Կիրակի, 23 սեպտեմբերի

Գողոնը՝ 350 դրամ և 3 զույգ սպորտային կոշիկ. անչափահասն ազատվեց քրեական պատասխանատվությունից



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ընթերցեց անչափահաս Կարեն Հակոբյանի (անունը եւ ազգանունը փոխված են-հեղ.) վերաբերյալ դատավճիռը՝ ամբաստանյալին ազատելով քրեական պատասխանատվությունից ու նրան 6 ամիս ժամկետով հանձնելով ծնողների, իսկ սեպտեմբեր ամսից` նաև այն ուսումնական հաստատության հսկողությանը, որտեղ նա սովորում է: 

Արմեն Հակոբյանը 15 տարեկան է, մեղադրվում է ինքնությունը չպարզված երկու այլ անչափահասների ու 12-ամյա եղբոր մասնակցությամբ Երևանի խանութներից մեկից ընդհանուր 7500 դրամ արժողությամբ 3 զույգ սպորտային կոշիկ ու 350 ՀՀ դրամ հափշտակելու մեջ: Արարքը կատարելիս եղել է 14 տարեկան, ընդունում է իր առնչությունը հափշտակությանը, բայց նշում, որ ինքը ոչ թե գնացել է սպորտային կոշիկները հափշտակելու, այլ հսկել, որպեսզի որևէ մեկը չնկատի ու ընկերներն արարքը «բարեհաջող» ավարտին հասցնեն:

Այսօր, մինչ դատարանը խորհրդակցական սենյակում էր, ամբաստանյալ Հակոբյանը պատրաստակամորեն որոշ մանրամասներ պատմեց իր վերաբերյալ քրեական գործից, միայն թե խնդրեց չձայնագրել, այլ հիշել ու գրել:

Հակոբյանը պատմեց, որ ընկերը, որին քննություն իրականացնող մարմինը չի հայտնաբերել և որի տեղն այժմ ինքն էլ չգիտի, իրեն 3000 դրամ գումար է պարտք եղել և առաջարկել դրա փոխարեն նրան սպորտային կոշիկներ տալ`պարզաբանելով, թե ինչպես պետք է դրանք ձեռք բերել: 

«Ես ասացի, որ եթե բռնվես, ես պատասխանատու չեմ, ասաց՝ չենք բռնվի»,- պատմեց Հակոբյանն ու նշեց, որ երբ սպորտային կոշիկները հափշտակել են, քիչ անց դրանք հագել ու անցուդարձ են արել այն խանութի մոտով, որտեղից հափշտակվել են կոշիկներն, ու խանութի աշխատակիցը «գլխի է ընկել», որ իրենց խանութից հափշտակված կոշիկներն են:

Հետո խանութի տերն, ըստ Հակոբյանի, պահանջել է, որ իրենք 20 000 դրամ գումար տան իրենց՝ ընդհանուր 7500 դրամ արժողությամբ կոշիկների համար, որպեսզի չբողոքի: 

«Մենք հարցնում էինք՝ եթե 20 000-ը տանք, բոթասները մեզ կմնա՞ն, ասում էր`կմտածեմ»,- պատմեց Հակոբյանն ու նշեց, որ իրենք գումարը չեն տվել, խանութի տերն էլ բողոքել է: 

Դատարանում Հակոբյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ասել, որ զղջում է արարքի համար: Մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում երբեք նման բան չի արել ու վստահեցրեց, որ հետագայում էլ չի անի: Հետո ժպիտով ասաց, թե իր փաստաբանը լավն է, դատախազն էլ է լավը, որ դատավճռի համար էլ չի անհանգստանում. գիտի, որ ամեն ինչ լավ է լինելու: 

«Հետք»-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը նշեց, որ իր պաշտպանյալի մասին դպրոցից դրական բնութագիր են տվել: 

«Շատ գոհ են իրենից, մանկավարժներն ասացին, որ չնայած չի փայլում ուսման մեջ, բայց բոլորի հետ շփվող ու լավ երեխա է»,-պատմեց Սյուզաննա Խչեյանը: 

Անչափահաս Կարենն ուշ ժամերի աշխատում է: Դատարանը, ամենայն հավանականությամբ հաշվի առնելով այդ հանգամանքը, իր որոշմամբ նրա ժամանցի ազատությունը չի սահմանափակել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ