարհը հատում էր Օձունի կուսական անտառը: Որքան բարձրանում էինք, անտառն այնքան խտանում էր: Ճանապարհին սարվորների օրվա  կաթը տեղափոխող մի քանի բեռնատարների հանդիպեցինք: Անտառամիջյան ճանապարհն անցնելուց հետո մեզ սար տանող ավտոմեքենան հայտնվեց խոտածածկ  բլուրներով շրջափակված դագեքի (սարվորների տնակների) մոտ: Բլուրների թավիշ կանաչ լանջերին արածում էին սարվորների անասունները:

Սարում 15 դագա կար՝ իրարից 50-60 մետր հեռավորության վրա: Առաջին բանը, որ զգացինք րխաշանում, օդում ուրցի ու կաթի անուշ բուրմունքն էր: Ձորով արագավազ հոսում էր լեռնային աղբյուրներից սնվող, անձրևներից հորդացած գետակը: Հենց առաջին դագայի մոտ սարվոր Կարինե Վարդանյանից իմացանք, ր սարի միակ  դվիժոկը (գեներատորը) այս տարի փչացել է, սարվորները հեռուստացույց չեն կարողանում նայել: Ռադիոյով են մեկ-մեկ լուրեր լսում:

«Քանի դվիժոկը կար, հեռախոսները սիրուն զարյադկի դնեինք, հմի դվիժոկ չկա, հեռախոսների զարյադկի համար գյուղն ենք գնում»,- բացատրեց Կարինեն:

Անժիկ Դավիթավյանի խոսքով` դվիժոկը երբ կար, տնակի պատշգամբի լույսը ամբողջ ձորը լուսավորում էր. «Դվիժոկի խաթեր կաթը չենք կարողանում մշակել»,- դժգոհեց Կարինեն: Անժիկն արդեն 21 տարի է անասունների հետ Արխաշանում է անցկացնում ամառը: «Սեփական 3 կով ունեմ, ուրիշի կովերն էլ ենք խնամում: Մի 9-ը կով ենք պահում, գոյություն ենք պաշտպանում: Ես ու ամուսինս ենք այստեղ: Օրը չենք հասկանում` ինչպես մթնեց, ապրանքի գործն ենք անում, կաթն ենք հանձնում, բոստան ենք մշակում, հանդի բերքն ու բարիքն ենք հավաքում: Սեզոնին շատ վայրի մոր, մոշ և մասուր ենք քաղում: Կաթի ավտոմեքենաների վարորդները մեզ համար հաճախորդ են ճարում»,- պատմեց Անժիկը:

«Սարում մեր հին հայկական տրադիցիաներով ենք լողանում, ջուր ենք տաքացնում, լագանի մեջ դագում լողանում»,-հավելեց Կարինեն: Նա ամուսնու հետ 14 կով է պահում, դրանցից 6-ն է սեփական: Հարցրի սարի կյանքի մասին. «Սարումը լավ կյանք կա՞, յարաբ: Չարչարանքը շատ ա: Իրիկունը հոգնած հազիվ հասնում ենք բարձին»,-ասաց Կարինեն: Սարվորները նաև Արխաշանում պտուղ-բանջարեղեն են ցանում: «Պարարտանյութ չենք լցնում: Էս մեր ջուրը, որ սարերից է գալիս, դրանով ջրում ենք, հատուկ համ ունի: Մեր սարի վարունգի ու պոմիդորի համին ոչ մի տեղ չես հանդիպի»,-ասացին Անժիկն ու Կարինեն:

Ծաղիկ Ճարոյանը գյումրեցի է, հարս է եկել Օձուն: «Սարի կյանքը դժվար է, բայց անասնապահությամբ ենք յոլա գնում՝ ստով ենք երեխանց պահում»,- ասաց Ծաղիկը: Անաստասի կինը՝ Էլմիրան, սարի կյանքը չի սիրում, արդեն 30 տարի սար է գալիս, գերհոգնել է սարի կյանքից: Նրանք այստեղ 9 կով են պահում: «Անցյալ տարի կաթը հանձնում էի, հիմա չեմ հանձնում: Ես կաթը մշակում եմ, նաև ջիլ եմ սարքում: Այստեղ այգի էլ ենք մշակում»,-պատմեց Էլմիրան: «Դվիժոկն աշխատի էլ, մեր սարումը  տելեվիզորը չի բռնում»,- կանանց հակադարձեց Սամվել Խեչումյանը:

Սամվելը սովխոզի ժամանակներից է անասնապահ: «Յոթ կով եմ պահում, օրական 60 լիտր կաթ եմ ստանում, իմ գոյությունը զոռի եմ պահում: Տանից-տեղից կտրված ենք, էս երկրից ոչ մի բանի խաբար չենք»,-ասաց: <Տանից-տեղից կտրված լինելը` իրեն հերթին: Կարկուտ, անձրև գալիս, կովերի հետևիցը ման է գալիս, որ անպայման գտնի: Եթե մի հատ ապրանքը կորչում է, սաղ գիշերը չի քնում»,- բացատրեց կինը՝ Անժիկը:

«Հլա դուք ասեք, էս երկրի գործերը ոնց տի ըլիլ: Էս ժողովուրդը մինչև երբ տի էսենց տառապիլ: Սա կյանք ա, որ մենք ապրում ենք: Յեդով մեր տեր ըլողն ով ա: Չէ, տեր չունենք: Անտեր երկիր ա էլի: Խի ա սահմանում օրը մի զինվոր խփվում, օրը մի քյասիբի երեխա զոհվում: Խի չի մի հարուստի երեխա գնում բանակ: Խի են հլե քյասիբի երեխեքը զոհվում: Սաղ մեր երեխեքն են, չենք ուզում զոհվեն: Ուզում ենք լավ իշխանություն ունենանք, երկիրն էլ խաղաղ լինի»,-ասաց Սամվել Խեչումյանը: Անաստասը, որին Օձունում Ագռավանց Անաս են ասում, նույնպես չկարեւորեց դվիժոկի առկայությունը սարվորի կյանքում: «Ասրյանների մեր տոհմին Ագռավանց են ասում նրա հմար, որ մեր պապը երկարակյաց է եղել: Շատ երկար ապրել ա: Արա, ասել են՝ սա ոնց որ ագռավ լինի, 300 տարի պետք է ապրի: Իմ պապը 115 տարի  է ապրել: Դրա համար պապիս պատճառով մեր ցեղին էդ Ագռավանց ածական անունն են դրել»,- բացատրեց Անաստասը: Վերջինս գովեց սարի ջուրը. «Կարելի է ասել, որ օգտավետ ջուր ա»: Կինը՝ Էլմիրան, խոսքի մեջ ասաց, որ Անաստասը արաժան շատ է սիրում: Երկարակյաց ցեղի շառավիղ 70-ամյա Անաստասն իր սննդակարգում նույնպես կարևորեց արաժանի դերը. «Ոչ թե շատ եմ սիրում, ուղղակի մանկությունից էդ եմ ուտում: Ընդհանրապես, ապրանքը, եթե վրեն սպիտակ թիքա չկա, ես այն չեմ օգտագործում: Միսը եթե յուղոտ չեղավ, էդ միսը համով չի: Միսը անպայման պետք է լինի բոյեվոյ, ճարպոտ, ու մենք դրա խաթեր ծառայում ենք էստեղ, որ մեր ապրանքը յողոտ լինի»: Օղի խմելուց հետո նա «զակուսկին» արաժանով է անում: Անաստասը 38 տարի մեխանիզատոր է եղել, սարում 26 տարի  է անասնապահությամբ է զբաղվում: «Գայլ երևու՞մ է Ձեր սարերում»,-հարցրի: «Գայլ ո՞նց չի երևում: Առանց գայլի հանդ կլի՞: Գայլը գիշերն էլ է գալիս, տո ցերեկն էլ: Գելի համար արի, բարի չկա: Ազատ անասուն են տանում սարից: Գելը ամոթ բառը գլխի չեն լինում: Հենց մեր այգու տակին, հերու գել մեզանից մի մոզի տարավ: Վրա հասնելն արդեն ուշ է լինում: Գելը մոզու բուկը ծակել էր, էլ կենդանին պիտանի չէր: Ուզում ա վրա հասնես, ուզում ա՝ չհասնես»,-բացատրեց նա:

Անաստասն անդրադարձավ նաև Օձունում իրեն հուզող խնդիրներին. «Գյուղում ընտանիքներ ունենք, որ աղքատությունից ճանճի նման հանգչում են, թեկուզ գյուղացիներս էդ ընտանիքներին մի բանով պետք է օգնենք»: Ասաց՝ մեկ հա հող է մշակում, երկու արու զավակ ունի: 1992 թվականից հետո իրեն հող պետք է հասներ տղաներից մեկի' առանձին տուն դառնալու հաշվարկով: Սակայն մինչև օրս տղային տնամերձ կամ վարելահող տալու խնդիրը չի լուծվում: «Եթե մեր գյուղապետին հողի հարցով դիմում ենք, ասում է' մեր պահուստային հողերը 95 տարով տրված է փլան մարդուն: Էդ հարցն ա հմի ինձ նեղում, ինչի՞ համար, մեր գյուղումը ավագանի կամ մի հսկող մարմին չկա՞ր, որ էդ հողը տրվել է մի մարդու, էն էլ' 95 տարով: Մեր նոր գյուղապետն էլ ասում է մենք էսօր օձնեցի երիտասարդ ընտանիքների հող տալու հնար չունենք: Բա էսօր էդ խնդիրը լուծելու ղայդա չկա՞»,-հարցրեց Անաստասը:

Գյուղապետ Արսեն Տիտանյանը պարզաբանեց, որ Օձունի նախկին գյուղապետ, հանգուցյալ Մելիք Այվազյանը տղայի՝ Բարսեղ Այվազյանի անունով 95 տարի ժամկետով գյուղի պահուստային 50 հա լավագույն հողերն է գրանցել: Ա. Տիտանյանն ասաց, որ պահուստային այդ հողերի խնդիրը պետք է քննարկվի՝ հողերը գյուղապետարանին վերադարձնելու պահանջով:

Արխաշանին հրաժեշտ տվեցինք, երբ կեսօրի կծող արևից հետո երկինքը կամաց-կամաց մռայլվում էր, ամպերը սևակնում էին: Սարում անձրև էր սպասվում, սարվորներին՝ անհանգիստ երեկո:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։