HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետավանցի ընտանիքն ապրում է առանց լույսի ու ջրի

Լոռու մարզի Գետավան գյուղում ենք: Կղմինդրե տանիքով կիսաքանդ տան դուռը բացվում է, մի կին երեխային գրկած իջնում է քարե «աստիճաններով»: Անձրևից հետո ճանապարհին ցեխառատ լճակներ են գոյացել, խոտերի մեջ նիհար ու փոքրամարմին մի տղամարդ է քայլում:

Զարմանում ենք, որ ավերակ տանը կարող են բնակվել:

2,5 տարեկան Անիին գրկած՝ Սուսաննան նստում է բակի մեծ քարին: Մյուս դուստրը՝ 12-ամյա Աննան, քիչ հեռու է կանգնում, երբեմն ժպտում է, բայց չի ուզում խոսել: Սուսաննա Մելքոնյանը 46 տարեկան է, ասում է՝ 4 երեխա ունի՝ 15-ամյա Արամայիսը, 12-ամյա Աննան, 9-ամյա Սամվելն ու 2,5 տարեկան Անին: Երեխաները Ստեփանավանի գիշերօթիկ դպրոց են հաճախում, տուն են գնում շաբաթ-կիրակի: Մեր հանդիպման ժամանակ Սամվելը դեռ դպրոցում էր:

Արամայիսն ապրիլից անասուն է պահում հոր հետ Ստեփանավանի ճանապարհին: Ամսական 70 հազար դրամ են ստանում երկուսով: Սուսաննան ասում է, որ ինքն էլ է աշխատում, հարևանի կովերն է կթում, անասնագոմն է մաքրում: Ձմռանը, երբ առավոտյան ու երեկոյան է մաքրում անասնագոմը, ամսական 10 հազար դրամ է ստանում, ամռանը մեկ անգամ է մաքրում, ինչի համար 5 հազար դրամ է ստանում: 6 կով է կթում հիմա. ամեն կովի համար ամսական 2500 դրամ են տալիս:

Սուսաննայի պատմելով՝ անցյալ տարվա դեկտեմբերից ընտանիքի սոցիալական նպաստը դադարեցրել են: Պատճառը ավտոմեքենան էր, որ գնել էին (ըստ Սուսաննայի՝ 250 հազար դրամ են վճարել մաս-մաս): Բայց ամիսներ առաջ ամուսինն այդ մեքենայով վթարի է ենթարկվել: Սուսաննայի տեգրը, ով լսում է մեր զրույցը, նշում է, որ վթարի երկու կողմն էլ մեղավոր են եղել: Եղբոր մեքենան ջարդուխուրդ է եղել, որպես մետաղաջարդոն 40 հազար դրամով հանձնել են, իսկ վնասվածքներ ստացած եղբայրը հիվանդանոցում է հայտնվել որոշ ժամանակով:

Արդեն 4 ամիս է՝ տանը լույս չկա (անջատել են պարտքի պատճառով), ջուր ընդհանրաես չունեն, բերում են հարևանի բակից:

Տուն ենք բարձրանում: Մուտքին հասնելու համար մի քանի քար են դրել իրար վրա որպես աստիճան: Ոտքդ քարին դնելիս սկսում է շարժվել, դժվարությամբ ներս ենք մտնում: Մեկ սենյակ է տունը՝ առանց խոհանոցի, ննջասենյակի, լոգարանի: Երկու մահճակալ է դրված, վառարանը հանգած է, վրան կիսահում հացն է: Սուսաննան ասում է՝ փայտը վերջացավ, հացը հում մնաց, հետո ավելացնում է, թե ճար չունեն, էդպես էլ կարող է ուտեն:

Մահճակալներն առանց ծածկոցի են: Սենյակը պատված է մրով: Աննան ուշադիր նայում է ինձ: Քիչ հետո իջնում ենք բակ:

Աննան դարձյալ ժպտում է: Մայրն ասում է՝ շատ է սիրում նկարել, երբ տուն է գալիս (դիմացի կանաչ տարածությունն է ցույց տալիս), գնում է այնտեղից ծաղիկ հավաքում, բերում: Աննային հարցնում եմ՝ նկարչական պարագաներ ունե՞ս, սկզբից գլուխը տարուբերում է, ապա սկսում է խոսել, թե չէ, չունի, հետո թևանցուկ է անում ինձ: Աննայի ժպիտի մեջ խիտ տխրություն կա: Ու ժպիտն ավելի շատ տխրեցնում է ինձ:

Սուսաննայենց համագյուղացիներից երկուսը պատմում են, որ ամուսիններն աշխատասեր են, բայց անտարբեր չեն խմիչքի նկատմամբ:

Սարատովկայի համայնքապետ Գառնիկ Մարդոյանը (Գետավանն այս համայնքի մեջ է) նշում է, որ շատ լավ գիտի ընտանիքի մասին. թե՛ համայնքապետարանի բյուջեով, թե՛ իր անձնական միջոցներով բազմիցս օգնել է Արմենի (Սուսաննայի ամուսինն է) ընտանիքին, բայց նրանց խնդիրը խմիչքն է: Ասում է, որ երբ գումար է տալիս, գնում խմում են: Գյուղապետի պատմելով՝ 4 տարի առաջ ինքն է աջակցել, որ երեխաներին Ստեփանավանի գիշերօթիկ դպրոց ընդունեն: 

Գյուղապետ Մարդոյանը համոզված է՝ եթե առողջ մարդ ես, պիտի աշխատես, ապա ավելացնում է, թե հիմա իրենց համայնքում աշխատանքը շատ է, աշխատող մարդն էլ կարողանում է պահել ընտանիքը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter