HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«What’d I Say». երկխոսություն Ռեյ Չարլզի և սև-սպիտակի միջև

1958թ. 28-ամյա Ռեյ Չարլզն իր հայտնի «Raelettes» բեք վոկալ խմբով ելույթ էր ունենում ամերիկյան ինչ-որ փոքրիկ քաղաքում: Այն ժամանակ պարային ռեստորաններ կային, որոնք աշխատում էին մինչև գիշերվա ժամը երկուսը: Երաժշտի համար տրամադրված ժամանակը բավականին մեծ էր, սակայն երգացանկը, պարզվեց, այնքան էլ համապատասխան չէր այդ առումով: Երբ Չարլզն իրենց նախատեսած ծրագիրն ավարտեց, դեռ 12 րոպե մնում էր, մինչ միջոցառման ավարտը, ուստի որևէ կերպ անհրաժեշտ էր այդ ժամանակը լրացնել: «Ուշադիր կհետևեք ինձ և կկրկնեք այն, ինչ ես կասեմ»,- աղջիկներին նախազգուշացրեց սոուլի ապագա լեգենդն ու գործի անցավ: Դաշնամուրային մի քանի անորոշ ակորդներից  հետո հաջորդեց իմպրովիզացիոն տեքստն, ու պայթեց երաժշտությունը՝ միախառնված լատինոամերիկյան, գոսպելի, ռոքնռոլի, բուգի-վուգիի  և այլ ռիթմերով. այն, ինչ հնարավոր էր երևակայել: Եվ հանկարծ մթնոլորտն այնպես բռնկվեց այդ ռիթմերի պարով ու տրամադրությամբ, որ իմպրովիզացիոն այդ փոթորկի մեջ ընդգրկեց անգամ երեկոյի ընթացքում չպարող զույգերին: Իսկ երբ կատարումն ավարտվեց, ներկաները շնչակտուր վազեցին երաժշտի մոտ՝ ճշտելու, թե որ խանութից կարող են ձեռք բերել երգի ձայնագրությունը:

Ահա այսպես է ծնվել Ռեյ Չարլզի ամենահայտնի «What’d I Say»-ը, որը շատ արագ մեծ մասսայականություն վայելեց և դարձավ երաժշտի առաջին ոսկե սինգլը ԱՄՆ-ում: Այն համարվում է սոուլի ամենավաղ շրջանի ձայներից մեկը, որը մեծ ազդեցություն է ունեցել ռիթմնբլյուզի, և, անպայման, ռոքնռոլի  զարգացման պատմության մեջ:

 Հանդիսատեսի ոգևորությունն այնքան բուռն էր, որ անգամ ինքը՝ էլեկտրոնային դաշնամուրի առջև նստած երաժիշտը զգաց  պարող ոտքերի տակ ճմլվող հատակի ցնցումը: Այս արձագանքներից ոգևորված՝ Ռեյ Չարլզն  իր այս կատարումը փորձեց հետագա մի քանի համերգների ընթացքում ևս՝ հասկանալու, թե արդյո՞ք տարբեր միջավայրերն ու հանդիսատեսը կրկին բուռն կերպով կարձագանքեն: Եվ ամենուրեք նույնն էր. երգի ավարտին, մարդիկ, աղմուկ-աղաղակով, իրար հրմշտելով վազում էին երաժշտի մոտ, նույն հարցով. «Որտեղի՞ց կարող ենք գնել երգի ձայնապնակը»:  Ի վերջո նա ստիպված եղավ զանգահարել Ջերի Վեքսլերին («Atlantic Records»-ի ղեկավար, պրոդյուսեր) և ասել, որ կա մի երգ, որն անպայման ու շատ արագ ձայնագրել է պետք:

Ռեյ Չարլզը երբեք չի պատմել այս երգի ստեղծման տարեթվի և տեղի մասին, իսկ այս պատմության տեղեկությունները հիմնված են տարբեր ուսումնասիրությունների, հարցազրույցների և, մեծ մասամբ, երաժշտի կենսագիրների մեջբերած տեղեկությունների վրա:

«What’d I Say»-ը ձայնագրվեց 1959թ. փետրվարին և որպես սինգլ` թողարկվեց ամռանը, երկու մասով: Հանրային բուռն ընդունելությանը զուգահեռ՝ այս երգը, սակայն, միևնույն ժամանակ սկանդալային քննարկումներով ուղեկցվեց: Չնայած  «Atlantic Records»-ի կողմից խմբագրմանը՝ շատ ռադիոկայաններ հրաժարվեցին այն հնչեցնել: Պատճառը երգի, այսպես ասած,  էրոտիկ բնույթի տեքստն էր և նույն տրամադրությամբ որոշ ձայնարկությունների առկայությունը:  Շատերը գտնում էին, որ այն անպարկեշտ բովանդակություն ունի, չի կարելի եթերում նման բան հնչեցնել: Գոսպելի ավանդապահ գիտակները ևս դժգոհեցին. Նրանք երաժշտին  մեղադրում էին այս ոճի աղավաղման մեջ: Քննադատներից մեկն էլ այն անվանել էր «իր և բեք վոկալ խմբի կանանց միջև երկխոսություն, որը սկիզբ էր առել եկեղեցում և ավարտվել ննջասենյակում»:

Երաժշտական խանութները  նույնիսկ ձայնապնակները ետ վերադարձնելու  փորձեր արեցին, որից հետո ձայնագրող ընկերությունը որոշեց  խմբագրել: Խնդիրը կամաց-կամաց սկսեց հարթվել, մանավանդ, երբ այն ընդգրկվեց որոշ հայտնի «սպիտակ արտիստների» երգացանկում: Նոր և, այսպես ասած, առավել բարոյական, պարկեշտ տարբերակն արդեն մեծ թափով սկսեց սպառվել, և արդյունքում` «What’d I Say»-ը հայտնվեց երաժշտական հայտնի ծրագրերի առաջատար հորիզոնականներում:

«Մարդիկ ուղղակի խենթացել էին, և բոլորին դուր էին գալիս այդ թեթև «ըմմմմհ, ահհհ»-երը,- ասում էր Ռեյ Չարլզն՝ անդրադառնալով երգի հանդեպ նման ընկալմանը,- Հետո հանկարծ որոշեցին, որ այն գռեհիկ է հնչում… բայց ախր, գրողը տանի, եկեք ճիշտը խոսենք, ամեն մեկն էլ գիտի այդ «ըմմմմհ, ահհհ»-ի մասին: Չէ՞ որ դրանց արդյունքում ենք բոլորս էլ լույս աշխարհ եկել»: 

«What’d I Say»-ը ամերիկյան «Բիլբըրդ 100»-ում գրավեց 6-րդ հորիզոնականը, «R&B» անվանակարգում` 1-ինը և շուտով «Ոսկե» կարգավիճակ ստացավ: Դա առաջին «ոսկին» էր արտիստի երաժշտական կյանքում: «Բիլբըրդ» ամսագիրը, որը սկզբում քննադատել էր երգը, հանկարծ որոշեց, որ այն Ռեյ Չարլզի՝ մինչ այդ եղած հզորագույն գործն էր: Չարչրկված ու անգամ այդպիսի անկրկնելի «What’d I Say»-ը դարձավ «Atlantic Records»-ի ամենավաճառված աշխատանքը այդ օրերի համար: Ռոլինգսթունյան հայտնի «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգեր» շարքում այն 10-րդ տեղում է: 2002թ. ամերիկյան հանրային ռադիոյի կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենազդեցիկ երգերից մեկը, իսկ Ռոքնռոլի Փառքի Սրահը «What’d I Say»-ը դասում է ռոքնռոլը ցնցած 500 երգերի շարքում: 

«What’d I Say» երգը կատարել են բազմաթիվ արտիստներ, այդ թվում՝ «Բիթլզը», Էլվիս Փրեսլին, Ջոնի Քեշը, Քլիֆ Ռիչարդը, Նենսի Սինատրան,  Ռոյ Օրբիսոնը, Էրիկ Քլեփթոնը՝ «John Mayall & the Bluesbreakers» բենդի հետ, Բոբ Դիդլին  և ուրիշներ: Շատ հայտնիներ խոստովանել են որ հենց այս երգի ազդեցությամբ են որոշել երաժշտության մեջ մտնել՝ Փոլ Մաքարթնի, Էրիկ Բըրըդն, Վան Մորիսոն, Բրայըն Վիլսոն և այլք: Ջորջ Հարիսոնը տարբեր առիթներով հիշում էր 1959թ. մասնակցած մի խնջույքի մասին, որի ընթացքում ողջ երեկո` 8 ժամ շարունակ, հնչել է «What’d I Say»-ը՝ պարեցնելով ու ոգևորելով բոլորին: «Դա երբևէ լսածս լավագույն ձայնագրություններից մեկն էր»,- ասել է նա:

Ասում են, որ 60-ականներին` համերգներից մեկի ժամանակ, երբ Ռեյ Չարլզը կատարում էր այս երգը, հանդիսատեսի հսկա զանգվածն այնպիսի խառնաշփոթ էր ստեղծել իր անկառավարելի տրամադրությամբ, որ կազմակերպիչները վախից ստիպված եղան ոստիկանություն կանչել:

«What’d I Say»-ը ռոքնռոլի արևածագերից մեկն էր, Ռեյ Չարլզի ստորագրությունը և, գուցե, ամենատիպիկ բնութագիրը, որովհետև ծնվել էր ակնթարթային և իմպրովիզացիոն անկեղծ հոգեվիճակում:

Գլխավոր լուսանկարը՝ www.nydailynews.com-ից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter